ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է
4 հոիլիսի 2018, 13:00
http://www.iarex.ru/articles/58661.html
2018թ. հունիսի 25-29-ը Աթենքում, Հունաստանի խորհրդարանում տեղի ունեցավ Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ՈւՄՎ) 25-րդ հոբելյանական գլխավոր խորհրդաժողովը՝ «Խորհրդարանական դեմոկրատիան և քրիստոնեական արժեքները. Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովը (ՈւՄՎ) 25 տարեկան է» թեմայով։ Գլխավոր վեհաժողովի աշխատանքին մասնակցում էին Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի 23 երկրների խորհրդարանների պատգամավորներ։ Աննախադեպ հանդիսավոր էր բացման արարողությունը, որին մասնակցում էին և հանդես եկան Հունաստանի Հանրապետության նախագահ, Նորին գերազանցություն Պրոկոպիս Պավլոպուլոսը, Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսը, Աթենքի և համայն Հելլադայի սրբազնագույն արքեպիսկոպոս Իերոնիմը, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի փոխնախագահ Իրինա Անատոլևնա Յարովայան։ Գլխավոր խորհրդաժողովի հոբելյանական բարձր ամբիոնից կարդացվեցին Նորին սրբություն Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի ողջույնի ուղերձը, որը կարդաց Գալիայի Նորին Սուրբ օծություն միտրոպոլիտ Էմանուիլը, Մոսկվայի և համայն Ռուսիո սրբազնագույն պատրիարք Կիրիլի ողջույնի ուղերձը, որը կարդաց Նորին Սուրբ օծություն Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը։ Հարկ է առանձնապես նշել, որ Հունաստանի Հանրապետության նախագահ, Ն.գ. Պրոկոպիս Պավլոպուլոսի խոր փիլիսոփայական ելույթը կանխագծեց քննարկումների բարձրինտելեկտուալ մակարդակը Հոբելյանական խորհրդաժողովում։ Կարծում եմ, որ առաջիկայում 23 երկրների պատվիրակների զեկուցումները և ելույթները, որոնք հնչեցին Հոբելյանական խորհրդաժողովի ամբիոնից, կհրատարակվեն առանձին գրքով, որի հաջողությունն ընթերցողների շրջանում, համոզված եմ, կանխորոշված է։
Աթենքի և համայն Հելլադայի սրբազնագույն արքեպիսկոպոս Իերոնիմը, Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը, ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Իրինա Յարովայան, Արտաշես Գեղամյանը, Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Անդրեաս Միխայլիդիսը և ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իվան Սուխարևը (Հունաստան, 26 հունիսի 2018թ.)
Եվ այսպես, ս.թ. հունիսի 26-ին Ձեր խոնարհ ծառան՝ ՈւՄՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, հնչեցրեց ՀՀ ԱԺ նախագահ, պրոֆեսոր Արա Սայենի Բաբլոյանի ողջունի ուղերձը Հոբելյանական գլխավոր խորհրդաժողովի մասնակիցներին և ՀՀ ԱԺ որոշումը ՈւՄՎ-ին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով» պարգևատրելու մասին։ Այդ նույն օրը ես ելույթ ունեցա նաև ՈւՄՎ գլխավոր խորհրդաժողովի լիագումար նիստում, որի ամբողջական տեքստը ներկայացնում եմ ընթերցողների դատին։
Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Արտաշես Գեղամյանը և Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղար Լիլի Վարդանյանը (Հունաստան, Աթենք, 27 հունիսի 2018թ.)
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ (ՈւՄՎ) 25-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ
(Աթենք, 26 հունիսի 2018թ.)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի Միջազգային քարտուղարության անդամ Արտաշես Գեղամյանը Հունաստան, Աթենք, 26 հունիսի 2018թ.
Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն գլխավոր քարտուղար, թանկագին ընկերներ, հյուրեր։
Նախ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել ՈւՄՎ Հոբելյանական գլխավոր խորհրդաժողովի արդեն ելույթ ունեցած հռետորներին՝ գլխավոր քարտուղար Անդրեաս Միխայլիդիսին, ՈւՄՎ խորհրդականներին այն բանի համար, որ նրանք իրենց ելույթներով շատ բարձր շեմ սահմանեցին գլխավոր խորհրդաժողովի հետագա քննարկումների համար։ Այս փաստն, իհարկե, մեզանից յուրաքանչյուրի վրա հատուկ պատասխանատվություն է դնում, այն է. համապատասխանել այն պահանջների և խնդիրների բարձրությանը, որոնք արդեն հնչեցվեցին այս ամբիոնից։
Իմ կարծիքով, կրկնում եմ, բավական հետաքրքիր էին մեր հարգարժան պրոֆեսոր Վալերի Ալեքսեևի, գլխավոր քարտուղար Անդրեաս Միխայլիդիսի և, իհարկե, դոկտոր Կոստաս Միղդալիսի ելույթները։ Եվ առաջին հերթին նրա համար, որ նրանց հաջողվեց համաշխարհային արդի հիմնախնդիրները շաղկապել Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) խնդիրների հետ և շատ անկեղծ, և որ գլխավորն է՝ խոր բանիմացությամբ տալ աշխարհի արդի աշխարհաքաղաքական իրադրության վերլուծությունը։ Մասնավորապես, նշեմ, որ պրոֆեսոր Ալեքսեևի ելույթում հստակ նշվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական նոր հարացույցը, որն, անշուշտ, իր հետքը կթողնի ժամանակակից պատմության մեջ։ Բավական է ընդգծել հետևյալը. այսօրվա դրությամբ կարելի է առանց չափազանցության պնդել, որ միջազգային հարաբերությունների տակ ական է դրված, որը ցանկացած պահի կարող է աշխարհը ներքաշել պատերազմի մեջ։ Ինչ նկատի ունեմ։ Առաջին հերթին, առևտրային պատերազմի սկիզբը մի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և մյուս կողմից՝ Եվրոպայի միջև, ԱՄՆ բավական բարդ հարաբերությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի հետ։
Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բերեմ լոկ մի քանի թվեր։ ԱՄՆ համախառն ներքին արդյունքը 2017թ. արդյունքներով կազմել է 19 տրլն 284 մլրդ դոլար։ Պետական արտաքին պարտքն այսօրվա դրությամբ (ելույթից առաջ նայել էի Նյու Յորքում այդ ցուցանիշի on-line դինամիկայի տվյալները) կազմում է 21 տրլն 160 մլրդ դոլար (նշենք, որ ԱՄՆ պետական պարտքը Օբամայի իշխանության գալու ժամանակ կազմում էր մոտ 10 տրլն դոլար)։ Այսինքն՝ ներկայում ԱՄՆ պետական պարտքը կազմում է ՀՆԱ 109,7%-ը կամ ԱՄՆ ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի գերազանցումը կազմում է ավելի քան 800 մլրդ դոլար։ Պակաս տագնապալի չէ իրավիճակը նաև այդ երկրի արտաքին առևտրում։ 2017թ. ԱՄՆ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 566 մլրդ դոլար, ընդ որում՝ Չինաստանի հետ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 375,2 մլրդ դոլար, Եվրամիության հետ՝ 151,4 մլրդ դոլար, Մեքսիկայի հետ՝ 71,1, Ճապոնիայի հետ՝ 68,8, Կանադայի հետ՝ 17,6 մլրդ դոլար։ Ուստի, պողպատի և ալյումինիումի ներմուծման մաքսատուրքերի աճը պատահական չէ, որ առնչվել է հենց այս երկրներին։ Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որդեգրել է ամեն գնով ԱՄՆ պետական պարտքը և առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը նվազագույնի հասցնելու ուղեգիծ։ Ուստի, բնավ պատահական չէ, որ այս նպատակով Միացյալ Նահանգները բարձրացրել է պողպատի (մինչև 25%) և ալյումինիումի (մինչև 10%) ներմուծման առևտրային մաքսատուրքերը։ Այս թվերը նշում եմ նրա համար, որ, ԱՄՆ ղեկավարությունն, ըստ երևույթին, գիտակցում է, որ լոկ դիվանագիտական պայմանավորվածություններով ԱՄՆ պետական պարտքն ու առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը նվազագույնի հասցնելն անհնար կլինի։ Իսկ դրա համար, ամերիկյան ստրատեգների կարծիքով, հարկավոր է ստեղծել լարվածության օջախներ ողջ մոլորակում, որոնք ԱՄՆ-ը կդարձնեն հուսալի խաղաղ հանգրվան կապիտալի ներհոսքի համար և դրականորեն կազդեն այդ երկրի արտաքին առևտրի վրա։ Ցավոք, լարվածության այդ հնարավոր օջախներից մեկը կդառնա մեր տարածաշրջանը, որտեղ մեր աչքերի առջև հասունանում է պայթյունավտանգ իրավիճակ, մասնավորապես՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջև։ Այս տարածաշրջանը բնավ էլ պատահաբար չի ընտրվել։ Բավական է ասել, որ մեր հարևանությամբ է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը կրկին ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցներին, որը դուրս է եկել 2015թ. ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և Իրանի միջև կնքված իրանական միջուկային ծրագրի գործարքից։ Եվ ահա, Իրանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների վերլուծությունը վկայում է այն մասին, որ այսօր մեր տարածաշրջանում Ադրբեջանի գործողությունների պատճառով պատերազմ է հասունանում։ Այ, մեր վրացի գործընկերներն այստեղ խոսում էին արդիականության գլոբալ հիմնախնդիրների լուծման գործում Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի ավելի լայն մասնակցության անհրաժեշտության, պահանջվածության մասին։ Լիովին համամիտ եմ նրանց հետ և հենց այս համատեքստում էլ խնդրում և հորդորում եմ ՈւՄՎ գործընկերներիս այսօր նախազգուշացնել Ադրբեջանին, նրա թիկունքում կանգնած Թուրքիային վտանգավոր գործողություններից, որոնք կարող են վերաճել պատերազմի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Բոլորին է հայտնի, որ Թուրքիան է Ադրբեջանի տիկնիկավարը, և որպեսզի պատերազմ՝ նոր ղարաբաղյան պատերազմ չսկսվի, մենք բոլորս պետք է, առաջին հերթին, նախազգուշացնենք Թուրքիային՝ սադրիչ քաղաքականություն չվարել։ Վախից կամ սարսափից չէ, որ խոսում եմ այս մասին։ Բնավ ոչ, քանի որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ի տարբերություն Ադրբեջանի, կռվելու են ոչ թե տարածքի, այլ իրենց Հայրենիքի համար։ Ուստի, այս ամբիոնից կրկին ուզում եմ հայտարարել այն մասին, որ 21-րդ դարում անմեղ զինվորների՝ ինչպես հայ ու արցախցի, այնպես էլ ադրբեջանցի զինվորների արյունը հեղելը՝ լոկ Ադրբեջանի ղեկավարության աշխարհաքաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար՝ անաքրոնիզմ է։ Ներկայում Ադրբեջանը բացահայտ պատրաստվում է պատերազմի։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, մեջբերումներ կատարեմ ոչ թե թերթային հրապարակումներից, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից, որը բոլորովին վերջերս՝ ս.թ. մայիսի 16-ին, Նախիջևանի ուսուցիչների ինստիտուտի կոլեկտիվի առջև ունեցած ելույթում ասել էր. «Դուք ապրում և արարում եք այստեղ թշնամու հետ դեմ-հանդիման... Նախչիվանում տեղակայված արդիական սպառազինությունը, այդ թվում հեռահար գործողության հրթիռները, կարող են ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական թիրախ։ Այսինքն՝ լիովին ապահովված են անվտանգության հարցերը»։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ պատերազմի կոչ։ Ադրբեջանի նախագահի այս ռազմատենչ բացականչությունն օրեր անց որսաց նաև այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա հայտարարեց այն մասին, թե «ադրբեջանական բանակը պատրաստ է ցանկացած պահի կատարել օկուպացված տարածքների ազատագրման և երկրի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը։ Այս խնդրի կատարման հրամանը քաղաքական հարց է, և նման հրաման կտրվի ամենահարմար պահին՝ միջազգային քաղաքական իրադրության հաշվառմամբ»։ Այսինքն՝ պատերազմն սկսելու համար ադրբեջանական կողմը «հարմար պահի» է սպասում։ Ցավոք, եթե ռազմական գործողություններ սկսվեն Հարավային Կովկասի տարածաշրջանում, ապա դա կարժանանա համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի հավանությանը, որը խիստ շահագրգռված է, որպեսզի «զսպի» իբր միջուկային գործարքը խախտած Իրանին՝ պետություն, որը մարմնավորում է հնագույն մի քաղաքակրթություն, և որն այսօր, որպես Իրանի Իսլամական Հանրապետություն, ամենաբարեկամական հարաբերություններն ունի հնագույն քրիստոնեական այնպիսի քաղաքակրթության հետ, ինչպիսին է Հայաստանը։ Երկիր, որը դեռևս 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Թող որ մեր բոլորի՝ ժամանակակից հասարակությունում քրիստոնեական արժեքներ կրողներիս կողմից իմ ելույթն ընկալվի որպես պատերազմ թույլ չտալու կոչ։ Այլապես հերթական անգամ մենք կդառնանք ևս մեկ խաղաղարար առաքելության կազմակերպման վկաներն այն բանից հետո, երբ նոր ադրբեջանական ագրեսիա կսկսվի, այն բանից հետո, երբ կսկսվի Ադրբեջանի պատերազմը Հայաստանի և Արցախի դեմ։ Եվ ինչո՞ւ մենք, որ ակնկալում ենք Ադրբեջանի հայտնի ռազմատենչ քաղաքական գործիչների հնարավոր արկածախնդրությունը, չկանխենք պատերազմի սանձազերծումն արդեն հիմա, քանի դեռ նրանք ռազմական ագրեսիան չեն սկսել, և մեր վճռական «ոչ»-ը չասենք Արցախ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմի հրահրիչներին, թեկուզև այն պատճառով, որ դա հղի է, ոչ ավելի, ոչ պակաս՝ 3-րդ համաշխարհային պատերազմի սանձազերծմամբ։ Եվ սա չափազանցություն չէ։
Հարգելի ընկերներ, խորապես հավատարիմ եմ ՈւՄՎ ինստիտուտին և մեր Միջխորհրդարանական վեհաժողովի ոգուն։ Սա, անշուշտ, ինտելեկտուալ կազմակերպություն է, և դրանում համոզվելու համար բավական է ըմբռնել Հոբելյանական գլխավոր խորհրդաժողովի բանախոսների ելույթների բովանդակությունը և հասկանալ, որ Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովն արդի Քրիստոնեական քաղաքակրթության ուղեղային կենտրոններից մեկն է։ Եվ այդ ուղեղային կենտրոնը ժամանակակից փոթորկուն աշխարհում փիլիսոփայորեն այնքան պահանջված է և հարգված, որ այստեղ՝ Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի 25-րդ Հոբելյանական գլխավոր խորհրդաժողովում, Հունաստանի խորհրդարանի այս դահլիճում ներկա են և ելույթ են ունենում մուսուլմանական կրոնի ականավոր ներկայացուցիչներ, միջազգային ճանաչված իսլամական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Շնորհակալություն։
Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսը, Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը, ՈւՄՎ Միջազգային քարտուղարության անդամ Արտաշես Գեղամյանը, Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, Պետական դումայի պատգամավոր Իվան Սուխարևը, ՈւՄՎ խորհրդական Վալերի Ալեքսեևը և այլք (Հունաստան, Աթենք, 27 հունիսի 2018թ.)
Չեմ թաքցնի, ՈւՄՎ գործընկեր խորհրդարանականների արձագանքը իմ ելույթին բավական դրական էր։ Նշեմ նաև, որ գլխավոր խորհրդաժողովի աշխատանքի արդյունքներով ընտրվեց ՈւՄՎ նախագահ։ Վեհաժողովի նախագահ դարձավ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հարցերի կոմիտեի նախագահ Սերգեյ Անատոլևիչ Գավրիլովը։ Նորացվեց նաև ՈւՄՎ Միջազգային քարտուղարությունը, որի կազմի մեջ ընտրվեց ՈւՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Մամիկոնի Գեղամյանը։
Ամփոփելով նշեմ, որ Հոբելյանական գլխավոր խորհրդաժողովում ընդունվեց Ուղղափառության 25-րդ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) Հռչակագիրը։ Կուզենայի հատկապես առանձնացնել Հռչակագրի վերջին պարբերությունը. «Այսօր Աթենքից, Ակրոպոլիսի Պնիկա բլրի Պողոս առաքյալի ամբիոնից մենք հայտարարում ենք մեր մտադրության մասին՝ ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային իրադարձություններին և նպաստել միջազգային համագործակցության ու փոխգործակցության հետագա առաջմղմանը, որպեսզի բոլորը հասկանան քրիստոնեության և, հատկապես, Ուղղափառության արժեքների նշանակությունը՝ ի հաստատումն դեմոկրատիայի և խաղաղության ողջ երկրագնդում»։ Հիրավի անկեղծ և հուզիչ այս հորդորներին կուզենայի հավելել նաև արդի Հայաստանի համար ակտուալ հետևյալ միտքը. որպեսզի մենք հասկանանք քրիստոնեության արժեքների նշանակությունը՝ ի հաստատումն խաղաղության և համաձայնության հենց հայկական պետությունում, հայ հասարակությունում, առանձին վերցրած յուրաքանչյուր հայ ընտանիքում։
Արտաշես Գեղամյան
ՀՀ խորհրդարանի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ