Ռուս գործընկերները բաց են ցանկացած քննարկման, նաև Բաքվին զենքի վաճառքի շուրջ. Գեղամյան
24.01.2018, verelq.am
Ազգային Ժողովի ընդդիմադիր Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտաշես Գեղամյանին՝ առաջարկելով քննարկման թեմա դարձնել ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը:
Մարուքյանը, հղում անելով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին նշել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, որը հասել է նշանակման վայր նախորդ շաբաթվա վերջին. «Առաջարկում եմ հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկել ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարցն ու այն պարտադիր քննարկման առարկա դարձնել այդ նիստում»,- ասված է պատգամավորի գրության մեջ:
VERELQ-ի հետ զրույցում Արտաշես Գեղամյանը չբացառեց, որ նման քննարկում կարող է և տեղի ունենալ: Նա նշեց, որ ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության օրակարգը ձևավորվում է երկուստեք համատեղ և ռուս գործընկերները բաց են ցանկացած հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելուն.
«Առաջիկայում այդ հարցին կանդրադառնանք աշխատանքային կարգով»,- ասաց նա:
Անդրադառնալով կոնկրետ մտահոգության բովանդակությանը, Արտաշես Գեղամյանը նշեց, որ դա շատ բնական հարցադրում է, բայց դա միայն ընդդիմությանը չէ, որ անհանգստացնում է.
«Դա բնական հարցադրում է և այնպես չէ, որ դրան միայն հարգարժան պարոն Մարուքյանն է անդրադարձել: Դեռ ամիսներ առաջ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ դա մեզ համար ամենացավոտ հարցն է: Ես ամբողջությամբ կիսում եմ այդ գնահատականը»,- հավելեց նա:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հունվարի 19-ին հայտարարեց, որ Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։