Հայերը Հայրենիքը չեն վաճառում
Եվ գայթակղության չեն տրվում
Դեկտեմբերի 12, 2019
http://www.shame.am/news/view/67820.html
Եվ այսպես, 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում աշխատանքը կսկսի Լազարյան ակումբի երրորդ նիստը։ Օրակարգում մեկ հարց է. «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ները. անկեղծ խոսակցություն»։ Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ պատասխանատու միջոցառման նախօրեին, իսկ Լազարյան ակումբի առաջիկա նիստը, անշուշտ, այդպիսին է, ես բազմաթիվ հոդվածներ, գիտական հետազոտություններ նայեցի արդի պայմաններում զանգվածային լրատվամիջոցների և առհասարակ տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մասին։ Բազմաթիվ հրապարակումների մեջ մտաբերեցի ձախ արմատական հոսանքի ֆրանսիացի հեղափոխական, փիլիսոփա, պատմաբան, գրող, նկարիչ-ավանգարդիստ և ռեժիսոր Գի Դեբորի (ֆր. Guy Debord) գաղափարները, որոնք ներկայացրել է «Ներկայացման հասարակություն» գրքում՝ գրված դեռևս 1967թ.։ Այսպես, գրքի գրախոսություններից մեկում, ըստ իս, բավական արդարացի նշվել է. գիրքը գրված է ավելի քան կես դար առաջ և արդեն մոռացվել է, բայց դրանում շատ հանճարեղ թեզեր կան, որոնք ստիպում են մտածել այն մասին, թե ինչ է կատարվում ժամանակակից աշխարհում, հատկապես տեղեկատվական դաշտում։ Շատ ու շատ բնորոշ է, որ «ներկայացում» ասելով Գի Դեբորը նկատի ունի այն «մատրիցան», որը մեր իրականությունում փոխարինել է բոլոր գործընթացները բոլոր մակարդակներում։ «Այդ «ներկայացումն» այժմ որդեգրվել է արևմտյան ստրատեգների կողմից, որոնք մասնագիտացել են «գունավոր հեղափոխությունների» մոդելավորման և իրականացման գործում, օրինակ, Հայաստանում, որը չգիտես ինչու համեստաբար անվանվում է «թավշյա հեղափոխություն»։ Խոսքը ՀՀ-ում 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման մասին է։ Գի Դեբորը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ հասարակությունում սերմանվող բազմակարծությունը հանգեցնում է այն բանին, որ այսօր ինքը՝ այդ հասարակությունը, ունենալով տեղեկատվության հսկայական հարստություն, հայտնվել է այն վիճակում, երբ ի վիճակի չէ հասկանալ այն աշխարհը, որտեղ ապրում է, և այն գործընթացները, որոնք այնտեղ տեղի են ունենում։ Դեբորը մարգարեաբար հարց է տալիս. գիտակցո՞ւմ ենք արդյոք մենք մեր կյանքը, ազդո՞ւմ ենք արդյոք դրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ գալիս է եզրահանգման, որ բազմակարծությունը գործնականում թաքցնում է ճշմարտությունը, ինչի արդյունքում շարքային քաղաքացին մնում է հիմար վիճակում. «Շատերն արդեն լուրջ դեմքով ասում են, թե ճշմարտությունն այլևս գոյություն չունի, իսկ որ ավելի լավ է՝ այն գոյություն ունի, բայց միայն հիփոթետիկորեն։ Անհերքելի սուտը ճզմել է իրենով հանրային կարծիքը. սկզբում փակեցին նրա բերանը, իսկ հետո առհասարակ սկսեցին հայտարարություններ անել նրա անունից։ Հանրային կարծիքն այլևս գոյություն չունի...»։ Խորհեք, հարգելի ընթերցող, այս խոսքերի շուրջ։
Հայաստանում վերջին 20 ամիսներին ծավալվող իրադարձությունների համատեքստում պակաս հետաքրքրիր չէին նաև հետազոտությունները, որոնցում բավական համոզիչ բացահայտվում է զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ-ներ) միանգամայն էական դերը՝ որպես «համակարգ», որը մեծ դեր է խաղացել խորհրդային պետության փլուզման գործում։ Այսպես, Եվգենի Գոնչարովի «Ճանապարհ դեպի կատարելություն» հոդվածում, վերլուծելով այդ խնդիրը, հեղինակը գալիս է այն եզրակացության, որ «չորրորդ իշխանության «քաշը» Խորհրդային Միությունում լիովին դրսևորվեց վերակառուցման և ազատական բարեփոխումների շրջանում։ Եթե մինչ այդ պահը «կենտրոնացված հանդիսանքի» (ըստ Գի Դեբորի) խորհրդային հասարակությունը իրականացնում էր իր սոցիալական տեղեկատվական ռազմավարությունը միասնական ճակատով՝ գաղափարախոսական ինստիտուտներ, իշխանական կառույցներ և տեղեկատվական-մշակութային ապահովում, որոնք գիտակցաբար խորհրդային հասարակությունում հավասարեցված էին գաղափարախոսական քարոզչությանը, որպես մեկ ամբողջություն գործում էին հանուն ընդհանուր նախագծի իրականացման, ապա խորհրդային մոդելից հեռանալուն զուգընթաց՝ ԶԼՄ մոդելները հայտարարեցին իրենց հատուկ և հիմնականում բացառիկ դիրքի մասին։ Եվ հենց այդ բացառիկ դիրքը շատ բանով կանխորոշեց անցումը Հանդիսանքի հասարակության տեսակից («կենտրոնացված») մեկ այլ տեսակի («ցրիվ»)։ Փոխվում էին ոչ միայն ձևակերպված գաղափարները, փոխվում էր ամբողջ լեզուն, լայն զանգվածային-հոգեբանական ֆոնը, որը բաղկացած էր ոչ այնքան հստակ արտահայտություններից («սա բարիք է», «սա չարիք է», «այսպես է պետք», «այսպես պետք չէ»), որքան հեռուստահաղորդավարների ակնարկներից, ասոցիացիաներից, ձայներանգից, միկրոժեստերից, տեղեկատվության ներկայացման նրբություններից և այլն։ Խորհրդային հասարակության միասնական «կենտրոնացված» պատրանքի փոխարեն ստեղծվում էր ազատական հասարակության «ցրիվ պատրանքը»։ Այդ ժամանակվանից արդեն մոտ երեք տասնամյակ է անցել, բայց այսօր էլ մենք վկաներն ենք ԶԼՄ-ների, տարատեսակ ինտերնետ-պորտալների, սոցիալական ցանցերի միջոցով քաղաքացիների գիտակցության մանիպուլացման հմուտ ձևերի։ Առաջին տարին չէ, որ Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերի քայքայման համար կիրառվում են Ջին Շարփի («Բռնապետությունից դեպի դեմոկրատիա». Ազատագրման հայեցակարգային հիմքեր), Սթիվեն Մանի («Քաոսի տեսությունը և ռազմավարական մտածողությունը»), «Ոչնչացման տեխնոլոգիա» կամ «Օվերթոնի պատուհաններ»՝ գրեթե գործողությունների ուղեցույց դարձած բեսթսելերները և այլ «աշխատություններ», որոնք կարելի է տասնյակներով նշել, և որոնք նաև գործնական ձեռնարկներ և ուղեցույց են «գունավոր հեղափոխությունների», պետական հեղաշրջումների կազմակերպման համար, որոնք նպատակ են դնում կոնկրետ պետության քայքայումը։ Նրանց համար ընդհանուրը մեկն է՝ ԶԼՄ-ների և տեղեկատվական տեխնոլոգիաների անվիճելի դերը, որոնք, իրենց հերթին, դրված են այնպիսի հասկացությունների հիմքում, ինչպիսին են «սոցիալական տեխնոլոգիաները», «հումանիտար տեխնոլոգիաները»։ «Սոցիալական տեխնոլոգիաների» կիրառման դեպքում խոսքը սոցիալական ընդհանրության վրա ներգործության մասին է, մեր դեպքում՝ առանձին վերցրած Հայաստանի Հանրապետության հիմնական սոցիալական խմբերի մասշտաբով, որտեղ քսան ամիս առաջ «սոցիալական և հումանիտար տեխնոլոգիաների» լայն կիրառման ճանապարհով, որոնք ազդեցին Հայաստանի սոցիալական ընդհանրության և առանձին վերցրած քաղաքացիների, անհատի (կամ անհատների) վրա, կատարվեց պետական հեղաշրջում։ Կրկնում եմ, Հայաստանում մենք դարձանք ինչպես «սոցիալական տեխնոլոգիաների», այնպես էլ «հումանիտար տեխնոլոգիաների» միաժամանակյա կիրառման ականատեսները։ Իսկ այդ տեխնոլոգիաների, որոնք կոչվում են նաև «փափուկ ուժ», կիրառման հիմնական գործիքը, ինչը հմտորեն իրագործվեց Հայաստանում անդրօվկիանոսյան ստրատեգների կողմից, դարձավ ինչպես ընդհանրապես հասարակության, այնպես էլ առանձին վերցրած քաղաքացու վրա արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության հնարավորությունների լայն օգտագործումը՝ անդրօվկիանոսյան տիկնիկավարներին «հարկավոր» հսկայական զանգվածի արագությամբ և լայն տարածման մեծ հնարավորություններով, տիկնիկավարներ, որոնք իրենց առջև նպատակ էին դրել՝ ազդել հայ հասարակության ամենատարբեր շերտերի, ինչպես նաև առանձին վերցրած մարդու վարքի վրա։ Միևնույն ժամանակ, նման տեխնոլոգիաների ազդեցությունն այնքան մեծ էր, որ դրանք ստիպում էին Հայաստանի սովորական քաղաքացուն անել այն, ինչն այլ պարագայում նա երբեք չէր անի։ Քաղաքացիների վրա մանիպուլյատիվ ներգործության այդքան բարձր արդյունավետությունն այնքան դուր եկավ պետական հեղաշրջման (2018թ. ապրիլ-մայիսի) կատարողներին, որ արդեն մոտ 20 ամիս գտնվելով իշխանությունում՝ նրանք իրենց գործնական աշխատանքում շարունակում են ակտիվորեն կիրառել սոցիալական և հումանիտար տեխնոլոգիաների գործիքանին։ Միևնույն ժամանակ, «ժողվարչապետը» և նրա սխրակիցները, ըստ երևույթին, գիտակցեցին, որ նշված տեխնոլոգիաները ոչ միայն ազդեցության տեխնոլոգիաներ են, այլև հասարակության ժամանակակից կառավարման տեխնոլոգիաներ։ Կարելի է բազմաթիվ կոնկրետ օրինակներ բերել՝ ի հաստատումն ասվածի, բայց դա այլ վերլուծության թեմա է։ Իսկ այստեղ, հարգելի ընթերցող, կարևոր է պարզել, թե կոնկրետ ինչ նպատակների է ենթարկված այդ տեխնոլոգիաների այդքան լայն կիրառությունը։ Մակերեսին գտնվող պատասխանը հետևյալն է. դիցուք՝ նպատակը իշխանության պահպանումն է, ինչն, անշուշտ, իրականություն է։ Միևնույն ժամանակ, չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ոչ միայն հանուն դրա են ծախսվել տասնյակ ու տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) միլիոն դոլարներ, երբ ֆինանսավորվում էին տարատեսակ հասարակական կազմակերպությունները Սորոսի հիմնադրամների, ԱՄՆ առաջատար կուսակցությունների դեմոկրատական ինստիտուտների կողմից, ինչպես նաև ամերիկյան հարկատուների փողերը (նկատի ունենք հայկական վայ-հեղափոխականների խոսափող դարձած «Ազատություն» ռադիոյի հայկական բաժնի ֆինանսավորումը)։
Հարավային Կովկասի տարածաշրջանում արևմտյան ստրատեգները հետապնդում են շատ ավելի գլոբալ խնդիրներ, որոնց լուծումը, դատելով նրանց գործողություններից, հնարավոր է միայն սոցիալական և հումանիտար տեխնոլոգիաների հետևողական կիրառման հիման վրա, որոնք արհամարհում են տեխնոլոգիական ներգործության օբյեկտի մշակութային առանձնահատկությունները (որքան էլ ցավալի է գիտակցել, բայց որպես նման օբյեկտ հանդես է գալիս հայ ժողովուրդը), ձգտում են ստրկացնել նրա կամքը, խեղաթյուրել հայերի՝ դարերի ընթացքում ստեղծված քրիստոնեական քաղաքակրթական և ավանդական ընտանեկան արժեքների ընկալման համակարգը։ Ավելին, փոխել այդ արժեքների ընկալման վրա հիմնված նրանց արարքների ու գործողությունների մոտիվացիան։ Վերցնենք թեկուզ երկար անվանում ունեցող նախարարության՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարության օրինագիծը բուհերում «Հայոց լեզու», «Հայաստանի պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների պարտադիր ուսուցումը չեղարկելու մասին։ Այս հաշվով բավական հստակ ու տարողունակ արտահայտվել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գարեգինի Մինասյանը. «Դա առաջին հերթին մեծ հարված է մեր ազգային արժեքների համակարգին։ Եթե ցանկանում եք ազգային կողմնորոշման կրթություն տալ մեր ուսանողներին, ապա այդ առարկաները խիստ անհրաժեշտ են... Մոռանում են, որ կա տարիքային զարգացման որոշակի շրջան, երբ երիտասարդների մոտ ձևավորվում է աշխարհայացք և, բացի Հայրենիքի հանդեպ սիրուց, ուսանողական տարիներին ձևավորվում է արժեքների ընդհանուր համակարգը»։ Նիկոլ Վովաևիչի մերձավոր զինակիցը, նկատի ունեմ Արայիկ Հարությունյանին, որը գլխավորում է երկար անվանում ունեցող այդ նախարարությունը, գուցե, չի հասկանում հարգելի պրոֆեսոր Էդիկ Մինասյանի այսքան պարզ նախազգուշացումը։ Եթե այդպես է, ապա դա դժբախտության կեսն է, այդ ժամանակ կարելի է նախարարին կշտամբել միայն անգիտության համար, ինչը ներհատուկ է Նիկոլ Վովաևիչի կառավարության անդամների մեծ մասին։ Շատ ավելի վատ է, եթե նա գիտակցում է իր իսկ բացահայտ դավաճանական նախաձեռնությունների ողջ կործանարարությունը, բայց ինքնակամ, իսկ գուցե և հարկադրաբար, գրվել է որպես անդրօվկիանոսյան ստրատեգների նշված հակազգային նախագծերի իրականացման բութ գործիք։ Եվ ահա, նրանց մտահղացումը միանգամայն ակնհայտ է՝ իմաստազրկել հայկական քրիստոնեական ազգային ինքնության էությունը կազմող հիմքերը, ստեղծել «նոր տիպի» մարդ՝ զոմբի-ռոբոտ, որը չունի սեփական դատողություն՝ շեղված հոգեբանությամբ։ Իսկ դա իր հերթին կհանգեցնի յուրաքանչյուր մարդու, հատկապես երիտասարդների բնական իրավունքի հրաժարման՝ տնօրինելու սեփական ոգին ու գիտակցությունը։ Եվ, ինչպես պատկերավոր արտահայտվել է քաղաքական վերլուծաբաններից մեկը, որը բնութագրել է սոցիալական և հումանիտար տեխնոլոգիաները՝ որպես ինքնատիպ «բարի ռումբ», որը չի զրկում հասարակությանը կամ մարդուն կյանքից, բայց ճնշում է ինչպես հավաքական, այնպես էլ առանձին վերցրած մարդու կամքը, աղավաղում է մարդու գոյության գլխավոր իմաստը՝ փոխարինելով օտար կամքով ու իմաստով։ Եվ հայոց պետականության քայքայման արդի տեխնոլոգիաների այդ ամբողջ զինանոցը խնդիր է դնում անկայունության գոտու ստեղծումը Ռուսաստանի հարավային մատույցներում և ոչ վերջին հերթին՝ Արցախի Հանրապետության անվտանգության գոտում, որը 105 կիլոմետրանոց սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Հիշեցնենք ընթերցողներին, որ ներկայում Արցախի զինված ուժերը վերահսկում են բարեկամական Իրանի հետ Արցախի Հանրապետության անվտանգության գոտու սահմանի այդ տեղամասը։ Վերլուծելով Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների աշխատանքը՝ ավելի ու ավելի հստակ են երևում դրանց ուղեվարների մտադրությունները. զրկելով հայ ժողովրդին իր ինքնության հիմքերից՝ հասնել ընտանեկան և քաղաքակրթական ավանդույթների, կրոնական նորմերի, այսինքն՝ հայ ժողովրդի գենետիկ կոդի փոփոխության։ Զրկվելով իր ինքնության աղբյուրներից, բազային հիմքից՝ Հայաստանը կդադարի գոյություն ունենալ քաղաքակրթական իմաստով և կդառնա ամորֆ, հլու-հնազանդ սուբյեկտ մանիպուլյացիաների համար։ Հատկապես նշենք, որ արևմտյան ստրատեգների այս նենգ մտահղացումների իրականացման ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկը, եթե ոչ ամենագլխավոր խոչընդոտը, Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքն է, ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունը։ Դա հիանալի հասկանում են Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրելիի տիկնիկավարները, ուստի և ՀՀ կառավարության ուղեվարների գլխավոր նպատակը դառնում է Ռուսաստանի դեմոնացումը՝ ինֆորմացիոն (տեղեկատվական) պատերազմի ամենաճարտար արդիական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իսկ վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է։ Այս մասին ավելի վաղ գրել եմ «Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է» հոդվածում, որը հրապարակվել է 2019թ. դեկտեմբերի 6-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում։
Հարգելի ընթերցող, ես հատուկ այսքան մանրամասն ներկայացրի ահա արդեն քանի տարի Հայաստանին հայտարարված և համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնների (որոնք հենվում են տեղական արտադրության սորոսյան լափակերների, ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների, «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի և հակազգային այլ ուժերի մեծաթիվ քանակության վրա) կողմից իրականացվող տեղեկատվական պատերազմի վտանգավոր հետևանքների իմ տեսլականը։ Նշենք, որ նրանց ողջ գործունեությունը վերջնարդյունքում հանգեցվում է անշրջելի պայմանների ստեղծմանը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին կառավարման համար՝ այստեղից հենց հայոց պետության գոյության համար բխող բոլոր սպառնալիքներով։ Այս խափանարար աշխատանքում, որը հմտորեն ուղղորդվում է արտասահմանից, դժվար է գերագնահատել զանգվածային լրատվամիջոցների դերը։ Մանավանդ արդի Հայաստանի պայմաններում, երբ ԶԼՄ-ների մեծ մասը, տարատեսակ ինտերնետ-պորտալները և ինտերնետ-TV-ները վարպետորեն ուղղորդվում և շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի և այլ՝ հիմնականում անդրօվկիանոսյան հովանավորների կողմից։ Ուստի, բավական ակտուալ է թվում Լազարյան ակումբի երրորդ նիստի թեման՝ «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ները. անկեղծ խոսակցություն»։ Կարծում եմ, որ քննարկումների ընթացքում կարելի կլինի մշակել պլատֆորմ այդ սպառնալիքների վերացման և երաշխավորություններ ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչը կկանխի վերահաս աղետը։ Ընդ որում՝ կարծում եմ, որ ավելորդ չէ հիշեցնել նիստի մասնակիցներին, որ Հայաստանի դեմ ահա արդեն տասնամյակներ վարվող տեղեկատվական պատերազմը հիմնվում է մանրակրկիտ մշակված համակարգի վրա։ Դրա համար բավական է ուշադիր ընթերցել նախագծերի նպատակները, որոնք իրականացվում են ՀՀ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների և ֆինանսավորվում օվկիանոսի այն կողմից։ Կարևոր եմ համարում հատկապես նշել, որ ամբողջության մեջ այդ նպատակային նախագծերի ուշադիր ուսումնասիրման դեպքում գալիս ես այն եզրահանգման, որ իրենց միասնության մեջ դրանք կազմում են Հայաստանի Հանրապետության քայքայման ամբողջական ծրագիրը։ Դրա համար կիրառվող տեխնոլոգիաները և քայքայման մեթոդաբանությունը կարող են դառնալ ելակետային նյութ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մահացու վտանգավոր մարտահրավերների և սպառնալիքների դիմակայության և չեզոքացման նույնքան ամբողջական ծրագրի մշակման համար։ Կցանկանայի հուսալ, որ Լազարյան ակումբի առաջիկա երրորդ նիստում բանավեճն այս հարցերի շուրջ կծավալվի այս դաշտում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք ստեղծվել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք խոստովանել, որ հայ վայ-հեղափոխականների ու նրանց թիկունքին կանգնած տիկնիկավարների հակազգային գործողությունների մերկացմանն ուղղված մեր բոլոր ջանքերը դատապարտված են անհաջողության։ Հայոց պետության հիմքերի համակարգային խափանման՝ անդրօվկիանոսյան ստրատեգների քաղաքականությանը հարկ է հակադրել դրա անվերապահ չեզոքացման ավելի կատարյալ, արդյունավետ համակարգ։ Դրա այլընտրանքը Հայաստանի Հանրապետության պետության հիմքերի վերջնական խափանումն է։
Հետգրություն
Հոդվածում ես չհիշատակեցի այն վճռորոշ ժամանակի մասին, որի մեջ գտնվում է Արցախի Հանրապետությունը։ Հիշեցնեմ հարգելի ընթերցողներին, որ 2020թ. մարտին այնտեղ տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Այդ առնչությամբ կցանկանայի ընդգծել, որ հայկական երկու պետություններն այնքան խոր ու ներդաշնակ են փոխկապակցված ու փոխկախված, որ անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգ գոյությունն առանց Արցախի Հանրապետության անվտանգ գոյության, և հակառակը։ Հոդվածը կցանկանայի ավարտել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ս.թ. նոյեմբերի 20-ին Զագրեբում, Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարում ունեցած ելույթից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ս.թ. դեկտեմբերի 11-ին «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից մեջբերում կատարելով։
Հիշենք խոսքերը, որոնք ասաց Սերժ Սարգսյանը Զագրեբում, Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարում. «Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»։
Իսկ հիմա կատարենք մյուս մեջբերումը։ Այսպես, «Իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը» վերնագրված հարցազրույցում, «Առաջիկայում Արցախում ընտրություններ են, բանակցային պրոցեսը մտել է փակուղի։ Ի՞նչ պետք է անի Արցախի ղեկավարությունը, և ո՞ւմ եք տեսնում Արցախի նախագահի պաշտոնին՝ որպես այս փուլում արժանի իրավահաջորդի» հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձև։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան... Ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների (որոնք այսօր էլ սասանում են Հայաստանի Հանրապետության հիմքերը – Ա.Գ.) միակցումը հարցեր է առաջացնում: Այդպիսի կազմակերպություններ և պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք... Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի (կարծում եմ, որ ոչ միայն Ղարաբաղում – Ա.Գ.), ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»: Համոզված եմ, որ Արցախի հերոսներ՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Սերժ Ազատի Սարգսյանի այս մտքերը պետք է դիտարկել միասնության մեջ, և որ գլխավորն է՝ մի կողմ նետելով այս պարագայում միանգամայն անընդունելի մոդայիկ պոլիտկոռեկտություն բնորոշումը, ի լուր աշխարհի հայտարարել, թե որն է համայն հայության ամենագլխավոր խնդիրը մեր տագնապահույզ օրերում։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, հենց համայն հայության՝ Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի քաղաքացիների։ Համոզված եմ, այսքան պահանջված հարց առաջադրելով՝ իր միասնական Հայրենիքի ամեն մի հայրենասեր, ամեն մի սթափ դատող հայ անպայման ազնիվ ու անկեղծ կխոստովանի, որ Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուները Լեռնային Ղարաբաղի արժանավոր քաղաքացիներ են, բայց մեր վտանգավոր ժամանակներում պահանջված է առաջնորդ, որն իր անցած մարտական ճանապարհով, կենսափորձով նորից ու նորից կդառնա կենդանի մարմնացում, հիշեցում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարներին այն անվերապահ ճշմարտության մասին, որ Արցախի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը սուրբ են ցանկացած ազնիվ հայի համար, որը չի գայթակղվել սորոսյան ու նրա նմանների «հմայություններով»՝ անկախ անձնական, գուցե օբյեկտիվ հավակնություններից։ Ուստի, ոչ միայն Արցախի ընտրողները, այլև Հայաստանի ու Սփյուռքի քաղաքացիները պետք է աջակցեն Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին։ Արցախի Հանրապետությունում նրա նախագահ ընտրվելը ազատ և դեմոկրատական ընտրություններում հերթական անգամ ցույց կտա համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններին, որ եթե Ադրբեջանի համար Արցախը «ադրբեջանական» տարածք է, ապա համայն հայության համար դա մեր համար Հայրենիք Է: Ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել այս մասին, քանի որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջաններում Ստամբուլում (2013թ. հունիս-հուլիս) և Բաքվում (2014թ. հուլիս), ելույթ ունենալով (ընդ որում՝ 7-ական անգամ նստաշրջանների ընթացքում) որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, 57 երկրների ավելի քան 300 պատգամավորների ներկայությամբ քանիցս բացահայտ պաշտպանել եմ Արցախի Հանրապետության շահերը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար գործը, որն ինքնորոշվել է ԵԱՀԽ Հելսինկյան Եզրափակիչ ակտին (1975թ.) լիովին համապատասխան։ Այսօր, երբ գրում եմ այս տողերը, չեմ կարող երախտագիտության խոսքեր չասել ռուս գործընկերներին՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակության անդամներին և, առաջին հերթին, պատվիրակության ղեկավար՝ բանակի գեներալ, լուսահոգի Նիկոլայ Դմիտրիևիչ Կովալյովի ու նրա գործընկերների հասցեին, ովքեր տառացիորեն պահպանում էին ինձ բավական «բարեկամական» տրամադրված թուրք ու ադրբեջանցի խորհրդարանականներից, երբ իրենց իսկ հայրենի օջախներում ստիպված էին, ընդ որում՝ ոչ մեկ անգամ, լսել իմ քանիցս հնչեցրած միտքը՝ Արցախը Հայաստանի ու համայն հայության համար, ի տարբերություն Ադրբեջանի ընկալման, տարածք չէ, այլ Հայրենիք, որը ոչ մի հայ քաղաքական գործիչ, անգամ տիեզերական մասշտաբի, թեկուզև տասնապատիկ հայտարարված «ժողվարչապետ», չի կարող սակարկության դնել, չի կարող վաճառել մեր միավորված Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը։ Հայերն իրենց Հայրենիքը չեն վաճառում։