Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներն անցան բացառիկ բարձր մակարդակով. Ա. Գեղամյան

28.04.2015, Orer.am

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներն անցան բացառիկ բարձր մակարդակով: Ասեմ, որ բացառիկությունը պայմանավորված էր խորիմաստությամբ եւ խորհրդով: Ես երիտասարդ չեմ, սակայն իմ ամբողջ կյանքի ընթացքում ավելի նպատակային եւ հիասքանչ կազմակերպված միջոցառում չեմ հիշում: Այս ամենն ազգին պատիվ բերող միջոցառումների շարք էր,- այս մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Ինչպես նշեց պատգամավորը, հայերս ոչ Թուրքիային եւ ոչ էլ այլ պետության ապացուցելու որեւէ բան չունենք, սակայն ազգի խմբվածությունն ու կազմակերպվածությունը վկայում է մեկ կարեւոր բանի մասին. «Մենք ասացինք, որ հազարամյակների պատմություն ունեցող հայկական քաղաքակրթությունը եւ մեր համընդհանուր սրբությունները ընդհանրապես ո’չ մի քաղաքականություն, ո'չ մի նախասիրություն եւ թշնամանք չեն ճանաչում, դրանք ամբողջությամբ հետին պլան են մղվում:

Այս ծայրաստիճան գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակում միայն սրբությունների շուրջ համախմբվելով կարելի է դիմագրավել աշխարհի առջև ծառացած լրջագույն փորձությունները: Սրանք պատմական ու բացառիկ միջոցառումներ էին, որի արձագանքը, տա Աստված, որ կարողանանք ճիշտ օգտագործել եւ համընդհանուր համազգային վերելքը վերընթացով շարունակենք»:

 Իսկ Թուրքիայի հետագա քայլերի եւ արձագանքների հետ կապված էլ Արտաշես Գեղամյանը ասաց. «Թուրքիայի հետագա քայլերն ու արձագանքն այս պահին կանխանշել սխալ կլինի: Փաստը մնում է փաստ, որ այսօրվա դրությամբ թուրքերը հակադրվում են ոչ թե Հայաստանի Հանրապետությանն ու համայն հայությանը, այլ հակադրվում են Եվրամիությանը, այնպիսի լուրջ պետությունների, ինչպիսիք են օրինակ` Ֆրանսիան, Արեւմտյան Գերմանին, Ռուսաստանի դաշնությունը, Բելգիան, Ավստրիան, Իտալիան:

Այստեղից Թուրքիան պետք է հետեւություն անի եւ լրջագույնս մտածի, որ իրենք ամբողջ աշխարհին հակադրվել չեն կարող, քանի որ սա 15-րդ դարը չէ, որ Կոնստանդնուպոլիս գրավեն, Օսմանյան կայսրությունը պատմության գիրկն է անցել, այն էլ անվերադարձ»:

Սոսե Չանդոյան

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր