ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԿԻՐԱՌԵԼ «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԻ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ՊԱՐԶԱՊԵՍ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԳՈՐԾԻՔ
16.12-17.12.2015, Հայոց աշխարհ
Երեկ ԱԺ-ում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ բավական կոշտ արձագանքեց Զարուհի Փոստանջյանի հռետորական հանճարի հերթական գլուխգործոցին։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ հակազդեցությունը. մեր հարցերին ի պատասխան՝ ներկայացնում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը։
-Ճիշտն ասած, վերոհիշյալ պատգամավորուհու առաջին երկու ելույթը լսելուց հետո վստահ չէի՝ արդյոք, դա ա՞յն է, ինչ մտածում եմ, թե պարզապես գործ ունենք ընդդիմադիր պատգամավորի ընդդիմադիր դրսեւորումների հետ։ Բայց երբ արդեն երրորդ անգամ անդրադարձավ որոշակի հարցերի, որոնք բացարձակապես ոչ մի աղերս չունեին մինչ այդ իր իսկ բարձրացրած հարցերի հետ, ակամայից հիշեցի մոտ 23 տարի աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող մի տեսություն՝ կառավարելի քաոսի տեսությունը, որի հիմնահայրերից մեկը Սթիվեն Մանն է։
Կարող է հարց առաջանալ. ի՞նչ կապ ունեն Զարուհի Փոստանջյանի ելույթներն այդ տեսության հետ։ Որպեսզի չստացվի, թե ինքնագործունեությամբ եմ զբաղվում, չեմ զլացել եւ առանձնացրել եմ հիմնական 4 թեզերը, որոնցով, ըստ էության, առաջնորդվում են դրա հեղինակները եւ իրականացնողները։
Առաջին՝ զանգվածային բողոքի գործողությունները պետք է կազմակերպվեն նորագույն տեխնոլոգիաների՝ հեռախոսների, ինտերնետի, սոցիալական ցանցերի, մոբիլ նախաձեռնողական խմբերի միջոցով եւ կրեն «էքսպրեսիվ», կայծակնային բնույթ։
Այսինքն՝ այն, ինչին այսօր ականատես ենք. սոցիալական ցանցերի միջոցով մարդկանց հրավիրում են բողոքի ակցիաների, քաղաքացիական անհնազանդության կոչեր տարածում, երեկ օգտագործվեց ԱԺ ամբիոնը՝ Զ.Փոստանջյանը քանիցս դիմեց մեր հայրենակիցներին, հորդորելով չվճարել հարկերը, կոմունալ ծախսերը եւ այլն։
Երկրորդ՝ «անհրաժեշտ է միավորել ընդդիմադիր ուժերին եւ այդ միավորումն ուղղել իշխող ռեժիմի եւ անձամբ լիդերի դեմ»։
Ուշադրություն դարձրեք՝ Փոստանջյանի ելույթներում բացարձակապես արհեստականորեն մի քանի անգամ շեշտվում էր վարչախմբի «հանցավոր» լինելու հանգամանքը եւ հիշատակվում էր երկրի գերագույն գլխավոր հրամանատարի անունը։ Այդ ամենը, բնականաբար, ոչ մի առնչություն չուներ քննարկվող հարցերի հետ, բայց լիովին տեղավորվում էր «կառավարելի քաոսի» տեսության տրամաբանության մեջ։
Երրորդ՝ «հեղափոխության արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ են ազդեցության գործակալներ՝ միջազգային դատարանի առաջ պատասխան տալու սպառնալիքի տակ իշխանությունները կարող են գնալ ռեժիմի փոփոխության»։
Հիշյալ անձի ելույթներում քանիցս ասվեց՝ կգա ժամանակը՝ բոլորդ կհայտնվեք մեղադրյալի աթոռին, պատասխան կտաք ձեր կատարած հանցագործությունների համար եւ այլն։ Այսինքն՝ «կառավարելի քաոսի» տեսության 3-րդ կետը նույնպես դրվեց գործողության մեջ։
Չորրորդ կետում գրված է, որ միջոցառումների «մասսայականությունն» ապահովելու համար պետք է ստեղծել տարերային շարժումներ՝ առանց լիդերների։ Եթե նկատել եք, հարթակից անհնազանդության կոչեր անողները լիդերության չեն ձգտում, ասում են՝ բոլորս հավասար ենք եւ հավասարապես պատասխանատվություն ենք կրում։
Առանց լիդերների շարժման ականատես մենք եղել ենք դեռեւս մի տարի առաջ, երբ անոնիմուսների ակցիա անցկացվեց՝ դիմակներով։ Դա էլ է տեխնոլոգիա. երբ մարդ դիմացինի երեսը չի տեսնում, աչքերի մեջ չի նայում, այլ տեսնում է անորոշ, անդեմ մի բան՝ թույլ նյարդեր ունեցող մարդկանց մեջ դա վախի, տագնապի զգացողություն է առաջացնում։ Իսկ վախեցած մարդուն կառավարելը միշտ ավելի հեշտ է։
Այնպես որ, «կառավարելի քաոսի» հիմնական 4 բաղադրիչները, որոնց միջոցով տարբեր երկրներում հեղաշրջումներ են իրականացվել, սանձազերծվել քաղաքացիական պատերազմներ, այդ թվում վերջին տարիներին, լինի դա Լիբիան, Եգիպտոսը, Թունիսը, ամենաթարմ օրինակը՝ Ուկրաինան, փորձում են կիրառել նաեւ այստեղ։
-Կարծում եք՝ Հայաստանում այդ տեխնոլոգիաները կաշխատե՞ն, հատկապես՝ նկատի ունենալով, որ «կատարողները», մեղմ ասած, ժողովրդականություն չեն վայելում հանրության շրջանում։
-Տեսեք՝ ինչ հետաքրքիր բան է կատարվում։ Վենետիկի հանձնաժողովը, որը համարվում է գլխադասային սահմանադրական բարեփոխումների առումով՝ աշխարհով մեկ ճանաչված, ընդունված հեղինակավոր կառույց, տալիս է ամենաբարձր գնահատականը առաջարկվող բարեփոխումներին։
Հանրաքվեի արդյունքում «այո»-ների թիվը գրեթե կրկնակի գերազանցում է «ոչ»-երին, այն դեպքում, երբ խորհրդարանական փոքրամասնությունը ներկայացնող բոլոր ուժերը իրավասու էին ունենալ իրենց ներկայացուցիչները բոլոր ընտրատեղամասերում, եւ ընդամենը 170-ի չափ դիմում-բողոք են ներկայացրել։ Ըստ որում՝ բոլոր վիճարկվող տեղամասերում հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը (եթե նույնիսկ համարենք, որ բոլորը «ոչ» են ասել բարեփոխումներին) չի հասնում ընտրողների թվի 0,1 տոկոսին, այսինքն՝ որեւէ ազդեցություն չէր կարող ունենալ հանրաքվեի արդյունքների վրա։
Բայց եկեք տեսեք, որ Զ.Փոստանջյանը մի օրվա մեջ 4 անգամ ելույթ է ունենում եւ ամեն ելույթի մեջ առնվազն 2 անգամ՝ ընդհանուր առմամբ 8-10 անգամ, դրա մասին խոսում է։ Այն դեպքում, երբ հանրաքվեից անմիջապես հետո հանրապետության նախագահը խիստ հանձնարարական տվեց իրավապահ մարմիններին՝ ոստիկանությանը, գլխավոր դատախազությանը, ՀՔԾ-ին եւ Քննչական կոմիտեին, առ այն, որ պետք է մանրակրկիտ քննել խախտումների մասին բոլոր ահազանգերը ու դրանց հետեւում կանգնած անձանց եւ կատարողներին անհապաղ քրեական պատասխանատվության ենթարկել։
Այսինքն՝ իշխանությունները ամենախիստ եւ սկզբունքային մոտեցում են դրսեւորում, որպեսզի օրինախախտները ՀՀ օրենքների ամենայն խստությամբ պատժվեն։ Անգամ գնացին նրան, որ «Կենտրոն» վարչական շրջանի ԸԸՀ անդամ Զավեն Միրիջանյանը, մեղավորությունը չհաստատված, կալանավորվեց՝ ՀԱԿ-ի ներկայացուցչին նյութապես շահագրգռելու վերաբերյալ հայտարարության հիման վրա։
Եվ այսքանից հետո դեսպանատներից մեկը ավելի է խստացնում իր նախնական հայտարարությունը հանրաքվեի վերաբերյալ՝ ասելով, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանը միջամտած անձանց մասին հրապարակումները կարող են օգտագործվել դեսպանության ծրագրերի եւ միջոցառումների մասնակիցների ցանկը ճշտելու համար։ Այսինքն՝ նրանց մասնակցությունը դեսպանատան ծրագրերին այլեւս հարցականի տակ է լինելու։
Ի՞նչ է ստացվում. ընտրախախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերը դեռ չեն ավարտվել, դատարանները որոշում չեն կայացրել, բայց ինչ-որ կազմակերպություն՝ դեսպանատուն, հասարակական կամ միջազգային կառույց, իրեն իրավունք է վերապահում որոշել՝ ով է մեղավոր, ով՝ ոչ, ով ինչ առնչություն կամ աղերս է ունեցել ընտրախախտումների հետ, եւ ստանձնում է դատավորի գործառույթ՝ բացարձակապես չունենալով դրա իրավունքը։
Այդ «մեսիջն» ուղղված է առաջին հերթին այն մարդկանց, ովքեր գիտակցում են, որ հողը գնում է իրենց ոտքերի տակից. հարկեր չվճարելու, քաղաքացիական անհնազանդության իրենց կոչերին արձագանքող չկա։ Դրանով այդ մարդկանց ձեռքը «բարոյական» զենք են դնում. իբր ազդեցիկ երկրներ, միջազգային կազմակեպություններ կան մեր «մեջքին կանգնած»։
-Զարուհի Փոստանջյանի նախասիրած հնարքներից մեկն էլ Հայաստանի արտաքին քաղաքականության «լիակատար եւ վերջնական» ֆիասկոյի մասին սրտաճմլիկ խոսքեր ասելն է։ Ի՞նչ խնդիր է փորձում լուծել «Ժառանգության» պատգամավորը՝ անընդհատ շահարկելով այդ թեզը։
-Եթե ուշադրություն եք դարձրել, հիշատակված անձը իր ելույթներում քանիցս ուղղակիորեն եւ տողատակերով մեղադրանքներ է հղում Ռուսաստանին, բայց, չգիտես ինչու, չի հիշատակում, որ ճիշտ վերջերս՝ դեկտեմբերի 4-ին, Թուրքիայի արտգործնախարարը, ելույթ ունենալով Բաքվի դիվանագիտական ակադեմիայում, ուղղակի հայտարարեց՝ Թուրքիան մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը միշտ լինելու է Ադրբեջանի թիկունքին։ Եվ դրանից անմիջապես հետո ադրբեջանական կողմը տանկերից հրետակոծեց ԼՂՀ դիրքերը։ Սա ի՞նչ է, եթե ոչ բացահայտ սադրանք։
Այդ հայտարարության մասին չի խոսում, փոխարենը մեղադրում է Ռուսաստանին՝ «մոռանալով» Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարությունը, որ տարածեց «Ռոսիա-24»-ը, նույնը հետագայում հեռարձակվեց ռուսաստանյան «Վեստի»-ով եւ զետեղվեց «Ռիա-Նովոստի»-ի կայքում։ Այն է՝ հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերը ապակառուցողական են եւ որեւէ հեռանկար չեն կարող ունենալ։
Այսինքն՝ ադրբեջանական կողմի վայրագությունները եզակի դատապարտող գնահատականի են արժանանում Ռուսաստանի կողմից (խոսքը Մինսկի խմբի համանախագահների մասին է), այդ եզակի գնահատականն անտեսվում է, եւ մեղադրանք է հարուցվում նույն Ռուսաստանին։
Դրա հետ մեկտեղ, հանկարծ հիշում են Պերմյակովի գործը՝ ասելով, որ այդպես էլ Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին գործի լիարժեք բացահայտման համար։ Բացահայտ սուտ՝ սա եզակի դեպք էր, երբ ՌԴ քաղաքացին, որը հանցագործություն է կատարել մեկ այլ երկրում, տվյալ դեպքում՝ Հայաստանում, հանձնվում է այդ երկրի իրավապահ մարմիններին։ Նման բան չի եղել, որովհետեւ Ռուսաստանի գործող սահմանադրությամբ դա կտրականապես արգելված է։ Սա ոչ միայն բարի կամքի դրսեւորում է՝ դաշնակցային հարաբերությունների բացառիկ մակարդակի ցուցիչ։ Հաշվարկը մեկն է՝ ապատեղեկատվություն տարածել, կենցաղային հողի վրա հակառուսական տրամադրություններ հրահրել։
Միաժամանակ փորձ է արվում բոլոր քաղաքական ուժերի հանդեպ անվստահություն սերմանել։ Ես սպասում էի, թե երբ Զ.Փոստանջյանը կանդրադառնա քաղաքական ուժերին, եւ անդրադարձը չուշացավ՝ թիրախ դարձավ ԲՀԿ-ն։
-Դաշնակցությանն էլ կարծես թե բաժին հասավ։
-Այո, բայց հիմնական թիրախը ԲՀԿ-ն էր։ Սա նույնպես տեխնոլոգիա է՝ ազգաբնակչության հնարավորինս ավելի լայն զանգվածներին թերահավատություն ներշնչել ոչ միայն իշխանությունների, այլեւ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի հանդեպ, որ ժողովուրդը նախապատվությունը տա ոչ թե «փորձված թանին», այլ անփորձ մածունին, որի կերպարով հանդես են գալիս այն միավորումները, որոնցում ակտիվորեն ներգրավված են «Ժառանգությունը»՝ ի դեմս Զ.Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ժիրայր Սեֆիլյանը եւ այլք։
Երբ այդ ամենը վերլուծում ես, պարզ է դառնում, որ իրենք ընդամենը գործիք են համաշխարհային ուժի այն կենտրոնների ձեռքին, որոնք ուզում են ամեն կերպ խարխլել ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանը, որքան Հարավային Կովկասը, եւ թուլացնել Ռուսաստանը։
Այս գործելաոճը, իհարկե, նորություն չէ՝ դեռ 1949թ. ամերիկյան ԿՀՎ-ի վերլուծաբանները մշակել էին տեսություն, որ հետագայում զարգացրին հայտնի ուղեղային կենտրոնները։ Այսինքն՝ համակարգված տեղեկատվական պատերազմ է մղվում Հայաստանի դեմ, եւ այդ պատերազմն ամենից շատ ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին։
Դրանով է նաեւ պայմանավորված, որ տեղի-անտեղի հոլովում են երկրի գերագույն գլխավոր հրամանատարի՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունը, եւ պատահական չէ, որ ամբիոնից հայտարարում են, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամբողջովին ձախողվել է։ Այսինքն՝ «մեղավորին» արդեն որոշել են։ Դա արտաքին գերատեսչությունն է եւ արտաքին քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ նախագահը։
Դրա համար է, որ հարկադրված եղա Աժ ամբիոնից իրենց եւ իրենց տիկնիկավարների ուշադրությունը հրավիրել ճիշտ վերջերս ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված Հելսինկիի դեկլարացիայի վրա, որտեղ ամրագրվել է մեզ համար խիստ շահեկան ձեւակերպում։
Սա ոչ միայն հայաստանյան պատվիրակության, այլեւ ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումն է՝ տրիումֆը, այդ բառի իսկական իմաստով։ Այսքանից հետո անամոթաբար խեղաթյուրել փաստեը եւ խոսել ձախողումների մասին, այն էլ արտաքին քաղաքականության ոլորտում՝ նշանակում է կեղծել իրականությունը՝ հույս ունենալով ապակայունացնել երկիրը։
Միգուցե այդ մարդիկ, իրենք էլ չգիտակցելով, դարձել են գործիք աշխարհի հզորների ձեռքին. նկատի ունեմ նախ եւ առաջ Թուրքիայի եւ Ադրբեջանի թիկունքին կանգնած վերազգային կորպորացիաները, որոնք մեծագույն ֆինանսական շահեր ունեն այդ երկրներում։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ