ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԴԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ Է
(ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

18:02, 10 Август, 2017

https://armenpress.am/arm/news/901460/artashes-gegamyan-strategicheskiiy-soyuz-rossii-i-armenii-%E2%80%93.html

 

Նկարներում՝  ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության գծով Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանը (17.07.2017թ., Մոսկվա)

 Ես հատուկ կատարեցի այս կարճ էքսկուրսը, որպեսզի ցույց տամ, թե ինչ պայմաններում են երկու պալատները միահամուռ հաստատել օրենքը «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով դիմակայելու մասին»։ Իմ կարծիքով, դա կօգնի ավելի լավ պատկերացնել, թե իրականում ինչպիսին է այս բոլոր գործընթացներում Ռուսաստանի դերը, և գործնականում ինչ կտան ԱՄՆ-ին հակառուսական պատժամիջոցները։ Ավելին, շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպիսին են լինելու ԱՄՆ գործողությունները Չինաստանի հանդեպ հիմա՝ այդ երկրի դեմ պատժամիջոցներ մտցնելու Դոնալդ Թրամփի սպառնալիքների իրագործման առումով, երբ Չինաստանն ու Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում պաշտպանել են ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ առաջարկած պատժամիջոցները։ Եվ վերջապես, ինչպես հակառուսական պատժամիջոցները կանդրադառնան Ռուսաստանի հետ Եվրամիության երկրների, առաջին հերթին Գերմանիայի էներգետիկ նախագծերի վրա։ Եվ այս վճռորոշ փոփոխությունների նախօրեին ի՞նչ ենք տեսնում, օրինակ, Ռուսաստանի և Հայաստանի գործող իշխանությունների ընդդիմախոսների կողմից։

Ավաղ, մենք տեսնում ենք այնպիսի մի բան, ինչը կարող է լոկ դառնություն և թախիծ առաջացնել։ Այո, միանգամայն սպասելի էր, որ ԱՄՆ և Եվրամիության քաղաքականության խստացումը Ռուսաստանի հանդեպ պետք է բազմաթիվ ամենատարբեր հարցեր առաջացնի, որոնց շարքում գլխավոր տեղը, ինչպես և ենթադրվում էր, զբաղեցնելու է ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամության նպատակահարմարության հարցը։ Երբեմն անհեթեթ բազմաթիվ փաստարկներից՝ իբր Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքի մեջ Հայաստանի գտնվելու աննպատակահարմարության մասին, ներկայացնեմ լոկ հաճախ կրկնվողները։ Այսպես, «Ռուսաստանը կդիմի հայկական գործոնի վերացմանը» աչք ծակող վերնագրով հոդվածում (31.07.2017), էլեկտրոնային թերթերից մեկի թղթակցի հարցին, թե «Օրերս Պուտինը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագիրը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում», նա, ով իրեն քաղաքագետ ու հրապարակախոս է համարում, կտրուկ պատասխանել է. «...Ռուսները երեք բան են թիրախավորելու՝ լեզուն, դրամը, բանակը։ Դրանք ֆորմալ ինքնիշխանության երեք հիմնասյուներն են։ Եվ դա նրանք անելու են ամենաստոր ձևերով։ Դա Ռուսաստանի քաղաքականությունն է... Հայաստանը վաղուց կլիներ ոչ միայն արևային էներգիա շահագործող, այլև արևային պանելներ արտադրող, ոչ թե օդային տարածքը սահմանափակող, այլ օդային տարածքի տարանցիկ երկիր, ոչ թե գազային ասեղի վրա նստած ծայրագավառ, այլ առաջատար տեխնոլոգիաներ արտադրող երկիր։ Արևմտյան Եվրոպան մինչև 2025-2040 թվականները պլանավորում է հրաժարվել նավթային ու գազային սպասարկումից, անցնել էլեկտրամոբիլների»։ Այս բարբաջանքը կարդալուց հետո առաջին բանը, ինչը կարող ես անմիջապես ասել, այն է, որ վերոնշյալ մտավարժանքների հեղինակը բնավ չի կարդացել «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Միացյալ զորախմբի (ուժերի) մասին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև համաձայնագրի» տեքստը, իսկ եթե կարդացել էլ է, ապա կամ ոչ մի բան չի հասկացել, կամ միտումնավոր աղավաղել է մեր անվտանգության ապահովման առումով այդ կոթողային փաստաթղթի բովանդակությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի՝ բացառապես արևային էներգիային անցնելուն, ապա այստեղ հեղինակի ասելիքը հասկանալի է. նա շատ է ուզում աջակցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին, որն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է մինչև $8 մլրդ ներդնել Հայաստանի էներգետիկայի զարգացման գործում, եթե համապատասխան երաշխիքներ ստանա Հայաստանի կառավարության կողմից։ Ամերիկյան դեսպանի այս հայտարարությունն արվել է ս.թ. մայիսին, Երևանում անցկացվող էներգետիկ համաժողովի ժամանակ։ Հիշում եմ, որ դեսպանի լավատեսությունը փորձագիտական հանրությունը խանդավառությամբ չընդունեց, դրա բացատրությունները շատ տարբեր են։ Նշենք միայն, որ, ասենք, Հայկական ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժամի ինքնարժեքը 6 անգամ ավելի ցածր է արևային էներգիայի համեմատ։

Տեղեկանքի համար նշեմ, որ 2015թ. վերջին վերարտադրվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ, արևային, գեոթերմալ, քամու, կենսազանգվածի, օվկիանոսի մակընթացության և այլն) սահմանված հզորությունները բավական էին՝ էլեկտրաէներգիայով ապահովելու համար համաշխարհային պահանջարկի մոտավորապես 23,7%-ը, որի մոտ 16,6%-ը բաժին էր ընկնում հիդրոէներգետիկային։ Նշեմ նաև, որ ներկա պահին ՎԷԱ-ն կազմում է Հայաստանի ընդհանուր էներգաբալանսի մոտ մեկ երրորդը։ Ավելին՝ 2017թ. վերջին հիդրոէներգետիկայի բաժինը Հայաստանի ընդհանուր էներգաբալանսում կարող է հասնել 40%-ի։ Իսկ ինչ վերաբերում է միացյալ զորախմբի մասին համաձայնագրի «թիրախավորմանը», ապա Ռուսաստանի կողմից դրա վավերացումը լուրջ իրարանցում է առաջացրել Ադրբեջանում։ Այդ փաստաթղթի համաձայն՝ «Միացյալ զորախմբի հիմնական խնդիրների թվում են՝ ժամանակին հայտնաբերել Ռուսաստանի կամ Հայաստանի նկատմամբ ռազմական հարձակման (ագրեսիայի) նախապատրաստումը և ՌԴ ու ՀՀ պետական սահմանների պաշտանությունը; ՌԴ և ՀՀ պետական սահմանի ցամաքային հատվածի պաշտպանությունը օդատիեզերական տարածքում, ինչպես նաև մասնակցությունը տարածաշրջանում տեղակայված ՌԴ և ՀՀ զորքերի ու կրիտիկական կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը»։ Այս ամենը, բնականաբար, չէր կարող անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից։ Այսպես, թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Անվտանգության և ռազմավարական հետազոտությունների եվրասիական կենտրոնի (ATSAM) ղեկավար Հաթեմ Ջաբարլին ասել է, որ «Լեռնային Ղարաբաղից հայկական օկուպացիոն զորքերը դուրս մղելու փորձի պարագայում Երևանը կարող է ռազմական օգնության համար դիմել իր բարեկամ Ռուսաստանին... ՌԴ և Հայաստանի զորախմբերի միավորումը մեծ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության համար»։ Այս թեմայի վերաբերյալ արտահայտվել է նաև Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։ «Տարածաշրջանում հակամարտության սրացման պարագայում ռուսաստանցիները կարող են կանգնել հայկական ուժերի կողմում։ Սակայն հակամարտությանը միջամտությունը Հայաստանի կողմում կարող է ներգրավել ևս մեկ խոշոր գործընկերոջ՝ ՆԱՏՕ անդամ Թուրքիային»,- հայտարարել է Ռ.Մուսաբեկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՌԴ և ՀՀ ԶՈւ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։

Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքագետ-հրապարակախոսի պնդումներին Ռուսաստանի կողմից դրամը թիրախավորելու մասին, ապա այստեղ հեղինակն ակնհայտորեն շփոթել է հուշաթերթիկը, որում, հավանաբար, խոսվում էր եվրոգոտու պետությունների կողմից իրենց ինքնիշխանության մի մասը Եվրոպական Կենտրոնական բանկին մասնակի պատվիրակելու մասին։

Կարելի է տարատեսակ քաղաքագետների մտքի նաև այլ գոհարներ ներկայացնել, որոնց խիստ խոցում է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Հատկանշական է, որ նրանց «հակառուսական արարումներն» անհապաղ, հայկական ԶԼՄ-ներում հրապարակվելուց հետո, տարածում են ադրբեջանական մաս-մեդիաները։ Այսպես, 2017թ. հուլիսի 29-ին ադրբեջանական իշխանությունների խոսափողներից մեկը՝ էլեկտրոնային haqqin.az թերթը, մինչև անգամ ժամը 23։09-ին (հավանաբար շատ երկար սպասված հարցազրույց էր, որ այդքան ուշ ժամի հրապարակեցին) հոդված է զետեղել՝ «Այն, որ ԱՄՆ-ը նոր տնտեսական պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ, տագնապալի չէ։ Դրանք համապատասխանում են Հայաստանի շահերին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Պատժամիջոցների միջոցով, ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ը զսպում է Ռուսաստանի ախորժակը» վերնագրով։ Վերնագրին համահունչ է նաև տեքստը, որից անթաքույց հրճվանքով մեջբերումներ է կատարում haqqin.az-ը՝ ավելի համոզիչ լինելու համար հոդվածի սկզբում տեղադրելով հեղինակի լուսանկարը. «Ռուսաստանի ախորժակը բացվել է, այն զբաղեցրել է Դոնբասը, Ուկրաինան, Հայաստանը։ Չե՞ք տեսնում՝ ինչպես է Ռուսաստանն ընդլայնվում։ Ինչպե՞ս է իր նպատակին հասնելու համար այն մեզ բախման սադրում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմով շահագրգռված է հենց Ռուսաստանը։ Իսկ Միացյալ Նահանգներն իր պատժամիջոցներով փորձում է զսպել այդ ախորժակը... Այսօր նրանք (Ռուսաստանը- Ա.Գ.) առաջարկում են ռուսերենին տալ պետական կարգավիճակ, վաղը կասեն՝ փոխեք հավատը։ Սա ռուսական ձեռագիր է»։ Կարելի է շարունակել՝ նման այլ հակառուսական հրապարակումներ, ընդ որում՝ ոչ միայն հայ ու ադրբեջանցի հեղինակների, այլ նաև որոշ ոչ անհայտ ռուսաստանցի քաղաքական գործիչների արտահայտություններ նշելով։ Օրինակ, խոսելով հակառուսական պատժամիջոցների թեմայի շուրջ՝ «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գ.Յավլինսկին ասել է. «Օրենքի ընդունումը, որը Ռուսաստանը դնում է Իրանի ու ԿԺԴՀ-ի հետ նույն շարքում, Պուտին-Լավրովի ողջ արտաքին քաղաքականության տապալման խորհրդանիշն է»։ Ըստ Յավլինսկու. «Ռուսաստանը հայտնվել է լիակատար մեկուսացման շեմին, ինչին հանգեցրել են ոչնչով չամրագրված հավակնությունները, արդի աշխարհի կարգը և սեփական երկրի շահերը չհասկանալը, ոչ պրոֆեսիոնալիզմը, բարդ խնդիրների լուծման փնտրտուքը միայն անցյալում, կայսերական նկրտումները և իրական ագրեսիան ավելի թույլ հարևանների նկատմամբ»։ Բնավ պատահականորեն չէ, որ այսքան մանրամասն մեջբերումներ կատարեցի, և բնավ էլ ոչ այն պատճառով, որ նպատակս մամուլի նյութերի տեսությունն էր։ Կարծում եմ, որ ակնհայտ է սանձազերծված լայնածավալ տեղեկատվական պատերազմն ընդդեմ Ռուսաստանի և Հայաստանի։ Ավելին՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտապես կրկնվող զինված դիվերսիաները (որոնք ուղեկցվում են բացահայտ ահաբեկչական գրոհներով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում), տեղեկատվության խեղաթյուրման լայնորեն կիրառվող տեխնիկաները՝ կարելի է պնդել, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից վարվում է հիբրիդային պատերազմ, որը ցանկացած պահի կարող է վերաճել թեժ պատերազմի։ Սա են վկայում նաև այն վտանգավոր միտումները, որոնք նկատվում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին (Նախիջևանի շրջանում)։ Ահա արդեն երկարատև ժամանակ է, ինչ այնտեղ տեղի է ունենում Նախիջևանի սողոսկող անեքսիա Թուրքիայի կողմից։ Թուրք-ադրբեջանական զինված ուժերի ռազմական մանևրները, այնտեղ մշտական հիմունքներով թուրք զինվորականների մեծաթիվ ներկայությունը չգիտես ինչու վրիպում են հակառուսական քաղաքագետների՝ միջազգային իրավունքի նախանձախնդիրների զգոն աչքից։

Միանգամայն վտանգավոր է, որ տեղեկատվական հակառուսական քարոզչությանը միանում են նաև վրաց քաղաքագետները, ընդ որում՝ նրանց ներկայացրած փաստարկները գրեթե նույնն են, ինչ ներկայացնում են նրանց «համախոհները» Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում։ Այսպես, վրացական Black Sea Press գործակալության խմբագիրը 2017թ. հունիսի 29-ին lragir.am կայքի թղթակցի հարցին, թե «Արդյո՞ք Հայաստանը պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին», պատասխանել է. «Նոր պատժամիջոցների փաթեթից հետո Ռուսաստանը կմնա քաղաքակիրթ երկրներից դուրս վիճակում (դե, ճիշտ ինչպես ըստ Յավլինսկու- Ա.Գ.), որոնք կատարում են միջազգային իրավունքը։ Անխուսափելի է Ռուսաստանի դիմակայությունը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։ Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է ենթադրել, որ շուտով նորից կիջնի երկաթե վարագույրը։ Չեմ կարծում, թե Հայաստանում որևէ մեկը կուզենար մնալ վարագույրի այս կողմում»։

Բնականաբար, այսքան համակարգային տեղեկատվական հակահայկական և հակառուսական արտանետումները սպասելի էին Հայաստանի ղեկավարության կողմից։ Կարծում եմ, այն ավելի մասշտաբային կլիներ, եթե 2017թ. հուլիսի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը «Արմենիա» հեռուստաալիքի «Ռ-Էվոլյուցիա» ծրագրին տված հարցազրույցում ասած չլիներ. «Դրանք ծայրահեղ վտանգավոր խոսքեր են (Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերանայումը- Ա.Գ.), դրանք ծայրահեղ բարդ իրավիճակ կարող են ստեղծել։ Ոչ միայն խոսքերը, այլ նաև գործողությունները։ Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»։ Իր հարցազրույցում Հայաստանի նախագահն իրենց տեղն է նստեցրել նաև «անվտանգության ոլորտում քաղաքականության դիվերսիֆիկացիայի» այսպես կոչված կողմնակիցներին։ «Երբ որ ընդհանուր խոսքեր են լինում, այդ ընդհանուր խոսքերը միգուցե նախատեսված են հասարակության այն շերտերի համար, ովքեր չունեն համապատասխան գիտելիք և իրենց դա պետք չէ, ուստի կարելի է նրանց այդ ընդհանուր խոսքերով բավարարել։ Ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացնել։ Իսկ ի՞նչ է, մենք չունենք հարաբերություն ՆԱՏՕ-ի հետ, ԵՄ-ի հետ, Եվրամիության երկրների հե՞տ։ Այսօր մենք վարում ենք հենց այդպիսի քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ ու նաև համագործակցելով գործընկերների հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Չեմ կարող մեկ այլ մեջբերում էլ չկատարել մեր պետության ղեկավարի հարցազրույցից։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հարցին՝ Սերժ Ազատովիչն ասել է, որ դա ռազմական համագործակցության, ընդհանրապես երկկողմանի հարաբերությունների ամենացավոտ ոլորտն է։ «Այդ հարցը ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել... Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, ապա մենք պետք է դա համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու»,- նշել է ՀՀ նախագահը։ Սա  ռազմավարական դաշնակցի հուսալիության հանդեպ հավատի դասական նմուշ է, մերձավոր դաշնակիցների և գործընկերների միջև հստակ սահմանազատում, դաշնակցի շահերի (պետք է ենթադրել՝ զուտ տնտեսական) հաշվառում, հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ընկալում և դրա հանդեպ հոգատար վերաբերմունք։ Համոզված եմ, որ այսպիսի զգացումներ են ապրում նաև մեր ռուս բարեկամները, և նրանց կողմից նույնպես կա Հայաստանի ու ճակատագրի կամքով աշխարհով մեկ սփռված, բայց լեզվով ու քրիստոնեական հավատքով միասնական հայ ժողովրդի շահերի նույնքան խոր ընկալում։ Համոզված եմ, որ ՀՀ նախագահի այսքան հստակ արտահայտված դիրքորոշումը կօգնի, որպեսզի համաշխարհային քաղաքական էլիտան հասկանա այն փաստը, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է։

Հ.Գ. 2017թ. հոկտեմբեր-նոյեմբերին Երևանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Համագործակցության գծով միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը։ Կարծում եմ, որ առաջիկա նիստի թեմատիկայում պետք է քննարկվեն մեր երկրների խորհրդարանականների աշխատանքի համակարգման և խորացման հարցերը՝ աշխարհում լրջորեն բարդացած աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում։ Հույս ունեմ, որ Միջխորհրդարանական հանձնաժողովի մեր ռուս գործընկերները՝ ռուսական մասի համանախագահ, ականավոր պետական գործիչ, հարգարժան Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի ղեկավարությամբ, կաջակցեն առաջարկությունը՝ հանձնաժողովի օրակարգում Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների գործունեությունը համակարգելու մասին հարցը ներառելու վերաբերյալ՝ մեր երկրների դեմ տեղեկատվական պատերազմից հնարավոր վնասների չեզոքացման նպատակով համատեղ քաղաքականություն մշակելու ուղղությամբ։

Չեմ թաքցնի, որ այս հոդվածը գրելու ընթացքում քանիցս մտածել եմ մի հարցի շուրջ. մի՞թե հակառուսական հիստերիայի գաղափարակիրները չեն կարդում նշանավոր քաղաքական գործիչների արդեն ակադեմիական դարձած մտքերը, երբ այդքան գռեհկացված ու կոպտաբար Ռուսաստանի և նրա հուսալի դաշնակից Հայաստանի դեմ են հրահրում տարատեսակ մերձքաղաքական «արհեստավորներին»։ Արհեստավորներ, որոնք, իրենց իսկ կարծիքով, ամեն բան գիտեն ոչ միայն Ռուսաստանի, Հայաստանի մասին, այլ նաև առհասարակ իրենց գլոբալ քաղաքականության գիտակ են համարում։ Մի՞թե Հայաստանը և Ռուսաստանն այս առումով արժանի չեն իրենց հանդեպ ավելի լուրջ վերաբերմունքի։ Իսկ եթե թափը չէր հերիքելու «Շեքսպիրին դիմելու համար», ինչպես կասեր խորհրդային բեմի դասական Եվգենի Եվստիգնեևը, գոնե թող կարդային Ուինսթոն Չերչիլի հայտնի ասույթը. «Ես չեմ կարող Ձեզ համար գուշակել Ռուսաստանի գործողությունները։ Դա հանելուկ է՝ պարուրված գաղտնիքով և տեղադրված գլուխկոտրուկի ներսում, բայց, հնարավոր է, բանալին կա։ Այդ բանալին ռուսական ազգային շահն է» (Ուինսթոն Չերչիլի ռադիոելույթը Բի-Բի-Սի-ով, 1939թ. հոկտեմբերի 1-ին)։                           

Բայց չէ՞ որ երբեք ուշ չէ սովորել։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Համագործակցության գծով Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

 www.amiab.am

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր