ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՏ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ Է

12.02.2016, Հայոց աշխարհ

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «Իրավունք» թերթի կողմից ճանաչվել է «ՀՀ-ում միջազգային ասպարեզում լավագույն հայ պատգամավոր»՝ միջխորհրդարանական կազմակերպությունների նիստերի ընթացքում ու նաեւ թշնամական պետությունների մայրաքաղաքներում Հայաստանի շահերը լավագույնս ներկայացնելու համար: Այդ մասին լրագրողները տեղեկացան «Ազդակ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Արտաշես Գեղամյանը նշեց, որ անցած 2,5-3 տարիների ընթացքում առիթ է ունեցել հանդես գալ ոչ թե տաքուկ լսարաններում, այլ Ստամբուլում, Բաքվում. «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ Ստամբուլում 7-8 անգամ, ըստ իս, շատ խիստ, անգամ վտանգավոր ելույթներ եմ ունեցել՝ ասելով այն, ինչ բոլորս այստեղ ենք ասում: Եվ հավատացնում եմ, որ դա շատ հետաքրքիր ազդեցություն է թողել:

Բաքվում, կրկին Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ, 13 ելույթ եմ ունեցել: Ընդ որում՝ այնտեղ թուրքերին քննադատող ելույթները ադրբեջանցիները շատ ավելի ծանր են տանում, քան հենց իրենք՝ թուրքերը: Դրանք ինքնանպատակ չեն եղել, ես արձագանքել եմ թուրքական, ադրբեջանական պատվիրակությունների եւ նրանց սատարողների կողմից ցանկացած ոտնձգության»:

Ընդ որում՝ պատգամավորը յուրաքանչյուր նստաշրջանից առաջ հանդես է եկել հոդվածներով, որոնք հետո գրքի են վերածվել եւ թարգմանվել 6 լեզվով, այդ թվում՝ թուրքերեն։ Եվ նստաշրջանից առաջ գիրքը տարել ու անձամբ բաժանել է 56 երկրների պատվիրակության ղեկավարներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահին, տեղակալներին:

Լրագրողները ցանկացան Ա.Գեղամյանի կարծիքը ՌԴ Պետդումայի երկու խմբակցությունների՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ նախաձեռնության մասին: Մինչեւ ո՞ւր կտանեն դրանք, ճի՞շտ է այդ հարցում Հայաստանի կրավորական կեցվածքը:

Հայաստանի դիրքորոշումը, պատգամավորի գնահատմամբ, շատ արժանապատիվ է. ժամանակից շուտ պետք չէ ինչ-որ խառնվածություն կամ ոգեւորվածություն ցույց տալ:

Ի դեպ, դեռեւս դեկտեմբերին հրապարակվել է Ա.Գեղամյանի հոդվածը, որտեղ ուղղակիորեն անդրադարձ կա 1921 թվականի Մոսկվայի, ինչպես նաեւ տխրահռչակ մեկ այլ պայմանագրի՝ Կարսի պայմանագրին. «Հոդվածում ասված է, որ նման պայմանագիր կնքելը ճակատագրական սխալ էր: Եվ 2002 թվականին մեր հայրենակից գիտնական Սուրեն Այվազյանը դիմել էր ՌԴ նախագահին՝ հիմնավորելով, որ դա Ռուսաստանի շահերին էլ է դեմ:

Ռուսաստանի դեսպանատան խորհրդականներից մեկը մերժողական պատասխան էր ուղարկել: Ես հոդվածում նշել էի, որ 2002 թվականին Ռուսաստանը դեռ նոր էր ծնկից ոտքի կանգնում եւ այդ իսկ պատճառով նման պատասխան տվեց: Մինչդեռ այսօր, համոզված եմ, ուրիշ պատասխան կլինի»:

Այնպես որ՝ այդ մասին կոնկրետ Ա.Գեղամյանն արդեն բարձրաձայնել է, ավելին՝ համարում է, որ ռուս պատգամավորների նախաձեռնությունն իր հոդվածի արձագանքն է: Եվ եթե Պետդուման իր պաշտոնական դիրքորոշումը կայացնի, արդեն, բնականաբար, Հայաստանն էլ իր գնահատականը կտա:

Իսկ հարցը տրամաբանական ավարտին հասցնելը ավելի շատ կախված է Ռուսաստան-ԱՄՆ եւ Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումներից: «Պատահական չէ, որ Թուրքիային չեմ հիշատակում, որովհետեւ նա ուզում է ամեն գնով ՆԱՏՕ-ին ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, բայց, կարծես թե, արդեն միարժեքորեն չի ընկալվում Թուրքիայի այս դիրքորոշումը:

Առավել եւս, որ Էրդողանը արդեն իրեն իրավունք է վերապահել քննադատել նաեւ ԱՄՆ-ին եւ հռետորական հարցով դիմել է Սպիտակ տան ղեկավարությանը, նախագահ Օբամային՝ ո՞ւմ հետ եք դաշնակից. Թուրքիայի՞, թե՞ Քրդական ժողովրդավարական միության, որը Թուրքիայում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի վերաբերյալ բանախոսի կարծիքը:

«Կուսակցությունը, որը պատիվ ունեմ ղեկավարելու, կոչվում է Ազգային միաբանություն, եւ ես, բնականաբար, ողջունում եմ միասնությունը, ցանկացած համաձայնությունը: Այս ծանր իրավիճակում, որ հայտնվել է աշխարհը, նաեւ մեր տարածաշրջանը, յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները պետք է հնարավորինս լիարժեք օգտագործվեն: Իսկ ՀՅԴ-ն, բացի փորձառությունից, ունի նաեւ կադրային ռեսուրս: Եվ այդ միությունը կրկնակի պարտավորեցնող կլինի թե՛ ՀՅԴ-ի, թե՛ ՀՀԿ-ի, թե՛ բոլորիս համար»,- համոզված է Ա.Գեղամյանը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր