ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
06.11.2015, Հայոց աշխարհ
Սահմանադրական փոփոխությունների եւ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի շուրջ զարգացումների վերաբերյալ իր տեսակետները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է «Ազգային միաբանություն» կուսակցության կենտրոնական շտաբի պատասխանատուներից ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԸ
-Մեր կուսակցության նախագահն իր ելույթներում, հարցազրույցներում եւ հոդվածներում մանրակրկիտ հիմնավորել է ԱՄԿ դիրքորոշումը, թե ինչու պետք է «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին, ինչի համար են անհրաժեշտ այս փոփոխությունները՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ, ամենակարեւորը, ժողովրդավարական զարգացման ճանապարհին առաջընթաց արձանագրելու տեսանկյունից։
- Ես հարցը մի փոքր այլ հարթության վրա կդնեմ։ Միացյալ Նահանգները ավելի քան 200 տարվա պետություն է, եւ մինչեւ վերջերս էլ շտկումներ է մտցնում իր սահմանադրության մեջ։ Մենք երիտասարդ երկիր ենք եւ, կարծում եմ, մի բան էլ ավելի արագ փոփոխություններ պետք է իրականացնենք մեր կառավարման համակարգում, որպեսզի կարողանանք կայանալ որպես իրավական, ժողովրդավարական պետություն։
Ի վերջո, կյանքը զարգանում է, երկիրը փոխվում է, փոխվում են մարդկանց պահանջները, ապրելակերպը, քաղաքական, տնտեսական եւ սոցիալական առաջնահերթությունները, դրա հետ մեկտեղ փոխվում է արտաքին միջավայրը, ստեղծվում են նոր տնտեսական եւ քաղաքական միավորումներ։
Հայաստանն ունի իր ուրույն տեղը այս ամբողջ խճանկարում եւ բնականաբար իր պետական կառավարման համակարգը պետք է համապատասխանեցնի երկրի առջեւ ծառացող նոր մարտահրավերներին։
-Ձեր ընդդիմախոսները կարող են առարկել, թե կառավարման լավ կամ վատ, ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական համակարգեր չեն լինում. կարեւորը սահմանադրությամբ ամրագրված դրույթները, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմները կյանքի կոչելն է։
-Գիտեք ինչ, կա սովորական մի հասկացողություն՝ օրենք, իսկ սահմանադրությունն ինքը օրենք է՝ հիմնական օրենքը, որից բխում են մնացած օրենքները։
Կա երկրորդ՝ ավելի կարեւոր հասկացողությունը. օրենքի տառը պահպանելը եւ կյանքի կոչելը։
Եվ կա երրորդ՝ ամենագլխավոր հասկացողությունը. մարդը, որը պետք է կատարի այդ օրենքը։ Այդ մարդը կարող է լինել միապետը, կարող է լինել նախագահը կամ վարչապետը, կարող է լինել շարքային քաղաքացին կամ օրինախախտը, որը ամեն կերպ փորձում է շրջանցել օրենքները։ Որքանով են գործում օրենքները տվյալ հասարակության մեջ, որքանով չեն գործում՝ կախված է նրանից, թե մարդիկ ինչպես են կատարում այդ օրենքները։
Ես մինչ օրս չեմ տեսել, որպես պատմաբան՝ չեմ կարող նշել որեւէ պետություն, հասարակություն, որտեղ բոլոր օրենքները կատարվել կամ կատարվում են ամենայն ճշգրտությամբ։ Օրենքները հենց նրա համար են, որ անօրինականությունը պատժվի եւ օրենքը խախտողը պատասխանատվության ենթարկվի։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, մի բան կարող եմ ասել. հանրաքվեից հետո ինչքան ավելի շատ մարդիկ գիտակցեն սեփական պատասխանատվությունը սահմանադրության դրույթները կյանքի կոչելու հարցում՝ իշխանավորից, պատգամավորից սկսած մինչեւ վերջին քաղաքացի, եւ ամեն մեկն իր աշխատատեղում ազնվորեն կատարի սահմանադրության պահանջները, այնքան ավելի շուտ Հայաստանը կդառնա այն երկիրը, որի մասին երազում ենք։
Սա է եղել եւ մնում է հարցերի հարցը ցանկացած, նույնիսկ ամենազարգացած հասարակության համար։ Օրենքներն ամեն տեղ էլ խախտվում են՝ մի տեղ ավելի շատ, մի տեղ՝ ավելի քիչ, եւ բոլորիս ցանկությունն է, որ մեզանում էլ խախտումները հնարավորինս քիչ լինեն։ Այս փոփոխություններով մենք ուղղակի քայլում ենք ժամանակին համընթաց։
Ասեմ ավելին՝ ժամանակի ընթացքում այս սահմանադրությունը եւս փոփոխությունների կենթարկվի. կյանքը կստիպի փոխել։
-«Ոչ»-ի ճամբարում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։
-Այդ «Ոչ»-ի ճամբարից պետք է առանձնացնել այն մարդկանց, ուժերին, որոնք ընդհանրապես դեմ են ցանկացած նախաձեռնության, որով հանդես են գալիս իշխանությունները՝ եթե իշխանությունները հանկարծ ասեն արեգակը արեւելքից է դուրս գալիս, իրենք պիտի ասեն՝ ո՛չ, արեւմուտքից։ Սակայն նրանց մեջ կան նաեւ շատ ազնիվ մարդիկ։
Անկեղծ լինենք՝ մեր քաղաքացիների մի ստվար զանգված լավ չի ապրում, դժգոհ է իշխանություններից, դժգոհ է իր ճակատագրից, այն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներից, սոցիալական, տնտեսական դժվարություններից, որ կան այսօր մեր երկրում։ Բնականաբար նրանցից շատերն ընդգրկվել են «Ոչ»-ի ճամբարում, բայց չարություն չունեն իրենց մեջ, Արեւմուտքի թելադրանքներով չեն առաջնորդվում՝ ուղղակի, կյանքից դժգոհ լինելով, ասում են «ոչ»։
Բայց այդ «ոչ»-ը, ըստ էության, որեւէ կապ չունի բուն սահմանադրական փոփոխությունների, երկրի զարգացման հեռանկարի հետ, որ առաջարկվում է հանրաքվեի դրված նախագծով։
«Ոչ»-ի ճամբարում ներգրավված ուժերի այն հատվածը, որը վարձատրվում է Արեւմուտքից, ամեն ինչ անում է՝ իրավիճակն ապակայունացնելու եւ իշխանափոխության հասնելու համար, բայց չեմ կարծում, թե ժողովուրդը կարող է գնալ նրանց հետեւից։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ