Խորհելով Հայաստանի Հարկային օրենսգրքի շուրջ. Արտաշես Գեղամյան
07.09.2016, 15:13, Արմենպրես
http://www.armenpress.am/arm/news/859548/razmiyshlyaya-nad-proektom-nalogovogo-kodeksa-armenii--artashes.html
09.09.2016, Իրավունք
09.09.2016, Հայոց աշխարհ
Երկու ամիս է անցել այն օրից, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ ՀՕ) նախագիծը։ Ինչպես ՀՀ ԱԺ-ում, այնպես էլ բիզնես- և փորձագիտական հանրույթներում այս փաստաթղթի բուռն քննարկումների ընթացքում հնչեցին փաստաթղթի վերաբերյալ բազմաթիվ, հաճախ՝ փոխբացառող կարծիքներ և գնահատականներ։ Հատկանշական է, որ ծավալված բանավեճերի մասնակիցներն, ի պաշտպանություն իրենց տրամագծորեն հակադիր փաստարկների և հիմնավորումների, վկայակոչում էին ՀՕ առանձին գլուխներն ու հոդվածները։ Այս հանգամանքն ակամա մտածել է տալիս, թե ՀՕ-ն ծավալված բանավեճերի մասնակիցների կողմից չի ընկալվում որպես մեկ ամբողջություն, որը որոշում է ՀՀ կառավարության կողմից առաջիկա տարիների համար առաջարկվող ֆիսկալ (հարկաբյուջետային) քաղաքականության բովանդակությունը։
Այսպես. կառավարության ներկայացուցիչներն իրենց ելույթներում ջանում են հիմնավորել, որ ՀՕ ընդունումը լավ պայմաններ կստեղծի տնտեսության երկարատև աճի, կայունության և գործարարության ոլորտում կանխատեսելիության ապահովման համար։ Ընդ որում՝ հատկապես նշվում է, որ ՀՕ-ն նպաստելու է բյուջետային եկամուտների երկարաժամկետ կայունացման ապահովմանը (ոչ քիչ չափով՝ ի հաշիվ ակցիզային հարկերի աճի)։ Իսկ առաջին ընթերցմամբ ընդունված ՀՕ նախագծի ընդդիմախոսները մեզ հակառակն են համոզում։ Ընդ որում՝ հիմնավորում են տնտեսության համար չափազանց տագնապալի հետևանքների վտանգավորությունը ՀՕ-ի՝ ներկայացված ձևով ընդունման պարագայում։ Ասվածի մեջ համոզվելու համար բավական է ներկայացնել նրանց գնահատականների հատկանշական ձևակերպումները. «Հարկային օրենսգիրքը կարող է հանգեցնել Հայաստանի դեֆոլտի», «ՀՕ-ն համահունչ չէ ՀՀ տնտեսական մարտահրավերներին», «ՀՕ-ն կդառնա լուրջ արգելք երկրի բիզնեսի համար», «ՀՕ-ն պառակտման օրենսգիրք է», «ՀՕ-ն հայկական տնտեսության շիրմաքարն է» և այլն։ Այս ֆոնին հատկապես առանձնանում է Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի գնահատականը, որը հրապարակվել է 2016թ. հունիսի 14-ին https://rus.azatutyun.am/a/27828513.html կայքում՝ «ԱՄՀ. եթե Հարկային օրենսգիրքն ընդունվի, այն մեծ օգուտ կբերի Հայաստանին» խոսուն վերնագրով։
«Ազատություն» ռադիոյի հետ հարցազրույցում ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծել է. «Այս երկիրը լավ դպրոցների, լավ ճանապարհների, լավ կառավարման կարիք ունի։ Եվ դրա համար յուրաքանչյուրը պետք է ներդրում ունենա... Կրթությունը, առողջապահությունն այստեղ շատ ցածր մակարդակի են, չկան կապիտալի ներդրումներ, չկան ենթակառուցվածքներ։ Առանց այս ամենի անհնար է զարգացնել երկիրը, իսկ հիմա դրա համար լավ հնարավորություն է ստեղծվել»` Թերեզա Դաբան Սանչեսն այդ նույն հարցազրույցում անհամաձայնություն է հայտնել քննադատությանն այն մասին, թե հարկային բեռի ավելացումը բացասաբար կանդրադառնա բիզնես-միջավայրի և Հայաստանի բնակչության սոցիալական դրության վրա՝ հարկադրելով բարեխիղճ աշխատողներին թաքցնել իրենց իրական եկամուտները և աշխատել «ստվերում»։ Նման կոշտ գնահատականը ԱՄՀ ներկայացուցչի կողմից հնչում է ոչ այլ կերպ, քան դատավճիռ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև հենց իրենց հասցեին։ Հիշեցնենք հարգարժան տիկին Սանչեսին, որ 2010թ. հունիսի 28-ին հաստատվել է ԱՄՀ-ի կողմից Հայաստանին վարկային աջակցություն ցուցաբերելու եռամյա ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանին տրվել է մոտավորապես 407,2 մլն դոլար ստանալու իրավունք։ Ընդ որում՝ 2013թ. հուլիսի 1-ին ԱՄՀ Տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին մոտ 84 մլն դոլարի հերթական վարկային տրանշ հատկացնելուն՝ իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ Հայաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ կատարել է այդ ծրագրի համաձայնեցված պայմանները. «Տնտեսության աճը Հայաստանում 2011թ. հասել է 4,7%-ի, նախորդում՝ 7,2%, և մնում է կայուն։
Սղաճը հանրապետությունում կազմում է 4%-ից պակաս (https://newsradio.com.ua/rus/2013_07_02/MVF-videlil-Armenii-kredit-v-razmere-84-mln/)։ Ավելին, Հայաստանին հակաճգնաժամային աջակցության գծով ԱՄՀ ծրագրի շրջանակներում (հաստատված 2014թ. մարտի 7-ին ԱՄՀ Տնօրենների խորհրդի կողմից) նախատեսվում էր ՀՀ-ին հատկացնել 114 մլն դոլար երեք տարվա ընթացքում։ Վարկը տրամադրվում էր հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարի համար։ Ծրագրի հերթական վարկային նոր գիծը՝ 22 մլն դոլարի չափով, ինչպես տեղեկացրել էր հիմնադրամի (որի կենտրոնակայանը Վաշինգտոնում է) մամլո ծառայությունը, հատկացվեց 2016թ. հունիսին։ «Չնայած բարդ արտաքին պայմաններին, ծրագրի կատարումը միանգամայն բավարար էր, նպատակների մեծամասնությունը ձեռք է բերված»,- Տնօրենների խորհրդի որոշումը պարզաբանել է ԱՄՀ կարգադրիչ-փոխտնօրեն Միցուհիրո Ֆուրուսավան։ Այսինքն՝ ստացվում է, որ ԱՄՀ-ի կողմից վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունում բարեփոխումներ իրականացնելու համար միայն ԱՄՀ-ի գծով հատկացվել է մոտ կես միլիարդ դոլարի վարկ, և դատելով տիկին Սանչեսի գնահատականով՝ դրանք ծախսվել են, մեղմ ասած, անարդյունավետ, ապարդյուն։ Էլ չեմ ասում Համաշխարհային բանկի և միջազգային այլ ֆինանսական կազմակերպությունների հատկացրած հարյուր միլիոնավոր դոլար վարկերի մասին՝ ուղղված տնտեսության բարեփոխմանն ու ֆինանսների ամրապնդմանը։ Ինչո՞ւ էր խոսվում դատավճռի մասին։ Թող ոչ մեկի համար գաղտնիք չլինի, որ նշված հեղինակավոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները հերթական վարկային տրանշները հատկացնում են միայն այն պայմանների անվերապահ կատարման դեպքում, որոնք նախատեսվում են ավելի վաղ տրամադրված վարկերի վերաբերյալ պայմանագրերը կնքելիս։
Բնական է, որ առաջին ընթերցմամբ ընդունված ՀՕ նախագծին օբյեկտիվ բնորոշում տալու համար առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել այն չափանիշները, ըստ որոնց կարելի կլինի գնահատել իրականացվող ֆիսկալ քաղաքականության արդյունավետությունը։
Եվ այսպես, դեռևս 2015թ. վերջին ՀՀ Ֆինանսների նախարարության մասնագետները, Համաշխարհային բանկի փորձագետների աջակցությամբ, մշակեցին ՀՀ Հարկային օրենսգքրի հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ)։ Նշենք, որ Հայեցակարգի հիմքում դրված են միանգամայն ընդունելի կանխադրույթներ, ինչպիսիք են. հարկային տոկոսադրույքների չեզոքությունը (հավասարակշռված և տնտեսապես հիմնավորված, հարկային միջավայրի վրա չեզոք ազդեցություն գործող բեռնվածության ընդունում հարկատուների համար); հարկային բազայի կազմակերպում; հարկային արտոնությունների շրջանակների վերանայում; հարկերի հաշվարկման և վճարման կարգի կատարելագործում։ Ավելին, Հայեցակարգում նշվում էր, որ ՀՕ նախագիծը մշակվել է 9 սկզբունքների հիման վրա։ Բոլոր սկզբունքներին մանրամասն անդրադառնալն այլ վերլուծության թեմա է, սահմանափակվենք միայն դրանցից առաջինի դիտարկմամբ, որն ասում է. կարևոր նշանակություն է տրվում (նկատի է առնվում ՀՕ-ում- Ա.Գ.) երկարաժամկետ տնտեսական աճին՝ առանց կարճաժամկետ արդյունքների վրա կենտրոնանալու։ Ընդ որում՝ հատկապես նշվում է, որ Հայաստանի տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկավոր է հատուկ շեշտադրում անել սպառման հարկման վրա, իսկ տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց համար սահմանել եկամտահարկի որքան հնարավոր է ցածր տոկոսադրույք։
Հայեցակարգի այդ նույն բաժնում նշվում է, որ ՀՕ-ում կարևոր ուշադրություն է դարձված հարկային այնպիսի խթանների ներդրմանը, որոնք, չնայած այն բանին, որ կարճաժամկետ հեռանկարում կհանգեցնեն հարկային մուտքերի որոշակի կորստի, բայցևայնպես, հետագայում կարևոր ներդրում կդառնան հետևյալ ուղղություններում. օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում; ազգային տնտեսության վերազինում և արդիականացում; արտահանման խթանում; ազգային տնտեսության մրցունակության բարձրացում տարածաշրջանում և ԵԱՏՄ-ում; երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի ապահովում։ Դե ինչ, թվում է, թե լիովին խելամիտ առաջադրված հայեցակարգային հարցեր են։ Այդ դեպքում միանգամայն իրավացիորեն հարց է ծագում. ուրեմն ինչո՞ւ այս օբյեկտիվորեն պահանջված խնդիրների լուծման գործիքները, որոնք, ՀՕ-ն կազմողների մտահղացմամբ, պետք է դրված լինեին դրա հիմքում, այսքան բուռն, երբեմն՝ միանգամայն տագնապալի քննադատություն են առաջ բերում։
Ո՞րն է պատճառը։ Հարկային քաղաքականության գործիքների անհամարժեք ընտրությո՞ւնը՝ ընդհանուր առմամբ ճիշտ ձևակերպված խնդիրներն իրագործելու համար։ Գուցե հանրապետության տնտեսությունում ստեղծված իրողությունների ոչ լրիվ հաշվառո՞ւմը։ Իսկ գուցե ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության հետ առաջարկվող հարկային քաղաքականության օրգանական կապի բացակայությո՞ւնը։ Կարելի է այլ փաստարկներ էլ բերել, որոնք կբացատրեին ՀՕ-ի մասին դատողությունների և գնահատականների ողջ հակասականությունը։
Օրինակ, ՀՕ-ում առաջարկվող ուղղակի և անուղղակի հարկերի հարկային տոկոսադրույքների փոփոխությունների՝ մակրոտնտեսական ցուցանիշների վրա ներգործության վերլուծությունը։ Դժվար է ասել, թե որքան սպառիչ կարող է լինել նման վերլուծությունը, քանի որ դրա եզրահանգումները չեն կարող հաշվի առնել այն միտումները, որոնք վերջին տարիներին ստեղծվել են Հայաստանի տնտեսությունում, իսկ դա շատ էական բացթողում կլինի։ Ուստի, ավելի նպատակահարմար է թվում այլ մոտեցման կիրառումը, այն է. ՀՕ արժանիքների կամ թերությունների մասին խոսելուց առաջ հարկ է սահմանել այն հիմնական միտումները, որոնք վերջին տարիներին դիտվում են երկրի տնտեսությունում։
Այնուհետև դրանց հաշվառմամբ սահմանել, թե որ փոփոխություններն են հարկաբյուջետային (ֆիսկալ) և դրամավարկային քաղաքականությունում առաջնային՝ Հայաստանի տնտեսությունը կայուն տնտեսական աճի հետագիծ դուրս բերելու համար, դրանք ինչ արտացոլում պետք է գտնեն ՀՀ կառավարության առաջարկած ՀՕ-ում, ինչպես նաև ՀՀ ԿԲ վարած մոնետար քաղաքականությունում։ Ընդ որում՝ շատ կարևոր է այս հիման վրա մշակել միասնական պետական քաղաքականություն՝ ուղղված երկրի տնտեսության զարգացմանը՝ միաժամանակ կարևոր նշանակություն տալով փոքր ու միջին բիզնեսի (այսուհետ՝ ՓՄԲ) զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, ազգային տնտեսության վերազինմանն ու արդիականացմանը, արտահանման խթանմանը և այլ ուղղություններին, որոնք արդարացիորեն նշված են Հայեցակարգում։
Իսկ ինչ վերաբերում է ՀՕ հետագա ճակատագրին, ապա նպատակահարմար է թվում, մինչև այդ փաստաթուղթը ՀՀ ԱԺ երկրորդ ընթերցման ներկայացնելը, պարզաբանումներ տալ անխուսափելիորեն ծագող հարցերին։ Օրինակ, ՀՕ-ն ինչպե՞ս կանդրադառնա բնակչության տարբեր սոցիալական խմբերի վճարունակ սպառողական պահանջարկի վրա; ինչպիսի՞ն է սոցիալական խմբերի տեսակարար կշիռը (ըստ թվաքանակի), որոնց համար ՀՕ ընդունումը խթան կհանդիսանա կամ, ընդհակառակը, բացասաբար կանդրադառնա նրանց սպառման վրա։ Կամ էլ՝ ինչպե՞ս կանդրադառնան ակնկալվող հավելյալ մուտքերը ՀՀ բյուջե (ՀՕ-ի ընդունումից հետո) աշխատողների իրական եկամուտների վրա՝ լինեն նրանք բյուջետային, թե ՀՀ տնտեսության այլ ոլորտների աշխատողներ, մանավանդ ՓՄԲ կտրվածքով։
Կարծում ենք, որ հարկ է հատուկ ուշադրություն հատկացնել մեր տնտեսության ներդրումային գրավչության խթանման հարցերին, որոնք պետք է իրենց հիմնավորումն ստանան ՀՕ-ում։ Եվ դա սկզբունքայնորեն կարևոր է, քանի որ վերջին տարիներին ՀՀ միջազգային ներդրումային դիրքն իջնում է։ 2014թ. դեկտեմբերի վերջին, օրինակ, ՀՀ զուտ ներդրումային դիրքը բացասական է եղել 7879,96 մլն դոլարով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 345,68 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2015թ. դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ զուտ ներդրումային դիրքն արդեն բացասական է 8065,92 մլն դոլարով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել և կազմել են 321,45 մլն դոլար։ Եվ ներդրումների հետ կապված այսպիսի պատկերը ստեղծվում է այն պայմաններում, երբ վերջին տարիներին նկատվում է առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճ։ Այսպես, 2014թ. դեկտեմբերի վերջի դրությամբ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը կազմել է 6,15%, իսկ 2015թ. դեկտեմբերին, համապատասխանաբար, 6,98%։ Ցավոք, այս միտումը շարունակվում է նաև ընթացիկ տարում։ Այսպես, 2016թ. հունիսի 30-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 8,42%։ Այս ֆոնին ՀՀ կառավարության ներկայացուցչի հայտարարությունը, թե պատրաստված փաստաթղթի (նկատի ունի ՀՕ-ն- Ա.Գ.) գլխավոր շեշտադրումը կդառնա դիվիդենդների հարկումը, համենայնդեպս՝ այնքան էլ կոռեկտ չէ։ Մանավանդ երբ նման մոտեցման պահանջվածությունը հիմնավորելու համար հայտարարվում է, թե վերջին 25 տարիներին դիվիդենդները չեն հարկվել, սակայն դա չի հանգեցրել ներդրումների ցուցանիշի ակնկալվող աճի։ Անվիճելի է, որ նման փաստարկները բնավ չեն խոսում հօգուտ ՀՀ տնտեսության ներդրումային գրավչության պայմանների ստեղծման։
Կարծում ենք, բոլորն են համաձայն այն մտքին, որ Հայաստանի Հարկային օրենսգրքի ընդունումը խիստ ակտուալ է։ Որքանո՞վ այդ փաստաթուղթը կկազմվի կայուն տնտեսական աճին խոչընդոտող իրական խնդիրների առավելագույն հաշվառմամբ (դրանց լուծման նպատակով)՝ ահա սրանից էլ հիմնականում կախված կլինի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը։
Հ.Գ. Հոդվածում ընդամենը փորձ է արվել ընդհանուր գծերով անդրադառնալ մի քանի հարցերի (իսկ դրանց ցանկը կարելի է անընդհատ շարունակել), որոնց ճիշտ պատասխաններից է շատ բանով կախված այն, թե ինչպիսին կլինի Հայաստանն առաջիկա տարիներին։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
ԱԺ մշտական պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ