ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԻՄՔ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
11:10, 22 Սեպտեմբեր, 2017, Արմենպրեսս
https://armenpress.am/arm/news/906139/artashes-gegamyan-ilkham-aliev-gotovit-informa%C2%ADcionnuyu.html
2017թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայությունը նշեցին Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակը։ Հատկանշական է, որ այս հիանալի տոնի նախօրեին տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք Համահայկական VI համաժողովի եզրափակիչ նիստը՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» կարգախոսով։ Համաժողովն իր բովանդակալիությամբ, ձևաչափով և հնչեցված խնդիրներով, կարելի է ասել, աննախադեպ էր։ Նրա աշխատանքին մասնակցեց Սփյուռքի ավելի քան 1800 ներկայացուցիչ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Կանադայից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից և Վրաստանից։ Մենք դեռ պետք է ըմբռնենք ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, մեր սփյուռքյան եղբայրների ու քույրերի ելույթների բովանդակությունը։ Սակայն անվիճելի է, որ բոլոր ելույթների գլխավոր «միտք բանի»-ն Հայաստանի տնտեսության զարգացման հարցերն էին, արտաքին քաղաքականության տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայության պահպանմանը։ Եվ ահա, բնույթով մարդասիրական այս միջոցառման ֆոնին Իսթ-Ռիվերի հեռավոր ափերից հնչեց ադրբեջանական սուլթանի՝ Իլհամ Ալիևի հերթական ռազմաշունչ խոսքը։ Ավաղ, չնայած իր անպատկառությանը, կեղծավորությանն ու սուտ պնդումներին, որոնք լիովին հիմք են տալիս անտեսելու սույն պասկվիլը, այնուամենայնիվ, չի կարելի անարձագանք թողնել նրա ելույթը, քանզի այն հնչեցվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի բարձր ամբիոնից։
Եվ այսպես, ի՞նչ է տեղեկացրել աշխարհին ափշերոնյան տիրակալը։ «Հայաստանն ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն է իրականացրել Խոջալուում։ Խոջալուի ցեղասպանությունն արդեն պաշտոնապես ընդունված է ավելի քան 10 երկրների կողմից։ 1992թ. փետրվարի 26-ին Հայաստանը ռազմական հանցագործություն է կատարել՝ սպանելով 613 խաղաղ բնակչի, որոնց թվում՝ 106 կին և 63 երեխա»,- հայտարարել է Ի.Ալիևը։ Իսկ ի՞նչ է եղել իրականում։ Այս նսեմ սուտը պսակազերծելու համար հղում կատարեմ որոշ անկախ աղբյուրների։ Այսպես, ընթերցողների ուշադրությունը հրավիրենք Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի՝ չեխ լրագրողուհի Դանա Մազալովային տված հարցազրույցից («Независимая газета», 02.04.1992) արված մեջբերմանը. «Հարց.- Ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո դուք հրաժարական տվեցիք։ Խոջալուցիների դիակները գտնվել են Աղդամից ոչ հեռու։ Ինչ-որ մեկը սկզբում կրակել է նրանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան հեռուն գնալ։ Հետո գործի են դրել կացինը, փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել են նրանց։ Նոր նկարահանումների ժամանակ, մարտի 2-ին, այդ նույն դիակները գանգամաշկ էին արված։ Մի ինչ-որ տարօրինակ խաղ է... Պատասխան.- Ինչպես ասում են այդ նույն խոջալուցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպվել էր այն բանի համար, որպեսզի պատրվակ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժ գործում էր նախագահին վարկաբեկելու համար... Եթե ես ասում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ։ Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին։ Ինչո՞ւ, ուրեմն, պետք է նրանք կրակեին։ Մանավանդ Աղդամին մոտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բավական ուժեր կային, որպեսզի դուրս գային և օգնեին մարդկանց։ Կամ պարզապես պայմանավորվեին, որ խաղաղ բնակիչները հեռանան։ Նման գործելակերպ միշտ եղել է»։
1995թ. ապրիլին չեխական «Էքսպրես» շաբաթաթերթում Դանա Մազալովան գրել է. «1992թ. մարտի կեսին ադրբեջանցի օպերատոր և լրագրող Չինգիզ Մուսթաֆաևը, որի հետ մենք ընկերություն էինք անում, Բաքվում, իր տանն ինձ ցույց տվեց անմշակ մի նյութ, որը նկարահանել էր փետրվարին Աղդամի մատույցների մոտ։ Ուզում եմ հատկապես ընդգծել, որ Չինգիզը միակ օպերատորն էր, որը նկարահանել էր այնտեղ զոհված մարդկանց։ Բայց Մուսթաֆաևի՝ ինձ ցուցադրած կադրերը ոչ մի ընդհանուր բան չունեին այն տեսա-լուսանկարահանումների հետ, որոնք ադրբեջանական կողմն այժմ ներկայացնում է ողջ աշխարհին որպես նրա նկարահանումներ»։
Նշենք նաև, որ մարդկանց զանգվածային սպանության շրջան երկրորդ թռիչքի ժամանակ՝ 1992թ. մարտի 2-ին, լրագրողները նկատել էին, որ մարմինների դիրքը գետնի վրա և վնասվածքների ու վիրավորվածությունների աստիճանը, առաջին զննման համեմատ, էապես տարբեր են եղել։ Եվ դա եղել է մի տարածքում, որը մինչև 1993թ. ամառ լիովին վերահսկվում էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից։ Սույն հանգամանքն այնքան է ցնցել Մուսթաֆաևին, որ նա այդ մասին անձամբ տեղեկացրել է նախագահ Մութալիբովին, որն այդ ժամանակ արդեն ակնհայտորեն կռահում էր ողբերգության պատճառների մասին։ Մութալիբովը պատասխանել է հիրավի մարգարեական խոսքերով. «Չինգիզ, ոչ մեկին ոչինչ չասես այն մասին, որ ինչ-որ վատ բան ես նկատել։ Թե չէ քեզ կսպանեն»։ Կասկածելով, որ դա հայկական կողմի ձեռքի գործը չէ, Մուսթաֆաևն անկախ հետաքննություն է սկսել։ Բայց այն բանից հետո, երբ Մոսկվայում «ДП-Пресс» տեղեկատվական գործակալությանը տեղեկացրել է խոջալուցիների դեմ հանցագործությանն ադրբեջանական կողմի հնարավոր հանցակցության մասին, լրագրողը սպանվում է 1992թ. հունիսի 15-ին, Աղդամից ոչ հեռու, չպարզված հանգամանքներում։
Մի քանի մեջբերում կատարենք այն օրերի իրադարձությունների ականատեսներից։ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, նշելով, որ հայկական կողմը միջանցք է թողել խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար, հարց է տալիս. «Ինչո՞ւ, ուրեմն, նրանք պետք է կրակեին։ Մանավանդ Աղդամին մոտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բավական ուժեր կային, որպեսզի դուրս գային և օգնեին մարդկանց... Հարձակումը Խոջալուի վրա հանկարծակի չէր, այն մասին, որ դա պատրաստվում է, լավ հայտնի էր Բաքվում։ Այստեղ գիտեին նաև «ասկերանյան միջանցքի» մասին, որը հայկական կողմը թողել էր խաղաղ բնակիչներին տարհանելու համար» («Огонек», № 14-15, 1992)։
Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Յաղուբ Մամեդով. «ադրբեջանական հեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցում Յա.Մամեդովն անկեղծորեն ասել է, որ իրեն լավ հայտնի են նրանք, ում խղճի վրա է Խոջալուի ողբերգությունը։ Խոսքը հայկական կողմի մասին չէր» («Огонек», № 14-15, 1992)։
Խոջալուի 56-ամյա բնակիչ Սալման Աբասով. «Կատարված ողբերգությունից մի քանի օր առաջ հայերը ռացիայով մի քանի անգամ մեզ տեղեկացրին, որ գրավելու են քաղաքը, որպեսզի մենք թողնենք այն,- ոտքերի ցավին հազիվ դիմանալով ասում է Սալմանը...- Ուղղաթիռները երկար ժամանակ չէին թռչում Խոջալու, և պարզ չէր, թե որևէ մեկը մտածում է մեր ճակատագրի մասին, այն հետաքրքրում է որևէ մեկին, ոչ մի օգնություն մենք գրեթե չէինք ստանում։ Ավելին, երբ կարելի էր քաղաքից դուրս բերել կանանց, երեխաներին և ծերերին, մեզ հետ էին պահում։ Խոստանում էին, որ շուտով կձեռնարկվի մի գործողություն՝ Ասկերանը գրավելու և Խոջալուի շրջափակումը ճեղքելու նպատակով։ Բախտ չվիճակվեց տեսնել... Ինչո՞ւ խաբեցին մեզ, ինչի՞ համար զոհվեցին մեր երեխաները, ո՞վ է պատասխան տալու դրա համար» (Խոջալու. Ցեղասպանության ժամանակագրություն. Բաքու, 1993թ., էջ 31, Ազերնեշր հրատ., կազմեց՝ Էլմիրա Ախունդովա, խմբագիրներ՝ Սաբիր Ռուստամխանլի, Չինգիզ Ալիօղլի, Ֆուադ Ֆարաջև)։
Կարծում ենք՝ վերոշարադրյալը կասկածներ չի հարուցում, որ Խոջալուի ողբերգությունն Արդբեջանի Ժողովրդական ճակատի խղճի վրա է, որն այդ տարիներին աչքի էր ընկնում ֆաշիստական կեցվածքով։ Եվ այս համատեքստում սրբապիղծ են հնչում Ի.Ալիևի անպատկառ մեղադրանքները հայկական կողմի և, առավել ևս, ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի՝ այդ ողբերգությանը հանցակցության մասին։ Ուղիղ հակառակը. հենց այդ տարիներին Սերժ Սարգսյանն անհաշտ պայքար էր մղում Ադրբեջանի Ժողովրդական ճակատի հանցավոր վերնախավի՝ բացահայտ ռազմական հանցագործների հետ։ Նշենք, որ Ի.Ալիևը, նրանց դատի չտալով կատարած հանցագործությունների և Խոջալուի ցեղասպանության, ռազմական այդ հանցագործության կազմակերպիչներին թաքցնելու համար, ըստ էության, դարձել է այդ չարագործությունների համամասնակիցը։ Այդ նույն տխրահռչակ ելույթում ափշերոնյան տիրակալը տրտնջում է. «1993 թվականին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել, որոնք պահանջում էին անհապաղ և անվերապահորեն դուրս բերել հայկական զորքերն Ադրբեջանի տարածքից... Մեր պարագայում այդ բանաձևերը չեն կատարվում 24 տարի։ Սրանք երկակի չափորոշիչներ են, և սա անընդունելի է։ Հայաստանի վրա պետք է դրվեն միջազգային պատժամիջոցներ»։ Այս հարցի հետ կապված՝ հիշեցնենք միայն Վլադիմիր Կազիմիրովի (1992-96թթ. ռուսաստանյան միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանից) պարզաբանումները. «Դրանք բոլորը (ՄԱԿ ԱԽ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը- Ա.Գ.) ձախողվեցին, չկատարվեցին։ Չկատարվեցին ո՞ւմ կողմից։ Ադրբեջանի։ 1993թ. գարնանը հայերը գրավեցին Քելբաջարը։ Այդ գործողության հաջողությունը հայերի համար ապահովեց ևս մեկ կամուրջ Ղարաբաղի և Հայաստանի միջև, Լաչինի միջանցքից բացի։ Դրանից հետո Ադրբեջանը նախաձեռնություն է հանդես բերում, որպեսզի այս հարցը քննարկի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը։ ԱԽ-ն 1993թ. ապրիլի 30-ին ընդունում է 822 բանաձևը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Բաքուն հույս ուներ, թե բանաձևը պարունակելու է հայերին ուղղված պահանջներ՝ ազատել գրաված ադրբեջանական տարածքները։ Բայց ադրբեջանական կողմը հաշվի չէր առել, որ այդ պահանջին փաստաթղթում նախորդելու է հանգուցային պահանջ. անհապաղ դադարեցնել կրակը, մարտական գործողությունները և անգամ «թշնամական ակտերը»։ Իսկ ի՞նչ են «թշնամական ակտերը»։ Հայկական տարածքների շրջափակումը՝ էներգետիկ, տնտեսական, տրանսպորտային։ Այ, սա Բաքուն չէր սպասում»։ Հետո ավելի հետաքրքիր է։ 822-րդ բանաձևի ընդունումից հետո, Կազիմիրովի նախաձեռնությամբ, ամերիկացիները, թուրքերը՝ Ռուսաստանի հետ միասին, դիմեցին հակամարտության բոլոր կողմերին՝ գրավոր հարցով. «Պատրա՞ստ եք արդյոք բանաձևի լրիվ կատարմանը»։ «Երևանը և Ստեփանակերտը,- ինչպես հաստատում է Վ.Կազիմիրովը,- համաձայնություն տվեցին։ Բաքուն նախընտրեց ընդհանրապես պատասխան չտալ։ Որովհետև հույս ուներ, այնուամենայնիվ, հաղթանակ տանել»։ Կարծում ենք, որ Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի չկատարման մասին իր պնդումների հարցում ևս Ալիևն, անկասկած, կրկին հիմար վիճակում է հայտնվել։
Ոչ մի քննադատության չի դիմանում նաև ադրբեջանական սուլթանի անզոր-նյարդային լացուկոծն առ այն, թե «...այդ կոռումպացված, չկայացած պետությունը, որը կառավարվում է միջնադարյան բռնատիրական ռեժիմի կողմից, կարո՞ղ է իրեն թույլ տալ երկար տարիներ խախտել միջազգային իրավունքը, անտեսել միջազգային իրավունքը, անտեսել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և աշխարհի առաջատար երկրների հայտարարությունները»։ Բացահայտ նոնսենս է. բռնատիրության մասին խոսում է Ի.Ալիևն այն պայմաններում, երբ նրա ելույթը հպարտ մենության մեջ սրտաճմլիկ հայացքով «ըմբոշխնում» էին սուլթանուհին, ասել է թե՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, և Լեյլա խանըմ Ալիևան, որը միաժամանակ իրեն հատուկ ծամածռություններ և սելֆիներ էր անում։ Նման վարքագիծը միանգամայն սպասելի էր, քանի որ սպանվածներն ու վիրավորվածները, որոնց մասին Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ձևականորեն մտահոգվում էր իրենց կուռքը, լիովին խորթ էին նրանց։ «Միջնադարյան Ադրբեջանի» բարքերի մասին ոչինչ պնդել չենք կարող, որովհետև այդ պետությունը լույս աշխարհ է եկել 1918թ.։ Այլ բան է, որ արդի Ադրբեջանական Հանրապետությունն իր բարքերով առողջ բանականության տեր բոլոր մարդկանց գիտակցության մեջ զուգորդվում է խավար միջնադարի հետ։ Բայց սա առանձին վերլուծության թեմա է։
Ուրեմն, էլ ինչի՞ մասին աշխարհին տեղեկացրեց Իլհամ Հեյդար օղլին իր «սփիչ»-ում։ Անդրադառնալով 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին՝ նա ասաց. «Անցած տարվա ապրիլին Հայաստանը կատարեց հերթական ռազմական հանցագործությունը շփման գծում՝ գրոհելով մեր գյուղերը։ Որպես այդ գրոհի արդյունք՝ ադրբեջանցի վեց քաղաքացիական անձ սպանվեց, նրանց մեջ՝ մեկ երեխա, և 26 քաղաքացիական անձ վիրավորվեց»։ Ո՞րն է տրամաբանությունը, երբ Ալիևն իր այդ նույն ելույթի սկզբում ասում է. «Հայաստանն ամեն բան անում է, որպեսզի անփոփոխ պահպանի ստատուս-քվոն, արգելակում է սուբստանտիվ բանակցությունները», իսկ հետո էլ տրտնջում է՝ հղում կատարելով հայկական զինված ուժերի «գրոհների» վրա։ Այդ դեպքում՝ հանուն այդ ի՞նչ սատանայի, այդ ի՞նչ տրամաբանությամբ պետք է Հայաստանը «գրոհի ադրբեջանական գյուղերի վրա»։ Բայց նա այսքանով չի բավարարվում. «Հաջող հակահարձակման արդյունքում Ադրբեջանն ազատեց որոշ տարածքներ երեք օկուպացված շրջաններում՝ Աղդերե, Ֆիզուլի և Ջաբրաիլ, և իր ազգային դրոշը ծածանեց ազատագրված տարածքներում։ Հայկական ղեկավարությունը չպետք է մոռանա այդ դասերը։ Հակառակ դեպքում հաջորդ հայկական սադրանքի արդյունքը կլինի էլ ավելի ցավագին նրանց համար»։ Այո, Հայաստանը, անշուշտ, դասեր քաղել է ապրիլյան պատերազմից հետո, հատկապես կարդալով Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Սադիկովի նամակը ադրբեջանական բանակի մարդկային կորուստների իրական թվաքանակի մասին. 2016թ. ապրիլի 2-6-ը Ադրբեջանի ԶՈւ կորուստները կազմել են 558 սպանված (5,5 անգամ ավելի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԶՈւ կորուստներից- Ա.Գ.) և 1293 վիրավոր։ Ստորև ներկայացնում ենք Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նամակի տեքստը (բնօրինակի պատճենը կցվում է).
Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության նախարար,
գեներալ-գնդապետ Զ.Հասանովին
Հարգելի պարոն նախարար,
Զեկուցում եմ Ձեզ, որ ապրիլի 2-ից մինչև 6-ը ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են 558 սպանված և 1293 վիրավոր զինծառայող։ Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 558 զոհված զինծառայողներից 52-ի անձը պարզել անհնար է թվում։
Զոհվածներից 205-ը ՊՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայողներ են։ Նրանցից 98-ը զոհվել է հարձակողական մարտական գործողությունների ժամանակ, որոնք իրականացվել են Թալիշ-Աղդերե (Մարտակերտ), 32-ը՝ Ֆիզուլի-Ջեբրաիլ, իսկ 75-ը՝ կենտրոնական ուղղություններով։
ԱՀ բնակչության կողմից Զինված ուժերի հանդեպ բացասական քննադատությունը, բանակի անձնակազմի բարոյա-մարտական ոգու հետագա անկումը և անձնակազմի խուճապային տրամադրությունները բացառելու նպատակով առաջարկում եմ.
Գեներալ-գնդապետ Ն.Սադիկով
Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի սույն զեկուցագիրը, ինչպես նաև ադրբեջանական մամուլում և հատկապես սոցցանցերում մշտապես հանդիպող բազմաթիվ գնահատականները վկայում են այն մասին, որ Ադրբեջանում սեփական քաղաքականության արդյունավետության իրական գնահատականի լուրջ խնդիր կա։ Կա խնդիր, մասնավորապես, միմյանց հանդեպ հարգանքի հետ կապված, խնդիր՝ կապված այն բանի հետ, որ սուտը բարձրացվում է պետական քաղաքականության աստիճանի, և խնդիր՝ փաստերին իրական գնահատական տալու առումով։ Այն ամենը, ինչից այդպես հետևողականորեն խուսափում էր ալիևյան ռեժիմը և ինչի արդյունքում ստացավ հասարակություն՝ պարտվողական տրամադրություններով։ Ժողովուրդ, որը հիմա արդեն պահանջում է ընդունել պարտությունը։ Եվ այս պահանջը օրեցօր ավելի լսելի է դառնում։
Կարծում ենք, որ մեկնաբանություններն ավելորդ են։
Մեր անխոնջ ափշերոնյան հարևան-«մրրկահավն» իր բազմակոչ սուտը շարունակում է այսպես. «2017թ. հունիսի 4-ին Հայաստանի նպատակաուղղված գրոհը (որը, նրա իսկ խոսքերով՝ ուզում է պահպանել ստատուս-քվոն) Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի վրա՝ 82 միլիմետրանոց և 120 միլիմետրանոց ականանետերի և նռնականետերի օգտագործմամբ, հանգեցրեց երկու քաղաքացիական անձանց՝ երկամյա Զահրայի և նրա տատիկի զոհվելուն։ 2017թ. օգոստոսի 7-ին հայ զինվորների կողմից վիրավորում ստացավ 13-ամյա մի տղա Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանում։ Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի հայկական ֆաշիզմն ու ահաբեկչությունը»։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ անպատկառության դասական դրսևորում։ Չէ՞ որ երկամյա Զահրայի և նրա տատիկի արյունը ադրբեջանական արյունարբու մարտիկների, նրանց հրամանատարների և, վերջապես, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի խղճի վրա է, որոնք չեն խորշում իրենց քաղաքացիական բնակչությունն օգտագործել որպես կենդանի վահան Արցախի տարածքները գնդակոծելիս։ Չէ՞ որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության - ԼՂՀ) արտաքին գործերի նախարարությունը տեսափաստագրական կադրեր է ներկայացրել, որոնցում հստակ երևում է, որ ս.թ. հուլիսի 4-ի երեկոյան ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական սադրանքը՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ Ընդ որում՝ 2016թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է TR-107 համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլի գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում տեղակայված կրակակետերից։ Եվ ինչպես արդարացիորեն նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունում. «Սահմանի երկու կողմերում ապրող խաղաղ բնակչությունը վաղուց արդեն գերի է դարձել ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանը՝ ուղղված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության մշտական սրմանը և բանակցությունների վերականգնմանն ուղղված միջնորդների ջանքերի տապալմանը»։
Ոչ մի կերպ չի կարելի անարձագանք թողնել նաև ափշերոնյան սուլթանի ելույթի մեկ այլ ստոր բարրբաջանքը, որտեղ նա միջազգային հանրությանը խրատում է «կանգնեցնել հայկական ֆաշիզմն ու ահաբեկչությունը»։ Եվ այս մասին խոսում է Ադրբեջանի նախագահը, որը ցուցադրաբար, թքած ունենալով հումանիտար, մարդկային և ուղղակի իմաստով՝ ռազմական բոլոր օրենքների վրա, պետական շքանշան է հանձնում իր հատուկջոկատային-գլխակերին, ով 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում գլխատել էր Արցախի պաշտպանության բանակում ծառայող եզիդ Քյարամ Սլոյանին։ Մարդասպանը բարբարոսական այդ հանցագործությունից հետո զոհի հատված գլուխը ձեռքին շրջում էր գյուղերով և կեցվածք ընդունում լուսանկարչական և տեսախցիկների առջև։ Այդ նույն Ի.Ալիևը, օգտվելով ՄԱԿ և եվրոպական կառույցների դրսևորած երկակի չափորոշիչներից (ինչպես իրավացիորեն նկատել է http://novostik.com էլեկտրոնային պարբերականը), անտեսում էին սուլթանի կողմից տոտալիտարիզմի, ֆաշիզմի և ռասիզմի սերմանման՝ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացրած աղաղակող փաստերը։ Արդյունքում՝ տեղի ունեցավ ևս մի զարհուրելի գործընթաց, երբ մեկ այլ մարդասպանի՝ սպա Ռամիլ Սաֆարովին (որը Բուդապեշտում կացնով գլխատել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին) Ադրբեջանի ազգային հերոս հռչակեցին։ Եվ այսօր, ճակատագրի հեգնանքով, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, այդ արտառոց փաստերի հեղինակ և հովանավոր, մարդասպաններին մեծարող Իլհամ Ալիևը, ծաղրի ենթարկելով լսարանին, հայտարարում է. «Դեմոկրատիայի զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը մեր կառավարության գլխավոր գերակայություններից մեկն են։ Ադրբեջանում լիովին ապահովվում են հիմնարար ազատությունները, ներառյալ արտահայտվելու ազատությունը, ԶԼՄ-ների ազատությունը, հավաքների ազատությունը, հավատքի ազատությունը»։
Ի՞նչ է սա։ Կեղծավորությո՞ւն, անպատկառությո՞ւն, թե՞ հիշողության խոր կորուստ, որի արդյունքուն իբր մոռացվում են Ադրբեջանի բանտերում դեռևս տառապող լրագրողների դեմ կատարվող հանցագործությունները։ Ոչ, մեկ անգամ ևս՝ ոչ։ Ցավոք, սա բանալ և աշխարհի պես հին այն ճշմարտության գիտակցումն է, որ փողը, անգամ նավթով թրջված, հոտ չունի։ Ավելին, անցած բոլոր տարիներին այդ փողը ամենատարբեր եվրոպական (և ոչ միայն) պատգամավորների ու պաշտոնյաների, տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների մեջ քաղաքական տեսողության ժամանակավոր կորուստ է առաջացրել։ Բայց, ի վերջո, բանականության շիվերը արդարության հաղթանակի ճանապարհ են հարթել։ Խոսքը Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնի (ОСССRР)՝ վերջերս արած հրապարակման մասին է՝ խոշոր գումարներ լվանալու գործում Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ խարդախ սխեմայի գոյության վերաբերյալ, որը ամուր փաստաթղթային հիմք ունի։ Այս մասին РИА Новости-ին (http://ria/ru/world/20170905/1501837158/html) ասել է ОСССRР-ի գործադիր տնօրեն Փոլ Ռադուն։ Հատկանշական է, որ մինչ այդ անգլիական ազդեցիկ Gardian թերթը, հղում կատարելով իր հետաքննությանը, նշել էր, որ Ադրբեջանի իշխանությունները կառավարել են գաղտնի մի սխեմա, որի օգնությամբ «լվացել» են 2,9 մլրդ դոլար բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով։ Այդ արատավոր սխեմային տվել են «Ադրբեջանական լվացքատուն» (Azerbaijani Laundromat) անունը։ Ալիևի կլանի նոր կոռուպցիոն հանցանքների մասին հրապարակվել է նաև «Ազատություն» ռադիոյի կայքում (http://www.svoboda/org/a/28718341/html)։ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնի հետաքննությունում բազմաթիվ այլ փաստեր կան քաղաքական կոռուպցիայի մասին։ Օրինակ, պարոն Էդվարդ Լինթները (գերմանացի քաղաքական գործիչ, որը գլխավորել է դիտորդական առաքելությունը Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ 2012թ. և հետո ասել էր, թե ընտրությունները ազնիվ էին և համապատասխանել են բոլոր ընթացակարգերին, ոչնչով չեն զիջել Գերմանիայի ընտրություններին), ОСССRР-ի տվյալներով՝ իր ծառայությունների համար ստացել է 61 հազար եվրո։
Ազերիները պարտքի տակ չեն մնացել նաև Լուկա Վոլոնտեի առջև, որը խիստ էր ջանացել, որպեսզի չընդունվի ԵԽԽՎ քննադատական զեկույցը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի առնչությամբ, և այդ առաքելությունը նա հաջող էր կատարել։ Իր ծառայությունների համար Վոլոնտեն ստացել էր մոտ 3 մլն եվրո։ Ահա այսպիսի բաներ։ Եվ այսքանից հետո իրականության անզուգական խեղաթյուրող ափշերոնյան սուլթանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից երկերեսանիաբար և անպատկառորեն հայտարարում է. «Հարցն այն է, թե ինչպես կարող է... այդ կոռումպացված, չկայացած պետությունը թույլ տալ իրեն երկար տարիներ խախտել միջազգային իրավունքը»։ Ինչպես ասում են, լեզուն՝ ոսկոր, իսկ քաղաքական անտաշությունը՝ սահմաններ չունեն։
Հույս ունեմ, որ վերն ասվածի համատեքստում 2017թ. սեպտեմբերի 20-ին խիստ խորիմաստ և համոզիչ են հնչել Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի խոսքերը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի բարձր ամբիոնից. «Արդեն տարիներ շարունակ հայատյացությունն Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ: Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է Հայաստան-Սփյուռք համաժողովը»:
Մեզ բոլորիս համար նորություն չէ, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմքում անպատկառությունն է, կեղծավորությունն ու սուտը։ Եվ կարծում ենք, որ այդ մասին պետք է տեղեկացվի միջազգային հանրությանը նաև հիմա, անհապաղ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում։ Չէ՞ որ արդեն ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը տեղեկատվական հիմք է պատրաստում Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու համար։ Ավաղ, այդ արյունալի մտահղացման մեջ նա մենակ չի լինի. անշուշտ, Ադրբեջանի դաշնակից կգրվեն համաշխարհային քաղաքականության ուժի այն կենտրոնները, որոնք երազում են ստեղծել քաոսի և անկայունության գոտի Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ողջ պարագծով։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ
www.amiab.am