ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՓՎԱԾ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

18.04.2015, Հայոց աշխարհ

Ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ներկայացված պառլամենտական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպում:

Հանդիպումը վարում էր եւ բացման խոսքով, այնուհետեւ «ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության մասնակցության արդյունքները ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանում (Վիեննա, 18-20 փետրվարի 2015 թ.)» զեկուցմամբ հանդես եկավ Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր ընտրված, ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ:

Նշենք, որ Ա.Գեղամյանի զեկուցմանը նախորդել էր նրա հեղինակած «Ռուսաստանի դեմոնացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի» գրքի հանդիսավոր հանձման արարողությունը հանդիպման մասնակիցներին: Գիրք, որտեղ մանրամասն ներկայացված են ԵԱՀԿ ԽՎ-ի ս.թ. փետրվարի 18-20-ը Վիեննայի նստաշրջանում Հայաստանի պատվիրակության կատարած աշխատանքները:

 

Այնուհետեւ Ա.Գեղամյանը ձայն տվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժային: Նա հանդես եկավ «Արդի ժամանակաշրջանում միջազգային եւ կոլեկտիվ անվտանգության ապահովման ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների պառլամենտական պատվիրակությունների ջանքերի կոորդինացման հրատապ հարցերի մասին» զեկուցմամբ:

Երրորդ զեկուցողը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում Սերբիայի Հանրապետության Ժողովրդական սկուպշչինայի մշտական պատվիրակության ղեկավար Դրեցուն Միլովանն էր:

Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում` 2015թ. հուլիսի 5-9-ը Հելսինկիում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում քննարկվող խնդրահարույց հարցերի վերաբերյալ:

Քննարկումներին ակտիվ մասնակցություն ունեցան Բելառուսի Ազգային ժողովի միջազգային գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Սենկոն, Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության Կոմիտեի քարտուղար Վիկտոր Ռոգալյովը, ԵԱՀԿ ԽՎ-ի երկրորդ կոմիտեի նախագահ, Ղրղըզստանի պառլամենտական պատվիրակության ղեկավար Ռոզա Աքնազարովան, ԵԱՀԿ ԽՎ-ում Տաջիկստանի Մաջլիսի պատվիրակության ղեկավար Օլիմ Սալիմզոդան, Ռուսաստանի Դաշնային խորհրդի սոցիալական հարցերի կոմիտեի փոխխոսնակ Լյուբով Կոզլովան:

Հարկ է առանձնահատուկ նշել Ռուսաստանի Պետական դումայի պատվիրակության նախագահ, բանակի գեներալ Նիկոլայ Կովալյովի հանգամանալի ելույթը ՌԴ-ում եւ նրա շուրջ ընթացող զարգացումների մասին:

Աշխատանքային հանդիպման մասնակիցները հույժ կարեւորեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների սերտ համագործակցության անհրաժեշտությունը, որի վառ օրինակներից է Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակությունների՝ վերջին տարիներին կուտակված դրական փորձը, որի հիմքում է փորձություններով կոփված բարեկամությունը:

ՀԱՊԿ անդամ երկրների ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ներկայացված պառլամենտական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպման մասնակիցները հավանության արժանացրին «ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համագործակցության մասին» որոշման նախագիծը:

Աշխատանքային հանդիպման արդյունքներն ամփոփեց Արտաշես Գեղամյանը:

Սանկտ Պետերբուրգ – Երևան

16 ապրիլի 2015 թ.

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր