ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ՛ ՏԻՐԻ

14:32, 12 ապրիլի, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/929656.html

 

 Նկարում՝ «Միասնությունը բազմազանության մեջ է և ազատության հիմնական սկզբունքները Մերձավոր Արևելքի քրիստոնյաների և մահմեդականների համար. խորհրդարանական երկխոսություն» միջազգային համաժողովի մասնակիցները։ Բեյրութ, 4 ապրիլի 2018թ.

 

Ս.թ. ապրիլի 3-4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի և Լիբանանի Հանրապետության խորհրդարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Միասնությունը բազմազանության մեջ է և ազատության հիմնական սկզբունքները Մերձավոր Արևելքի քրիստոնյաների և մահմեդականների համար. խորհրդարանական երկխոսություն» (այսուհետ՝ Համաժողով) թեմայով։

Ընդամենը մեկ շաբաթ անց իրավիճակը Սիրիայի շուրջ ծայրաստիճան թեժացել է։ Թվում էր, թե աշխարհը նոր պատերազմի շեմին է։ Այս պայմաններում կուզենայի մտքերս կիսել ընթերցողների հետ վերջերս Բեյրութում ավարտված համաժողովի, ընդունված հռչակագրի մասին, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք՝ ուղղափառ քրիստոնեական և մահմեդական աշխարհի ժողովուրդների խորհրդարանների անդամներս, որ այսօր հավաքվել ենք այստեղ՝ Բեյրութում, Լիբանանի խորհրդարանի և Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ և Արաբական միջխորհրդարանական միության հետ համագործակցությամբ, պատմական այս պահին, որը հատկապես կարևոր է պատերազմի օջախներով լի Մերձավոր Արևելքի համար, անվերապահորեն դատապարտում ենք Սիրիայի փլուզումը և նրա բռնի մասնատումը՝ պայմանավորված քաղաքական ժամանակավրեպ որոշումներով, որոնք էլ ավելի են խախտում կրոնական անդորրը Երուսաղեմում...» և այլն։ Ես հատուկ Հռչակագրի այս հատվածը մեջբերեցի, որն ամենայն համոզչությամբ վկայում է քրիստոնեական և մահմեդական աշխարհի հավատարմությունը՝ իրենց ավանդը ներդնել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում՝ կառուցողական և միջկրոնական երկխոսության հիման վրա։ Կարծում եմ, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծված չափազանց լարված իրավիճակի հիմնական պատճառները հասկանալը կօգնի խորհրդարանականներին համատեղ գործողություններ մշակել՝ ուղղված պատերազմի սանձազերծման վտանգի նվազեցմանը։ Կարծում եմ, որ իմ ելույթը Համաժողովում որոշակիորեն պատասխանում է աշխարհի ճակատագրի համար բավական զգայուն այս տարածաշրջանում պահպանվող լարվածության պատճառների մասին հարցին։ Ընթերցողների դատին եմ ներկայացնում ելույթիս տեքստը։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

(Բեյրութ, 3 ապրիլի 2018թ.)

 

Հարգելի գործընկերներ։ Նախ՝ կուզենայի անկեղծ երախտագիտություն հայտնել Լիբանանի խորհրդարանի ղեկավարությանը՝ հյուրընկալության և ամենագլխավորը՝ բարյացակամության մթնոլորտի համար, որը թույլ է տալիս անկեղծ, բաց և անկաշկանդ ելույթ ունենալ այս ամբիոնից։ Եվ սա բնավ պատահական չէ։ Լիբանանը քրիստոնեական քաղաքակրթության օրրաններից մեկն է։ Լիբանանը Հայաստանի և համայն հայության համար սուրբ հող է, որովհետև 1915-1923թթ. ավելի քան 300 հազար իմ հայրենակիցներ, փախչելով թուրքական յաթաղանից, փրկություն և ապաստան են գտել Լիբանանի օրհնյալ հողում, Սիրիայի, Հորդանանի, Եգիպտոսի օրհնյալ հողում։ Եվ այն, որ այսօր Լիբանանում խաղաղություն է տիրում, ողջամտություն, և որ գլխավորն է՝ միասնականություն կա բազմազանության մեջ, առաջին հերթին, պայմանավորված է հենց պետական գործիչների բարձր հատկանիշներով, Լիբանանի ղեկավարության մեծությամբ, որը ներկայացնում է ամենատարբեր կրոնական դավանանքներ։ Ինձ շատ ուրախացրին իմ ռուս գործընկերների ելույթները։ Նրանց խոսքն ուշադիր լսելիս՝ ակնհայտ դարձավ, որ ականավոր ղեկավարներ ունեցող երկրներում լիակատար հանդուրժողականություն և փոխըմբռնում է տիրում տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչների միջև։ Մշակույթների բազմազանության առկայությամբ՝ ընդհանուր նպատակներին հասնելու գործում միասնականության դրսևորման հիանալի և համոզիչ օրինակ ներկայացվեց Բաշկորտոստանից Պետական դումայի պատգամավոր Իվան Սուխարևի ելույթում։ Միևնույն ժամանակ, ուզում եմ հատկապես նշել, որ երեկ, ըստ իս, շատ հետաքրքիր ելույթով հանդես եկավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդական, պրոֆեսոր Վալերի Արկադևիչ Ալեքսեևը։ Նա այս ամբիոնից բավական խոր և բանիմաց կերպով բացատրեց առկա չափազանց բարդ իրավիճակի առանձնահատկությունները և, ավաղ, տագնապալի, սակայն օբյեկտիվ գնահատական տվեց՝ ասելով, որ առաջիկա տարիներին երկխոսությունն Արևմուտքի և Ռուսաստանի միջև չի ստացվի։ Հարգարժան պրոֆեսորի այս գնահատականը արդյունքն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և առհասարակ աշխարհում ստեղծված իրադրության մանրակրկիտ վերլուծության։ Եվ բնականաբար, հարց է ծագում։ Իսկ ինչո՞ւ երկխոսությունը համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների միջև չի ստացվի։ Այս հարցին պատասխանելու համար, կարծում եմ, դրա արմատները պետք է փնտրել գլոբալ տնտեսության մեջ։ Իսկ ինչի՞ մասին է վկայում գլոբալ տնտեսությունը։ Դա անհերքելիորեն հանգեցնում է այն մտքին, որ գլոբալ տնտեսական աշխարհակարգն արդար չէ։ Այսպես, Ամերիկայի Միացյալ Նահանգները կուտակել է այդ երկրի ՀՆԱ 107,47%-ին հավասար դաշնային արտաքին պարտք։ Այսինքն՝ ԱՄՆ դաշնային արտաքին պարտքն արդեն գերազանցել է 20 տրլն դոլարը։ Իրենց պետությունների ՀՆԱ-ն արտաքին պետական պարտքի գծով գերազանցել են նաև Եվրամիության այնպիսի լոկոմոտիվ երկրներ, ինչպիսին են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, էլ չեմ ասում Պորտուգալիայի, Իսպանիայի և Իռլանդիայի մասին։ Նույնը կարելի է ասել նաև Մեծ Բրիտանիայի մասին, որի պետական արտաքին պարտքը անցած տարվա արդյունքներով կազմել է այդ երկրի ՀՆԱ-ի 282,2%-ը։ Ինչո՞ւ ուշադրությունս կենտրոնացրի Միացյալ Նահանգների, Եվրամիության երկրների և Մեծ Բրիտանիայի վրա, որովհետև այս երկրները համաշխարհային պահուստային արժույթների էմիտենտներ են։ Որովհետև այս երկրները, համախառն ներքին արդյունքով չապահովված այդքան մեծ պետական արտաքին պարտք կուտակելով, փաստորեն իրենց երկրների բնակչության բարձր կենսամակարդակն ապահովում են շնորհիվ արտարժույթ տպող սարքի։ Առաջին դեպքում՝ շնորհիվ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տպագրասարքի, երկրորդ դեպքում՝ Եվրոպական կենտրոնական բանկի, և իհարկե՝ Անգլիայի բանկի (Bank of England)։ Եվ ահա այն պայմաններում, երբ համաշխարհային պահուստային արժույթների էմիտենտ-երկրները որոշակի առավելություններ են ստանում համաշխարհային ֆինանսական շուկայում և գլոբալ տնտեսական մրցակցությունում, իհարկե, համաշխարհային քաղաքականության ուժի նշյալ կենտրոնները բնավ շահագրգռված չեն երկխոսություն սկսել նոր, արդարացի աշխարհակարգ հաստատելու վերաբերյալ։ Ավելին, նրանք առավել քան շահագրգռված չեն միջկրոնական երկխոսություն սկսել, որի բացակայության պայմաններում էլ հաճախ բռնկվում են միջկրոնական հակամարտություններ, իսկ վերջին հաշվով՝ որովհետև այդ երկխոսության բացակայությունը հանգեցնում է կառավարելի քաոս սանձազերծելու գործընթացի հնարավորության, մասնավորապես՝ այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին է Մեծ Մերձավոր Արևելքը։ Իսկ կառավարելի քաոսի հաստատումը, ցավոք, շահեկան է համաշխարհային պահուստային արժույթի էմիտենտ-երկրներին տնտեսական տեսակետից՝ այն պարզ պատճառով, որ պրակտիկան ցույց է տալիս, որ բռնության և ցնցումների ամեն տեսակ բռնկումների ժամանակ կապիտալները, որպես կանոն, ունենում են «խաղաղ հանգրվան» արտահոսելու միտում, ինչպիսին են ԱՄՆ-ը, Եվրամիությունը և մասամբ Մեծ Բրիտանիան։ Ահա, իմ կարծիքով, այն բանալին, որը բացատրում է ստեղծված պայմաններում համաշխարհային քաղաքականության ուժի առանձին կենտրոնների միջև երկխոսություն սկսելու գաղափարի անհեռանկարայնությունը։ Համաշխարհային ֆինանսական համակարգում նման իրադրությանն այսօր հակադրվում են խոշոր տնտեսություն ունեցող առաջատար զարգացող երկրները, ինչպիսին են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և էլի ուրիշ երկրներ։ Այսօր իսկ Չինաստանը կոչով դիմել է զարգացող երկրներին, որպեսզի նրանք Համաշխարհային առևտրային կազմակերպությունում բարձրացնեն ԱՄՆ-ին բոյկոտելու հարցը՝ հովանավորչական այն միջոցների համար, որոնք այդ երկիրը կիրառում է մնացած բոլոր պետությունների հանդեպ՝ նկատի ունենալով այդ երկրի միակողմանի որոշումը՝ 25%-ով ներկրվող պողպատի և 10%-ով ալյումինիումի մաքսատուրքերը բարձրացնելու մասին։ Երեկ Վալերի Արկադևիչն իր ելույթում շատ ճիշտ նկատեց, որ Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրի միայն դեֆիցիտը անցած տարի կազմել է 375 մլրդ դոլար։ Ավելին, առաջիկա 2 տարիներին ԱՄՆ Դաշնային բյուջեի դեֆիցիտը 2018 ֆինանսական տարում, որը սկսվել է 2017թ. հոկտեմբերի 7-ին, և 2019-ին կավելանա 1 տրլն 816 մլրդ դոլարով, և այս թվերը հաստատվել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Ո՞վ է փակելու ԱՄՆ Դաշնային բյուջեի դեֆիցիտը։ Պատասխանը պարզ է. դոլարի մոնոպոլիայի պայմաններում դեֆիցիտը փակելու է մնացած ողջ աշխարհը։ Այս պայմաններում գլոբալ ֆինանսական էքսպանսիայի քաղաքականության անցկացման գործիքներից մեկը, կարելի է ենթադրել, այլոց թվում հանդիսանում են նաև կառավարվող ահաբեկչական խմբավորումները, որոնք ապակայունացնում են միջազգային իրադրությունը և վիժեցնում կայունությունն ամբողջ աշխարհում։ Իսկ հիմա հարց տանք. ի՞նչ է՝ ԻԼԻՊ-ը (Իսլամական պետությունը) տիեզերքի՞ց էր ստանում իր սպառազինությունը։ Իհարկե՝ ոչ։ Անցում էր ապահովվել Թուրքիայի՝ Սիրիային սահմանամերձ տարածքով։ Իսկ ի՞նչ է՝ ՆԱՏՕ երկրները չէին կարո՞ղ կասեցնել դա, որպեսզի արդիական զենքի մատակարարումների այդ հոսքի ճանապարհը փակվեր։ Ձեզ թվում է, թե այսօր պատահաբա՞ր է Թուրքիային ՆԱՏՕ առաջատար անդամ երկրների կողմից առանց էական խոչընդոտների թույլատրվում փաստացի ագրեսիա իրականացնել ինքնիշխան Սիրիայի դեմ Աֆրինի շրջանում՝ ռազմական այդ գործողությունն ամբարտավանորեն անվանելով «Ձիթենու ճյուղ»։ Սա թուրքական ղեկավարության հեռուն գնացող էքսպանսիոնիստական քաղաքականությունն է։ Ժամանակակից նեոօսմանների հաջորդ քայլը լինելու է Իրաքում քրդաբնակ տարածքների զավթումը, որին հաջորդելու է այսպես կոչված բուֆերային այդ գոտիները Թուրքիայի հանդեպ լոյալ սիրիացի թուրքերով, թուրքոմաններով բնակեցնելը։ Այսպիսով, Սիրիայի հյուսիս-արևելքում, Իրաքի հետ սահմանի երկայնքով, կստեղծվի մշտական լարվածության օջախ, կառավարելի քաոսի տարածք։ Դա էլ ավելի կամրապնդի լարվածության ձեռակերտ օջախների ստեղծման հետնաբեմում կանգնած միջազգային տիկնիկավարների դիրքերը, ինչը վերջնարդյունքում հեռավոր ապագային կթողնի խոշոր զարգացող տնտեսությունները սպասարկող համաշխարհային պահուստային նոր արժույթների ստեղծումը։ Այսօր մեր համաժողովն իսկապես բավական խոր մտորումների տեղիք է տալիս։

Օգտվելով առիթից՝ ուզում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ հանձինս Գլխավոր քարտուղար Անդրեաս Միխայլիդիսի, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդարանականներ Վալերի Ալեքսեևի և Կոստաս Միղդալիսի, Լիբանանի խորհրդարանի անդամների։

Հարգելի գործընկերներ։ Այսօր աշխարհը գտնվում է ճամփաբաժանին, և համաշխարհային քաղաքականության ուժի ամենահզոր կենտրոններից մեկը, որն ի զորու է խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և կայունություն ամբողջ աշխարհում, հավատացեք, մնացել է միայն Ռուսաստանը։ Ռուսաստանը, որը վարում է ազնիվ, անկեղծ և թափանցիկ քաղաքականություն, այնքան ազնիվ և անկեղծ, որ այն արդեն համակում է անգամ անբարյացակամների ուղեղները։

Շնորհակալություն ուշադրության համար։

Հարգելի գործընկերներ, ուզում եմ նշել նաև, որ Համաժողովի շատ մասնակիցներ, մանավանդ Սիրիայի և Կիպրոսի խորհրդարանների ներկայացուցիչները, պնդել են անհատապես դատապարտել Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականությունը ընդդեմ ինքնիշխան Սիրիայի նրա ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Կիպրոսի հանդեպ և առհասարակ Միջերկրական ծովի ջրավազանում այդ երկրի ապակառուցողական քաղաքականության համար։ Որոշակի հանգամանքների պատճառով Համաժողովի մասնակիցների մի մասի կողմից անընդունելի համարվեց Հռչակագրի որոշ դրույթների անհատականացումը։ Սույն հարցի վերաբերյալ կարճ առաջարկությամբ հանդես եկավ նաև Ձեր խոնարհ ծառան (ելույթի տեքստը ներկայացվում է ստորև)։

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հարգարժան Գլխավոր քարտուղարը խոսեց Հռչակագրի այն լրացումների մասին, որոնք առաջարկվել են մեր համաժողովի մասնակիցների կողմից, որոնք ընդունվում են։

Ես առաջարկում եմ, ուշադրությունը չսևեռելով անձնավորությունների վրա, լրացում մտցնել՝ Հռչակագրում նշելով ագրեսիվ այն քաղաքականությունը, որը վարում է Թուրքիան Սիրիայի հանդեպ։ Միևնույն ժամանակ, ես իմ բացարձակ համերաշխությունն եմ հայտնում սիրիական պատվիրակությանը և ըմբռնումով եմ վերաբերվում նրա կոշտ, բայց և միաժամանակ արդարացի գնահատականներին՝ տրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ընդհանրապես թուրքական ղեկավարությանը։ Ես համերաշխ եմ սիրիական պատվիրակության հետ, որովհետև նրանց երկիրը պատերազմում է միջազգային ահաբեկչության դեմ, և դրա համար էլ այժմ հարկավոր է բարոյական աջակցություն միջազգային ողջ հանրության կողմից։ Հայաստանը պարտական է Սիրիայի ժողովրդին, Սիրիային, որոնք հարյուր տարի առաջ ապաստան տվեցին թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հարյուր հազարավոր հայ փախստականների։ Սիրիացի՛ եղբայրներ, մենք ձեզ հետ ենք։

Կուզենայի հոդվածն ավարտել արևմտյան ԶԼՄ-ների վերջին հրապարակումներից մեջբերումներով, որոնք, գոհունակությամբ պետք է նշել, առավել համոզիչ են դատում Սիրիայի շուրջ թեժացման անհարկիության մասին։ Այսպես, Associated Press  գործակալությունը գրում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը զգուշացրել է Դոնալդ Թրամփին Սիրիայի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ որևէ ռազմական գործողության վտանգավորության մասին. «Ես աղոթում եմ, որպեսզի մեր երկիրն ապրի խաղաղ պայմաններում»։ Le Figaro  պարբերականը մեջբերում է ֆրանսիացի ռազմական վերլուծաբան Քարոլին Գալակտերոսին. «Սիրիայի մասին տեղեկությունների իսկական նպատակը Ռուսաստանին պատժելն է՝ նրա հաջողությունների համար միջազգային ասպարեզում, Սիրիայում խաղաղություն հաստատելու ցանկության համար։ Նույն նպատակն (առաջացնել Մոսկվայի զայրույթը և մեկուսացնել Ռուսաստանը) էր հետապնդում  նաև Սկրիպալի գործը՝ «դրվագ» դառնալով այժմ Սիրիայում տեղի ունեցողի համար։

Շատ մեծ հույս ունեմ, որ Սիրիայում խաղաղություն պիտի՛ տիրի։

 

Արտաշես Գեղամյան,

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության

Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

www.amiab.am

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր