ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔԻ

14.07-16.07.2016, Հայոց աշխարհ

Ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա՝ հոբելյանական նստաշրջանը, որը 2016թ. հուլիսի 1-5-ը տեղի ունեցավ Թբիլիսիում՝ «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. ամրապնդելով վստահությունը երկխոսության միջոցով» կարգախոսով։

Անվիճելի է այս, թերեւս, ամենահեղինակավոր միջազգային համաժողովի (բնականաբար, ՄԱԿ Գլխավոր ասամբլեան չհաշված) եւ նրա արդյունքների հիման վրա ընդունված բանաձեւերի հսկայական նշանակությունը։ Համոզված եմ, որ ԵԱՀԿ ԽՎ ամենամյա՝ քսանհինգերորդ խորհրդաժողովի եզրափակիչ լիագումար նիստում ընդունված գլխավոր ամփոփիչ փաստաթուղթը՝ Թբիլիսիի հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր), անկասկած, դրական ներգործություն կունենա լարվածության մեղմացման վրա, մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերություններում։ Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն առանձին մեջբերումներ կատարենք Հռչակագրից։

Այսպես. 35-րդ պարագրաֆում ասվում է. ԵԱՀԿ որհրդարանական վեհաժողովն «ընդգծում է Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության, վեճերի խաղաղ կարգավորման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հարգումը, ինչպես նաեւ կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը՝ ձեռնպահ մնալ ագրեսիվ գործելակերպից եւ չեղարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության ապօրինի անեքսիայի մասին որոշումը»։

Այսինքն՝ «ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման» սկզբունքի հարգումը միանշանակորեն դրվում է ղարաբաղյան եւ ԵԱՀԿ տարածաշրջանում նմանատիպ մյուս հակամարտությունների կարգավորման հիմքում։

Հետո ավելի հետաքրքիր է դառնում։ Այդ նույն փաստաթղթում՝ 47, 48 եւ 49 կետերում, գրված է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը՝ 47. «Մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական լարվածության թեժացման առիթով եւ ողջունում է ԵԱՀԿ Նախագահության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների քաղաքական լուծման որոնումներին՝ գոյություն ունեցող ձեւաչափերի եւ բանակցությունների վրա հիմնված մեխանիզմների շրջանակում։

48. «Կոչ է անում խորհրդարանականներին՝ տարածաշրջանում ներկայացված բոլոր կողմերին մղել քաղաքական կամքի դրսեւորման՝ մասնակցելու համար վստահության ամրապնդման միջոցառումների մասին համաձայնագրի ձեռքբերմանն ուղղվող լուրջ քայլերին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման ռիսկի նվազեցման եւ Մինսկի խմբի շրջանակում կարգավորման մասին համապարփակ համաձայնագրի համաձայնեցման նպատակներով։

49. «Կոչ է անում առավել վճռական քաղաքական կամք դրսեւորել փախստականների եւ ներքին տեղահանված անձանց հիմնախնդրի լուծման, ինչպես նաեւ ստորագրված համաձայնագրերի շատ ավելի օպերատիվ կատարման հարցում եւ նորից հաստատում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի հանրապետությունների եւ Ուկրաինայի բնակչության (որը հարկադրված է եղել հակամարտության արդյունքում լքել իր մշտական բնակության վայրը) անքակտելի իրավունքը՝ անվտանգ եւ արժանապատվորեն վերադառնալ տուն»։

Կարծում ենք, որ Հռչակագրի վերոնշյալ բոլոր պարագրաֆները, անկողմնակալ ընթերցման պարագայում, զարմանալիորեն նման են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

Սակայն չի կարելի չնկատել այն հանգամանքը, որ ղարաբաղյան հակամարտության թեժ փուլի ավարտից 22 տարի հետո առաջին անգամ միջազգային փաստաթղթում ուղղակիորեն մատնանշվում է Ադրբեջանից հայ փախստականների առկայության փաստը, եւ «նորից հաստատում է ... Ադրբեջանի... բնակչության անքակտելի իրավունքը, որը հարկադրված է եղել հակամարտության արդյունքում լքել իր մշտական բնակության վայրը...»։ Սրանով իսկ ընդունվում է Ադրբեջանից հայ փախստականների առկայության փաստը, ինչը երկար ժամանակ լռության էր մատնվում, արծարծվում էր միայն Հայաստանից ադրբեջանցի փախստականների մասին տեղեկատվությունը։

Թվում էր, թե հայկական լրատվամիջոցները, անկախ իրենց գործատուների ճաշակից ու նախասիրություններից, իրենց հրապարակումներում պիտի որ ողջունեին այդքան երկար սպասված ձեւակերպումները, որոնք արվել են ոչ այլ տեղ, քան այնպիսի հեղինակավոր համաժողովի ամփոփիչ փաստաթղթում, ինչպիսին է ԵԱՀԿ ԽՎ-ն։ Բայց արի ու տես, որ, չէ՜, ամենեւին էլ այդպես չարեցին։ Թե՞ անհասկացողության, թե՞ ալարելու պատճառով, իսկ առանձին դեպքերում՝ ընդգծված կանխակալ ձեւով վաստակելով իրենց լափը (ադրբեջանա-թուրքական «բույրով»)՝ անբարեխիղճ շատ գրչակներ ամբոխվեցին տողերիս հեղինակի դեմ։

Ծիծաղելու չափ հետաքրքիր է, որ սկզբում նրանք մեղադրեցին հայկական պատվիրակությանն այն բանում, որ Հռչակագիրը հակահայկական ուղղվածություն ունի։ Ընդ որում՝ վկայակոչում էին Հռչակագրի 9-րդ պարագրաֆը, որտեղ նշվում էր. «ընդգծելով ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների հիման վրա կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման պահպանվող անհրաժեշտությունը, ձեռնպահ մնալով ուժի կամ դրա կիրառման սպառնալիքից, լիովին հարգելով մասնակցող պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը եւ անշեղորեն հետեւելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանն ու Հելսինկյան Եզրափակիչ ակտին»։

Ադրբեջանական պատվիրակությունն այս պարագրաֆի ներքո ամեն կերպ փորձում էր խցկել նաեւ ղարաբաղյան հակամարտությունը։ Սակայն նրանց ջանքերն ապարդյուն էին։

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ընթերցողի ուշադրությանն եմ առաջարկում 9-րդ պարագրաֆի վերաբերյալ իմ ելույթը Քաղաքական հարցերի եւ անվտանգության գծով Ընդհանուր կոմիտեի (ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտե, այդ կոմիտեի բանաձեւում այն 6-րդ համարն է) նիստում, որը հնչեց ադրբեջանցի պատվիրակի ելույթից հետո. նա առաջարկում էր լրացում մտցնել այդ պարագրաֆը ղարաբաղյան հակամարտությանն ուղղակի առնչակցելու վերաբերյալ։

«Հարգելի պարոն նախագահ, հարգարժան տիկին Սեդերֆելտ, այդ լրացումը (ադրբեջանցի պատգամավորի առաջարկածը- Ա.Գ.) ջուրն է նետում խաղաղության հաստատմանն ուղղված այն տիտանական ջանքերը, որոնք գործադրվել են Ադրբեջանի կողմից պարտադրված քառօրյա պատերազմից հետո. սա՝ մեկ։ Երկրորդ՝ դա փորձ է հետին թվով արդարացնելու այն արյունահեղությունը, որը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 2-5-ին. դրա մեղավորը Ադրբեջանն է։ Երրորդ՝ դա փորձ է արդարացնելու ապագա ռազմական սրացումը Լեռնային Ղարաբաղի եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Չորրորդ՝ այս ամենը միասին ամբողջովին իմաստազրկում է մեր կողմից ընդունվող բանաձեւը, որը շատ հստակ է եւ փոխպայմանավորված։

Հայկական պատվիրակությունը չի կարող պաշտպանել այդ լրացումը, քանի որ դա կլինի արդարացում Ադրբեջանի կողմից ապագա պատերազմի համար։ Շնորհակալություն»։

Ադրբեջանական պատվիրակության լրացումը չընդունվեց Առաջին կոմիտեի կողմից, ավելին՝ զեկուցող եւ սույն բանաձեւի հեղինակ Մարգարետա Սեդերֆելտը (Շվեդիայի պատվիրակ) իր ելույթում ուղղակի հայտարարեց, որ 8-րդ եւ 9-րդ պարագրաֆները ոչ մի կապ չունեն ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ (http://amiab.am/hy/video/113-osce/1261-obse03072016.html)։

Բնավ պատահական չէ, որ «Ազգային միաբանություն» կուսակցության էլեկտրոնային պորտալում հատուկ տեղադրվել է Ադրբեջանի պատվիրակի ելույթի տեսագրությունը, ինչպես նաեւ զեկույցի եւ բանաձեւի հեղինակ Մարգարետա Սեդերֆելտի պատասխան ելույթը։ Դժվար չէ պատկերացնել, թե քարոզչական ինչ վակխանալիա կծավալվեր ադրբեջանական ԶԼՄ-ներում, ինչու չէ՝ նաեւ նրանց ձայնակցող առանձին հայկական լրատվամիջոցներում, եթե զեկուցողը կոշտ կերպով չհերքեր այն, որ այդ պարագրաֆն առնչություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ։ Մեր վայ-գրչակների քաղաքական տգիտության, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ընդունած լուրջ փաստաթղթերի էության մեջ թափանցելու անկարողության մասին խոսելն իմաստ չունի։

Ինքներդ դատեք։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ս.թ. մայիսին, Վիեննայում, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԳԴՀ-ի՝ ԵԱՀԿ-ում նախագահող արտգործնախարարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Մեկ ամիս անց՝ հունիսին, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի երկրորդ հանդիպումը։ Թբիլիսյան խորհրդաժողովի նախօրեին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, այդ նույն օրերին Հարավային Կովկասի տարածաշրջան այցելեց ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Այսինքն՝ «ընդգծելով ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված ջանքերի ակտիվացման պահպանման անհրաժեշտությունը» ձեւակերպումը բնավ կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ, էլ ո՞ւր ակտիվանա։

Կարելի էր այսքան մանրամասն չբացել 8-րդ կամ 9-րդ պարագրաֆը ղարաբաղյան հակամարտության հետ արհեստականորեն շաղկապելու ողջ չհիմնավորվածությունը, այլ պարզապես սահմանափակվել 35-րդ պարագրաֆը ներկայացնելով, որն ուղղակի մատնանշում է այդ ձեւակերպումների հասցեատիրոջը։ Բայց այստեղ կարեւոր է այլ բան. ոչ անհայտ «հայկական» որոշ ԶԼՄ-ների լիակատար կողմնակալությունը, որոնք, չգիտես ինչու, սկզբից եւեթ մոռանում են ամենակարեւորը։ Խոսքն այն մասին է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի եղել Ադրբեջանական Հանրապետության կազմում, այն իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ օրենքներին եւ Միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան։

Լրջորեն մտահոգում է այն, որ որոշ լրագրողներ կա՛մ անխելքությունից, կա՛մ արդարացնելով ադրբեջանա-թուրքական լոբբիստներից «կպցրած» փողերը, մասնավորապես Հռչակագրի 8-րդ պարագրաֆը նույնպես, որտեղ նշվում է, որ պահպանվող ձգձգված «հակամարտությունները խափանում են հակամարտող պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը», իրենց հրապարակումներում շաղկապում են ղարաբաղյան հակամարտության հետ։

 Նրանց համար կարեւոր չէ, որ կան բազմաթիվ ծանրակշիռ փաստարկներ, որոնք հերքում են նման առնչությունը։ Նրանք, կրկնում եմ, արհամարհում են հիմնական զեկուցողի՝ բանաձեւի հեղինակ Մարգարետա Սեդերֆելտի հստակ եւ ոչ երկիմաստ պատասխանը։ Նա այդ պարագրաֆներին նվիրված իր ելույթում հերքեց ադրբեջանական պատվիրակության նման մեկնաբանությունը, էլ չեմ խոսում 35-րդ պարագրաֆի մասին։ Այսինքն՝ այդ գրչակներին իջեցված պատվերը միանգամայն հասկանալի է. ցանկացած անճշտությամբ Հռչակագրի տվյալ պարագրաֆները կապել ղարաբաղյան հակամարտության հետ։

Եվ եթե այդ սուտը ժամանակին չկասեցվի, ապա կարելի է չկասկածել, որ ԵԱՀԿ ԽՎ հերթական խորհրդաժողովում ադրբեջանական պատվիրակությունը վկայակոչելու է «հայկական» մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ների նման սուտ ու նողկալի հրապարակումները՝ միաժամանակ գովասանքներ շռայլելով նրանց հասցեին։ Բա հո իմ ելույթները չե՞ն վկայակոչելու, որոնք հնչեցրել եմ ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի (ԵԱՀԿ 57 անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների) նիստում, հո չե՞ն հիշատակելու ելույթս Քաղաքական հարցերի եւ անվտանգության գծով Ընդհանուր կոմիտեի նիստում, էլ չեմ ասում ԵԱՀԿ ԽՎ եզրափակիչ լիագումար նիստում ունեցած ելույթիս մասին։ Կարծում եմ, որ դրանք ներկայացնելն անհրաժեշտ է դառնում, եւ դա վերջնականապես կբացահայտի «հայկական» առանձին ԶԼՄ-ների կեղծությունն ու անբարեխղճությունը։

 Եվ այսպես. ներկայացնում ենք 2016թ. հուլիսի 1-ին ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի նիստում Արտաշես Գեղամյանի ունեցած ելույթի տեքստը.

«Այն ժամանակ, երբ Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ (Հանրային հեռուստատեսություն) դիտելու համար ամենահարմար ժամին ցուցադրում են մի սյուժե, որի հերոսն ազգությամբ ադրբեջանցի է, ազգանունն էլ՝ Ալիեւ, որը դպրոցի տնօրեն է Հայաստանում, եւ նրան գովաբանում են այն բանի համար, որ բարություն ու խաղաղություն է սերմանում, ահա այդ նույն ժամանակ Բաքվի պետական համալսարանի էլեկտրոնային պորտալում տեղադրում են մի լուսանկար՝ հիացական մակագրություններով, որտեղ հայ զինծառայողի կտրված գլուխը ձեռքին կանգնած է «հերոսը», որին հերոսացրել է Ադրբեջանի նախագահը՝ պարգեւատրելով նրան պետական շքանշանով։

Հիմա շատ կարեւոր է եւ խիստ էական, որպեսզի մենք մեր գործողություններով չվնասենք այն բոլոր դրական նշագծերին, որոնք համապատասխանաբար ձեռք են բերվել Վիեննայում, բոլորովին վերջերս ամրագրվել են Սանկտ Պետերբուրգում, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որոնք կշարունակվեն Փարիզում։ Եվ, օգտվելով առիթից, ուզում եմ երախտագիտություն հայտնել մեր զեկուցողին՝ տիկին Սեդերֆելտին, որն օրգանապես շարունակեց այն ողջ դրական տրամադրվածությունը, որը ձեռք էր բերվել ինչպես Վիեննայում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգում»։

 

Կարծում եմ, որ ավելորդ չի լինի ընթերցողներին ծանոթացնել 2016թ. հուլիսի 1-ին Առաջին կոմիտեի (Քաղաքական հարցերի եւ անվտանգության գծով Ընդհանուր կոմիտե) առաջին նիստում իմ ունեցած ելույթին.

«Հարգարժան պարոն նախագահ, հարգելի գործընկերներ։ Քննարկվող հարցը (ԵԱՀԿ ԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդումը) բացառիկ կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ այդ երկու հեղինակավոր կազմակերպությունների ներդաշնակ աշխատանքից է կախված խաղաղության, անվտանգության եւ համագործակցության ճակատագիրը ԵԱՀԿ տարածքում։ Ես լիովին պաշտպանում եմ Իսլանդիայի գործընկերոջ առաջարկությունը, եւ ահա թե ինչ պատճառով։

Հենց այդ երկու հեղինակավոր կազմակերպությունների համագործակցության եւ փոխգործակցության անբավարարության պատճառով է, որ մենք հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ, օրինակ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ուշադրությունը կենտրոնացնում է այն հարցերի վրա, որոնք մինչ այդ այլ դիտանկյունով էին համապատասխան ձեւով նշվում ԵԱՀԿ անդամ պետությունների կառավարություններում։ Կոնկրետ օրինակ բերեմ։

Միայն երեք-չորս ամիս առաջ էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունել համապատասխան հայտարարություն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որտեղ սեւով սպիտակի վրա հստակ նշված էին այն եզրերն ու սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվի այդ հակամարտությունը։ Հետո ավելի հետաքրքիր է։ Բոլորովին վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ Ռուսաստանի առաջնորդի նախագահությամբ։ Այդ հանդիպման արդյունքներով ընդունվեց հայտարարություն, որն, ըստ իս, բանակցային գործընթացի խորացման լայն ուղիներ է բացում։

Տառացիորեն կես ժամ առաջ մենք այս բարձր ամբիոնից լսեցինք ԵԱՀԿ-ում նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ելույթը, որն ասաց՝ չպետք է արագացնել հարցերը, եւ հարկ է դանդաղ, բայց վստահ քայլերով, առանց կտրուկ ձեւակերպումների, առանց միանգամայն ծայրահեղ գնահատականների առաջ ընթանալ։ Այնինչ, ցավոք, այսօր Առաջին կոմիտեի բանաձեւի լրացումներում կա կետ, որը լրիվ ջնջում է վերը նշված այդ բոլոր սկզբունքային կարեւորության հարցերը։ Գոնե այս կտրվածքով բանաձեւի առաջարկվող նախագիծն ու լրացումները շատ հրատապ նշանակություն ունեն։

Գործընկերներիս թախանձագին խնդրում եմ. մենք ապրում ենք շատ փուխր աշխարհում (եւ ես չէ, որ ձեզ պետք է ասեմ այդ մասին), որտեղ ցանկացած ոչ ճիշտ ասված խոսք, ցավոք, Ադրբեջանի պատերազմի կուսակցության կողմից մեկնաբանվում է որպես ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն, ընդ որում՝ քողարկվելով այն ձեւակերպումներով, որոնք, դժբախտաբար, միշտ չէ, որ մինչեւ վերջ են կշռադատված։ Հայկական պատվիրակությունը լիովին պաշտպանում է բանաձեւի նախագծի առաջարկվող փոփոխությունները։ Շնորհակալություն»։

Չգիտես ինչու ոչ մի հրապարակման մեջ հղում չի արված հուլիսի 2-ին Առաջին կոմիտեի նիստում իմ ունեցած ելույթին։ Լրացնենք նաեւ այդ բացթողումը.

«Կուզենայի ուշադրություն հրավիրել շատ լավ քողարկված մի խորամանկության վրա, որը կարող է խարխլել այն ամբողջ դրականը, որը դրվել է այդ փաստաթղթի հիմքում։ Ի՞նչ նկատի ունեմ։ Դեռեւս ընթացիկ տարվա մայիսին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հանձինս Ֆրանսիայի, Ռուսաստանի արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում նախագահող ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Հանդիպումը դժվարին էր, բայց արգասավոր, որի արդյունքների հիման վրա հանդես եկան Մինսկի խմբի համանախագահները։ Նրանց ելույթները հյուսվում էին այն ճշմարտության շուրջ, որ պետք է շատ ուշադիր եւ շատ զգույշ մոտենալ հարցին, առանց որեւէ կտրականության՝ գլխավոր նպատակ ունենալով երկխոսություն սկսելը, հաշտեցման եւ վստահության միջոցների ամրապնդման սկիզբը դնելը։ Հետո ավելին եղավ։

Սանկտ Պետերբուրգում նույնպես տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։ Տառացիորեն երեկ չէ առաջին օրը տեղի ունեցավ Ջոն Քերիի հեռախոսազրույցը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, որտեղ նորից հիմնական շեշտը դրվեց այն պայմանների անթերի կատարման վրա, որոնք սերմանում են խաղաղություն եւ ամրապնդում են վստահությունը։

Հայկական պատվիրակությունը մեր այս նիստում հատուկ չէր տարածել այն բարբարոսական լուսանկարները, որոնցում սպանված հայ զինվորներին գլխատում են եւ ծիծաղը դեմքներին ցուցադրում հեռուստաէկրաններին եւ դա զետեղում Բաքվի պետական համալսարանի էլեկտրոնային պորտալում։ Երբ մենք տեսնում ենք ԻՊ-ի ձեռագիրը, երբ կենդանի հայ զինվորին գլխատում են։ Եվ ամենասարսափելին այն է, որ այս բոլոր հրեշներն արժանանում են պետական պարգեւների։ Մենք հատուկ դա չենք տարածել, որովհետեւ մենք գիտենք, որ դա չի ծառայի վստահության ամրապնդմանը։

Ուստի թախանձագին խնդրանքս այն է, որ լինենք հնարավորինս ուշադիր այն բանի հանդեպ, թե ինչ լրացումներով է հանդես գալիս այս կամ այն պատվիրակությունը։ Եթե լրացումները սկզբից եւեթ խափանում են այս շատ իմաստուն փաստաթղթի էությունը, դրանք պետք է շեմից կասեցնել։ Շնորհակալություն ուշադրության համար»։

Ամփոփելով ԵԱՀԿ ԽՎ ամենամյա՝ Թբիլիսյան խորհրդաժողովի առաջին օրերի հրապարակումները՝ կարելի է դրանք բնութագրել որպես անսանձ ցանկության դրսեւորում՝ ստի տարածման, փաստերի խեղաթյուրման գնով մեր քաղաքացիների գիտակցության մեջ մտցնել միտքն առ այն, թե ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովում, Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության գծով Ընդհանուր կոմիտեում ընդունվել են հակահայկական, հակաղարաբաղյան ուղղվածության բանաձեւեր։

Սակայն մտավոր սնանկության այս դրսեւորումը հօդս ցնդեց այն բանից հետո, երբ ելույթների տեսագրությունները, լինեն դրանք ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի թե Առաջին կոմիտեի նիստերում, ինչպես նաեւ լիագումար նիստում, տեղադրվեցին ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում, իսկ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող տեսանյութերը զետեղվեցին «Ազգային միաբանություն» կուսակցության էլեկտրոնային պորտալում։ Հրապարակումների կողմնակալությունը, կեղծությունն ու ծախվածությունն ակնհայտ դարձան։

Եվ ահա այստեղ, երբ նրանց սուտը պսակազերծվեց, ադրբեջանա-թուրքական միջնորդավորված եւ բացահայտորեն հակառուսական ու ռուսատյաց էլեկտրոնային պարբերականների ներկայացուցիչ հանդիսացող պնակալեզներն իրար անցան։ Նրանք պետք է ինչ-որ բան ձեռնարկեին՝ փրկելու համար գոնե վաղուց կորցրած իմիջի մնացուկները։ Եվ այդժամ նրանց թվաց, թե ճակատագիրը ժպտացել է իրենց. ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության անդամները «դեմ» քվեարկեցին ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան ամփոփիչ Հռչակագրին։

Եվ ահա տառացիորեն հաշված ժամերի ընթացքում այդ նույն ԶԼՄ-ները, որոնք երկու-երեք օր առաջ տրտնջում էին, թե բանաձեւերում հակահայկական, հակաղարաբաղյան ուղղվածություն են տեսնում, Հռչակագրում հանկարծ տեսան, այս անգամ՝ միանգամայն ճիշտ, բավական դրական ձեւակերպումներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որի դեմ քվեարկել էր հայկական պատվիրակության ղեկավարը։ Դա քիչ էր մնում մատուցվեր որպես դավաճանություն ազգային շահերին։ Ընդ որում՝ ոչ ոք այդպես էլ իրեն նեղություն չտվեց հարց տալ. իսկ ինչպե՞ս են այդ ձեւակերպումները հայտնվել Առաջին կոմիտեի բանաձեւի նախագծում, այնտեղից էլ՝ Հռչակագրի տեքստում։

Ի՞նչ է նախորդել դրան, ո՞վ եւ քանի՞ անգամ է ելույթ ունեցել ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովում՝ պարզաբանելով ղարաբաղյան կարգավորման հանդեպ նոր մոտեցում կիրառելու անհրաժեշտությունը ապրիլյան քառօրյա պատերազմից, 2016թ. մայիսին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունիսյան գագաթաժողովից հետո։

Իսկ ինչ վերաբերում է Հռչակագրին «դեմ» քվեարկելուն, ապա հակիրճ ներկայացնեմ այն փաստարկները, որոնք դրվել են նման որոշում կայացնելու հիմքում։ Կարծում եմ, որ միայն իրենց ուղեղները հոգնեցնել չցանկացողները կարող են չհասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո, որը 103 հայ զինվորի եւ ԼՂՀ խաղաղ բնակչի կյանք խլեց, հայկական պատվիրակության գլխավոր խնդիրներից մեկը պետք է լիներ ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակություններին քառօրյա պատերազմի մասին օբյեկտիվ տեղեկատվությունը հասցնելը, իսկ հետո նաեւ այդ պատերազմը սանձազերծած ադրբեջանական կողմի դատապարտումը։ Եվ ահա, իմ տասնհինգ ելույթներում այդ խնդիրներից առաջինը հաջողվեց լուծել։

Ավելին, ԵԱՀԿ ԽՎ բոլոր պատվիրակությունների համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմում կռվում են ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները։ Չէ՞ որ Առաջին կոմիտեի բանաձեւի 12-րդ կետի իմ առաջարկած 20-րդ լրացման դեմ, որում առաջարկվում էր «ահաբեկչական կազմակերպությունների» բառերից հետո ավելացնել «ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ ԻՊ-ի եւ «Ան-Նուսրա ճակատի» կողմից իրենց տարածքների օգտագործումն արգելելը» ձեւակերպումը, հանդես եկավ միայն Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը։

Դրանով իսկ նա, ըստ էության, հաստատեց այն մեղադրանքը, որը մինչ այդ հնչել էր իմ ելույթներից մեկում։ Հատկանշական է, որ իմ լրացումը, Ռուսաստանի պատվիրակության ղեկավարներից (Նիկոլայ Կովալյով եւ Լյուդմիլա Կոզլովա) բացի, գրավոր պաշտպանեցին Ֆրանսիայի պատվիրակ Գի Տեսիեն եւ Կանադայի պատվիրակ Լյուկ Բերթոլդը։ Ավաղ, այդ լրացումը չընդունվեց։

Ես նաեւ առաջարկություն եմ ներկայացրել ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի բանաձեւի 27-րդ կետը փոխելու մասին, որում ԵԱՀԿ ԽՎ-ն «մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական թեժացման հետ կապված», եւ առաջարկեցի այդ կետը ներկայացնել նոր խմբագրությամբ, որտեղ գրված է. «դատապարտում է ուժի կիրառումը եւ մտահոգություն է հայտնում ռազմական թեժացման հետ կապված...»։ Այդ լրացման տակ ստորագրել են Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պատվիրակները։

Դեմ է հանդես եկել միայն ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը՝ դրանով իսկ մեկ անգամ եւս ցույց տալով, որ հենց Ադրբեջանն է կանգնած ղարաբաղյան հակամարտության սրացման հետեւում։ Լրացումը մերժվեց։ Հավանաբար բանաձեւի հեղինակները մտածեցին, թե հայկական պատվիրակության լրացումների ընդունմամբ բանաձեւը չափից ավելի հայամետ կլինի։ Այս լրացումների վերաբերյալ ելույթներում ես, մասնավորապես, ասել եմ.

«Բանաձեւի նախագծի 27-րդ կետը շատ կշռադատված է եւ շատ արդարացի։ Պարզապես ես ուզում էի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այդ պատերազմի ընթացքում զոհվել է, տարբեր գնահատականներով, 500-ից մինչեւ 900 մարդ երկու կողմից։ Ուստի մենք առաջարկում ենք նույնությամբ թողնել տիկին Սեդերֆելտի առաջարկած խմբագրությունը, միայն թե սկզբում գրել, որ «դատապարտում է ուժի կիրառումը»։ Որովհետեւ միայն մտահոգություն հայտնելը շատ մեղմ կլինի։ Պետք է դատապարտել ուժի կիրառումը։ Ահա եւ մեր լրացման ամբողջ էությունը։ Շնորհակալություն»։

«Մեր կարծիքով՝ այս լրացումն ունի սկզբունքային նշանակություն, որովհետեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պարտադրված ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմում կռվում էին ԻՊ-ականները (ԴԱԻՇ) եւ «Ջեբհաթ ան-Նուսրան»։ Սա կարելի է համոզված պնդել, քանի որ այն վայրագությունները, որոնք կատարում էին նրանք՝ գլխատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպանված եւ ողջ զինվորներին, վկայում են ԴԱԻՇ-ի ձեռագրի մասին։ Ուրեմն ԴԱԻՇ-ը հնարավորություն ուներ Ադրբեջանի տարածքից մասնակցել ահաբեկչական պատերազմին։

Խնդրում եմ՝ պաշտպանեք այս լրացումը։ Շնորհակալություն»։

Հռչակագրի ընդունումից մեկ շաբաթ անց՝ հիմա էլ, ես համարում եմ, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հարկ է անհաշտ վերաբերմունք ցուցաբերել այն ձեւակերպումներին, որոնք հավասարեցնում են ագրեսորի եւ պաշտպանվող կողմի գործողությունները, եւ սահմանափակվել «մտահոգություն հայտնելով»՝ լարվածության թեժացումը եւ արյունահեղությունը դատապարտելու փոխարեն, կատարվածին այլ արձագանք տալը պարզապես անթույլատրելի է։

Ավելին, երբ բոլոր պատվիրակների համար ակնհայտ է դառնում Ադրբեջանի զինված ուժերում ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների մասնակցության փաստը, եւ դա չի ամրագրվում ԵԱՀԿ ԽՎ ամփոփիչ փաստաթղթում, ավելին՝ այդ փաստը խստագույնս չի դատապարտվում Հռչակագրում, այլ ընդամենը սահմանափակվում են ահաբեկչության դեմ պայքարի հրատապության վերաբերյալ ընդհանուր դատողություններով, ապա նման մոտեցումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար նույնպես ընդունելի չէ, եւ մեր կողմից աններելի կլիներ դա թողնել առանց համապատասխան հակազդեցության։

Խոսելով շվեյցարական պատվիրակության ղեկավար Ֆիլիպո Լոմբարդիի նախաձեռնության մասին՝ նկատի ունեի «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամների (որոնք մասնակցում են ցանկացած պաշտոնական միջոցառմանը եւ այլ խորհրդարանական գործունեությանը) անարգել մուտքի իրավունքը» բանաձեւի ընդունումը։ Այդ բանաձեւը թույլ կտա ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանականներին անարգել այցելել ձգձգված հակամարտությունների գոտիներ՝ իրականացնելու համար իր «այլ խորհրդարանական գործունեությունը»։

   Բնական է, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խիստ հետաքրքրված են եվրոպացի, ամերիկացի եւ կանադացի խորհրդարանականների նման այցելություններով։ Եվ այդ դեպքում ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձեւի ընդունմանը, սակայն այս անգամ նրանց հնարքը չանցավ։ Վերջում ընթերցողներին ծանոթացնեմ ս.թ. հուլիսի 4-ին ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի եզրափակիչ եւ լիագումար նիստերի իմ ելույթներին.

   «Հարգելի գործընկերներ, այս հարցը բացառիկ կարեւորություն է ներկայացնում, քանի որ հիմա մենք այնպիսի դժվար օրեր ենք ապրում, երբ ԵԱՀԿ տարածքում, երկրագնդի տարբեր կետերում դեռեւս կան ձգձգված հակամարտություններ։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ավանդը խաղաղության հաստատման արդյունավետ միջոցների մշակման գործում դժվար է գերագնահատել։

   Միեւնույն ժամանակ, բավական է ասել, որ եթե ԵԱՀԿ խորհրդարանականները հյուր լինեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ղրիմում, Մերձդնեստրում, ԵԱՀԿ տարածաշրջանի այլ կետերում, որտեղ կան ձգձգված հակամարտություններ, ապա մեր այսօրվա քննարկումները կանցնեին միանգամայն այլ հունով։ Երեկ այստեղ ելույթ ունեցած ադրբեջանցի իմ գործընկերը լույս սփռեց շատ կարեւոր բազմաթիվ փաստերի վրա։

   Բավական է ասել, որ երբ առաջարկվեց լրացում մտցնել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության թեժացումը դատապարտելու մասին, բռնություն, որը հանգեցրել է, տարբեր գնահատականներով, երկու կողմից 500-ից մինչեւ 900 զինվորի եւ խաղաղ բնակչի մահվան, նա հանդես եկավ այդ լրացման դեմ, հանդես եկավ բռնության թեժացումը դատապարտելու դեմ՝ դրանով իսկ փաստորեն ընդունելով, որ բռնության թեժացման հետեւում կանգնած են հենց իրենք։

   Մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր հարց. երեկ, երբ բանաձեւի նախագծում, որն առաջարկել էր մեր գործընկեր տիկին Ֆրայը, հատուկ ընդգծվեց կանանց հատուկ ուշադրություն հատկացնելու անհրաժեշտությունը, ես առաջարկեցի լրացում-փոփոխություն. «ովքեր ապրում են ձգձգված հակամարտությունների գոտիներում», այդ ժամանակ եւս այդ լրացման դեմ հանդես եկան մեր ադրբեջանցի գործընկերները՝ դրանով իսկ փաստորեն ասելով, որ եթե ձգձգված հակամարտություն է, ապա ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք թող կորչեն գրողի ծոցը, քանի դեռ այդ հակամարտությունը լուծում չի ստացել։

   Ինչո՞ւ բերեցի այս օրինակները։ Այս օրինակներն իրենց համոզչությամբ ցույց են տալիս, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պետք է անձնական մասնակցություն ունենա այն իրավիճակի օբյեկտիվ դիտարկմանը, որն ստեղծվում է ձգձգված հակամարտությունների գոտիներից յուրաքանչյուրում։ Եվ միայն դրանից հետո մենք կկարողանանք օբյեկտիվ գնահատական տալ, այլապես այդ ամենը հիշեցնում է հին ու բարի ժամանակները, երբ նախկին Խորհրդային Միությունում Բորիս Պաստեռնակին բոլորը դատապարտում էին «Դոկտոր Ժիվագո» վեպի համար։

   Եվ երբ հարցնում էին, թե ինչու եք դատապարտում, ասում էին՝ այ, հենց էդպես, դատապարտում ենք, իսկ հարցին, թե՝ կարդացե՞լ եք վեպը, պատասխանում էին՝ ոչ, չենք կարդացել, բայց դատապարտում ենք։ Հիմա էլ ճիշտ նույնն է, տեղերում չեն տեսել իսկական իրադրությունը, բայց դատապարտում են։ Շնորհակալություն»։

   «Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ։ Չնայած վերջին տարիներին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը տիտանական աշխատանք է կատարել, այնուամենայնիվ, ԵԱՀԿ տարածաշրջանում դեռեւս պահպանվում են թեժ կետերը։ Եվ ակամա մտածում ես. ո՞րն է խնդիրը։ Հավանաբար այսօրվա մարտահրավերները եւ այն, ինչը դիմակայում է դրանց, այնքան էլ համարժեք չեն։

   Այս առնչությամբ ես եկել եմ, ըստ իս, զարմանալի եզրահանգման։ Օգտվելով առիթից՝ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի իմ գործընկերներին այն բանի համար, որ Բունդեսթագը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց բանաձեւ, որով դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը։ Շնորհակալություն հայտնել ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկին, որը դեռեւս անցյալ տարի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում ընդունեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը եւ նշեց Գերմանիայի պատասխանատվությունն այն բանում, որ երկիրը չի կարողացել ներգործել իր դաշնակցի՝ Թուրքիայի վրա եւ կանխել ցեղասպանությունը։

   Ուզում եմ երախտագիտության խոսքեր ասել ֆրանսիական պատվիրակությանը, որի սենատը հենց երեկ չէ առաջին օրն ընդունեց բանաձեւ, որով քրեականացվում է ցեղասպանության ժխտման փաստը։ Եվ վերջապես, երախտագիտություն հայտնել Հռոմի պապին, որը ս.թ. հունիսի 24-26-ին, եռօրյա այցով գտնվելով Հայաստանում, նույնպես դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։

   Ինչո՞ւ հիշեցի այս ամենը։ Այն պարզ պատճառով, որ այդ ականավոր մարդկանցից յուրաքանչյուրը, ականավոր երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչները նշում էին, որ միայն պատմական ճշմարտության, պատմական իրողությունների լիակատար ընդունումը, ապաշխարումը կատարած հանցագործության համար կկարողանան ժողովուրդներին կանգնեցնել իրենց հարաբերությունների կարգավորման ուղու վրա։ Այսինքն՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխհարաբերությունների կարգավորումը նրանք կապում էին պատմական անցյալի ընդունման հետ, նրանք դրա հետ էին կապում մեր ժողովուրդների ապագան, այն բանի հետ, որպեսզի մենք վերջապես շրջենք մեր պատնության այդ էջը եւ մաքուր էջից սկսենք բարիդրացիական հարաբերությունները։

Ելնելով սրանից եւ լիովին հենվելով Ֆրանսիայի, Գերմանիայի, բնականաբար՝ Վատիկանի եւ մեր գործընկերների բարձր քաղաքակրթական մակարդակի վրա՝ ուզում եմ առաջարկություն անել, որպեսզի ԵԱՀԿ տարածքի բոլոր հակամարտությունների առնչությամբ մանրազնին ուսումնասիրվի հակամարտությունների նախապատմությունը, մանրակրկիտ ուսումնասիրվի դրանց հաղթահարման հնարավորությունը՝ ոչ միայն հակամարտող կողմերի, այլեւ մեծ տերությունների շահերի համադրման ճանապարհով։ Միայն այս ճանապարհով մենք կկարողանանք կրկնել հերոսական այն քայլը, որն արեցին մեր նախորդները 1975թ. Հելսինկիում՝ ստորագրելով Եզրափակիչ ակտը։ Շնորհակալություն ուշադրության համար»։

Ահա իմ աշխատանքի ոչ լրիվ հաշվետվությունը ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսիի խորհրդաժողովում, որը մեկ անգամ եւս ցույց տվեց ԵԱՀԿ անդամ պետությունների պատվիրակություններին, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում սակարկության չի դնում իր սկզբունքները ղարաբաղյան կարգավորման հարցում, հանդես է գալիս որպես հուսալի դաշնակից, միեւնույն ժամանակ ղեկավարվում է սեփական ազգային անվտանգության ապահովման բարձրագույն շահերով։

Եվ եթե Ադրբեջանի պատվիրակության համար «հաջողություն» էր այն, որ Հայաստանի պատվիրակության առաջարկած առանձին լրացումներ չընդունվեցին, եւ այդ պատճառով նրանք, ինչ-որ կերպ իրենց դեմքը պահպանելու համար, «կողմ» քվեարկեցին Հռչակագրին՝ միեւնույն ժամանակ հիանալի գիտակցելով հայկական կողմի համար պարագրաֆներ 35-ի, 47-ի, 48-ի, 49-ի բախտորոշ, դրական նշանակությունը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով, ապա մենք ապրիլյան (2016թ.) պատերազմից հետո միջազգային կազմակերպությունների համաժողովներում պարտավոր ենք որակապես նոր խնդիրներ առաջադրել։

Խնդիրներ, որոնք կհետապնդեն միանգամայն որոշակի նպատակ. ընդունել բանաձեւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտության մասին», որի նախագիծը պատրաստել է ֆրանսիացի պատվիրակ Գի Տեսիեն։ Բայց դա այլ վերլուծության թեմա է։

   P.S.

Ծանոթանալով արտասահմանյան եւ հայկական ամենատարբեր էլեկտրոնային ԶԼՄ-ների հրապարակումներին՝ կարող ենք նշել, որ նրանց բնավ համահունչ չէին բավական անախորժ zham.am եւ 7or.am էլեկտրոնային պարբերականները, որոնք վերջին ամիսներին վերածվել էին ոչ անհայտ Վարդան Օսկանյանի շահերը պաշտպանող փաստաբանական գրասենյակի։ Ընդ որում՝ պաշտպանելով նրան ընդդիմության գծով իր գործընկերոջ քննադատությունից, նրանք, իրար խառնված, չգիտես ինչու ինձ էլ էին վերցրել իրենց նողկալի բարբաջանքի շրջապտույտի մեջ՝ վիրավորանքներ հնչեցնելով իմ հասցեին։

Մասնագիտությամբ արտադրական գործընթացների ավտոմատացման ինժեներ լինելով՝ շատ բան չեմ հասկանում կոյուղուց, անգամ եթե այն տեղեկատվական է։ Եվ նշված ԶԼՄ-ներն ամուր պահում են առաջնության դափնին տեղեկատվական գարշահոտության տարածման մրցույթում։ Իհարկե, կարելի էր եւ չարձագանքել նրանց հերթական տեղեկատվական ծծմբաջրածնային արտանետմանը, բայց այդ դեպքում իմ գործընկերները կարող էին կշտամբել ինձ անհետեւողականության համար։ Չէ՞ որ ՀՀ ԱԺ նիստերից մեկում ունեցած իմ ելույթում ես նախազգուշացրել էի այս դեմքերին, որ նրանք ուշքի բերեն իրենց լակեյներին, այլապես ես ու գործընկերներս խիստ հետեւողականորեն կպսակազերծենք դրանց տերերի, այն է՝ Վարդան Օսկանյան եւ Co-ի անարժան էությունը։

Օրինակ, ինչո՞ւ դեմոկրատիայի այդ նախանձախնդիրն այդպես էլ դատի չտվեց Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմիններին իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու եւ անբասիր անունն արատավորելու համար, որոնք ուղղակի մեղադրում էին նրան փողեր լվանալու մեջ ՀՀ Քր.օր. 178 եւ 190 հոդվածներով (փողերի լվացում եւ յուրացում)։ Մի՞թե նա կասկածում է մեր դատական համակարգի օբյեկտիվությանը։ Չէ՞ որ արտաքին գործերի նախարար եղած ժամանակ նա ավելի քան 10 տարի որեւէ հանդիմանանք չի ունեցել այդ համակարգի հասցեին, էլ չենք ասում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասին։ Նա դա կարող է անել նաեւ հիմա՝ տրամադրության տակ այդքան նշանակալի տեղեկատվական ռեսուրս ունենալով։

Կարելի էր չարձագանքել սույն գործչի ի սկզբանե նեխած տեղեկատվական ռեսուրսների վիրավորական հրապարակումներին, մանավանդ որ ՀՀ յուրաքանչյուր խելամիտ քաղաքացի հիանալի գիտի, թե դեռեւս չբացահայտված քրեական գործերի ինչ գործող անձինք են սնուցում վերոնշյալ տեղեկատվական որջը։

Իսկ վերջում խորհուրդ եմ տալիս Վարդան Մինասովիչին՝ ձգել իր մանկլավիկների սանձերը, թե չէ «վոյեւէ բան» նրան չի օգնի, իսկ պատասխան ռեակցիան իրեն երկար սպասել չի տա ու քիչ էլ չի թվա։

 

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

   ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար,

   «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր