Մի քանի խոսք Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գրքի մասին

 

14:52, 13 Մարտ, 2017, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/882269/mi-qani-khosq-artavazd-peleshyani-im-tiezerqy-ev-dashti-miasnakan.html

 

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահության անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Սերգեյ Համբարձումյանը գրել է հոդված Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գրքի մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ:

 ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ «ԻՄ ՏԻԵԶԵՐՔԸ ԵՎ ԴԱՇՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

45 տարի առաջ փառքից շոյված, փառքով գուրգուրված վավերագրող-կինոռեժիսոր, սցենարիստ, ինչպես նաև դերասան Արտավազդ Փելեշյանը նախաձեռնեց գրել գիրք իր մասնագիտության, տիեզերքի իր տեսլականի մասին։ Բայց մինչ այդ՝ 1971 թվականին, Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի ուսանող եղած ժամանակ, նա գրել էր իր դիպլոմային աշխատանքի՝ «Մենք»-ի տեսական «հիմնավորումը»՝ «Դիստանցիոն մոնտաժ կամ դիստանցիայի տեսություն» վերնագրով։ Ընդ որում՝ նա հրաժարվել էր Էյզենշտեյնի, Վերտովի, իր ժամանակի ուրիշ շատ կուռքերի մոնտաժի սկզբունքներից։

Այդ պահից սկսած՝ աշխարհին ներկայացավ մի նոր կուռք՝ կինովավերագրող Արտավազդ Փելեշյան, ով հայտարարեց. «Ինչպես գիտությունը, այնպես էլ արվեստը գործում են երեք միանման և նույն հասկացություններով՝ տարածություն, ժամանակ և շարժում», «Այնպես որ, չի կարելի թերագնահատել արվեստի դերը մեզ շրջապատող աշխարհի գաղտնիքներն ու օրենքները բացահայտելու գործում»։

Համաձայնելով այս բնորոշման հետ՝ ենթադրում եմ, որ նույն կերպ էլ, գուցե էլ ավելի հիմնավորված, կարելի է պնդել, որ չի կարելի թերագնահատել գիտության դերը մեզ շրջապատող բնության, ինչպես նաև մարդկային հարաբերությունների գաղտնիքների և օրենքների բացահայտման մեջ։

Անշուշտ, այստեղ մենք ունենք գիտության և արվեստի փոխհարստացնող համադրություն, որով ապահովվում է ոչ միայն մեզ շրջապատող բնության և մարդկային հարաբերությունների գաղտնիքների ու օրենքների բացահայտումը, այլև արդի քաղաքակիրթ աշխարհի հիմնադրույթները։

Արտավազդ Փելեշյանի՝ խորհող մարդու գիրքը բազմապլան ստեղծագործություն է՝ հեղինակի խորհրդածությունների, XXI դարին համահունչ ապրումների մասին։

Գիրքը, թերևս, նոր խոսք է գիտագեղարվեստական գրականության մեջ։ Այստեղ, մի կողմից, աշխարհի ժողովուրդների առասպելներն ու էպոսներն են, Դոստոևսկին և Էյզենշտեյնը, մյուս կողմից՝ Գալիլեյը, հսկաների հսկա Նյուտոնն ու Էյնշտեյնը։

Ուզում եմ առանձնապես նշել Փելեշյանի լավատեսական պնդումների մասին, ով գրում է. «Ապոկալիպսիս չի լինելու, և ոչ մի աշխարհի վերջ էլ չի լինելու»։ «Տիեզերքին ոչինչ և ոչ մի արհավիրք չի սպառնում», «Տիեզերքն անմահ է, ավարտուն, կայուն և հավերժ», «Տիեզերքը բացարձակ է։ Այստեղ ժամանակը ծնել է հեռավորություն։ Հեռավորությունը ծնել է ձգողականություն։ Իսկ ձգողականությունը ծնել է աստղերը, մոլորակները և նյութական այլ մարմիններ»։

Ես կավելացնեի, որ այդ ամենը միասին վերցրած ծնել են կենդանական աշխարհը, մարդկությանը և մարդկային հարաբերությունները՝ վերջին բնորոշման լայն իմաստով։

Փելեշյանը գրում է. «Գիտության շատ բնագավառներում գիտնականները բախվում են հսկայական դժվարությունների, որովհետև մեզ շրջապատող բնության շատ երևույթներ չեն տրվում բացատրության։ Այդ երևույթների մեծ մասը կոդավորված է»։ Սակայն, պատմական դիտարկում կատարելով, Փելեշյանն առաջարկում է այդ կոդերի գաղտնազերծման ուղիներ, իսկ որոշ դեպքերում՝ անգամ գաղտնազերծում է դրանք։

Արտավազդ Փելեշյանը հիանալի գիրք է գրել, որը խորհուրդ եմ տալիս կարդալ ոչ միայն կինեմատոգրաֆիստներին ու գիտնականներին, ովքեր զբաղվում են բնագիտության հիմնարար խնդիրներով, այլև XXI դարի ուսյալ մարդկանց՝ անկախ իրենց մասնագիտությունից։

Համոզված եմ՝ գիրքը կարդալուց հետո նրանք այլ կերպ կնայեն աշխարհին։

Սա պարզապես գիրք չէ ընթերցանության համար՝ կարդացի ու մոռացա։ Այն մասնագիտական դասագիրք չէ։ Այն ուսումնական ձեռնարկ է՝ թեմաների լայն ընդգրկմամբ, որոնք սովորեցնում են մտածել, խորհել և մի ինչ-որ նոր բան ստեղծել գիտության մեջ և արվեստում։

Ավարտելով «երկս»՝ դիմում եմ Արտավազդ Փելեշյանին՝   մեջբերելով այս սքանչելի ստեղծագործության վերջին նախադասությունը. «Ի՜նչ լավ է, որ Դուք կաք»։

 

Սերգեյ Համբարձումյան

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս,

Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահության անդամ,

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ

 

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր