Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ ԽՎ-ում կխոսի Սաֆարովի արտահանձնման հետեւանքների մասին
02.10.2012, ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, Աագային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ԽՎ առաջիկա նստաշրջանում կբարձրացնի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի հարցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց պատվիրակության ղեկավարը, վեհաժողովի աշնանային նստաշրջանի «ԵԱՀԿ տարածաշրջանի բազմազգ և բազմամշակույթ համայնքներին աջակցություն և պաշտպանություն» և «Ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքար» թեմաներով նիստերին Գեղամյանը կներկայացնի հայկական կողմի տեսակետը:
«Առաջին նիստի օրակարգում ներառված հարցի շրջանակներում անպայմանորեն անդրադարձ կկատարեմ այն զարգացումներին, որոնց ականատեսն ենք եղել մենք վերջին տասնամյակներում` հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ: Փաստարկելու եմ օգոստոսի 31-ին մեր սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպանի արտահանձնմանը հաջորդած գործողություններով. նույն օրը Իլհամ Ալիևի և ադրբեջանական մամուլի ու հասարակության կողմից այդ տարրի հերոսացման գործընթացով»,-ընդգծեց Գեղամյանը:
Երկրորդ նիստին, որտեղ ծրագրված է քննարկել համաշխարհային ֆինանաստնտսական ճգնաժամի հաղթահարման ուղիները, Գեղամյանը պատրաստվում է անդրադառնալ ԵԱՀԿ տնտեսական հանձնաժողովի թերպատրաստված լինելուն, որովհետև, ըստ նրա, այն խորագիրը, որի ներքո նստաշրջանն է լինելու, սեղմում է այդ հարցը: «Երկու գործոնով են ուզում պայմանավորել ճգնաժամի հաղթահարման հարցը, ինչը սիրողական մոտեցում է, և, ավաղ, վկայում է, որ հարցը օրակարգ մտցնողներն ու այն ձևակերպողները շատ մակերեսային գիտելիքներ ունեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված»,-նշեց նա: Երրորդ նիստին, որտեղ քննարկվելու է մամուլի դերը կառավարման բարելավման գործում, հայկական պատվիրակության ղեկավարը հանդես չի գա. «այդ հարցը տեսական բնույթ ունի»: «Եթե կառավարման վերաբերյալ խորքային գիտելիքներ չունես, և հույսը դրել ես մամուլի այս կամ այն հոդվածը կարդալով լավ կառավարելու վրա, նշանակում է դու անտեղյակ ես կառավարում գիտությունից, որը լրջագույն գիտություն է գլոբալացման բերած իրողությունների կոնտեքստում»,-հավելեց նա:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում: Օրակարգում «ԵԱՀԿ տարածաշրջանի բազմազգ և բազմամշակույթ համայնքներին աջակցություն և պաշտպանություն», «Ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքար», «ԶԼՄ-ների դերը ճիշտ կառավարման և ինտեգրացիայի աջակցության գործում` որպես կայունության և անվտանգության հիմք» թեմաներն են: Հայկական պատվիրակության հիմնական անդմաներն են հաստատվել Վարդան Օսկանյանը, Ստեփան Դեմիրճյանը: