ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇՏԿՈՒՄ. ՏԱԳՆԱՊԻ ԵՎ ՀՈՒՅՍԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
21.10.2015, Հայոց աշխարհ
23.10.2015, Իրավունք
Իր «Տասն օր, որ ցնցեցին աշխարհը» հիանալի գրքի նախաբանում ամերիկացի փայլուն լրագրող Ջոն Ռիդը գրել է. «Այս գիրքը պատմության թանձրուկն է, պատմությունն այնպիսին, ինչպիսին ես այն տեսել եմ»։ Երբ իր աշխատանքն սկսեց ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանը, այդ գրքի հրապարակման պահից անցել էր 96 տարի։ Կարծում եմ, որ լրագրողական օժտվածություն ունեցող տաղանդավոր քաղաքական գործիչների մտքում ենթագիտակցաբար հասունանում է նոր պատմական էսսե գրելու գաղափարը՝ «Վեց օր, որ ցնցեցին աշխարհը» վերնագրով։ Խոսքն աշխարհի առաջատար երկրների՝ իրենց նշանակալիությամբ եզակի բանակռիվների մասին է, որոնք ծավալվեցին Գլխավոր վեհաժողովի աշխատանքի առաջին օրերին՝ վեցօրյա համաքաղաքական բանավեճի ընթացքում։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հայաստանի, Իրանի ղեկավարների տպավորիչ ելույթները և, իհարկե, Վատիկանի հովվապետ, Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի սրտահույզ խոսքը (որը ցնցեց ոչ միայն կաթոլիկ, այլև մնացյալ ողջ աշխարհը) աշխարհին ավետեցին գլոբալ փոփոխությունների սկսվելու մասին։ Ուզում եմ ընդգծել, որ քաղաքավարությունից դրդված չէ, որ հիշատակեցի Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթի մասին։ Դա ղեկավարի խոսքն էր 11 միլիոնանոց հայ ժողովրդի, ժողովուրդ, որի նախնիները 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվեցին, ինչի հետևանքով սփռվեցին աշխարհի տարբեր անկյուններում և ներկայում ապրում են Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Աֆրիկայի երկրներում, Ավստրալիայում։ Ողջ աշխարհի հայերին, հրաշքով Ցեղասպանությունից փրկված մեր մեծ նախնիների ժառանգներին միավորում է ոչ միայն առանձնահատուկ սերն առ պատմական Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, այլև գիտակցված և հավատարիմ ծառայությունն իրենց նոր Հայրենիքին՝ լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Արգենտինան, Սիրիան, Լիբանանը, Ուկրաինան, Իրանը... Հենց դրա համար էլ հայ ժողովուրդն առանձնակի սրտահույզ վերաբերմունք ունի ողջ աշխարհում խաղաղության պահպանման ճակատագրի հանդեպ։ Մեր ժողովուրդը, ինչպես գուցեև Երկիր մոլորակի ուրիշ ոչ մի ժողովուրդ, խորապես շահագրգռված է Երկրագնդի բոլոր մարդկանց խաղաղ գոյակցությամբ, ինչի մասին ամենայն համոզչությամբ և մեր ընդհանուր ապագայի համար տագնապով հայտարարեց Հայաստանի նախագահը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բարձր ամբիոնից։
Ի՞նչ ասացին աշխարհի երկրների ղեկավարներն իրենց ժողովուրդներին։ Դրա շուրջ դեռ հարկ է մանրակրկիտ մտածել՝ մշակելու համար նոր, արդար և անվտանգ աշխարհակարգի չափանիշները։ Հույս ունեմ, որ հենց այդ նպատակին է նվիրվելու «Յալթա-Պոտսդամ-Հելսինկի-Բելգրադ. անվտանգ աշխարհակարգի որոնումներում» միջազգային հասարակական կոնֆերանսը, որը կկայանա ս.թ. նոյեմբերի 24-25-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Նշենք, որ կոնֆերանսի կազմակերպիչներն են ռուսաստանյան «Ազգային փառքի կենտրոն», «Անդրեյ Պերվոզվաննի հիմնադրամ» հասարակական կազմակերպությունները՝ սերբական «Հանուն իրավահավասարների աշխարհի բելգրադյան ֆորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Կոնֆերանսը տեղի կունենա Ռուսաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։ Միևնույն ժամանակ, հավաքական և միջազգային անվտանգության ամրապնդման հրատապ հարցերը կլինեն «Արդի փուլում հավաքական և միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ միջխորհրդարանական համագործակցության գերակա ուղղությունները ՀԱՊԿ ձևաչափում» միջազգային գիտագործնական կոնֆերանսի օրակարգում։ Կոնֆերանսը կկայանա ս.թ. նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո։ Հատկանշական է, որ երկու կոնֆերանսներն էլ անցկացվելու են 2015թ. դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների Խորհրդի նախօրեին։ Այդ կոնֆերանսների նախօրեին դրանց մասնակիցներից յուրաքանչյուրը, վստահ եմ, կփորձի հասկանալ. իսկ ինչպիսի՞ն են արդի, դինամիկ փոփոխվող աշխարհակարգի գլխավոր միտումները։ Ո՞ր մարտահրավերները և սպառնալիքները Եվրոպայում և աշխարհում անհնար կլինի կանխել առանց առաջատար տերությունների ջանքերի համախմբման՝ ձևավորվող բազմաբևեռ աշխարհի պայմաններում։ Որո՞նք են Եվրոպայի և աշխարհի առանցքային գլոբալ դերակատարների շահերը, գործելու դրդապատճառները և դերակատարությունը։
Բնավ չհավակնելով մեկ հոդվածի սահմաններում ներկայացնել այս և մեր օրերի բազմաթիվ այլ հրատապ խնդիրների իմ տեսլականը՝ այնուամենայնիվ, արդեն հիմա կարելի է անել հետևյալ եզրահանգումը. համաքաղաքական բանավեճը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ավետեց միաբևեռ աշխարհի ավարտը, իսկ 26 «Կալիբր» թևավոր հրթիռների համազարկերը, որոնք տրվեցին ս.թ. հոկտեմբերի 7-ին Կասպյան նավատորմիղի կողմից, հաստատեցին այն փաստը, որ Ռուսաստանը միանգամայն այլ որակով է դուրս գալիս միջազգային հարաբերությունների գլոբալ ասպարեզ։ Եթե մինչ այդ որևէ մեկը կասկածում էլ էր, ապա, կարծում ենք, այդ կասկածները վերջնականապես ցրվեցին «Россия 1» հեռուստաալիքի եթերում տաղանդավոր հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տված հարցազրույցից հետո։ «Սկզբունքորեն, մեր բոլոր գործընկերները, համենայն դեպս՝ փորձագիտական մակարդակով, տեղեկացված են, որ Ռուսաստանն ունի այդպիսի (բարձր ճշգրտության) զենք։ Մի բան է, որ փորձագիտական մակարդակով իմանան..., մեկ այլ բան է համոզվելը, որ այն՝ առաջինը, իրոք կա... և այն իսկապես բարձրորակ է։ Երրորդ, որ կան մարդիկ, լավ ուսուցանված, պատրաստված, ովքեր կարող են այն համակարգված ձևով կիրառել։ Եվ չորրորդ՝ Ռուսաստանն ունի այն կիրառելու կամք, եթե դա համապատասխանում է պետության և ռուսաստանցի ժողովրդի շահերին»,- ասել է Վլադիմիր Պուտինն այդ հարցազրույցում։ Կարծում եմ, որ այստեղ տեղին կլինի մեջբերում կատարել նաև ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ելույթից. «Հիմա մենք գտնվում ենք պատմական նոր մեկնակետում, և ՄԱԿ-ը պետք է մանրակրկտորեն մտածի, թե ինչպես ամենալավ ձևով առաջ տանի խաղաղության և զարգացման գաղափարները XXI դարում... Շարժումը դեպի բազմաբևեռ աշխարհ, ինչպես նաև ձևավորվող շուկաների և զարգացող երկրների վերելքը դարձել են պատմության անկասելի միտումը... Մենք պետք է հաստատենք մեր հավատարմությունը ՄԱԿ Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, ստեղծենք նոր տեսակի միջազգային հարաբերություններ՝ բոլոր կողմերի համար շահավետությամբ, ինչպես նաև ապագա կառուցենք մարդկության համար»։ Այստեղ կարելի էր մեջբերումներ կատարել նաև ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում Ղազախստանի և Բելառուսի նախագահների՝ Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի համարձակ ելույթներից, այլ պետությունների ղեկավարների ելույթներից։ Կարելի է պնդել, որ դրանց մեծամասնությունում ընդհանուր գաղափար էր նկատվում՝ նոր միջազգային հարաբերությունների (որոնց հիմքում դրված կլինի ոչ միայն արդի աշխարհի մեծ տերությունների միջև փոխգործակցության կանոնների սահմանումը, այլև միջազգային հանրության երկրներից յուրաքանչյուրի, ՄԱԿ անդամների կենսական շահերի հաշվառումը) այլընտրանքային մոդելի մշակման անհրաժեշտության գիտակցումը։ ՄԱԿ գործունեության 70-ամյա փորձը հուշում է, որ միջազգային հարաբերությունների նոր մոդելը գործունակ կլինի՝ կախված այն բանից, թե որքանով է հաշվի առնելու միջազգային քաղաքականության գլոբալ դերակատարների կենսականորեն կարևոր շահերի, նրանց արժեքների, աշխարհայացքային առանձնահատկությունների, արտաքին քաղաքական փիլիսոփայական մտածելակերպի մեկնաբանման արմատական տարբերությունները։ Այսինքն՝ շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսին են գլոբալ դերակատարների կենսականորեն կարևոր շահերը։ Այս առնչությամբ հիշենք, որ դեռևս 1832թ. պրուսացի ռազմական տեսաբան Կարլ ֆոն Կլաուզևիցի այրին հրապարակել է նրա հայտնի «Պատերազմի մասին» աշխատությունը, որտեղ նա գրել է. «Պատերազմը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ քաղաքականության շարունակություն՝ այլ միջոցների ներգրավմամբ»։ Ավելի քան 8 տասնամյակ անց Վլադիմիր Լենինը գրեց. «Քաղաքականությունը տնտեսության կենտրոնացված արտահայտությունն է։ Ուստի, քաղաքականությունը չի կարող գերակայել տնտեսության հանդեպ»։ Չխորանալով տնտեսությո՞ւնն է առաջնային, թե՞ քաղաքականությունը հին բանավեճի մեջ՝ մեկնակետ վերցնենք այն, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը օրգանապես փոխկապակցված են և փոխպայմանավորված։ Ուստի, կարծում ենք, ճիշտ կլինի, եթե մենք, վերլուծելով մեր օրերի տնտեսական իրողությունները, դրանք սերտորեն առնչակցենք այն քաղաքականության հետ, որն անցկացնում են արդի աշխարհի առաջատար տերությունները։ Դրա համար օգտվենք ԱՄՆ ԿՀՎ կայքում (www.cia.gov/library/publications/the-world-factbook) բերված տվյալներից։
Աղյուսակ 1
Աղյուսակ 1-ում բերված ցուցանիշները վկայում են այն մասին, որ աշխարհի առաջատար տնտեսությունները՝ միավորված տարբեր առևտրատնտեսական և ռազմաքաղաքական դաշինքներում, լուրջ մտորումների են մղում։ Փորձենք վերլուծել, թե ինչ են ասում այս թվերը։ Այսպես, 1994թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտավ Հյուսիսամերիկյան համաձայնագիրը Կանադայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև ազատ առևտրի մասին (ՆԱՖՏԱ)։ ՆԱՖՏԱ-ի հիմնական նպատակ հայտարարվեց պատնեշների վերացումը ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև առևտրի և ներդրումների ոլորտում։
Եվրոպայի առաջատար տնտեսությունները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և մի շարք այլ պետություններ, միավորված են Եվրամիությունում։ Ընդ որում, եթե Եվրամիությունը հենվում է իր մարմինների՝ Խորհրդի, Հանձնաժողովի, Խորհրդարանի և Արդարադատության դատարանի միջև իշխանության բաշխման դաշնային քաղաքականության հայեցակարգի վրա՝ մի կողմից և անդամ պետությունների վրա՝ մյուս կողմից, ապա ՆԱՖՏԱ-ն ինտեգրացիան կառուցում է անկախ, ինքնիշխան պետությունների միջև համադաշնային կապերի հիման վրա։ Առևտրաշրջանառության ոլորտում փոխգործակցությունը յուրաքանչյուր անդամ պետությունում պահվում է ինքնավար դիրեկտիվ մարմինների կողմից՝ ՆԱՖՏԱ-ի սահմանած շրջանակներում։
Սրա կողքին նշենք նաև, որ Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Բրազիլիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության տնտեսությունները միավորված են ԲՐԻԿՍ տնտեսական դաշինքում, որի գլխավոր խնդիրներն են՝ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման հարցերի լուծումը, իրենց երկրների բնակչության կենսամակարդակի բարձրացումը և անցումը բարձրտեխնոլոգիական արտադրության։
Անկասկած, վերոնշյալ գլոբալ տնտեսական միավորումների շահերը միշտ չէ, որ համընկնում են։ Ավելին, դրանք երբեմն միմյանց միջև սուր հակասություններ են ունենում։ Հասկանալու համար, թե որն է արդի աշխարհի գլոբալ դերակատարների տնտեսական հակասությունների գլխավոր պատճառը, վերլուծենք այդ երկրների արտաքին տնտեսական գործունեության ցուցանիշները։
Նշենք, որ 2014թ. ՉԺՀ գլխավոր առևտրային գործընկերներն են եղել Եվրամիությունը և ԱՄՆ-ը։ Չինաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում, որը կազմում է $4.3 մլրդ, Եվրամիության բաժինը եղել է $615,14 մլրդ (արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 14,3%-ը), ԱՄՆ-ինը՝ $555,12 մլրդ (14,3%), Ճապոնիայինը՝ $312,44 մլրդ (7,2%), Կորեայի Հանրապետությանը՝ $290,48 մլրդ (6,76%), Ռուսաստանինը՝ $95,28 մլրդ (2,2%), Բրազիլիայինը՝ $86,58 մլրդ (2%)։
2014թ. ԵՄ կարևորագույն առևտրային գործընկերն է մնացել ԱՄՆ-ը։ Միացյալ Նահանգներին բաժին է ընկել Եվրամիության ապրանքաշրջանառության 15%-ը կամ 515,6 մլրդ եվրո։ ԱՄՆ-ին հաջորդում է Չինաստանը՝ 14% կամ 467,3 մլրդ եվրո։ Ռուսաստանին բաժին է ընկել ԵՄ-ի ապրանքաշրջանառության 8%-ը կամ 285,1 մլրդ եվրո։ Հատկանշական է, որ ԱՄՆ բաժինը ԵՄ-ի ապրանքաշրջանառության մեջ 2002-2014թթ. կրճատվել է՝ 24-ից հասնելով 15%-ի։ Այդ նույն ժամանակ Չինաստանի բաժինը ԵՄ-ի ապրանքաշրջանառության մեջ աճել է կրկնակի՝ 7-ից հասնելով 14,3%-ի։
2013թ., ինչպես և նախորդ հինգ տարիներին, ԱՄՆ խոշոր առևտրային գործընկերներն են եղել Կանադան (ապրանքաշրջանառությունը՝ $585 մլրդ), Չինաստանը ($552 մլրդ), Մեքսիկան ($459 մլրդ), Ճապոնիան ($197 մլրդ) և Գերմանիան ($154 մլրդ)։ Խոշոր առևտրային գործընկերների տասնյակում են եղել նաև Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բրազիլիան և Սաուդյան Արաբիան։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռում ամենամեծ դեֆիցիտը նկատվել է Չինաստանի հետ՝ $323,8 մլրդ, Մեքսիկայի հետ՝ $96 մլրդ, Կանադայի հետ՝ $81,2 մլրդ, Ճապոնիայի հետ՝ $78,3 մլրդ և Գերմանիայի հետ՝ $69,9 մլրդ։ Ռուսաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմել է $15,6 մլրդ։ Վերը բերված ցուցանիշները վկայում են աշխարհի առաջատար տնտեսությունների օրգանական փոխկապվածության մասին։
Միևնույն ժամանակ, լուրջ մտահոգություն է առաջացնում առանձին գլոբալ դերակատարների ֆինանսական վիճակը (տե՛ս Աղյուսակ 2)։
Աղյուսակ 2
* Պետական պարտք – փոխառությունների գումարի և մարման գումարի տարբերությունը, որն արտահայտված է ՀՆԱ-ի հանդեպ %-ով
** Արտաքին պարտք – արտարժույթով, ապրանքներով կամ ծառայություններով ոչ ռեզիդենտների կողմից մարման ենթակա պետական և մասնավոր պարտքի գումարը
*** US National Debt Clock: Real Time
Համաձայն www.usdebtclock.org-ի, ԱՄՆ արտաքին պարտքը 2015թ. հոկտեմբերի դրությամբ կազմում է $18 տրլն 410 մլրդ 555 մլն։ ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու վրա ընկնում է մոտ $57000-ի բեռնվածություն։ ԱՄՆ համախառն պարտքը, ըստ բոլորին տեսանելի հաշվիչի, որն ամրագրում է պարտքի գումարը և պարբերաբար թարմացվում է իրական ժամանակի ռեժիմով, ԱՄՆ համախառն պարտքը գերազանցում է $65 տրլն 486 մլրդ-ն։ Ընդ որում, եթե համեմատելու լինենք ԱՄՆ 2000թ. և 2015թ. պարտքի չափը, ապա այն 15 տարվա ընթացքում ավելացել է 3,5 անգամ։ ԱՄՆ Գանձապետարանի արժեթղթերի ամենախոշոր ներդրողներն (վարկատուներն) են՝ Չինաստանը ($1,3 տրլն), Ճապոնիան ($1,1 տրլն), Բրազիլիան ($240 մլրդ), Ռուսաստանը ($150 մլրդ)։ Հատկապես նշենք, որ ԱՄՆ պետական պարտքը նոմինացված է այդ պետության դրամական շրջանառության արժույթով։ Այն հանգամանքը, որ ԱՄՆ դոլարը հիմնական պահուստային արժույթն է և հանդիսանում է ամենալիկվիդային ապրանքն աշխարհում, Միացյալ Նահանգներին դնում է արտոնյալ վիճակի մեջ, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դոլարը կհանդիսանա համաշխարհային պահուստային արժույթ։ Դա թույլ է տալիս պետության կառավարությանը վարկ վերցնել Դաշնային պահուսային համակարգից (ԴՊՀ)։ ԴՊՀ կանխիկի փոխարեն տրամադրվում են պետական արժեթղթեր (պարտատոմսեր. թողարկվում են ֆինանսների նախարարության կողմից - Treasury), որոնք վաճառվում են ֆինանսական շուկայում։ Ընդ որում, եթե չի հաջողվում պարտատոմսերը վաճառել, ապա դրանց սեփականատերը մնում է ԴՊՀ-ն։ Այսպիսով, ըստ էության ԱՄՆ-ն ասես պարտք է ինքն իրեն և որոշակի տոկոսով։ Չարժե խոսել այն մասին, թե ինչ ահռելի առավելություն է դա տալիս ԱՄՆ տնտեսությանը։ Եվ ահա, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական ասպարեզում ստեղծված այս իրողությունները՝ 2015թ. հուլիսի 15-ին ԲՐԻԿՍ երկրները բրազիլական Ֆորտալեզե քաղաքում կայացած գագաթաժողովում ստորագրում են Ֆորտալեզեի հռչակագիրը, որով հայտարարում են Զարգացման նոր բանկի (ԶՆԲ) ստեղծման համաձայնագրի ստորագրման մասին՝ ռեսուրսները մոբիլիզացնելու նպատակով, ենթակառուցվածքային նախագծերի և ԲՐԻԿՍ-ի ու ձևավորվող շուկայական տնտեսություն ունեցող և զարգացող այլ երկրներում կայուն զարգացման ոլորտի նախագծերի ֆինանսավորման համար։ Այդ նույն Հռչակագրում հայտարարվեց ԲՐԻԿՍ պայմանական արժութային պահուստների Փուլի ստեղծման մասին, որի նախնական չափը պետք է կազմեր $100 մլրդ։ Մեկ տարի անց՝ 2015թ. հուլիսի 8-10-ին ԲՐԻԿՍ-ի՝ Ուֆայում կայացած գագաթաժողովում ընդունվում է Ուֆայի հռչակագիրը, որտեղ ասվում է հետևյալը. «Մենք պաշտպանում ենք ԲՐԻԿՍ երկրների միջև ազգային աժույթներով փոխհաշվարկների պրակտիկայի ընդլայնման ներուժի առկայությունը։ Մենք խնդրում ենք ԲՐԻԿՍ երկրների համապատասխան պետական մարմիններին՝ շարունակել փոխադարձ առևտրում ազգային արժույթների լայն կիրառման հնարավորության քննարկումը»։ Ուֆայում հայտարարվեց նաև Զարգացման նոր բանկի և պայմանական արժութային պահուստների Փուլի ($200 մլրդ ընդհանուր ծավալով) ստեղծման ավարտի մասին։ Դրա հետ մեկտեղ, 2015թ. հունիսի 29-ին Պեկինում 57 երկրների ներկայացուցիչները ստորագրեցին համաձայնագիր Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) ստեղծման մասին։ Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը երեք խոշոր բաժնետերերն են՝ ստանալով համապատասխանաբար 26,06%, 7,5% և 5,92% ձայներ։ Հատկանշական է, որ ԵՆԱԲ անդամներ են Մեծ Բրիտանիան, ԳԴՀ-ն, Իտալիան, Ֆրանսիան, Բրազիլիան, ՀԱՀ-ը, Նիդեռլանդները, Շվեդիան, Շվեյցարիան։ Չարժե կասկածել, որ ԲՐԻԿՍ-ի այս սեփական ֆինանսական կառույցները ստեղծվել են ի հակակշիռ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի, որտեղ որոշումներ ընդունելիս գերիշխում են ԱՄՆ-ը և Եվրամիությունը։ Այդ պատճառով ընդունվող որոշումները ենթարկվում են նրանց սեփական շահերին, արհամարհվում են զարգացող երկրների շահերը։ «Մենք խորապես հիասթափված ենք այն փաստից, որ ԱՄՆ-ը դեռ չի վավերացրել ԱՄՀ 2010թ. բարեփոխումների փաթեթը, ինչը շարունակում է խափանել վստահությունը հիմնադրամի հանդեպ, նրա լեգիտիմությունը և արդյունավետությունը»,- ասվում է Ուֆայի ամփոփիչ հռչակագրում։ Իսկ արժութային Փուլն ստեղծվեց այն բանի համար, որպեսզի ԲՐԻԿՍ երկրները վտանգազերծվեն զարգացած երկրների հնարավոր ֆինանսական գործողություններից, որոնք կարող են խիստ անցանկալի կողմնակի էֆեկտներ ունենալ, ինչպիսիք կարող են լինել՝ փոխարժեքների և ակտիվների գների տատանումները, կապիտալի հոսքերի փոփոխականության հրահրումը, որը կարող է հանգեցնել դրա արտահոսքին ԲՐԻԿՍ երկրներից։ Այս հարցերը նույնպես իրենց արտացոլումն են գտել Ուֆայի գագաթաժողովի ամփոփիչ Հռչակագրում։
Նշենք, որ դեռ մինչև ԲՐԻԿՍ Ուֆայի գագաթաժողովը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ս.թ. ապրիլին ԱՄՆ Կոնգրեսին հղած ուղերձում փաստել է. «Երբ մեր պոտենցիալ գնորդների 95%-ն ապրում է արտասահմանում, մենք պետք է վստահ լինենք, որ այդ մենք ենք գրում կանոններ գլոբալ տնտեսության համար, այլ ոչ թե Չինաստանի նման երկրները... Մեր արտահանումն ապահովում է ավելի քան 11 միլիոն աշխատատեղ, և մենք գիտենք, որ արտահանող ընկերությունները վճարում են ավելի բարձր աշխատավարձ, քան մնացածները։ Այսօր մենք հնարավորություն ունենք բացելու էլ ավելի շատ նոր շուկաներ ապրանքների և ծառայությունների համար, որոնք հենվում են հպարտություն առաջացնող երեք բառի վրա՝ «Պատրաստված է Ամերիկայում»։ Սրանից կես տարի չանցած՝ ս.թ. հոկտեմբերի 5-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատեց 12-կողմյա համաձայնագիրը Տրանսխաղաղօվկիանոսյան առևտրային գործընկերության (ՏԽԱԳ) մասին։ Այդ համաձայնագրի մասնակիցներն են ԱՄՆ-ը, Կանադան, Մեքսիկան Հյուսիսային Ամերիկայում, Պերուն, Չիլին Հարավայինում, Ճապոնիան, Մալայզիան, Բրունեյը, Սինգապուրը և Վիետնամը Ասիայում, ինչպես նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան։ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության հանդեպ Մոսկվայի դիրքորոշման մասին ս.թ. հոկտեմբերի 6-ին խոսեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Բնական է, եթե խոսքը վերաբերում է տարածաշրջանային համագործակցության ձևաչափերին, ինչը կնպաստի տնտեսական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և այլն, և այլն, ինչը կնպաստի տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացմանը, ապա, անշուշտ, դա կարելի է միայն ողջունել։ Բայց, ինչպես ասել է Վ.Պուտինը ՄԱԿ ամբիոնից, եթե խոսքն ինչ-որ առանձին փակ կառույցների ստեղծման մասին է, որոնք հետագայում իրենցով նենգափոխելու են ԱՀԿ-ն, առևտրի միջազգային կանոնները, ապա, իհարկե, դա այն է, ինչի հաշվով նախագահը Գլխավոր վեհաժողովի ամբիոնից մտահոգություն հայտնեց»։ Կասկած չի հարուցում, որ այդ համաձայնագրի ստորագրմամբ ԱՄՆ ջանքերն ուղղվելու են Առևտրային և ներդրումային տարածքի մասին տրանսատլանտյան պայմանագրի (ԱՆՏՏՊ) շուտափույթ ստորագրմանը։
Վերլուծելով այդ համաձայնագրերը՝ շատ հետաքրքիր մտքեր է արտահայտել ամերիկացի հայտնի տնտեսագետ, Ռեյգանի վարչակազմում ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական, «ռեյգոնոմիկայի» հիմնադիրներից Փոլ Կրեյգ Ռոբերտսը։ Մեջբերում կատարենք նրա վերլուծությունից (The Lie Machine). «Այդ գործընկերություններն իրականում ամերիկյան կորպորացիաների շահերի կրողներն են, որոնք իրենց համար այդ «գործընկերությամբ» իմունիտետ են ստեղծում օտարերկրյա պետությունների (որտեղ բիզնես են իրականացնում) օրենսդրական ինքնիշխանության հանդեպ։ Յուրաքանչյուր ինքնիշխան երկրի, որը փորձում է ապահովել օրենքների պահպանումը՝ սահմանափակելով ամերիկյան կորպորացիաների ամենաթողությունը, կարող է ներկայացվել հայց կորպորացիայի կողմից՝ «առևտրի ազատության սահմանափակման պատճառով... Եթե այդ գործընկերություններն անցնեն, ապա միակ օրենքները Եվրոպայի և Ասիայի համար կլինեն ԱՄՆ օրենքները»։
Ահա համաշխարհային տնտեսության և ֆինանսական ոլորտում այս շատ դինամիկ և գլոբալ փոփոխությունների ֆոնին, անշուշտ, ԵԱՀԿ տարածքում անվտանգության և համագործակցության ապահովման հարցերը ձեռք են բերում բացառիկ հրատապություն։
Կարծում ենք, որ ս.թ. նոյեմբերի 24-25-ին Բելգրադում և Սանկտ Պետերբուրգում կայանալիք գիտական կոնֆերանսները թույլ կտան ավելի խոր վերլուծել, թե ինչպիսին են լինելու Եվրոպայում և աշխարհում անվտանգության ապահովման ուղիներն արդի աշխարհում գլոբալ աշխարհատնտեսական փոփոխություններից բխող վտանգավոր մարտահրավերների պայմաններում։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ