Արտաշես Գեղամյանը խոստանում է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ընթացքում «ջախջախել ադրբեջանական պատվիրակությանը»
15.01.2014, Armenpress
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը թույլ և խոցելի է համարում նույն կառույցում ադրբեջանական պատվիրակության հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան մասնավորապես հայտարարել է, թե ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանում քննարկելու է հայերի կողմից ԱՄՆ նահանգներում ԼՂ անկախության ճանաչմանն ուղղված նախաձեռնությունը՝ նշելով, որ հայկական կողմը խախտում է բանակցային գործընթացի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Այն, որ նրանք կջախջախվեն, ինչպես մինչև հիմա են ջախջախվել, դրանում երկու կարծիք լինել չի կարող: Նման հայտարարություններ Բահար Մուրադովան միշտ անում է: Ես հասկանում եմ նրան, դա արվում է ներքին լսարանի համար, սակայն նրանց փաստարկները թույլ են և խոցելի»,- ասաց Գեղամյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաշես Գեղամյանը նշեց, որ բանակցային գործընթացի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մասին պետք է խոսեն Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները: «Միայն նրանք են իրավասու համապատասխան գնահատականներ հնչեցնել: Ես, իհարկե, ողջունում եմ Բահար Մուրադովայի մտքի թռիչքն առ այն, որ նա իրեն վերապահում է գործառույթներ, որոնք ներհատուկ են և ամրագրված են Մինսկի խմբի համանախագահներին, սակայն եթե անդրադառնանք այդ հարցին, կնշանակի, որ մենք ցուցաբերում ենք քաղաքական անգրագիտություն, ինչը հարիր չէ հայկական պատվիրակությանը»,- նշեց Գեղամյանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը սիրիահայերով բնակեցնելը կասեցնելու մասին պահանջով հանդես գալու ադրբեջանական պատվիրակության մտադրությանը՝ Գեղամյանը նշեց, որ այդ հարցը հնչել է նաև անցյալ տարի հոկտեմբերին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում, ինչի կապակցությամբ ինքը հանդես է եկել ելույթով՝ ադրբեջանական պատվիրակությանը գցելով շատ ծանր կացության մեջ: «Իմ ելույթը և ընդհանրապես իմ բոլոր հոդվածները մեկ շաբաթվա ընթացքում լույս կտեսնեն գրքի տեսքով: Ես արագացրել եմ գրքի տպագրության աշխատանքները, որպեսզի այն բաժանեմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մասնակից բոլոր երկրների պատվիրակությունների ղեկավարներին և խնդրեմ, որպեսզի հղում անեն գրքում առկա իմ ելույթին»,- նշեց նա:
Գեղամյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղը սիրիահայերով բնակեցնելու վերաբերյալ հարցը բարձրացնելով՝ ադրբեջանական պատվիրակությունը տապալվել և ծիծաղելի իրավիճակում է հայտնվել: «Նրանք մասնավորապես նշում էին, որ հայերը Լաչինի տարածաշրջանը բնակեցնում են սիրիահայերով, որպեսզի հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործեն: Դրան եղավ իմ արձագանքն առ այն, որ հերթական անգամ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան վերահաստատում է, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողություններ իրականացնել ազատագրված տարածքներում, ինչը խստիվ արգելվել է Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների 5 համատեղ հայտարարություններում, որոնցում նշվում է պատերազմական գործողությունների անթույլատրելիության մասին: Հակառակ դեպքում «կենդանի վահանի» մասին խոսք լինել չէր կարող: Նրանք շատ հիմար վիճակում հայտնվեցին»,- նշեց Գեղամյանը: