ՄԻ ԽՃՃՎԵՔ ՄԵՐ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ

15.05.2015, Հայոց աշխարհ, Իրավունք

Երբ մեր՝ «Ազգային Միաբանություն կուսակցության», մամուլի պատասխանատուն առավոտյան (ըստ կուսակցությունում սահմանված կարգի) նախագահության անդամներիս ծանոթացրեց օրվա (14. 05. 2015 թ.) մամուլի տեսության հետ, հիշատակեց նաև «Չորրորդ իշխանություն» թերթում տպագրված հերթական բարբաջանքը: Նշենք, որ այդ թերթոնը, ի շարս այլ կուսակցությունների, անպարկեշտ հայտարարություններ էր արել  «Ազգային Միաբանություն կուսակցության» հասցեին՝ սահմանադրական բարեփոխումների հարցում մեր պաշտոնական դիրքորոշման առնչությամբ: Բավական էր փակ տեսախցիկով նկարահանել նախագահության անդամների դեմքերի արտահայտությունը, որ պարզ դառնար, թե որքան են արհամարհված այդ թերթոնն ու նրանում տպագրված նյութերը: Գրեթե բոլորը միակարծիք էին, որ ցանկացած անդրադարձ այդ երիցս տապալված, վաղուց ի վեր քաղաքական լուսանցքում հայտնված, 3 հոգուց բաղկացած (Լևոն Տեր-Պետրոսյան, Շողեր Մաթևոսյան և նրանց հարող Լևոն Զուրաբյան) կուսակցության օրգանին նպատակահարմար չէ: Սակայն ես, Խորհրդային Հայաստանի ներքին գործերի վերջին նախարարս, ով այդ կոնտինգետին, ասած գյումերցու, դաբախանից գիտի, ընդդիմացա ընկերներիս կարծիքին, ասելով՝ ղըզղընած ցլիկները կարող են չարիք դառնալ, եթե ժամանակին դաստիարակչական առումով չզրկես նրանց թարմ խոտից և բարեկամաբար մտրակելուց: Չնայած, խոստովանեմ, որ հայտնվել նույն ցուցակում, որտեղ կան մեր կողմից հարգված կուսակցություններ` ՍԻՄ-ը, Դեմկուսը, չթվարկեմ բոլորին, ինքնին պատվաբեր է: Ուստիև ուզում եմ զգուշացնել Լևոն-լևոնիկներին և այլոց. հանդարտվեք, վերջապես ազատվեք մաղձից, քաղաքական անբավարարվածությունից, չէ որ տեղներովդ մեկ չարիք ու պատուհաս եք մեր երկրի համար: Դրսից փող են տալիս երկիրը քանդեք, չենք թողնի, չի ստացվի և հետո ուշադիր նայեք ձեզ հայելու մեջ մինչև ուրիշների տեղը քաղաքական դաշտում որոշելը: Ակնհայտ են կուսակցությունների կոնսոլիդացիայի (ինչպես գրում եք) փաստից ձեր ահուսարսափն ու տագնապները, անհեթեթ հոդվածներով ձեզ մի մատնեք:

Բոլորին է հայտնի, որ «Ազգային Միաբանություն կուսակցության» միայն կենտրոնական գրասենյակը, աշխատանքային օրվա ցանկացած ընդմիջմանն ավելի շատ մարդկանցով է սեղան նստում, քան ձեր ՀԱԿ կոչվող կուսակցությունն իր ողջ կազմով, բարեկամ-հարևանով՝ իրար հետ վերցրած: Էլ չենք խոսում գոյություն չունեցող ՀԱԿ պատգամավորական խմբակցության մասին: Ես հասկանում եմ ձեր հոգեվիճակը` ժողովրդի կողմից մերժված, նախկին կողմնակիցների կողմից լքված, չարամիտների, աբիժնիկների խմբակ դարձած՝ քաղաքական անհեթեթ միավորում:

 Մեծավարի զգուշացնում եմ` ձեռ քաշեք «Ազգային Միաբանություն կուսակցությունից»: Ասած ռուսի` не путайтесь под ногами, մի խճճվեք մեր ոտքերի տակ:

Եվ վերջում, թող անհամեստ չհնչի ասածներս, Հայրենիքիս ծառայելու համար ձեր բոլորի խելքի քաշով մեկ ստացած շքանշաններ ու մարտական մեդալներ ունեմ:

 

Ձեր հանցավոր իշխանավարության տարիներին

ձեր թալանածը հրապարակավ ձեր երեսով տալու համար 

երկու անգամ բանտարկված,

Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր,

 «Կարմիր դրոշ» շքանշանի ասպետ, պահեստի գնդապետ,

 «Ազգային Միաբանություն կուսակցության»

նախագահության անդամ Լևոն Հակոբի  Գալստյան

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր