ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒԺԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ՝ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ
03.11.2015, Հայոց աշխարհ
03.11.2015, Իրավունք
Եվ այսպես. հոկտեմբերի 28-ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։
Էկումենիկ արարողությունն անցկացրեց Լոնդոնի եպիսկոպոս, լորդ Ռիչարդ Շարթրը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ միասին։ Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Նորին Արքայական մեծություն Ուելսի արքայազն Չարլզը։
Էկումենիկ աղոթքն անմեղ նահատակների անմահ հոգիների համար, աշխարհի բարի կամքի տեր բոլոր մարդկանց, բոլոր ազգերին եւ ժողովուրդներին ուղղված քրիստոնեական այդ կոչը՝ միավորվել ցեղասպանության հանցագործությունների դեմ պայքարում, դուրս է գալիս Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ու Հայաստանի Հանրապետության միջեւ, Անգլիկան եւ Հայ Առաքելական եկեղեցիների, անգլոսաքսոնական եւ հայկական աշխարհների միջեւ հարաբերությունների շրջանակից։
Հանուն արդարության հաստատման եւ ողջ աշխարհում խաղաղության պահպանման այս հիշատակի արարողության բոլոր սահմաններն ինքնըստինքյան բացառիկ նշանակալի են, բայց սա առանձին իմաստավորելու թեմա է։
Նշենք միայն, որ 2015թ. ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով տեղի ունեցած Միջեկեղեցական կոնգրեսում Լոնդոնի եպիսկոպոսն ասաց. «Այսօրվա դրությամբ միջազգային օրենքները չեն նախատեսում համարժեք պատիժ նրանց համար, ովքեր կատարում են ցեղասպանածին գործողություններ։ Հարց է ծագում. ինչպե՞ս պետք է պատժվեն հանցագործները։ Անհրաժեշտ է մշակել միջազգային պատասխանատվություն նախատեսող նոր փաստաթղթեր եւ, հաշվի առնելով այն, որ Արեւմուտքի հեգեմոնիան թուլանում է, իսկ աշխարհը դառնում է բազմաբեւեռ, հարկավոր է ներգրավել նոր մասնակիցների նոր օրենքների մշակման գործին»։
Նշեմ, որ Ռիչարդ Շարթրն է 2011թ. ապրիլի 29-ին քարոզ կարդացել արքայազն Ուիլյամի եւ Քեթրին Միդլթոնի հարսանիքին, իսկ 2013թ. ապրիլի 17-ին բարոնուհի Մարգարեթ Թետչերի պետական հոգեհանգիստն է կատարել, որի հետ մտերիմ բարեկամություն ուներ։ Կարծում եմ, որ Լոնդոնի եպիսկոպոսի կենսագրության այս դրվագները, անգլիական դասական դիվանագիտության համատեքստում, որն ակնդետ հետեւում է միջազգային իրավիճակի փոփոխություններին եւ անմիջապես արձագանքում դրանց, Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցած հիշատակի արարողությանը հաղորդում են միանգամայն նոր սահմաններ։
Դրանք առավել ամբողջական ընկալելու համար մեջբերում կատարեմ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար (1855-1858թթ.) եւ վարչապետ (1859-1865թթ.), վիկոնտ Հենրի Ջոն Թեմփլ Փալմերսթոնի՝ Համայնքների պալատում 1858թ. մարտի 1-ին արտասանած ճառից. «Մենք չունենք հավերժական դաշնակիցներ եւ մենք չունենք մշտական թշնամիներ. հավերժական եւ մշտական են մեր շահերը։ Մեր պարտքն է՝ պաշտպանել այդ շահերը»։
Սակայն արդեն ակնհայտ է մեկ այլ բան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները, որ տեղի ունեցան մեր մոլորակի բոլոր աշխարհամասերի տասնյակ ու տասնյակ երկրներում, աշխարհին ավետեցին 21-րդ դարում հայ հնագույն քրիստոնեական քաղաքակրթության վերածննդի մասին՝ հանձինս Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ ութմիլիոնանոց Հայկական Սփյուռքի։
Աստծո կամքով թուրքական յաթաղանից փրկված, Հայոց պետականության շուրջ համախմբված բոլոր հայերի միավորումը չէր կարող դրականորեն չանդրադառնալ երկրի միջազգային իմիջի վրա։
Այժմ փորձենք գտնել Հայաստանի եւ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների հարաբերությունների դրական փոփոխությունների ակունքները, փոփոխություններ, որոնք դրսեւորվեցին 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Իսկ դրա իմաստավորման համար հիշենք վերջին տարիների հատկապես նշանակալի իրադարձությունները, որոնք աշխարհին նորովի ներկայացրին արդի Հայաստանը։
Մտովի տեղափոխվենք 2009թ.։ Շվեյցարական Համադաշնություն, Ցյուրիխ, 10 հոկտեմբերի. Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեթ Դավութօղլուն Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» եւ «Տնտեսական հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»։
Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, 2013թ. սեպտեմբերի 3. «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու եւ այդ նպատակով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու որոշման մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանեց Հայաստանի Հանրապետության այս որոշումը եւ հայտնեց ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բազմակողմանիորեն նպաստել այդ գործընթացին»,- ասվում է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որը ստորագրվեց Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում ընթացած բանակցությունների արդյունքում։
Հօգուտ Եվրասիական ընկերակցության կատարված քաղաքական ընտրության հատուկ նշանակությունը պայմանավորված է նրանով, որ դա արվեց այն պահին, երբ Եվրամիության հետ ասոցիատիվ համաձայնագրի կնքման եւ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի մտնելու պայմանագրի կնքման հարցը լուծված էր համարվում, մնում էր միայն ստորագրել համաձայնագիրը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետությունների ղեկավարների՝ 2013թ. նոյեմբերի 29-ին Վիլնյուսում տեղի ունենալիք գագաթաժողովում։
Հայաստանի Հանրապետությունը՝ հանձին նախագահ Սերժ Սարգսյանի, հերթական անգամ հանդես եկավ որպես Ռուսաստանի հուսալի դաշնակից, որը հավատարիմ է մնում «Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի» (ստորագրվել է 1997թ. օգոստոսի 29-ին) ոգուն։
Ավելին, Հայաստանը ներկայանում է որպես հուսալի գործընկեր ՀԱՊԿ-ին անդամակցության գծով իր պարտավորությունների շրջանակում։ Հարկ է առանձնապես նշել, որ այդ նույն օրը՝ 2013թ. սեպտեմբերի 3-ին, Հայաստանի նախագահը հայտարարեց նաեւ, որ պաշտոնական Երեւանը մտադիր է խորացնել համագործակցությունը եւ շարունակել հարաբերությունները Եվրամիության հետ, որոնք չեն հակասի Մաքսային միությանն անդամակցությանը։
Իր այս հայտարարությունը նա հաստատեց 2013թ. հոկտեմբերի 2-ին՝ ելույթ ունենալով ԵԽ ԽՎ խորհրդաժողովում եւ հայտարարելով, որ Հայաստանը կմասնակցի «Արեւելյան գործընկերության»՝ Վիլնյուսում տեղի ունենալիք գագաթաժողովին եւ պատրաստ է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագիրը։ Ինքնիշխան Հայաստանի ընտրյալ նախագահի այս սուվերեն որոշումը, իհարկե, ոչ անմիջապես, բայց լսվեց Եվրոպայում։
Այսպես. մայիսի 21-22-ը «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովին մեկնելուց առաջ ելույթ ունենալով խորհրդարանում՝ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց. «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, Եվրամիության հետ աշխույժ բանակցությունների կողքին, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության հետ»։ Խիստ հատկանշական է, որ այդ նույն ելույթում Անգելա Մերկելը նաեւ ասաց. «Արեւելյան գործընկերությունն» ուղղված չէ երրորդ կողմերի դեմ, եւ ամենից առաջ՝ Ռուսաստանի դեմ։ Ես կկրկնեմ, որ խոսքը չի վերաբերել եւ չի վերաբերում «կամ-կամ»-ին, ԵՄ-ի հետ մերձենալուն՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ Ռուսաստանի ցանկությանը՝ ավելի սերտ գործընկերություն հաստատել հարեւան պետությունների հետ։ Ուստի մենք պատրաստ ենք խոսել մտահոգության մասին՝ կապված ազատ առեւտրի գոտի ստեղծելու հետ այնտեղ, որտեղ այդ մտահոգությունները կան։ ԳԴՀ կառավարությունը կրկնում է, որ Եվրամիությունը պատրաստ է վարել այդ բանակցությունները, այն դրանք վարում է ներկա պահին Ռուսաստանի հետ, եւ մենք դրանք շատ կառուցողական ձեւով կուղեկցենք»։
Այս առնչությամբ չեմ կարող չհիշել Հայաստանի տարատեսակ «բարյացակամների» (ինչպես եվրոպացի, այնպես էլ ռուսաստանցի) մռայլ կանխատեսումները, որոնք ամեն տեսակ ապոկալիպտիկ հանգուցալուծումներ էին գուշակում Հայաստանի համար այն պարագայում, եթե հրաժարվեր ԵԱՏՄ-ին անդամակցությունից կամ հրաժարվեր ստորագրել ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագիրը «Արեւելյան գործընկերության» շրջանակում։
Ժամանակը, որը բուռն էր տարբեր կողմերից Հայաստանի նախագահի հասցեին արվող հարձակումների իմաստով, ամեն բան իր տեղը դրեց։ Ս.թ. հունվարի 2-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ ս.թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում, ԵՄ արտաքին գործերի նախարարների գագաթաժողովում ընդունվեց որոշում Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության նոր իրավական բազայի ստեղծման բանակցությունների մանդատով օժտելու մասին։
Մեր անդրադարձը, իհարկե, ամբողջական չի լինի, եթե չհիշատակենք հայ ժողովրդի առանցքային հիմնախնդիրների՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ ԱՄՆ քաղաքական էլիտայի վերաբերմունքի մասին։
Հիանալի տեղեկացված լինելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում ադրբեջանական կողմի միանշանակ ապակառուցողական դիրքորոշման մասին, որը լիովին վայելում է ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակից Թուրքիայի հավանությունը, Միացյալ Նահանգների ավելի քան 80 կոնգրեսականներ՝ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսի եւ դեմոկրատ Էլիոթ Էնջելի գլխավորությամբ, բաց նամակով դիմել են ԱՄՆ նախագահի աշխատակազմին, որում անհանգստություն են հայտնել հակամարտության գոտում լարվածության թեժացման հետ կապված։ Նամակում կոնգրեսականներն առաջարկում են հստակ քայլեր, որոնք առաջիկայում կյանքեր կխնայեն եւ թույլ կտան խուսափել պատերազմից, իսկ ապագայում կնպաստեն երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։
Շատ կարեւոր է, որ նամակի հեղինակները նշել են, որ թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը պատրաստ են աջակցել կոնգրեսականների առաջարկած միջոցներին, որոնք կփրկեն մարդկային կյանքեր, սակայն Ադրբեջանը պատշաճ դիրքորոշում չի ցուցաբերել։
Նշենք նաեւ, որ ս.թ. մարտի 18-ին Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեւիդ Վալադաոն, դեմոկրատ Ֆրենկ Փալոունը եւ այլ կոնգրեսականներ ու ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ մշակել են բանաձեւ հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության եւ արդարության մասին, որում կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ջանքեր գործադրել հայ-թուրքական ազնիվ, կառուցողական եւ ամուր հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ Բանաձեւում նշվում է, որ այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի եւ հետեւանքների լիակատար ճանաչման վրա։
Ընթերցողների ուշադրությունը վերջին մի քանի տարիների իրադարձությունների վրա վերստին սեւեռում եմ բնավ ոչ ազատ ժամանակի ավելցուկի պատճառով։ Ըստ իս՝ դա օրախնդիր անհրաժեշտություն է։ Չէ՞ որ Հայաստանի օրինակով հստակ երեւում է, թվում է, անլուծելի հակասությունների լուծման հնարավորությունը։
Այս իրողությունների ընկալումը սկզբից եւեթ հասկանալի էր Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։ Եվ դրանք, ըստ էության, իրականություն են դարձել հիմնականում Հայաստանի իշխանությունների կշռադատված արտաքին քաղաքականության շնորհիվ։ Միեւնույն ժամանակ դա հստակ պատասխանատվություն է դնում Հայաստանի Հանրապետության քաղաքական դասի վրա, որը, անկախ իր քաղաքական հակումներից, պետք է համակվի Հայաստանի առջեւ բացված նոր հնարավորությամբ հենց այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարում։
Մեր ժողովուրդը վերջին հարյուր տարվա ընթացքում աշխարհին ցույց տվեց իր իսկական քրիստոնեական քաղաքակրթական էությունը, որն առաջ բերեց բարի կամքի տեր բոլոր մարդկանց, մեծ տերությունների, աշխարհի ժողովուրդների հարգանքն ու համերաշխությունը։ Յուրաքանչյուր հայի պատվի գործն է՝ ամուր պահել այս ամենը։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ԱԺ պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ