ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԴԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ Է
(ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

 

17:59, 10 Օգոստոս, 2017

https://armenpress.am/arm/news/901459/artashes-gegamyan-strategicheskiiy-soyuz-rossii-i-armenii-%E2%80%93.htm

 

Նկարներում՝ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության գծով Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Նիկոլայ Ռիժկովը և Արտաշես Գեղամյանը (17.07.2017թ., Մոսկվա)

Ինչ դժվար է ապրել աշխարհում, երբ ոչ ոք Ռուսաստանի հետ չի մարտնչում։

Լորդ Փալմերսթոն, 1855-1865թթ. Անգլիայի վարչապետ

(ասվել է 1853-1856թթ. Ղրիմի պատերազմի նախօրեին)

 

2017 թվականի հուլիսը և օգոստոսը կհիշվեն ոչ միայն եվրոպական մայրցամաքում հաստատված անոմալ շոգով, երբ Եվրոպայի 11 երկրներում ջերմաստիճանը գերազանցում է Ցելսիուսի 40 աստիճանը, այլև ծայրահեղ սրված աշխարհաքաղաքական իրավիճակով։

Եվ այսպես, հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագիծ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներն ընդլայնելու մասին։ Դրա թարմացված տարբերակի օգտին քվեարկել է նաև ԱՄՆ Սենատը, ընդ որում՝ ճնշող մեծամասնությամբ. 98 «կողմ» 100-ից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017թ. օգոստոսի 2-ին ստորագրեց Կոնգրեսի երկու պալատների հավանությանն արժանացած H.R. 3364 օրինագիծը՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին», որն օրենքի ուժ ստացավ։ Ընդունված օրենքի ողջ լրջությունը պատկերացնելու համար ուշադիր հետևենք հենց իր՝ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններին։ Եվ այսպես, ԱՄՆ նախագահը, բացատրելով իր որոշման դրդապատճառները, հայտարարեց, որ սույն օրինագիծը ստորագրել է ազգային միասնությունը պահպանելու նպատակներով։ Միևնույն ժամանակ, նա նաև նշել է, որ ընդունված օրենքը խախտում է նախագահի լիազորությունները, սահմանափակում գործադիր իշխանության իրավասությունները, ընդհանուր առմամբ վնաս է հասցնում ամերիկյան և ԱՄՆ եվրոպական դաշնակիցների շահերին, ինչպես նաև «հապճեպ և վնասակար է» Ռուսաստանի հետ հարաբերությունների համար, որը նպաստում է Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի մերձեցմանը։ Հատկանշական է, որ որոշ վերլուծաբաններ Թրամփի դիրքորոշման մեջ արարք են նկատել, որը հիշեցրել է ոչ անհայտ ավետարանական կերպարի՝ Հուդայի կառավարիչ Պիղատոս Պոնտացու պահվածքը ձեռքերը լվանալու իմաստով։

Միանգամայն բնական է, որ ընթերցողի մեջ հարց առաջանա. ի՞նչ է դրված հակառուսական պատժամիջոցների հիմքում, որոնք, դրանցում առաջադրված խնդիրների իրականացման պարագայում, կարող են «պահպանել ամերիկյան ազգի միասնությունը»։ Հրեշավոր ի՞նչ ուժ կա Ռուսաստանի ներսում, որը խոչընդոտում է ԱՄՆ-ի համար վճռորոշ խնդիրների լուծմանը։ Եվ վերջապես, ո՞րն է համարվում Ռուսաստանի մեղքը։ Կարծում եմ, որ չպատասխանելով մակերեսին գտնվող այս հարցերին՝ հեռանկարային չի լինի դիտարկել հակառուսական պատժամիջոցների հնարավոր հետևանքները նրա ռազմաքաղաքական և տնտեսական  դաշնակիցների վրա։ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ լինելով, միանգամայն հասկանալի պատճառներով խիստ շահագրգռված է այդ հարցերի համալիրի մանրամասն դիտարկմամբ։

Ամերիկյան օրենսդիրները, նկարագրելով այն եզրակացությունները, որոնց հիման վրա Կոնգրեսն առաջարկում է պատժամիջոցներ մտցնել, մասնավորապես, նշում են, որ.

  1. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը փորձում է ազդեցություն գործել ողջ Եվրոպայի և Եվրասիայի, այդ թվում Խորհրդային Միության նախկին հանրապետությունների վրա՝ քաղաքական կուսակցություններին, վերլուծական կենտրոններին և քաղաքացիական հասարակության խմբերին ռեսուրսներ տրամադրելով, որոնք անվստահություն են սերմանում դեմոկրատական ինստիտուտների հանդեպ, քարոզում են այլատյացություն և ոչ լիբերալ հայացքներ ու խափանում են եվրոպական միասնությունը...
  2. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը զգալի չափով վերացրել է ռուսալեզու անկախ մեդիա-հատվածը և լրջորեն կրճատում է ազատ և անկախ ԶԼՄ-ները Ռուսաստանի Դաշնության սահմաններում։ Ռուսաստանյան մեդիաները, որոնք ֆինանսավորվում և վերահսկվում են ՌԴ կառավարության կողմից և հեռարձակում են Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս, կանոնավորապես տարածում են հակաարևմտյան ապատեղեկատվություն...
  3. Ռուսաստանի կառավարությունը շարունակում է խախտել իր պարտավորությունները Բուդապեշտի հուշագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի գծով, քանի որ Ռուսաստանը անեքսիայի է ենթարկել Ղրիմը, զավթել է Հարավային Օսիան և Աբխազիան և շարունակում է ապակայունացնել Ուկրաինայի Արևելքը։
  4. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը շարունակում է արհամարհել 2008թ. օգոստոսին Վրաստանի վերաբերյալ ձեռք բերված հրադադարի համաձայնագրի պայմանները, որը պահանջում էր դուրս բերել Ռուսաստանի Դաշնության զորքերը, հումանիտար խմբերի ազատ մուտքի իրավունք ապահովել Հարավային Օսիայի և Աբխազիայի շրջաններ և ԵՄ դիտորդական առաքելության կողմից հակամարտության գոտու մշտադիտարկում իրականացնել։
  5. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը չի հետևում Մինսկի համաձայնագրի պայմաններին Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության լուծման համար։
  6. ՌԴ կառավարությունը խախտում է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև պայմանագիրը միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին և չի կատարում բաց երկնքի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։  

Այս ցանկին պետք է հավելել նաև օրենքի այն կետը, որը պահանջում է ուսումնասիրել և գնահատել ԱՄՆ տարածքում ռուսաստանյան ակտիվների սառեցման հետևանքները, որոնց տակ հասկացվում են ՌԴ պետական ընկերությունների ընդլայնված ակտիվները։ Այս առնչությամբ բավական է հիշատակել, որ ռուսաստանյան պետությունն ամերիկյան պետության արժեթղթերում պահում է ԱՄՆ 109 մլրդ դոլար, ինչը նրա միջազգային պահուստների ավելի քան մեկ քառորդն է։

Անգամ շատ ցանկանալու պարագայում էլ այն ամենը, ինչը գրված է պատժամիջոցների մասին օրենքում, չի ձգում վճռորոշ լինել ԱՄՆ-ի նման երկրի համար և ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես անհրաժեշտ պայման ամերիկյան ազգի միասնության պահպանման համար։ Այո, օրենքի ընդունումը, նախ, միջկուսակցական կոնսենսուս է, այսինքն՝ փաթեթային համաձայնություն, որի շնորհիվ Հանրապետական կուսակցությունը հնարավորություն է ստանում չեղարկել նախագահ Բարաք Օբամայի մտցրած բժշկական բարեփոխումը, այսպես կոչված «Obamacare»-ը։ Այո, Դոնալդ Թրամփի համար այդ բարեփոխումը չեղարկելը սկզբունքայնորեն կարևոր է, որովհետև դա նրա նախընտրական ծրագրի հանգուցային կետերից մեկն էր։

Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքի ընդունումը՝ ս.թ. օգոստոսի 2-ին The Neew York Times-ի հաղորդած տեղեկության հետ միասին, վկայում է, որ Սպիտակ տունը պատրաստում է տնտեսական պատժամիջոցների ցուցակ Չինաստանի դեմ՝ այն պատճառով, որ Պեկինը բավականաչափ ակտիվ չէ ԿԺԴՀ խնդրի լուծման գործում, և այս համապատկերում մենք տեսնում ենք համախմբված աջակցություն Ռուսաստանի և Չինաստանի կողմից ՄԱԿ Անվտանգության խորհրդում, երբ ս.թ. օգոստոսի 4-ին քվեարկվեց Հյուսիսային Կորեայի հանդեպ նոր պատժամիջոցներ մտցնելու հարցը։ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը ողջունեց Դոնալդ Թրամփը և հայտարարեց «դաշնակիցների ու գործընկերների» հետ աշխատանքը շարունակելու մտադրության մասին։ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը նորից ու նորից մտածել է տալիս, որ Դոնալդ Թրամփը մտադիր է լուծել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ աշխարհի համար վճռորոշ խնդիրներ։ Փորձենք պարզել, թե ինչ պետք է հասկանալ՝ այս ասելով։

Այսպես, համաձայն ԿՀՎ Տեղեկագրի (World Factbook), ԱՄՆ արտաքին պետական պարտքը 2016թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է $19 տրլն 911 մլրդ 51 մլն դոլար, իսկ աշխարհի երկրների ամփոփ պարտքը կազմել է ավելի քան $70 տրլն 600 մլրդ։ 2016 ֆինանսական տարվա ընդամենը 11 ամսում (2015թ. սեպտեմբեր – 2016թ. օգոստոս) ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը հասել է $621 մլրդ-ի, ինչը 17%-ով ավելին է 2015թ. նույն ցուցանիշից։ Իսկ 2016թ. ֆինանսական տարում ԱՄՆ ազգային պարտքը կարող է ավելանալ $1,36 տրլն-ով։ Այս ցուցանիշի և ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի գումարի միջև տարբերությունը բացատրվում է նրանով, որ դրա մեջ մտնում են նաև տարբեր արտաբյուջետային ֆոնդերի ներպետական փոխառությունները։ Միևնույն ժամանակ նշենք, որ վերջին 8 տարիներին ԱՄՆ ազգային պարտքը ավելացել է $10 տրլն-ով, այն դեպքում, երբ կուտակված ազգային պարտքի նախորդ 10 տրլն դոլարի համար պահանջվել էր ավելի քան 200 տարի։ Հարկ է ընդգծել, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը քանիցս իր սկզբունքային անհամաձայնությունն ու զայրույթն է հայտնել ազգային պարտքի ավելացող ծավալի առումով։ Ավելին, նրանց կողմից դեմոկրատների (Օբամայի նախագահության տարիներին) ուղեգիծը չընդունելն արտահայտվել է համակարգային երկու ճգնաժամով՝ 2011-ին և 2013-ին։ Դրա արդյունքում 2013թ. հոկտեմբերին ԱՄՆ կառավարությունն, ըստ էության, դադարեցրեց աշխատանքը 16 օրով այն պատճառով, որ չէր ընդունվել երկրի հերթական ֆինանսական տարվա բյուջեն, այդ թվում՝ չէին նախատեսվել պետծառայողների ծախսերը։ Հանրապետական կոնգրեսականները զիջեցին ԱՄՆ պետական պարտքի դեֆոլտի հայտարարումից լոկ մեկ օր առաջ։ Այսինքն՝ ԱՄՆ-ը փաստորեն երկու շաբաթ ապրում էր առանց իշխանության։ Կառավարող էլիտայի (ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների) վարկն ուժեղ սասանած սկանդալի պատճառով ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց որոշում պետական պարտքի նոր հոսքի սահմանման մորատորիում հայտարարելու մասին, որն ավարտվեց 2017թ. մարտին։ Չարժե կասկածել, որ 2018 ֆինանսական տարվա համար ԱՄՆ Դաշնային բյուջեի ընդունման՝ հոկտեմբերին կայանալիք գործընթացը պակաս դրամատիկ չի լինելու, քան 2013թ., մանավանդ դրա հավակնոտության հաշվառմամբ, հատկապես պաշտպանական ծախսերի առումով։ Այսպես, 2017թ. մայիսի 23-ին Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկեց $677,1 մլրդ-ի չափով ծախսեր «դաշնային կառավարության ազգային գործունեության համար՝ կապված պաշտպանության հետ»։ Նշենք, որ 2011թ. Բյուջետային վերահսկողության մասին ակտով սահմանված սահմանաչափերով ԱՄՆ 2018թ. ռազմական բյուջեն պետք է կազմեր, եթե հետևենք ակտի կանոնին, 549 մլրդ դոլար։ Օբամայի վարչակազմը 2017թ. սահմանել էր 584,5 մլրդ դոլարի ռազմական բյուջե՝ գերազանցելով 2011թ. ակտով սահմանված չափը, իսկ Թրամփի վարչակազմը, որը պաշտպանական բոլոր ծախսերի համար ներկայացրել էր $677,1 մլրդ-ի հայտ, 2011թ. բյուջետային վերահսկողության մասին ակտի սահմանաչափերը գերազանցել է $118,6 մլրդ-ով։ Հատկանշական է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ս.թ. հունիսի 14-ին ընդունեց երկրի 2018թ. ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, ընդ որում՝ կոնգրեսականները հավանություն տվեցին $696,5 մլրդ-ի չափով ֆինանսավորմանը, ինչը 19,4 մլրդ-ով ավելի է նախապես հայցվող գումարից։ Փաստաթղթի օգտին արտահայտվեց պալատի 344 անդամ, դեմ՝ 81։ Կոնգրեսականների՝ նման միահամուռությունը մտածել է տալիս, որ դեռևս պաշտպանական բյուջեի ընդունման նախօրեին հանրապետականներն ու դեմոկրատներն արդեն փոխզիջման էին եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքն ընդունելու շուրջ։ Սակայն սա առանձին վերլուծության թեմա է։ Այստեղ ուշադրության առնենք բավական էական մեկ այլ գործոն։

Վերլուծելով  համաշխարհային ֆինանսական համակարգի վիճակը, որի վրա վիթխարի ազդեցությունն ԱՄՆ-ի կողմից դժվար է գերագնահատել, գալիս ես հետևյալ եզրահանգման. գլխավոր խնդիրը, որը պետք է լուծի Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում, առաջին հերթին ամերիկյան ազգային պարտքի խնդիրն է, որն արդեն ավելի քան 7%-ով գերազանցել է այդ երկրի ՀՆԱ-ն։ Ընդ որում՝ այդ խնդրի լուծման հնարավոր տարբերակները խոր արմատներ ունեն։ Դրանք ընդգծում են մոտեցումների հիմնարար հակասություններն ամերիկյան էլիտայի ներսում, հանրապետականների՝ նրանց պայմանականորեն անվանենք նացիոնալիստներ, և գլոբալիստների՝ գլոբալ ֆինանսական կայսրության (ԱՄՆ գլխավորությամբ) գաղափարախոսների միջև։ Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ ներկայում համաշխարհային ֆինանսական համակարգի հեգեմոնը՝ ԱՄՆ-ը, ենթարկվել է այսպես կոչված պարադոքսի, Թրիֆինի դիլեմայի ներգործությանը, որի անլուծելիությունը կարող է վերաճել գլոբալ ֆինանսական աղետի։ Թրիֆենի դիլեման (պարադոքսը) հետևյալն է. պետությունը (մեր պարագայում՝ ԱՄՆ-ը), որը թողարկում է պահուստային արժույթ (դոլար), անշուշտ, պետք է երաշխավորի դրամանիշերի և համարժեքների բավականաչափ քանակության առկայություն մնացյալ ողջ աշխարհի պահանջմունքների համար։ Սակայն որքան ավելի մեծ դրամական զանգված է թողարկվում, իսկ արդի պայմաններում թողարկվում է վիթխարի ծավալներով, այնքան ավելի է մեծանում ինֆլյացիոն գործընթացների ինտենսիվությունը համաշխարհային պահուստային արժույթ թողարկող երկրում։ Ինֆլյացիոն գործընթացները հավասարակշռելու համար  կապիտալը թողարկող երկրից, այսինքն՝ ԱՄՆ-ից, պետք է դուրս բերվի ավելի բարձր ինտենսիվությամբ, քան ներմուծվում են ապրանքները էմիսիոն գործընթացների հետևանքով։ Հենց այս պատկերի ականատեսն ենք եղել ԱՄՆ-ում Բարաք Օբամայի նախագահության տարիներին։ Հենց նման քաղաքականության դեմ էր իր նախընտրական քարոզարշավում հանդես գալիս Դոնալդ Թրամփը՝ իր կտրուկ անհամաձայնությունը հայտնելով երկրից հարյուրավոր միլիարդների կապիտալի դուրսբերմանը։ Որպես ասվածի հավաստում նշենք, որ 2017թ. հուլիսի 17-ին ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագիր Made in America օրվա և Made in America շաբաթվա հաստատման մասի, միևնույն ժամանակ, խոսքը, ոչ ավելի, ոչ պակաս, ամերիկյան արդյունաբերության վերածննդի մասին է՝ «Գնիր ամերիկյանը, վարձիր ամերիկացիներին» կարգախոսով։ Ասենք ավելին։ «Ամերիկյան արդյունաբերության վերականգնումը,- հայտարրաել է Թրամփը հրամանագիրը ստորագրելիս,- կվերականգնի ոչ միայն բարեկեցությունը, այլ նաև մեր հպարտությունը և հավատը մեր հանդեպ։ Այն կաշխուժացնի մեր անկախությունն ու կամրապնդի մեր ընկերակցություններն ու մեր քաղաքացիներին կապող ազգակցական կապերը»։ Հետևելով «Գնիր ամերիկյանը, վարձիր ամերիկացիներին» կարգախոսին՝ ինչո՞ւ չստեղծել պայմաններ ամերիկյան թերթաքարային գազի վաճառքի համար, ասենք, եվրոպական դաշնակիցներին, տարեկան հաշվարկմամբ մի քանի հարյուր միլիարդ դոլարի չափով։ Սա զգալիորեն կկրճատի վճարային հաշվեկշռի դեֆիցիտը։ Չէ՞ որ արդեն չարժե խոսել այն մասին, որ 2016թ. ընթացքում ընդհանրապես ԱՄՆ արտաքին առևտրի դեֆիցիտը կազմել է $502,25 մլրդ՝ հասնելով ամենաբարձր մակարդակին 2012-ից ի վեր։ Դեֆիցիտի աճը կազմել է 0,4% 2015թ. համեմատ, երբ այն եղել է $500,36 մլրդ։ Ինչ վերաբերում է ապրանքներին (առանց ծառայությունների), ապա եթե 2016թ., օրինակ՝ Չինաստանի հետ ապրանքների առևտրի դեֆիցիտը կազմել է $365 մլրդ, ապա 2016թ. կրճատվել է մինչև $347 մլրդ (ողջ առևտրային դեֆիցիտի գրեթե կեսը, որը 2015թ. կազմել է $736,2 մլրդ)։ Կամ այդ նույն կարգախոսի իրագործումը, բնականաբար, ենթադրում է ԱՄՆ-ում հովանավորչության չափավոր քաղաքականության անցկացում, երրորդ երկրներից գործարանների վերադարձ ԱՄՆ, դաշնային բյուջեի սոցիալական պարտավորությունների կրճատում (ներառյալ «Obamacare» դաշնային ծրագրի փակումը), հարկային արտոնությունների փաթեթ և $1 տրլն-ի ներդրումներ ենթակառուցվածքում։ Այս միջոցների իրագործումը, անկասկած, կօգնի Թրամփի առաջադրած՝ Ամերիկայի վերարդյունաբերականացման խնդրի լուծմանը։ Եվ դա ԱՄՆ 45-րդ նախագահի համար հատուկ նշանակություն ունի ու իր հաստատումն է գտել 2017թ. փետրվարի 28-ին, ԱՄՆ Կոնգրեսին Դոնալդ Թրամփի առաջին դիմումի մեջ։ Հօգուտ իր առաջարկությունների պահանջվածության Թրամփը, մասնավորապես, ասել է. «94 մլն ամերիկացիներ գործազուրկ են, ավելի քան 43 մլն մարդ ապրում է աղքատության մեջ, և ավելի քան 43 մլն-ն էլ ապրում է սննդի կտրոնների հաշվին։ Աշխատունակ հինգ մարդուց մեկը չի աշխատում... Մենք պետք է գործի դնենք մեր տնտեսության շարժիչը»։ Իհարկե, փորձագետներն անմիջապես էլ վիճարկեցին գործազուրկների 94 մլն թիվը՝ իրենց պարզաբանումները ներկայացնելով։ Բայց կարևորը սա չէ։

 Կարծում եմ՝ մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ ԱՄՆ տնտեսության «հեղափոխական վերափոխման» Թրամփի ծրագրի հաջող իրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաշխարհային ֆինանսական համակարգի հիմնարար կազմաքանդման, որի հետևում կանգնած են գլոբալ տրանսազգային ֆինանսական կազմակերպություններ, որոնք, ի դեպ, 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցում էին Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Նման պնդման օգտին է խոսում Թրաֆինի պարադոքսի էությունը, այն է. որպեսզի ԱՄՆ դոլարն աշխատի որպես գլոբալ պահուստային արժույթ, անհրաժեշտ է մշտապես պահել մեծ առևտրային դեֆիցիտ, որպեսզի այդ արժույթն (ԱՄՆ դոլարը) արտահանվի այն քանակությամբ, որն անհրաժեշտ է աշխարհի մնացած մասին։ Նախագահ Թրամփի ծրագիրն ուղղված է այդ գործոնը նվազագույնի հասցնելուն և դրա իրագործման պարագայում կունենա ուղիղ հակառակ էֆեկտը։ Այստեղ հարկ է նաև հիշատակել այլ պայմանների մասին, որոնց դեպքում արժույթը հիրավի կլինի համաշխարհային պահուստային, ասել է թե՝ արժույթը (մեր դեպքում՝ դոլարը) պետք է ազատ շրջանառվի համաշխարհային շուկայում և լինի բավականաչափ լիկվիդային, որպեսզի համաշխարհային արժութային շուկայում առևտուր արվի անվանական քանակությամբ։ Պատկերացնելու համար, թե ինչ գումարների մասին է խոսքը, մեջբերում կատարենք Bloomberg-ի 2016թ. դեկտեմբերի տեղեկությունից. «Համաշխարհային արժութային շուկայում նվազում է սակարկությունների ծավալը (օրական $5,1 տրլն), ինչը կարող է բացասաբար ազդել ռիսկերը հեջավորելու թրեյդերների հնարավորության վրա, նախազգուշացնում է Միջազգային հաշվարկների բանկը... 2013թ. սակարկությունների ծավալը համաշխարհային արժութային շուկայում կազմում էր $5,4 տրլն օրական»։ Ակնհայտ է, որ Թրամփի ծրագիրը, որը բավական պարզ և տարողունակ արտահայտված է «Գնիր ամերիկյանը, վարձիր ամերիկացիներին» կարգախոսում, նույնպես ուղղված չի լինելու դոլարի վիթխարի թողարկմանը Դաշնային պահուստային համակարգի (այսուհետ ԴՊՀ) կողմից, ինչը բնական կլինի ներմուծման ծավալների բազմամիլիարդանոց կրճատման և դեպի արտասահման ամերիկյան կապիտալի դուրսբերման պայմաններում։

Կարծում եմ, որ վերը բերված տվյալները ցայտուն ցույց են տալիս, որ նախագահ Թրամփի ծրագիրը լիովին հակասում է տրանսազգային գլոբալ ֆինանսական ընկերությունների շահերին, ավելին՝ կրկնում եմ, այդ ծրագրի իրականացումն էապես կթուլացնի դոլարի դիրքերը որպես համաշխարհային պահուստային արժույթ, ինչը կհանգեցնի անշրջելի փոփոխությունների արժութային շուկաներում գլոբալ մասշտաբով։ Դա, անշուշտ, կարող է լուրջ ներգործություն ունենալ ԱՄՆ էլիտայում ուժերի դասավորության վրա։ Բայց սա առանձին ուսումնասիրության և ըմբռնման թեմա է։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Համագործակցության գծով Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

  www.amiab.am

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր