ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՀՆՉԵՑՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ
13.03.2015, Հայոց աշխարհ
Փետրվարի 18-20-ը Վիեննայում, «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տասնչորսերորդ նիստը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ:
-Պարոն Գեղամյան, ինչո՞վ էր հատկանշական ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովը, եւ ինչպե՞ս կգնահատեք հայկական պատվիրակության աշխատանքն այնտեղ, ինչպիսի՞ն էր ձեր անձնական մասնակցությունը:
-ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովի նշանակությունը, առանց չափազանցության, կարելի է ասել, առանձնահատուկ էր: Չէ՞ որ այն տեղի էր ունենում միջազգային իրադրության չափազանց լարված պայմաններում, երբ լուծվում է ոչ միայն Եվրոպայի կենտրոնում՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում խաղաղության հաստատման ճակատագիրը, այլեւ կատարվում է նոր աշխարհակարգի ձեւավորման չափազանց ցավագին գործընթաց:
Եվ միանգամայն սպասելի էր, որ փետրվարի 19-ին ԵԱՀԿ ԽՎ երեք կոմիտեների հատուկ համատեղ նիստում առանձին քննարկման առարկա դարձավ «ԵԱՀԿ արձագանքը Ուկրաինայում եւ նրա շուրջ ճգնաժամին» հարցը: Քննարկումը բուռն էր եւ զգացմունքային. բավական է ասել, որ հարցի շուրջ բանավիճեց ավելի քան 60 հռետոր, այդ թվում` ձեր խոնարհ ծառան:
Մանրամասների մեջ չխորանալով՝ կարելի է վստահաբար ասել, որ ձմեռային խորհրդաժողովն ամենայն համոզչությամբ ցույց տվեց, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է լինել կարեւոր եւ պատասխանատու համաժողով` արդի աշխարհի կենսականորեն ամենակարեւոր խնդիրների ազնիվ եւ բաց քննարկման, մեր օրերի մարտահրավերների համատեղ հաղթահարման ուղիների որոնման համար: Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության աշխատանքի գնահատականին, դժվարանում եմ այդ հարցում, քանի որ սույն պարագայում դա ինքնագնահատական կլիներ, որովհետեւ ինձնից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի այս համաժողովում Հայաստանի Ազգային ժողովը միայն ես էի ներկայացնում: Ասեմ, որ ձմեռային խորհրդաժողովի ժամանակ ես ինն անգամ ելույթ եմ ունեցել:
Առաջինը, ինչի մասին կուզեի ասել, այն է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պատիվ ունեցա Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի հետ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվային հանձնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը: Հանձնման արարողության ընթացքում նախագահ Իլկե Կաներվան տեղեկացվեց ողբերգական այդ օրվա հետ կապված հիշատակի միջոցառումների մասին: Եվ խորապես օրինաչափ էր, որ իմ ելույթներում քանիցս բարձրացրել եմ Հայոց ցեղասպանության թեման:
Ավելին՝ արդեն որերորդ անգամ այդ հեղինակավոր լսարանի առջեւ, որտեղ ներկայացված են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի 57 երկրների, ԱՄՆ-ի եւ Կանադայի խորհրդարանականները, ինչպես նաեւ միջերկրածովյան երկրների խորհրդարանների պատվիրակությունները, հենվելով պատմական փաստերի վրա՝ ստիպված եմ եղել ցրել թուրքական եւ ադրբեջանական քարոզչության առասպելները, որոնք խեղաթյուրում են XIX դարավերջին-XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում կատարված ողբերգական իրադարձությունները:
Ելույթներիցս մեկում ստիպված եղա խոսել 1992 թ. Խոջալուում կատարված իսկական իրադարձությունների մասին, փաստերի հիման վրա տալ ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության գծում իրերի դրության օբյեկտիվ գնահատականը:
-Որքանով տեղյակ ենք, ադրբեջանական պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ այս խորհրդաժողովում եւս բարձրացրել է Խոջալուի ողբերգության հարցը: Ձեզ ճի՞շտ հասկացան:
-Իրավացի եք, այո, այդ մասին իր ելույթում խոսեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար խանումը: Հենվելով ռուսական եւ ադրբեջանական մամուլի հրապարակումների վրա` ստիպված եղա իմ ելույթով պարզություն մտցնել այդ հարցում: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը, լավ կլինի, եթե ընթերցողները հնարավորություն ունենան ծանոթանալ այդ ելույթի բովանդակությանը:
«Ինչպես ասում են այն խոջալվեցիները, ովքեր փրկվել են, այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար: Ինչ-որ ուժ էր գործում Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թե հայերը, ովքեր հստակ եւ գործիմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին ադրբեջանցիներին թույլ տալ իրենց ֆաշիստական գործողությունների մեջ մերկացնող փաստաթղթեր ստանալ: Կարելի է ենթադրել, թե ինչ-որ մեկը շահագրգռված է այն բանում, որպեսզի հետո այդ կադրերը ցույց տան Ադրբեջանի Գերագույն խորհրդի նստաշրջանում եւ ամեն բան կենտրոնացնեն իմ անձի վրա»: Սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի «Նեզավիսիմայա գազետա»-ի համար չեխ անկախ լրագրող Դանա Մազալովային 1992 թ. ապրիլի 2-ին, այսինքն՝ Խոջալուի ողբերգությունից հինգ օր հետո տված հարցազրույցից: «Եթե ես ասում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց չարախոսում եմ: Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին անցնել, հայերը, այնուամենայնիվ, թողել էին: Ինչո՞ւ, ուրեմն, նրանք պետք է կրակեին: Իրենք՝ ադրբեջանցիներն են յուրայիններին կրակել, հետո, օգտագործելով այդ արյունալի հաշվեհարդարը, փոխեցին իշխանությունը»:
Ահա նաեւ մեջբերում Ռամիզ Ֆաթալիեւի՝ «Ազադլիգ» («Ազատություն») ռադիոկայանի թղթակցի հարցազրույցից. «Դրանք ժամանակներ էին, երբ բոլորը պայքարում էին իշխանության համար: Բոլորը գիտեն, թե ում միջեւ էր ընթանում պայքարը: Ոմանք ուզում էին իշխանափոխություն (Ադրբեջանում), մյուսները հասնում էին դրան: Ոմանք ուզում էին, որ հանձնաժողովը հանի Խոջալուի ողբերգության մեղավորների (Ադրբեջանի ներսում) բոլոր մեղադրանքները, իսկ մյուսներն ուզում էին, որ մենք հնարավորության դեպքում նրանց վրա ցեխ շպրտենք, այն բանի համար, որպեսզի առաջինը կարողանան իշխանության հասնել»:
Այն, ինչ դուք այստեղ լսեցիք, պետական ահաբեկչության վառ արտահայտություն է, երբ իշխանության ներկայացուցիչները միտումնավոր խեղաթյուրում են փաստերը՝ այդ իրադարձությունների եւ այդ արյունալի հաշվեհարդարի կենդանի մասնակիցների հիշողության կորստի հույսով: Անկանխակալ աշխարհը գիտի, որ 1992թ. Խոջալուի ողբերգությունը կազմակերպել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատը՝ իշխանությունը զավթելու նպատակով: Ողջ աշխարհը գիտի նաեւ, որ այդ սպանդին անմիջապես հաջորդած հարցազրույցից հետո Այազ Մութալիբովը ստիպված էր շտապ հեռանալ Ադրբեջանից, թե չէ շատ լավ հասկանում էր, որ վտանգում է կյանքը:
Ինչ վերաբերում է տիկին Բահար Մուրադովայի հիշատակած ԱՍԱԼԱ կազմակերպությանը, հարգելի՝ գործընկերներ, մենք պետք է ինքներս մեզ հաշիվ տանք, որ Օսմանյան Թուրքիայի Բարձրագույն զինվորական դատարանը հայ ժողովրդի դահիճներ Էնվերին, Թալեաթին, Ջեմալին դատապարտել էր մահապատժի: Թուրքական պետությունն անզոր էր ի կատար ածել, գործադրել այդ դատավճիռը: Այո, հայ վրիժառուներն ի կատար ածեցին թուրքական սուլթանական զինվորական դատարանի դատավճիռը:
-Հավանաբար բարձրացվել են նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր:
-Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական պատվիրակությունը, նստաշրջան առ նստաշրջան խեղաթյուրելով փաստերը, կեղծ գնահատական է տալիս Ղարաբաղի եւ նրա շուրջ ընթացող իրադարձություններին: Եվ այս անգամ էլ ադրբեջանցի իմ գործընկերներն արդեն վատաբանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Նրանք հանկարծ հանդես եկան ԵԱՀԿ ՄԽ-ն ընդլայնելու նախաձեռնությամբ՝ դրանում առաջարկելով ներառել Թուրքիայի եւ ԳԴՀ-ի ներկայացուցիչներին: Բնականաբար հաջորդեց իմ արձագանքը: Ստորեւ մեջբերում եմ ելույթիս տեքստն այս հարցի վերաբերյալ:
«Հարգելի գործընկերներ: Ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող ձեւաչափը փոխելու ադրբեջանական պատվիրակության առաջարկի՝ իբր նրա աշխատանքի անարդյունավետությամբ պայմանավորված, կուզենայի նշել հետեւյալը: Ինձ վիրավորական է թվում, երբ այստեղ անվստահություն է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ հանձինս նրանց նախագահների: Ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահներն անցած տարիներին հինգ անգամ անդրադարձել են այս խնդրին իրենց գրավոր հայտարարություններով, եւ հինգ անգամ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ նրանց կոչերն արգելակվել են Ադրբեջանի եւ ոչ թե Հայաստանի կողմից:
Երկրորդ հարցը: ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի ընդգրկումը զուրկ է իմաստից, եւ ահա թե ինչու: Այդ պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդները մեկ անգամ չէ, որ ասել են, թե իրենց պարագայում ունեն երկու պետություն, մեկ ազգ: Այնպես որ, Թուրքիան հանձին Ադրբեջանի արդեն ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբում:
Երրորդ հարցը վերաբերում է Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների ազատ արձակմանը, որոնք գերի են վերցվել Լեռնային Ղարաբաղի բանակի զինվորականների կողմից, երբ, իբր, ուզում էին այցելել Քելբաջարի շրջան՝ իրենց հարազատների գերեզմաններին: Թող ոչ մեկի համար գաղտնիք չլինի, որ, այսպես կոչված, «խաղաղ քաղաքացիներն» իրականում սովորական դիվերսանտներ էին, որոնք կալանման պահին զինված էին ամենաժամանակակից հետախուզական հանդերձավորմամբ: Ավելին, ինչպես այստեղ ասվեց, «իրենց տուն գնալու ճանապարհին» նրանք «հաջողացրել» էին սպանել սահմանամերձ գյուղի մի բնակչի՝ 17-ամյա դեռահասի:
Եվ չորրորդ հարցը՝ կապված ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դադիչի՝ ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության շրջան այցելության հետ: Հարգելի՛ պարոն Դադիչ, նախ՝ բարի գալուստ: Երբ լինեք մեր տարածաշրջանում, անպայման հետաքրքրվեք, թե ով է կռվում Ադրբեջանի կողմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ դիմակայության գծում: Այդ ժամանակ Դուք, անկասկած, կիմանաք, որ, այո, կռվում են էթնիկ ադրբեջանցիները, որոնք եղել են ԻԼԻՊ-ում: Նրանց մի մասը, Ադրբեջան վերադառնալուց հետո, նստած է Բաքվի բանտերում, իսկ այդ ահաբեկիչներից առավել ճարպիկներն ուղարկվում են ղարաբաղա-ադրբեջանական սահման: Եթե Դուք լավ մտածեք եւ ուշադիր ուսումնասիրեք դա, ապա Ձեզ, հավանաբար, բազմաթիվ փաստեր կառաջարկվեն»:
-Հայտնի է, որ Դուք կոշտ քննադատության եք ենթարկել թուրքական ղեկավարությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին նրա գործողությունների հետ կապված:
-Ինձ թվում է, որ իմ ելույթը ԵԱՀԿ ԽՎ շատ պատգամավորների համար բացեց հայկական այդ մեծ ողբերգության՝ իրենց մինչ այդ անհայտ կողմերը: Նշեմ, որ ձմեռային խորհրդաժողովի սկսվելուց տասն օր առաջ էլեկտրոնային փոստով ԵԱՀԿ աշխատանքային լեզուներով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բոլոր պատվիրակներին անխտիր ուղարկվել են ինչպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, այնպես էլ այդ ժամանակ լույս տեսած իմ գիրքը՝ «Արտաշես Գեղամյան. Թուրքիան պետք է ապաշխարի սեփական պատմական անցյալի համար»:
Դա բնավ պատահաբար չի արվել, այսինքն՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներից շատերը հնարավորություն ունեին սեփական կարծիք կազմել հարյուրամյա վաղեմության իրադարձությունների մասին:
-Դուք ձեր ելույթներում քանիցս պաշտպանել եք ռուսական պատվիրակության դիրքորոշումը ամենատարբեր հարցերում: Իսկ եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ ռուսական պատվիրակությունն աջակցել է հայ խորհրդարանականների դիրքորոշմանը ԵԱՀԿ ԽՎ-ում:
-Չեմ թաքցնի, եթե անկանխակալ վերլուծաբանն ուշադիր հետեւի ռուսական եւ հայկական պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթներին, ապա անպայման իր համար եզրակացություն կանի. Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, իսկ հիմա արդեն Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, իրենց լիակատար մարմնավորումն են գտնում մեր պատվիրակությունների համատեղ կարգավորված աշխատանքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համաժողովներում:
-Պարոն Գեղամյան, որքանո՞վ է հայկական պատվիրակությանը հաջողվում լսելի լինել այն հարցերում, որոնք սկզբունքային նշանակություն ունեն ԵԱՀԿ ԽՎ ղեկավար մարմինների կազմավորման գործում:
-Շատ հետաքրքիր հարց է: Այդքան հեղինակավոր կազմակերպությունում լսելի լինելու համար անհրաժեշտ է հետեւողական աշխատանք տանել ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովների ընթացքում, այլեւ, որը պակաս կարեւոր չէ, նաեւ խորհրդաժողովների միջեւ ընկած ժամանակաշրջանում:
Օրինակ, ԵԱՀԿ ԽՎ Ստամբուլի (2013թ.) խորհրդաժողովում բոլոր պատվիրակությունների ղեկավարները ստացան «Արտաշես Գեղամյան. «Դժվար ճանապարհ դեպ Ստամբուլ» գիրքը՝ թարգմանված ԵԱՀԿ աշխատանքային լեզուներով: ԵԱՀԿ ԽՎ Բաքվի խորհրդաժողովից (2014թ.) առաջ պատվիրակները հնարավորություն ստացան ծանոթանալու մեկ այլ գրքի՝ «Արտաշես Գեղամյան. «Հայաստանի Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է»:
Այս գրքերը թույլ տվեցին ԵԱՀԿ ԽՎ 56 անդամ երկրների պատվիրակությունների անդամներին ծանոթացնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ակտուալ հարցերին, որը հենվում է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդի Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա: Նման հարգալից վերաբերմունքը ԵԱՀԿ ԽՎ գործընկերների հանդեպ հիմնականում փոխադարձ է: Եվ այս պայմաններում լսարանը շատ ուշադիր է լինում քո ելույթների հանդեպ:
Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ