Իլհամ Ալիևը հնչեցնում է Հարավային Կովկասում պատերազմին Ռուսաստանի ներգրավման գործընթացի սկսվելու մասին. Արտաշես Գեղամյան (Մաս II)
16:25, 17 Փետրվար, 2018, Արմենպրես
https://armenpress.am/arm/news/923046/artashes-gegamyan-ilkham-aliev-ozvuchivaet-o-nachale-processa.html
20.02.2018, Իրավունք
Արտաշես Գեղամյանը և Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինը «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» գիրքը հանձնելիս՝ հասցեագրված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Մոսկվա, 14 փետրվարի 2018թ.։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ԵԱԿ VI համագումարում, որի քառորդ մասը նվիրված էր Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու հանգեցվում էր հայկական երկու պետությունների դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման անհրաժեշտությունը հիմնավորելուն, մեզ համար միանգամայն սպասելի էր։ Չէ՞ որ տարիներ շարունակ ԵԱՀԿ ՄԽ համանախագոհղ երկրները գրեթե ոչ մի կերպ չեն արձագանքել ափշերոնցի սուլթանի բացահայտ քամահրական վերաբերմունքին Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համառ հորդորներին։ Ավելին, անարձագանք են մնացել նաև Ադրբեջանի՝ բարձր մակարդակով ընդունված պայմանավորվածություններին հակասող գործողությունները։ Այս ամենն Ադրբեջանի ղեկավարության կողմից ընկալվել է որպես լռելյայն հավանություն, մասնավորապես՝ այդ երկրի ռազմականացմանը։ Այս պայմաններում ադրբեջանական իշխանությունների խոսափողը համարվող քաղաքագետներն արդեն բացահայտ հայտարարում և «հիմնավորում» էին այն անհրաժեշտությունը, թե «թուրքական ռազմակայաններ պետք է հիմնվեն նաև Ադրբեջանի տարածքում, այդ թվում և Նախիջևանում, և թող ոչ ոք չասի, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և, իբր, իրավունք չունի առանց Բրյուսելի հետ համաձայնեցման երրորդ երկրում ռազմակայան բացել։ Թուրքիան ռազմակայան բացել է, չէ՞, Կատարում, և ՆԱՏՕ-ի կողմից ոչ մի դժգոհություն չի հնչել։
Ուրեմն, նույնը կարելի է անել նաև Ադրբեջանում» («Թուրքիան կարող է և պետք է ռազմակայան ունենա Ադրբեջանում», EADaily, 28 հոկտեմբերի 2017թ.)։ Ըստ երևույթին, Ադրբեջանի իշխանամերձ քաղաքագետների հիշողության մեջ դեռևս թարմ են Թուրքիայի ղեկավարության գործողությունները 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին. այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, Թուրքիայի նախագահ Էրդողանը ադրբեջանական ղեկավարությանը համառորեն կոչ էր անում շարունակել մարտական գործողություններն ընդհուպ մինչև հաղթական ավարտը, ընդ որում՝ երդվելով հայտարարում էր, որ Թուրքիան համակողմանիորեն կաջակցի Ադրբեջանին։
Ընթերցողը, բնականաբար, կարող է հարցնել. իսկ ո՞րն էր ԱՄՆ-ի դերը։ Եվ ահա, 2018թ. փետրվարի 13-ին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի կողմից հրապարակվել է «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» ամենամյա զեկույցը։ Զեկույցի Լեռնային Ղարաբաղին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմերի փոխզիջման գնալ չցանկանալը, կողմնակի ճնշման մեծացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումը 2018թ. կարող են հանգեցնել խոշորամասշտաբ մարտական գործողությունների Հայաստանի և Ադրբեջանի միջև», որոնք, ինչպես ասվում է զեկույցում, կարող են ներգրավել Ռուսաստանին՝ տարածաշրջանային իր դաշնակցին աջակցություն ցուցաբերելու համար։
Հետևելով այս ամենամյա զեկույցի տրամաբանությանը՝ Թուրքիան և Իսրայելը, որոնք հանդիսանում են Ադրբեջանին ամենաարդիական զենք մատակարարողները, նույնպես կարող են ներգրավվել հակամարտությանը՝ իրենց տարածաշրջանային դաշնակցին աջակցություն ցուցաբերելու համար։ Ավելին, 2017թ. Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ադրբեջանական TREND, АЗЕРТАДЖ և АРА գործակալություններին տված հարցազրույցում ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդիրը նույնպիսի արնածոր վերք է Թուրքիայի համար, ինչպես և Ադրբեջանի համար է... Ցավոք, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դադարեցնի ադրբեջանական տարածքների օկուպացիան, այդ հարցը լուծելն անհնար կլինի։
Օկուպացիային անհապաղ պետք է վերջ դրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների և միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա... Կարծում ենք, որ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ, պետք է ավելի ակտիվ աշխատի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»։ Թուրքիայի նախագահը, մի կողմից, չափազանց վտանգավոր է մեկնաբանում հակամարտության կարգավորման իր տեսլականը, միևնույն ժամանակ՝ լիովին անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների նախազգուշացումն առ այն, որ «այդ դրույթները (նկատի ունեն հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքները՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք) պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ դրանցից որոշներին մյուսների նկատմամբ նախապատվություն տալու ցանկացած փորձ բացառում է հավասարակշռված որոշում ընդունելու հնարավորությունը»։
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին Իսրայելի կողմից զենքի մատակարարումներին, ապա մեջբերում կատարենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իլհամ Ալիևի՝ 2016թ. դեկտեմբերին արված հայտարարության սղագրությունից. «Մենք ակտիվորեն համագործակցում ենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում, և այդ համագործակցությունը շարունակվում է արդեն երկար տարիներ։ Ես մի թիվ նշեմ, որպեսզի ցույց տամ, թե որքան մասշտաբային է այդ համագործակցությունը. Ադրբեջանական և իսրայելական ընկերությունների միջև պաշտպանական սարքավորումների գնման պայմանագրերի գումարը մոտենում է 5 միլիարդ դոլարի»,- մեջբերվում են Ալիևի խոսքերը երկու առաջնորդների անգլիալեզու հայտարարությունների սղագրությունում, որը տարածել է Նեթանյահուի մամուլի ծառայությունը։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ վաճառվող իսրայելական ռազմատեխնիկան միշտ վերջին սերնդին է պատկանում՝ չզիջելով ամերիկյան, բրիտանական, գերմանական կամ իտալական համանման նմուշներին՝ հաճախ անգամ գերազանցելով դրանց։ Սակայն, չգիտես ինչու, «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» ամենամյա զեկույցում այս փաստին և դրա հետևանքներին համապատասխան ուշադրություն չի հատկացվում, ինչպես «Հայաստանի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերման» պարագայում է արվում։ Այստեղ արդեն չենք խոսում այն մասին, որ Բաքուն Իսրայելից գնում է ոչ միայն սպառազինություն, այլև ռազմական տեխնոլոգիաներ, օրինակ՝ հրթիռների և հարվածող անօդաչու թռչող սարքերի արտադրության գծով։ Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի և Թուրքիայի միջև դեռևս իբր թե պահպանվող լարվածությանը, ապա դա արդեն չթաքցվող սակարկություն է կողմերից յուրաքանչյուրի դերի և Մերձավոր Արևելքում իր ազդեցության ուժեղացման մասին։ Եվ այդ սակարկության ամենազզվելի դրսևորումը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման մանիպուլացումն է՝ կապված այն իրավիճակի հետ, որը ժամանակի տվյալ պահին ստեղծվում է իսրայելա-թուրքական երկկողմ հարաբերություններում։ Ասվածի ամենավերջին հաստատումը Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի չընդունման փաստն է։ Այսպես, ս.թ. փետրվարի 14-ին Քնեսեթի լիագումար նիստում քննարկվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին օրինագիծը։ Այն մերժվեց 41 «դեմ» - 28 «կողմ» ձայների հարաբերակցությամբ, ձեռնպահներ չկային։ Իսրայելն ավանդաբար ձեռնպահ է մնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, որպեսզի, ինչպես իրենք՝ իսրայելցի քաղաքական գործիչներն են խոստովանում, «չզայրացնեն Թուրքիային»։ Եվ սա բնավ պատահական չէ, հավանաբար Թուրքիայի և Իսրայելի ռազմավարական շահերը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ այնքան էլ հակադիր չեն։ Սակայն սա առանձին վերլուծության թեմա է։
Կարծում եմ, որ ասվածից կարելի է եզրակացնել, որ Ի.Ալիևի ռազմաշունչ ճառը ԵԱԿ VI համագումարում, ԱՄՆ Ազգային հետախուզական վարչության տնօրեն Դենիել Քոութսի հրապարակած «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» ամենամյա զեկույցում պարունակվող գնահատականները, այդ զեկույցում Ռուսաստանն ավելի քան 60 անգամ հիշատակելը, Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա մասին օրինագծի չընդունումը (որպեսզի չզայրացնեն Թուրքիային), թուրքական բանակի կասկածելի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը քրդերի դեմ, որոնց ակտիվորեն աջակցում է ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցը հանդիսացող ԱՄՆ-ը, վկայում են այն մասին, որ սիրիական խճճված հանգույցում ստեղծվում է կառավարելի քաոսի փոքր-ինչ նորացված տարբերակը, որին ջանալու են անպայման ներգրավել Իրանին և Ռուսաստանին։ Ընդ որում՝ այս ռազմավարության հեղինակների մտահղացմամբ, եթե Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմական գործողություններ նախաձեռնվեն, ինչին կոչում է ափշերոնցի սուլթանը, ապա Ռուսաստանը կներգրավվի նոր ռազմական հակամարտության մեջ, ինչի մասին «մարգարեանում» է Դեն Քոութսը։ Այս բոլոր փաստերի համադրումը խոսում է այն մասին, որ Իլհամ Ալիևը ԵԱԿ VI համագումարում ունեցած իր ելույթում ըստ էության հնչեցրել է գաղափար Հարավային Կովկասում Ռուսաստանի՝ պատերազմին ներգրավվելու գործընթացի սկսման մասին։ Թե ինչն է նրան դրդել անել դա՝ պարզ կդառնա ամենամոտ ապագայում։
Ամփոփելով կուզենայի նշել, որ ս.թ. փետրվարի 13-15-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն՝ ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ս. Բաբլոյանի գլխավորությամբ։ Ինձ պատիվ էր վիճակված լինել պատվիրակության կազմում և, ավելին, հանդիպման ժամանակ մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների մասին խոհերս ու տագնապներս կիսել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի և համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովում նրա տեղակալ, ՌԴ սենատոր Իգոր Կոնստանտինովիչ Չեռնիշենկոյի հետ։ Դաշնային ժողովի գործընկերները մեծ ուշադրությամբ և հետաքրքրվածությամբ լսեցին իմ փաստարկները, ինչն էլ ոչ քիչ չափով մղեց ինձ գրելու այս հոդվածը Ռուսաստանի հարավային մատույցներում ստեղծվող իրավիճակի իմ տեսլականի մասին։ Այս հրապարակման օգտին իր որոշակի դերը խաղաց նաև Պետական դումայում և Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ պատվիրակության գտնվելու մթնոլորտը, լիակատար փոխըմբռնումը և նույն մոտեցումները՝ մեր երկրներին հուզող ակտուալ խնդիրները գնահատելիս։ Եվ սա հատկապես հստակ դրսևորվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Սաենի Բաբլոյանի հետ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինի, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոյի հանդիպման ժամանակ։ Կուզենայի հատուկ նշել այն բարձր գնահատականի մասին, որը տրվեց ռուս-հայկական ռազմավարական միությանը «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Իվանովիչ Նևերովի, ՌԴԿԿ խմբակցության ղեկավար Գենադի Անդրեևիչ Զյուգանովի և ՌԼԴԿ խմբակցության առաջնորդ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու, ինչպես նաև Պետդումայի՝ Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Իվանովիչ Կալաշնիկովի կողմից։
Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ ԱԺ պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում կրկին ամենայն համոզչությամբ հայտարարվեց՝ Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական միությունն անսասան է, և այն դարերի համար է։
Արտաշես Գեղամյան,
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,
ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության
Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ,
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ