ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
20.11.2015, Հայոց աշխարհ
Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում հետաքրքիր քննարկումներ ընթացան «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծի շուրջ: Մտորումներս սկսեմ այդ քննարկումների ժամանակ հնչած մեր գործընկերների «հարց ու պատասխանները» մեջբերելով:
Եվ այսպես. պատգամավոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին. «2016 թվականին իրավիճակը մեր երկրի շուրջ եւ աշխարհում շատ ավելի անկանխատեսելի է լինելու, քան 2015-ը»:
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ արձագանքը. «Այո, դուք ճիշտ եք: Մենք պետք է մտածենք: Բարդ է վիճակը, դուք իրավացի եք»:
Պարոն Բագրատյան. «Ես չգիտեմ՝ ինչ պետք է անենք տնտեսության զարգացման համար, բայց ես գիտեմ, թե ինչ չպետք է անել: Քաղաքական ու տնտեսական միջավայրը շատ ավելի բարդ է լինելու»:
Պարոն Խաչատրյան. «Մի բանում ձեզ հետ համաձայն եմ, որ մենք, իրոք, պետք է մտածենք՝ ինչ անենք, ինչպես ճիշտ օգտագործենք ներքին ռեսուրսները, որ կարողանանք ապահովել ինչպես հարկային եկամուտներ, այնպես էլ քաղաքականություն երկար հատվածի համար, որպեսզի մեր տնտեսությունը աշխուժանա, հակառակ դեպքում մենք կունենանք ավելի բարդ, լուրջ խնդիրներ, որի լուծումներն ավելի մեծ ջանքեր կպահանջեն կառավարությունից, մեզանից»:
Պատահական չէ, որ այս մեջբերումն արեցի, որովհետեւ երկու գիտակ պրոֆեսիոնալներ հասկանում են երկրում ստեղծված տնտեսական վիճակի լարվածությունը եւ Ազգային ժողովի կողմից ակնկալում են համապատասխան օգնություն: Ուստի փոքր-ինչ վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ փորձեմ իմ առաջարկները ներկայացնել:
Բոլորը խոսում են փողի սակավության մասին: Դա այդպես չէ: Այո, այդպես չէ: Ուրիշ բան, որ եղած ֆինանսական ռեսուրսները, գումարները վատ են օգտագործում: Ասեմ, որ իմ կողմից ստորեւ բերվող թվերը վերցված են միայն եւ միայն Ազգային վիճակագրական ծառայության ու Կենտրոնական բանկի տեղեկագրերից:
Մասնավորապես, համաձայն «2015թ. հունվար-հունիս ՀՀ վճարային հաշվեկշիռ»-ը տեղեկագրի՝ «Ուղղակի ներդրումները» կազմել են մինուս 67,4 մլն դոլար։ Խոսքը առաջին կիսամյակի մասին է: Դա փաստորեն եղել է զուտ ֆինանսական պարտավորությունների ստանձնում, որը կազմել է 79,05 մլն դոլար: Այդ նույն ժամանակաշրջանում «Պորտֆելային ներդրումները» եղել են մինուս 257,76 մլն դոլար, որից զուտ ֆինանսական պարտավորությունների ստանձնումը կազմել է 256,91 մլն դոլար:
2014 թվական. «Ուղղակի ներդրումները» կազմել են մինուս 365 մլն դոլար: Իսկ զուտ ֆինանսական պարտավորությունները՝ 382,84 մլն դոլար: 2013թ. «Ուղղակի ներդրումները» կազմել են մինուս 353,52 մլն դոլար, զուտ ֆինանսական պարտավորությունների ստանձնումը՝ 369,97 մլն դոլար, «Պորտֆելային ներդրումները»՝ մինուս 689,09 մլն դոլար, զուտ ֆինանսական պարտավորությունների ստանձնումը՝ 694,48 մլն դոլար:
Միայն այս երեք տարիների ընթացքում, ավելի ստույգ՝ 2.5, կառավարությունը, ինչպես նկատեցիք, 1 մլրդ 783,25 մլն դոլարի պարտավորություններ է ստանձնել: Տնտեսագիտական տարրական տրամաբանությունը եւ մոտեցումը պահանջում է, որ տեսնենք՝ ստանձնած 1,78 մլրդ դոլարի այդ պարտավորությունները ինչպես են օգտագործվել: Արդյոք դրան համարժեք տնտեսական աճ ապահովվե՞լ է, թե՞ ոչ: Ավա՜ղ, ցավոք, ոչ: Այս իրողությունը տնտեսագիտական լուրջ վերլուծության խնդի՞ր է՝ այո: Խոսվե՞ց սրա մասին. ոչ:
Քննարկումների ընթացքում այստեղ մեկ ուրիշ «հարց ու պատասխանի» ժամանակ, պատահական չէր, որ Հրանտ Բագրատյանը հարցով դիմեց Կենտրոնական բանկի նախագահին. «Պարոն Ջավադյան, կարո՞ղ եք մեզ ասել, թե ինչքան է լինելու կապիտալի արտահանումը 2015-2016 թթ. Հայաստանից: Ինչքա՞ն են կազմում հայկական ռեզիդենտների «Ուղղակի» եւ «Պորտֆելային» ներդրումները Հայաստանի սահմաններից դուրս»:
Պատասխանը սա էր, որ Գլոբալ Ֆայնեշնլ Ինտեգրիտի (Global Financial Integrity), այո, կա այդպիսի ոչ կոմերցիոն գիտահետազոտական վերլուծությունների, աշխարհում ֆինանսական անօրինական հոսքերի բացահայտման հարցերի վրա մասնագիտացած բավական հեղինակավոր կազմակերպություն: Կազմակերպություն, որն իրականացրել է մոնիտորինգ (մշտադիտարկում) աշխարհի բոլոր երկրներում անօրինական ֆինանսական արտահոսքերի բացահայտման վերաբերյալ։ Նշենք, որ այդ կազմակերպությունը «Illicit Financial Flows from Developing Countries 2003-2012» («Զարգացող երկրներից անօրինական ֆինանսական արտահոսքերը՝ 2003-2012 թթ.») վերտառությամբ ուսումնասիրություն է իրականացրել, մի խոսքով՝ զարգացող երկրներից ֆինանսական անօրինական արտահոսքերի մասին: Վերջին երկու տարիները, որ ընդգրկվել են այդ ուսումնասիրության մեջ, 2011-2012 թվականներն են: Եվ համաձայն այդ վերլուծության, ֆինանսների անօրինական արտահոսքը դոլարային արտահայտությամբ Հայաստանից 2011թ. կազմել է 1 մլրդ 167 մլն դոլար, 2012թ.՝ 1 մլրդ 230 մլն դոլար: Այդ միտումը անցած երկու տարիներին չի փոխվել:
Իսկ որտեղից են մեր երկրից ֆինանսական արտահոսքի այդ գումարները գոյանում: Բերեմ դրանց գոյացման աղբյուրներից ամենատեսանելին՝ արտահայտված թեկուզեւ հետեւյալ թվերով, որոնք վերցված են Կենտրոնական բանկի ամսական տեղեկագրերից: Այսպես, 2011թ. ՀՀ բանկային համակարգի միջոցով ըստ երկրների ֆիզիկական անձանց փոխանցումներից եւ ոչ առեւտրային նպատակով կատարված փոխանցումներից Հայաստան եկող տրանսֆերտների ներհոսքից արձանագրվել է 1 մլրդ 88 մլն դոլարի արտահոսք: 2012թ. եղել է 1 մլրդ 154 մլն 928 հազար դոլար արտահոսք, 2013թ.՝ 1 մլրդ 194 մլն 363 հազար արտահոսք, 2014թ.՝ 1 մլրդ 242 մլն արտահոսք: Սա պաշտոնական տեղեկատվություն է, եւ, չգիտես ինչու, սրա մասին չասվեց Կենտրոնական բանկի ղեկավարի զեկուցման մեջ:
Նշեմ, որ 2015թ. հունվար-սեպտեմբերին ստացված ֆինանսական ներհոսքից 768 մլն 942 հազար դոլարի արտահոսք է եղել: Սա մի քանի բանի մասին է խոսում: Եթե ֆինանսների արտահոսք է, այն էլ՝ հարյուրավոր միլիոնների, եթե չասենք՝ միլիարդ դոլարից ավելի, կնշանակի՝ այդ գումարները դրսում ավելի շահավետ օգտագործում են գտնում, դիցուք, արտերկրում ներդրումներ անելու համար շատ ավելի բարենպաստ պայմաններ կան, քան մեր երկրում: Սա հասարակ տրամաբանություն է:
Խնդի՞ր է, այո, խնդիր է: Դա լուծելու համար տնտեսագիտական ի՞նչ առաջարկներ, օրինակ, հնչեցին խորհրդարանի ամբիոնից: Բացի վիճակագրական թվերի մեջբերումից, որը կա, հրապարակված է, եւ բոլորս էլ դա գիտենք, ոչ մի:
Այնքան ժամանակ, քանի դեռ քննադատորեն չենք վերլուծել երկրում առկա ֆինանսական ռեսուրսների տեղաշարժը, այլ դրա փոխարեն քննադատում ենք Global Financial Integrity-ի վերլուծությունները, ոչ մի բան տեղից չի շարժվի: Կրկնում եմ, ոչ մի բան տեղից չի շարժվի, եւ այն տագնապները, որոնք հնչեցին այս ամբիոնից ֆինանսների նախարարի եւ Հրանտ Բագրատյանի կողմից, ավա՜ղ, կարող են դառնալ «ձայն բարբառո հանապատի»:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ ԱԺ պատգամավոր