Արտաշես Գեղամյան. Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և խոր գործընկերության համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կդառնա Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների համար

 

14:41, 20 Նոյեմբերի, 2017, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/913037/artashes-geamyan-podpisanie-soglasheniya-o-vseobemlyushchem.html

24.11.2017, Իրավունք

 

Արմենպրես. Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ Հայաստանի Համապարփակ և խոր գործընկերության համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կդառնա ԵԱՏՄ մյուս անդամների և հենց Եվրասիական տնտեսական միության համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Արտաշես Գեղամյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» երևանյան Մեդիաֆորումի ժամանակ։

Ա.Գեղամյանի խոսքերով՝  Հայաստանի ղեկավարությունն իր նորագույն պատմության շրջադարձային պահին բացառիկ իմաստնություն ցուցաբերեց և, ի տարբերություն Ուկրաինայի ու Մոլդովայի ղեկավարների, քաղաքական կամք դրսևորեց և 2013թ. սեպտեմբերին հայտարարեց Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշման մասին։ Պատգամավորը կարծում է, որ եթե այն ժամանակ Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման փաստաթուղթը, ապա այդ համաձայնագրի տնտեսական մասի իրագործումը կհանգեցներ, նրա խոսքերով՝ «հայկական տնտեսության բացարձակ կաթվածահարման»։ Իսկ այժմ, կարծում է պատգամավորը, Համաձայնագիրն ինքն է զգալի փոփոխությունների ենթարկվել, և անգամ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն են համակերպվել այն փաստին, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ի գործընկերության նոր համաձայնագիրը կազմված է ԵԱՏՄ-ի առջև Հայաստանի պարտավորությունների լիակատար հաշվառմամբ։ «Սա հայկական դիվանագիտության և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի անվիճելի հաղթանակն է։ Չնայած արտաքին լրջագույն ճնշմանը՝ նախագահը քաղաքական կամք դրսևորեց և հետևողականորեն առաջ մղեց այդ գաղափարը։ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում զինաթափ անող հայտարարություն է արել այն մասին, որ Հայաստանի և ԵՄ-ի՝ ասոցիատիվ համաձայնագրին (հայտնի վերապահումներով) մոտ նոր Համաձայնագրի օրինակով մեր երկիրը ցույց կտա, որ չկան անհաղթահարելի խոչընդոտներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև սերտ տնտեսական համագործակցություն հաստատելու համար։ Ավելին, իր օրինակով ցույց կտա ինտեգրացիոն գործընթացների փոխշահավետությունը ԵՄ և ԵԱՏՄ անդամ պետությունների համար, ինչպես նաև այն հնարավորությունը, որ Հայաստանը, լինելով մեկ տնտեսական կազմակերպության՝ ԵԱՏՄ-ի և անվտանգության համակարգի՝ ՀԱՊԿ-ի անդամ, կարող է միաժամանակ համապարփակ և խոր գործընկերություն հաստատել ԵՄ-ի հետ»։

Ա.Գեղամյանի կարծիքով՝ Հայաստանը սրանով աշխարհին հայտարարում է, որ եթե ԵԱՏՄ առանձին վերցրած երկրի համար հնարավոր է ասոցիատիվ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ՝ միևնույն ժամանակ վնաս չհասցնելով ավելի վաղ ստանձնած պարտավորություններին, ապա դա լավ օրինակ կդառնա Եվրասիական տնտեսական միության այլ երկրների, այդ թվում և Ռուսաստանի ու, ըստ էության՝ նաև ԵԱՏՄ-ի համար։ «Այդ փաստը դեռևս պետք է ընկալեն ԵԱՏՄ բարին չկամեցողները, որոնք, քաղաքական կարճատեսություն կամ բանալ կանխակալություն դրսևորելով, ամեն կերպ ջանում են աղավաղել ոչ միայն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության բովանդակությունը, որը մեր բարդ ժամանակներում շատ ու շատ պահանջված է, այլև իր գործողություններով էլ ավելի են բորբոքում Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև լարվածությունը։ Հայաստանը, ԵԱՏՄ անդամ հանդիսանալով և պատրաստ լինելով ԵՄ-ի հետ ստորագրել նոր Համաձայնագիր համապարփակ և խոր գործընկերության մասին, հիրավի հեղափոխական քայլ է կատարել՝ դրանով իսկ չեղարկելով այս երկու միջազգային միությունների անհամատեղելիության մասին բոլոր փաստարկները։ Հայաստանի օրինակով չեղարկվել են բոլոր շահարկումները ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հաստատման անհնարինության վերաբերյալ, ինչը եռանդագին սերմանվում էր երրորդ երկրների կողմից։ Ըստ էության, նրանց բոլոր փաստարկները կեղծ էին»,- ընդգծեց Արտաշես Գեղամյանը։ Նրա կարծիքով՝ դրանով իսկ հաստատվում է, որ երկու միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև որակապես նոր տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունը միանգամայն իրական է։ «Միավորված Եվրոպան, համենայնդեպս՝ եվրոպական շատ երկրներ, խորապես ըմբռնելով տեղի ունեցող գործընթացները, հասկանում են այդ համագործակցության ակտուալությունը և անայլընտրանքայնությունը»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

Հայաստանը հույս ունի, որ 2017թ. նոյեմբերի 24-ին «Արևելյան գործընկերության» Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում կստորագրվի ԵՄ-ի հետ Համապարփակ և խոր գործընկերության համաձայնագիր, որը փաստացի կփոխարինի գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին։         

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր