ԵՐԲ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ՌՈՒՍԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԹՈՒՐՔԻՆ

15.04.2015, Հայոց աշխարհ

Օրերս Արտաշես Գեղամյանի հոդվածները` «Պատասխան կտա՞ Ռոգոզինը, եթե Ադրբեջանին վաճառված զենքը ուղղվի ՌԴ-ի դեմ» («Հայոց Աշխարհ», 09.04.16), «Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ» («Արմենպրես», 10.04.16, «Իրավունք», 12.04.16, «Հայոց Աշխարհ», 12.04.16) եւ «Թուրքական քաղաքականության գործոնը մոտեցնում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը» («Eadaily.com», 11.04.16, 00.21), բացառիկ լայն արձագանք գտան ճանաչված միջազգային էլեկտրոնային լրատվամիջոցներում:

Ուշագրավ է, որ այդ հոդվածները լույս են տեսել հենց այս օրերին, որովհետեւ ապրիլի 16-17-ին ԳԴՀ-ի Ռեյնլանդ-Պվալց երկրամասի Լայնսվայլեր կոմունայում Բունդեստագը, Գերմանիայի արտգործնախարարության օժանդակությամբ, անցկացնելու է խորհրդարանական աշխատաժողով` «ԵԱՀԿ ԽՎ եւ նրա անդամների հնարավորությունները, մասնավորապես ձգձգվող հակամարտությունների լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերում իրենց ավանդը ներդնելու ուղղությամբ» խորագրով:

Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Իլկա Կաներվայի եւ ԵԱՀԿ ԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Դորիս Բարնեթի անվանական հրավերով աշխատաժողովի աշխատանքներին մասնակցելու է այդ կազմակերպությունում մեր Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Նրա վերոհիշյալ հոդվածները, որոնք թարգմանվել են նաեւ անգլերեն եւ ռուսերեն, Լայնսվայլերում բաժանվելու են աշխատաժողովի մասնակիցներին: Այն, որ այդ հոդվածները հիմնավոր ու ծանր հարված են ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանա-թուրքական պատվիրակությանը, ակնհայտ է, ուստի մենք սպասում էինք վայրահաչոցների, հատկապես թուրք-ադրբեջանական կողմից:

Բայց հանկարծ վերջիններիս փոխարինելու եկան... հայրենի լրատվամիջոցները։ Մասնավորապես Գայանե Խաչատրյանին «168 ժամ» թերթից չեն գոհացրել Ա.Գեղամյանի հոդվածների շեշտադրումները: Լրագրողը մեծ ցավ է ապրել, որ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը, որն իրեն հասանելի բոլոր միջազգային հարթակներում կուրծք ծեծելով պաշտպանում է Ռուսաստանի շահը, որ միակն է, ով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում դեմ է քվեարկել ուկրաինական դեպքերի առնչությամբ Ռուսաստանը սուր քննադատության ենթարկող Հռչակագրին, իր այս «վերլուծության» (խոսքը «Արտաշես Գեղամյան. Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ» հոդվածի մասին է.- Ա. Շ.) մեջ էլ ադրբեջանական ագրեսիայի հետ կապված բոլոր սլաքներն ուղղում է Թուրքիայի դեմ»:

Եվ ճիշտ էլ անում է, թուրքերի համար ինչի՞ է ոմանց սիրտը մղկտում: Այո՛, նաեւ Արտաշես Գեղամյանի գրագետ, պետականամետ պահվածքի շնորհիվ էր, որ 2015թ. դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի նստաշրջանում մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հստակ նշեց. Հայաստանը միջազգային կառույցներում միշտ հավատարիմ է ՀԱՊԿ երկրների հետ ունեցած դաշնակցային պարտավորություններին, ինչը չի նկատվում վերջիններիս կողմից:

Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի կողմից ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարության առնչությամբ տրված գնահատականին, ապա այս հարցում էլ Գայանե Խաչատրյանը խեղաթյուրում է փաստերը: Այսպես. իր «Պատասխան կտա՞ Ռոգոզինը: Եթե Ադրբեջանին վաճառված զենքն ուղղվի ՌԴ-ի դեմ» հոդվածում Ա.Գեղամյանը գրում է. «Արդեն իսկ փաստացի բազում վկայություններ կան առ այն, որ ապրիլի 3-ին եւ 4-ին Իսլամական պետության (ԻՊ) կողմից «մայրաքաղաք» հռչակված սիրիական Ռաքա քաղաքից 60-70 ադրբեջանցի զինյալներ Թուրքիայով վերադարձել են Ադրբեջան եւ ներկայումս համալրել են ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական գործողությունների գոտում գործող ադրբեջանական զինուժը։ Այդ պարագայում պատկերացրեք, որ նրանք կռվելու են նաեւ Ռուսաստանից գնված զենքով։ Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ադրբեջանական ահաբեկիչները, ճիշտ այդ նույն զենքով զինված, հատկապես հրադադարի պահպանման պայմաններում, կրկին չեն վերադառնա Սիրիայում եւ Իրաքում կռվող ԻՊ-ի շարքերը:

Այստեղ է, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանին վաճառված զենքը կարող է ուղղվել ՌԴ-ի զինուժի դեմ, որ, կարծես թե, բեկում մտցրեց միջազգային ահաբեկիչների դեմ կենաց-մահու պատերազմում:

Երեւույթ, որ բացառել երբեք չի կարելի, առավել եւս՝ հաշվի առնելով ՌԴ-Թուրքիա մերօրյա լարված հարաբերությունները։ Դեպքերի նման զարգացումներում թե ի՞նչ բացատրություններ կտա ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, քննարկման առանձին թեմա է»:

Կարծում ենք, ասվածը առավել քան հստակ է ու հասցեական:

Անշուշտ, մենք հասկանում ենք, որ Արտաշես Գեղամյանի վերլուծությունները միշտ էլ ծանր են անդրադառնում ԵԱՀԿ ԽՎ-ում թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների վրա, ի չիք են դարձնում նրանց բոլոր ջանքերը, էլ չենք ասում ծախսած հսկայածավալ գումարները: Մտահոգիչ է, սակայն, այն, որ Արտաշես Գեղամյանի հոդվածները վշտացնում են Հայաստանում ապրողներին։

Նրանց, ում ռուսատյացությունն այն աստիճանի խորն է, որ գերադասում են քննադատել ռուսին, այլ ոչ թե թուրքին:

   

   ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

   «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահի տեղակալ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր