Արտաշես Գեղամյանն ինքնիշխան Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն է համարում միջազգային իրավունքի ծանրակշիռ սուբյեկտ լինելը

 21.09.2016, 12:11, Արմենպրես

http://www.armenpress.am/arm/news/860936/artashes-gexamyann-inqnishkhan-hayastani-amenamets-dzerqberumn.html

22.09.2016, Հայոց աշխարհ

 Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը Հայաստանի անկախության 25 տարվա ամենամեծ նվաճումը համարում է այն, որ ինքնիշխան Հայաստանը դարձել է միջազգային իրավունքի լիիրավ և ծանրակշիռ սուբյեկտ, ում հետ հաշվի են նստում աշխարհի հզորները: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան շատ լուրջ են ընդունում Հայաստանի Հանրապետությունը, ընդգծված հարգանքով վերաբերվում երկրի քաղաքական իշխանություններին: «Ամենևին պատահական չէ, որ նշված երկրների ղեկավարների մակարդակով հրավիրվող գագաթնաժողովներ են լինում մեր երկրին կենսականորեն հուզող հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հետ առնչվող խնդիրների կապակցությամբ, ինչպես օրինակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ վերջերս անցկացված գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, իսկ առաջիկայում էլ սպասվում է ևս մեկը` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ: Սա չափազանց կարևոր և շատ խոսուն փաստ է: Հայաստանի Հանրապետությունն այս ամենին հասել է իր խելամիտ և հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Պատգամավորի խոսքով՝ դրա համոզիչ ապացույցներից մեկն էր և այն, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը` ունենալով բոլոր հիմքերը ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը, չդիմեց այդ քայլին: «Ուզում եմ ասել, որ մեր երկրի և նրա Նախագահի զուսպ, շրջահայաց այդ դիրքորոշումը չէր կարող հարգանքով չընդունվել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից: Դրանով ի լուր համայն աշխարհի Հայաստանն ապացուցեց, որ ինքը հավատարիմ է բանակցային գործընթացում իր կառուցողական դիրքորոշմանը փոխզիջումների հարցում` իրեն իրավունք վերապահելով նույնը պահանջելու ադրբեջանական կողմից: Այս կերպ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին նա հիմք է տալիս ավելի վճռական դիրք գրավել պատասխան քայլեր պահանջելով Ադրբեջանից»: Արտաշես Գեղամյանի գնահատմամբ` «մեր աներեր դիրքորոշման առարկայական դրսևորումը հատկապես ցայտուն երևում է սեպտեմբերի 21-ին, երբ Հանրապետության հրապարակով անցնում է տոնական զորահանդեսը, և մենք ականատես կլինենք, ի թիվս այլ զենիթահրթիռային ամենաժամանակակից զինտեխնիկայի, նաև «Իսկանդեր Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներին: Ինչո՞ւ եմ առանձնահատուկ նշում դա. որովհետև Հայաստանն աշխարհում միակ պետությունն է, բնականաբար, Ռուսաստանից հետո, որին մատակարարվել է այդ ահեղ, հավասարը չունեցող համալիրը: Սրան անպայման ավելացնենք և այն անթաքույց  նախազգուշացումը, որն, ըստ թուրքական «Sözcü» թերթի էլեկտրոնային էջում օգոստոսի 31-ին  տեղադրված հոդվածի, արվել է Պուտին-Էրդողան օգոստոսյան հանդիպման ժամանակ, երբ ՌԴ նախագահը բառացիորեն ասել է հետևյալը. «Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև, որ Ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր: Սակայն այս հարցում զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրը լուծման կարիք ունի: Մեզ հակառակվելով` խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում»:

Ուրիշ էլ ի՞նչ է հարկավոր համոզվելու համար, որ մեր ժողովրդի 25-ամյա մաքառումը, ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման խնդիրները դարձել են աշխարհիս գերհզորների նաև սեփական իսկ անվտանգության անքակտելի մասը: Ահա թե ինչ է նշանակում լինել միջազգային իրավունքի ծանրակշիռ, լիիրավ սուբյեկտ»:  

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր