Արտաշես Գեղամյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին
17.10.2016, Հրապարակ
Hraparak.am-ի հարցերին պատասխանում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը։
– Պարոն Գեղամյան, «Ազգային միաբանություն»-ը ժամանակին հայտնի էր որպես ընդդիմադիր ուժ։ 2012թ. սակայն, Դուք ԱԺ պատգամավոր ընտրվեցիք իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով։ Հիմա ի՞նչ վիճակում է կուսակցությունը, ինչպե՞ս է պատրաստվում մասնակցել 2017թ. ԱԺ ընտրություններին։
– Ես ցավում եմ, որ Դուք հարցին մոտեցել եք մակերեսորեն։ Հակառակ պարագայում Ձեզ համար պարզ կլիներ, որ 2007թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, որն այն ժամանակ վարչապետ էր, պատասխանելով «Առավոտ» օրաթերթի «Արդյոք համարու՞մ եք Արտաշես Գեղամյանին մրցակից 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում» հարցին, ասել էր՝ այո՛, իհարկե, համարում եմ եւ հետո գնահատական տվեց իմ գործունեությանը։
Նա ասել էր. «… Գեղամյանը հայրենասեր քաղաքական գործիչ է, հիշեք նրա ելույթները եվրոպական ատյաններում, հիշեք նրա պահվածքը մեր երկրի համար կարևորագույն իրադարձությունների ժամանակ …»։ Ինչեւէ, նա շարունակեց այդ ոգով։ 2007թ. դեկտեմբերից սկսած, երբ քաղաքական գործչին նման գնահատական է տալիս ՀՀԿ լիդերը, այն, ինչ խոսք, դառնում է քննարկման առարկա «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության նիստի ժամանակ։ Եվ 2007թ. դեկտեմբերից սկսվեց համագործակցությունը Հանրապետական եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների միջեւ, այն շարունակվում է մինչ օրս։ Ես հասկանում եմ, որ դա հիմա էլ հանգիստ չի տալիս առանձին մարդկանց, որոնք փոխանակ վերլուծության, քննության առնեն 10 տարիների ընթացքում 16 գրքերս, որ գրել եմ, այս հարցերին են անդրադառնում, թերեւս, մեծ կոմպլիմետ անելով «Ազգային միաբանություն» կուսակցությանը։ 10 տարի մարդիկ չեն կարողանում հաշտվել այն մտքին, որ ցանկացած քաղաքական ուժ իր առջեւ գերխնդիր է դնում, թե ինչպես օգտակար լինի իր երկրին։ Եվ օգտակար լինելու երկու ճանապարհ կա. մեկը սատարելով իշխանություններին, փորձում ես քո ներդրումը բերել երկրի զարգացմանը, մյուսը՝ քննադատում ես իշխանություններին եւ ցույց տալիս այն ճանապարհը, որն ավելի դրական ազդեցություն կունենա երկրի զարգացման կյանքում։ Մենք ընտրեցինք այն ճանապարհը, որի մասին Ձեզ ասացի։
– Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում մասնակցել 2017թ. ԱԺ ընտրություններին՝ առանձի՞ն, թե՞ դաշինքով։
– 2017թ. ԱԺ ընտրություններին պատրաստվում ենք մասնակցել քրտնաջանորեն։ Թե ինչ ձեւաչափով՝ օրը կգա, եւ դա գաղտնիք չի մնա։
– «Ազգային Միաբանության» երբեմնի հայտնի գործիչները, բացի Ձեզնից, կարծես թե չեն երեւում ասպարեզում, ինչու՞։
– Աստվածաշնչում գրված է. «Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի»։ Բավական է, որ մտնեք «Ազգային միաբանություն» կուսակցության կայք-էջը, եւ Դուք այնտեղ կտեսնեք, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարում կուսակցությունը՝ ի դեմս իր նախագահության անդամների թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։
– Դուք ժամանակին շատ սահուն անցում կատարեցիք ընդդիմադիր դաշտից դեպի իշխանություն։
– 10 տարի առաջ թե ինչ պայմաններում եւ ինչ պարագայում ես դաշնակցային հարաբերություններ ստեղծեցի ՀՀԿ-ի հետ, ես արդեն ասացի։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, իմ եւ իմ գործընկերների քննադատության թիրախը եղել են երկրի առաջին նախագահը, երկրի երկրորդ նախագահը եւ այն ժամանակ իր հետ համագործակցող Սերժ Ազատի Սարգսյանը։ Երկրի առաջին նախագահին մինչ օրս մենք շարունակում ենք քննադատել, երկրորդ նախագահին նույնպես մինչ օրս շարունակում ենք քննադատել, իհարկե, առիթի դեպքում, երբ սխալ դրսեւորումներ են ցուցաբերում, իսկ գործող նախագահի հետ շարունակում ենք համագործակցել։ Թե ինչու՝ արդեն ասացի։
– 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն ասաց, որ՝ «Մենք մեր հաճախորդներին լավ ենք ճանաչում»։ Կարո՞ղ ենք ասել, որ...
– Ճիշտ եք, նա ասել է այդպիսի բան։ Ես ողջունում եմ իր այդ խոսքը, 2007թ. նա դեռ Ձեր խոնարհ ծառային գնահատական տվեց «Առավոտ» թերթում։ Ուշադիր նայե՛ք, կարդացե՛ք, դա ամենաբարձր գնահատականն է, որ կարելի է տալ քաղաքական գործչին, այն է, որ՝ «Նա հայրենասեր քաղաքական գործիչ է»։