ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է
14:40, 18 Նոյեմբերի, 2017, Արմենպրես
https://armenpress.am/arm/news/912934/artashes-gegamyan-evraziiyskiiy-ekonomicheskiiy-soyuz---garant.html
24.11.2017, Իրավունք
Նկարում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Նիկոլայ Ռիժկովը և Արտաշես Գեղամյանը, ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության անդամները, ՄԽՀ 30-րդ նիստի մասնակիցները, Երևան, 2 նոյեմբերի 2017թ.։
2017թ. նոյեմբերի 17-ին Երևանում Հայաստանի «Արմենպրես» լրատվական գործակալությունը և ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայկական մասնաճյուղը կազմակերպել էին Մեդիաֆորում՝ «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» թեմայով: Ուրախալի է նշել, որ մեդիաֆորումի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի լրատվական գործակալությունների ղեկավարները: Մեդիաֆորումի շրջանակներում քննարկվեցին հրատապ հարցեր. «Ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական ուղեկցումը» և «ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները. գնահատականներ, առկա իրավիճակ, հեռանկարներ»: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Արտաշես Գեղամյանը: «Արմենպրեսը» ընթերցողների դատին է ներկայացնում Արտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տարբերակը:
Արտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տարբերակը
Հարգելի գործընկերներ, «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» Մեդիաֆորումի թեման ելույթ ունեցողներից յուրաքանչյուրին ուղղորդում է, առաջին հերթին, բացահայտել այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք այսօր առկա են Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ճանապարհին: Առանց այդ մարտահրավերների և սպառնալիքների էությունը և ուղղվածությունը բացահայտելու, դրանք նախաձեռնողների հետապնդած նպատակներն ու դրդիչ մոտիվները պարզելու՝ «Ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական ուղեկցումն» ավելի շուտ կունենա մակերեսային բնույթ՝ կտրված արդի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողություններից: Դրանից խուսափելու համար արդարացի կլինի հիշել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) կայացման նախապատմությունը:
Եվ այսպես, 2011թ. հոկտեմբերի 3-ին «Известия» թերթը հրապարակեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հոդվածը՝ «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» վերնագրով: Արդեն այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը, կռահելով Արևմուտքի երկրների հնարավոր արձագանքը կարևորագույն ինտեգրացիոն նախագծի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի մեկնարկի (2012թ. հունվարի 1-ից) հայտարարմանը, իր հոդվածում հստակ նշել է ինտեգրացիոն այդ նախագծի շրջանակներում գործունեության հիմնական ուղղությունները: Այսպես, Ռուսաստանի նախագահը հարց է տալիս. «Ինչպիսի՞ն ենք տեսնում այս նախագծի հեռանկարները և ուրվագծերը»: Այնուհետև այդ նույն հոդվածում տրվում է այս հարցերի ընկալելի բացատրությունը. «Նախ՝ խոսքն այն մասին չէ, որպեսզի այս կամ այն տեսքով վերականգնվի ԽՍՀՄ-ը: Պարզամտություն կլինի փորձել վերականգնել կամ պատճենել այն, ինչն արդեն մնացել է անցյալում, բայց սերտ ինտեգրացիան նոր արժեքային, քաղաքական, տնտեսական հիմքի վրա՝ սա ժամանակի հրամայականն է: Մենք առաջարկում ենք հզոր ազգային միավորման մոդել, որն ի զորու կլինի դառնալու արդի աշխարհի բևեռներից մեկը և միևնույն ժամանակ խաղալու արդյունավետ «հանգույցի» դեր Եվրոպայի ու դինամիկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև: Սա այդ թվում նշանակում է նաև, որ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա անհրաժեշտ է անցում կատարել ավելի սերտ տնտեսական և արժութային քաղաքականության, ստեղծել լիարժեք տնտեսական միություն»: Արդեն այդ ժամանակ պարզ դարձավ, թե որոնք են ապագա ԵԱՏՄ-ի հստակ ձևակերպված նպատակները, այն է՝ «հանգույց» դառնալ Եվրոպայի և դինամիկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև, ինչպես նաև «ավելի սերտ տնտեսական և արժութային քաղաքականություն իրականացնել»: Իհարկե, հայտարարված նպատակները չէին կարող չարժանանալ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների սուր արձագանքին: 2012թ. դեկտեմբերի սկզբին, երբ արդեն ձևավորվել էին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքը և Մաքսային միությունը, Financial Times հեղինակավոր պարբերականը հրապարակեց այդ նախագծի հանդեպ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերաբերմունքը, որում ասվում էր, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են խանգարել տնտեսական ինտեգրացիայի անվան տակ Խորհրդային Միության նոր տարբերակի ստեղծմանը: «Եկեք սխալներ չգործենք: Մենք գիտենք, թե որն է նպատակը, և մենք կփորձենք գտնել արդյունավետ միջոց այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կանխելու համար»,- հայտարարել էր Հիլարի Քլինթոնը: Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի շուրջ իրադարձությունների զարգացման հետագա ընթացքն ամենայն համոզչությամբ վկայում է, որ ցայսօր ԱՄՆ-ը հետևողականորեն ընթանում է ԵԱՏՄ-ի կայացմանը դիմակայելու ուղեգծով: Ավելին, այդ ուղեգիծն իր արտացոլումն է գտնում նաև Եվրամիության արտաքին քաղաքականությունում: Որպեսզի այս հավաստիացումը մերկապարանոց չհնչի, հիշենք, թե ինչ փորձությունների ենթարկվեց, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը վերջին տարիների ընթացքում: Ինչո՞ւ է նպատակահարմար թվում վերլուծել հենց Ռուսաստանի վրա Արևմուտքի երկրների գործադրած ճնշումը: Կարծում եմ, որ պատասխանը բավական պարզ է, քանզի գաղտնիք չէ, որ հենց Ռուսաստանի տնտեսությունն է հանդիսանում ԵԱՏՄ զարգացման լոկոմոտիվը: Միևնույն ժամանակ, միանգամայն հասկանալի է, որ Ռուսաստանի տնտեսության թուլացումը, առավել ևս՝ խափանումը, անխուսափելիորեն կվարկաբեկեն նրա գրավչությունը և մեծ հարցականի տակ կդնեն ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման նպատակահարմարությունն ինչպես նրա անդամների, այնպես էլ Եվրասիական ինտեգրացիայի նախագծով այլ հետաքրքրվողների համար: Հետևելով ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև (Կազիմիր) Բժեզինսկու «պատգամներին»՝ «հակաեվրասիականության» գաղափարախոսները որպես գլխավոր հարվածային ուժ, որը կարող է ջախջախիչ հարված հասցնել ԵԱՏՄ-ին, ընտրել են Ուկրաինան: Իր ելույթներում Զ.Բժեզինսկին հատուկ դեր էր հատկացնում Ուկրաինային արդի աշխարհում, որը, Ադրբեջանի, Հարավային Կորեայի, Թուրքիայի և Իրանի կողքին, նրա կարծիքով, «սկզբունքայնորեն կարևոր աշխարհաքաղաքական կենտրոն» է հանդիսանում: Ընդ որում՝ նա հատուկ դեր էր հատկացնում Ուկրաինային՝ համարելով, որ. «Քանի դեռ Ուկրաինան անկախ է, Ռուսական կայսրության (իմա՝ նաև հենց Ռուսաստանի- Ա.Գ.) վերականգնումն անհնար է, նրա (Ուկրաինայի) գոյությունն իսկ կդրդի Ռուսաստանին ժողովրդագրական խնդիրների և Արևելքից ճնշման ներքո դիմել եվրոպական ընտրությանը»: Նշենք նաև, որ 2013թ. ուկրաինական արտահանման մեկ երրորդը բաժին էր ընկնում Ռուսաստանին: Էլ չեմ ասում այն մասին, որ 2014թ. փետրվարին պետք է գործարկվեր Ուկրաինայի և Ռուսաստանի Արդյունաբերական կոոպերացման ծրագիրը, ինչը թույլ կտար ստեղծել հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր և երաշխիքներ բոլոր մակարդակի բյուջեների համար: Հիշեցնենք նաև, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ստորագրվել էր գազային պայմանագրի լրացում, որը նախատեսում էր Ուկրաինայի համար գազի գինը սահմանել 268,5 դոլար 1000 մ3-ի դիմաց (մինչ այդ գինը կազմում էր մոտավորապես 400 դոլար 1000 մ3-ի դիմաց): Կարծում եմ, ավելորդ չէ նշել, որ այն ժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի տասնյակ առաջատար արդյունաբերական ձեռնարկություններ աշխատում էին սերտ կոոպերացմամբ, և այստեղ աշխատում էին երկու երկրների հարյուր հազարավոր քաղաքացիներ: Գործիքանին, որի օգնությամբ փորձեցին խզել այդ ժամանակ առկա և գործարկման պատրաստ նոր ինտեգրացիոն գործընթացները, պայմանավորված էր Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրմամբ: Նշենք, որ Ասոցիատիվ համաձայնագրի տնտեսական մասն ըստ էության հանգեցվում էր այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեին Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների լիակատար խզմանը: Ինչպես հիշում ենք, Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրումը չկայացավ: Հետևեցին իրադարձություններ, որոնք բավական ճիշտ բնութագրել է ամերիկացի հայտնի քաղաքագետ, Stratfor հետախուզական-վերլուծաբանական մասնավոր գործակալության ղեկավար Ջորջ Ֆրիդմանը: 2014թ. դեկտեմբերի 19-ին նա «Ъ»-ին տված հարցազրույցում «Իսկ Ռուսաստանի հանդեպ նա (նկատի ունի ԱՄՆ-ը –Ա.Գ.) ի՞նչ մարտավարություն է օգտագործում» հարցին սպառիչ պատասխան է տվել: «Բայց չէ՞ որ Ռուսաստանը չի ուզում լիովին վերահսկել Ուկրաինան կամ օկուպացնել այն. բավական է և այն, որ Ուկրաինան չմտնի ՆԱՏՕ և ԵՄ: ՌԴ իշխանությունները չեն կարող թույլ տալ մի իրավիճակ, որի պարագայում արևմտյան զինված ուժերը գտնվեն Կուրսկից կամ Վորոնեժից հարյուր կիլոմետրի վրա: Իսկ ԱՄՆ-ը շահագրգռված էր Ուկրաինայում արևմտամետ կառավարության ստեղծմամբ: Նա տեսնում էր, որ Ռուսաստանը վերելքի վրա է, և փորձում էր թույլ չտալ նրան համախմբել իր դիրքերը հետխորհրդային տարածքում: Արևմտամետ ուժերի հաջողությունն Ուկրաինայում թույլ կտար զսպել Ռուսաստանը,- ասել էր Ջ.Ֆրիդմանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում,- Ռուսաստանը տարեսկզբի (2014թ.- Ա.Գ.) իրադարձություններն անվանում է ԱՄՆ կազմակերպած պետական հեղաշրջում: Եվ դա իսկապես ամենաբացահայտ պետական հեղաշրջումն էր պատմության մեջ»: Ասվածին լոկ հավելենք, որ 2014թ. փետրվարի 21-ին, այսինքն՝ պետական հեղաշրջումից մի քանի օր առաջ, Կիևի կենտրոնում Եվրամայդանի մասնակիցների և իրավապահ մարմինների միջև արյունահեղ դիմակայության ֆոնին, որի արդյունքում ավելի քան հարյուր մարդ զոհվեց, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և խորհրդարանական ընդդիմության առաջնորդները, Լեհաստանի, ԳԴՀ-ի և Ֆրանսիայի բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ, ստորագրեցին «Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը»: Հիշեցնեմ, որ փաստաթղթով նախատեսվում էր վերադարձ խորհրդարանա-նախագահական կառավարման ձևի, «ազգային վստահության կառավարության» ձևավորում, սահմանադրական բարեփոխում և երկրի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացում մինչև 2014թ. վերջ: Այս փաստաթղթի ստորագրումից մեկ օր հետո՝ 2014թ. փետրվարի 22-ին, Գերագույն ռադան պաշտոնանկ արեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, դրանով իսկ կատարվեց «ամենաանթաքույց պետական հեղաշրջումը պատմության մեջ»: Ինչպես և պետք էր սպասել, Ուկրաինայում իշխանության եկան ուժեր, որոնք իրենց քաղաքական գլխավոր նպատակներից մեկը հռչակեցին Ռուսաստանի հետ առևտրային կապերի լիակատար խզման ուղեգծի իրականացումը: Սակայն հարկ է ընդգծել, որ նման արմատական քայլի հետևանքներն էլ ավելի խորացրին Ուկրաինայի տնտեսության առանց այդ էլ տխուր վիճակը, որն արդեն այն ժամանակ խոր տնտեսական ճգնաժամի մեջ էր գտնվում: Ընդ որում՝ նշենք, որ ուկրաինական իշխանությունների նման գործողությունները Ռուսաստանի տնտեսության վրա չունեցան այն կրիտիկական հետևանքները, որոնք սպասում էին ուկրաինացիներն ու արտասահմանից նրանց ուղղորդողները: Սրան զուգահեռ՝ տեղեկատվական տարածքում հետևողականորեն իրականացվում էր Ռուսաստանի դեմոնացման գիծը, այն ներկայացվում էր ագրեսորի դերում, մանավանդ Ղրիմում, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում տեղի ունեցած իրադարձությունների խեղաթյուրման ճանապարհով, որտեղ ռուսալեզու բնակչությունը համախմբվել էր՝ թույլ չտալու համար արյունահեղություն ազգայնական, արմատական տրամադրված զինված խմբավորումների կողմից, որոնք բացարձակապես չէին ենթարկվում ուկրաինական իշխանություններին: Ավելին, իրենց գործողություններով նրանք սադրում էին ռուսաստանյան զինված ուժերին ռազմական գործողություններ նախաձեռնել Ուկրաինայի տարածքում՝ տեղի բնակչությանը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքից պաշտպանելու նպատակով: Ռուսաստանը չտրվեց ուկրաինացի ազգայնականների սադրանքներին:
Կուզենայի նշել, որ Ռուսաստանի դեմոնացման գծի վտանգավորության մասին ես արդեն գրել եմ: 2015թ. սկզբին ես հոդված եմ հրապարակել «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի դեմոնացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի» վերնագրով: Հետագայում հոդվածը թարգմանվեց ԵԱՀԿ աշխատանքային լեզուներով, ինչպես նաև թուրքերեն, և հրատարակվեց առանձին գրքով, որը տարածվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 57 պետություն ներկայացնող պատվիրակների միջև: Հիշեցնեմ, որ հենց այդ ժամանակ էր, որ աննախադեպ տեղեկատվական պատերազմ էր ծավալվել Ռուսաստանի դեմ: Հավանաբար, Ռուսաստանի դեմոնացման նախագիծը կազմակերպիչների ակնկալած ներգործությունը չէր ունեցել ԵԱՏՄ-ի քայքայման վրա:
Ինչպես և պետք էր սպասել, «հակաեվրասիականների» մարտավարությունը փոխվեց. Ռուսաստանի դեմ սանձազերծվեց պատժամիջոցների պատերազմը: Որդեգրվեց 20-րդ դարի 80-ականներին իրեն հաջող դրսևորած ԽՍՀՄ տնտեսության խափանման ուղեգիծը, որը հանգեցվում էր նավթի գների կտրուկ իջեցմանը: ԽՍՀՄ այն տարիների տնտեսությունը շատ բանով կախված էր էներգակիրների գնից և չկարողացավ դիմակայել նավթի գնի խափանարար իջեցմանը: Այն ժամանակ սա կարողացավ դեր խաղալ, բայց մեր օրերում դա չհանգեցրեց ցանկալի արդյունքի: Ավելին, նավթի գնի կտրուկ անկումը (երկու և ավելի անգամ) բավական վատ վիճակի մեջ գցեց թերթաքարային նավթի արդյունահանմամբ և մշակմամբ զբաղվող ամերիկյան ընկերություններին, որոնք հայտնվեցին սնանկացման եզրին: Միևնույն ժամանակ, պատժամիջոցների պատերազմից լուրջ վնասներ կրեց ԵՄ տնտեսությունը: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու պատճառով ԵՄ տնտեսությունն ամեն ամիս կորցնում է 3,2 մլրդ դոլար: Այն դեպքում, երբ Ռուսաստանի տնտեսությունը 2014 թվականից մտցված պատժամիջոցների պատճառով կորցրել է $55 մլրդ, ԵՄ տնտեսության կորուստը կազմել է ավելի քան $100 մլրդ: Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ՝ մարդու իրավունքների իրականացման վրա միակողմանի հարկադրական միջոցների բացասական ներգործության հարցերով հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին (https://www.gazeta.ru/politics/2017/04/ 28_a_10649075.shtml#page2): Նրա տվյալներից հետևում է, որ ԵՄ-ը 2014 թվականից ի վեր պատժամիջոցների պատճառով կորցրել է երկու անգամ ավելի, քան Ռուսաստանը: Այսպիսով, մենք կարող ենք արձանագրել, որ հակառուսաստանյան պատժամիջոցները դրանց կազմակերպիչների համար հակաարդյունավետ են եղել, և դրանց արդյունքում նախաձեռնող երկրները ավելի մեծ վնասներ են կրել, քան Ռուսաստանը:
Ավելորդ չէ ուշադրություն հրավիրել նաև հետևյալ գործոնի վրա: Նավթի գների անկումը նախաձեռնելու հետ միաժամանակ (ոչ առանց խոշոր ֆինանսական շահառուների անմիջական մասնակցությամբ), ձեռնարկվեց նաև Ռուսաստանի ֆինանսական համակարգի ապակայունացման աննախադեպ փորձ, որը հիմնականում պայմանավորված էր, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի խոսքերով՝ գների սարքովի անկմամբ, Ռուսաստանի դրամական միավորի՝ ռուբլու արժեզրկմամբ: Սերգեյ Գլազևը «Бизнес-газета»-ին 2017թ. օգոստոսի 15-ին տված հարցազրույցում (www.business-gazeta.ru/article/354455, Сергей Глазьев: «Возникает риск обрушения рубля накануне прези¬дентских выборов», Սերգեյ Գլազև. «Նախագահական ընտրությունների նախօրեին ծագում է ռուբլու փլուզման վտանգ»), վերլուծելով 2014-15թթ. ռուբլու կտրուկ անկման պատճառները, գալիս է այն եզրահանգման, որ ռուբլու փոխարժեքի անկումը՝ այն ազատ լողարկման դուրս բերելուց հետո, քանիցս գերազանցել է նավթի գների իջեցման հնարավոր ազդեցությունը: Որպես իր այս պնդման հիմնավորում նա նշում է նավթ արդյունահանող այլ երկրների ազգային արժույթների համեմատական կայունության փաստը և ներկայացնում է ՏՀԶԿ գնահատականները, որոնց համաձայն՝ 2014թ. դեկտեմբերին ռուբլի/դոլար փոխարժեքն ըստ գնողունակության պարիտետի կազմում էր 1 դոլարը 19 ռուբլի: Ընդ որում՝ նշվում էր, որ ՌԴ առևտրային հաշվեկշիռը մնում էր կայուն դրական, իսկ արժութային պահուստների ծավալը կրկնակի գերազանցում էր ռուբլու դրամական բազայի մեծությունը: Դա, իր հերթին, նշանակում է, որ ռուբլու անվանական փոխարժեքը այդ ողջ ընթացքում թերագնահատվել է հիմնարար տնտեսական հարաբերակցությունների առումով և չէր կարող այդքան ընկնել շուկայական կոնյունկտուրայի տատանումների ազդեցության ներքո: Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման պատճառների մասին իր վերլուծության վերջում ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևը գալիս է այն եզրակացության, որ. «Փոխարժեքի անկումը և արժութային-ֆինանսական շուկայի ապակայունացումը դարձան իրավիճակի վերահսկումից ԿԲ-ի և Մոսկվայի բորսայի (ՄԲ) ինքնահեռացման հնարավոր հետևանքները: ՄԲ-ն չօգտվեց համաշխարհային գործելակերպում բոլորի կողմից ընդունված ոչ մի գործիքից՝ ռուբլու վրա սպեկուլյատիվ գրոհը կասեցնելու համար»:
Նավթի գների կործանարար անկումը և դրան հաջորդած ռուբլու փոխարժեքի կտրուկ իջեցումը ժամանակային առումով մանրամասն հաշվարկված էին: Այս հանգամանքին իր վերլուծություններից մեկում անդրադարձել է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական և տնտեսական մեկնաբան, Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում ԱՄՆ ֆինանսների նախարարի տնտեսական քաղաքականության գծով նախկին օգնական Փոլ Կրեյգ Ռոբերտսը: Նրա կարծիքով՝ ռուբլու փոխարժեքի անկումը տնտեսական ոչ մի ցուցանիշով հիմնավորված չէր: Ավելին, ըստ նրա՝ այն պայմանավորված էր ԵԱՏՄ գործունեության մեկնարկով, ինչը, այս ձեռնարկման նախաձեռնողների մտահղացմամբ, կհանգեցներ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պետությունների և ապագա անդամների կողմից Ռուսաստանի հանդեպ վստահության լիակատար խափանմանը:
Ես միտումնավոր այսքան հանգամանալիորեն կանգ առա այս հարցերի լուսաբանման վրա, քանի որ համոզված եմ, որ առանց հասկանալու համաշխարհային քաղաքականության ուժի առանձին կենտրոնի կողմից հետևողականորեն իրականացվող հակառուսաստանյան, ասել է թե՝ հակաեվրասիական քաղաքականության իսկական պատճառները՝ դահլիճում ներկա զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և նրանց գործընկերներին դժվար կլինի կազմակերպել ԵԱՏՄ մարտահրավերներին համարժեք՝ ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական ուղեկցում ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում: Ընդ որում՝ կարևոր է ըմբռնել, որ «հակաեվրասիականների» գործողությունները երկարաժամկետ բնույթ են ունենալու, և դրանք բնավ էլ լոկ կախված ու պայմանավորված չեն լինելու միայն ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում առաջացող քաղաքական կոնյունկտուրայով: Առնվազն միջնաժամկետ հեռանկարում նման իրադրության պահպանման գլխավոր պատճառներից մեկը, ըստ իս, լինելու են այն հսկայական անհամամասնությունները, որոնք գոյություն ունեն համաշխարհային ֆինանսական համակարգում, որը համաշխարհային պահուստային արժույթների, առաջին հերթին՝ ԱՄՆ դոլարի, մի փոքր ավելի պակաս՝ եվրոյի և զգալիորեն ավելի պակաս՝ բրիտանական ֆունտ ստեռլինգի, ճապոնական իենի և շվեյցարական ֆրանկի պատանդն է դարձել: Ինչ նկատի ունեմ: Համաձայն The World Factbook-ի (ԱՄՆ ԿՀՎ Տեղեկագիր, ԿՀՎ փաստերի գիրք- Ա.Գ.) տվյալների՝ ԱՄՆ պետական պարտքը (օնլայն) ս.թ. նոյեմբերի 18-ին, տեղի ժամանակով ժամը 10.05-ին, կազմել է 20 տրլն 535 մլրդ 645 մլն 715 հազ. դոլար, այն դեպքում, երբ այդ երկրի ՀՆԱ-ն 2016թ. տվյալներով կազմել է 18 տրլն 570 մլրդ դոլար; Ֆրանսիայի պետական պարտքը կազմել է 5 տրլն 360 մլրդ դոլար՝ ՀՆԱ (2016թ. մարտի 31-ի դրությամբ) 2 տրլն 734 մլրդ դոլարի պարագայում; Գերմանիայի նույն ցուցանիշը այդ նույն ժամանակամիջոցում կազմել է՝ պետական պարտք – 5 տրլն 326 մլրդ, ՀՆԱ – 3 տրլն 980 մլրդ դոլար; Իտալիայի պետական պարտքի մեծությունը կազմել է, համապատասխանաբար՝ 2 տրլն 444 մլրդ դոլար՝ ՀՆԱ 2 տրլն 235 մլրդ-ի պարագայում: Մեծ Բրիտանիայի պետական պարտքը 2016թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է 8 տրլն 126 մլրդ դոլար, ՀՆԱ-ն 2016թ. արդյունքներով՝ 2 տրլն 786 մլրդ դոլար; Ճապոնիայի պետական պարտքը 2016թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 240 մլրդ դոլար՝ ՀՆԱ 5 տրլն 238 մլրդ դոլարի պարագայում: Շվեյցարիայի նույն ցուցանիշները կազմում են՝ պետական պարտքը 2016թ. մարտի 31-ի դրությամբ՝ 1 տրլն 664 մլրդ դոլար՝ ՀՆԱ 496 մլրդ դոլարի պարագայում: Այսինքն՝ մենք բախվում ենք մի իրադրության, երբ տարեցտարի տեղի է ունենում համաշխարհային պահուստային արժույթներ թողարկող պետությունների պետական պարտքի ծավալի ավելացում, պարտք, որը դեպքերի ճնշող մեծամասնությունում գերազանցում է այդ երկրներում արտադրվող ամենամյա համախառն ներքին արդյունքը: Համաշխարհային ֆինանսական համակարգում ստեղծված այս պատկերը, աշխարհի զարգացող խոշոր տնտեսությունների համար, ինչպիսիք են Ռուսաստանը, Բրազիլիան և այլ երկրները, ակտուալացնում է իրենց տնտեսությունների կախվածության աստիճանի զգալի իջեցման խնդիրը, եթե ըստ էության խոսենք, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, Եվրոպական Կենտրոնական բանկի տպագրասարքի ինտենսիվ աշխատանքի աստիճանից և համաշխարհային պահուստային արժույթներ թողարկող այլ երկրների տպագրասարքերի աշխատանքից: Այո, սա չափազանցություն չէ, նման եզրահանգման հիմնավորումը ես ներկայացրել եմ ավելի վաղ հրապարակված իմ հոդվածներում, և սա այլ վերլուծության թեմա է:
Հարգելի գործընկերներ, առանց արդի աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական իրողությունների խոր ընկալման բավական դժվար կլինի համարժեք տեղեկատվական ուղեկցում ապահովել ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների համար: Ավելին, դժվար կլինի համաշխարհային հանրության գիտակցությանը հասցնել Եվրասիական տնտեսական միության կամ էլ այնպիսի խոշոր միջազգային կազմակերպությունների ձևավորման բացառիկ պահանջվածությունը, ինչպիսին է, օրինակ, ՇՀԿ-ն, որոնք ձգտում են համատեղ ջանքերով նվազեցնել իրենց տնտեսությունների կախվածությունը համաշխարհային պահուստային արժույթներ թողարկող պետություններից: Եվ եթե ԵԱՏՄ գործունեությունը գնահատենք այս դիրքերից, ապա իրավունք կունենաք պնդելու, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները նպատակաուղղված են արդար համաշխարհային տնտեսակարգի ստեղծմանը, համակողմանի և հավասարակշռված տնտեսական աճի աջակցությանը, պետությունների սոցիալական և մշակութային զարգացմանը՝ իրավահավասար գործընկերության հիմքի վրա, իրենց երկրների ժողովուրդների կենսամակարդակի անշեղ բարձրացմանը և կենսապայմանների բարելավմանը: Ավելին, ԵԱՏՄ ամրապնդումը եվրասիական տարածաշրջանի երկու խոշոր տնտեսական միավորումների՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության մերձեցման միակ իրական հնարավորությունն է: Դա կհանգեցներ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի միասնական գոտու ձևավորմանը: Էլ չեմ ասում այն մասին, որ այս ինտեգրացիոն նախագծի իրագործման պարագայում կարելի կլիներ վստահաբար ասել, որ համաշխարհային տնտեսությունը կդառնա շատ ավելի հավասարակշռված, ինչն, իր հերթին, դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի և ԵՄ-ի միջև, առհասարակ՝ աշխարհում քաղաքական լարվածության մեղմացմանը: Այսինքն՝ մենք լավատեսության որոշակի չափով կարող ենք պնդել, որ կայացած Եվրասիական տնտեսական միությունը խաղաղության և բարգավաճման երաշխավորն է:
Արտաշես Գեղամյան,
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ