Արտաշես Գեղամյան. Ինֆորմացիոն կուրտիզանուհիների թշվառությունն՝ առանց պերճանքի

(Արտաշես Գեղամյանի հոդվածի հետգրությունը)

 

11.07.2016, Արմենպրես

http://www.armenpress.am/arm/news/853913/nishcheta-bez-bleska-informacionniykh-kurtizanok-postskriptum.html

Ծանոթանալով արտասահմանյան և հայկական ամենատարբեր էլեկտրոնային ԶԼՄ-ների հրապարակումներին՝ կարող ենք նշել, որ նրանց բնավ համահունչ չէին բավական անախորժ zham.am և 7or.am էլեկտրոնային պարբերականները, որոնք վերջին ամիսներին վերածվել էին ոչ անհայտ Վարդան Օսկանյանի շահերը պաշտպանող փաստաբանական գրասենյակի։ Ընդ որում՝ պաշտպանելով նրան ընդդիմության գծով իր գործընկերոջ քննադատությունից, նրանք, իրար խառնված, չգիտես ինչու ինձ էլ էին վերցրել իրենց նողկալի բարբաջանքի շրջապտույտի մեջ՝ վիրավորանքներ հնչեցնելով իմ հասցեին։ Մասնագիտությամբ արտադրական գործընթացների ավտոմատացման ինժեներ լինելով՝ շատ բան չեմ հասկանում կոյուղուց, անգամ եթե այն տեղեկատվական է։

Եվ նշված ԶԼՄ-ներն ամուր պահում են առաջնության դափնին տեղեկատվական գարշահոտության տարածման մրցույթում։ Իհարկե, կարելի էր և չարձագանքել նրանց հերթական տեղեկատվական ծծմբաջրածնային արտանետմանը, բայց այդ դեպքում իմ գործընկերները կարող էին կշտամբել ինձ անհետևողականության համար։ Չէ՞ որ ՀՀ ԱԺ նիստերից մեկում ունեցած իմ ելույթում ես նախազգուշացրել էի այս դեմքերին, որ նրանք ուշքի բերեն իրենց լաքեյներին, այլապես ես ու գործընկերներս խիստ հետևողականորեն կպսակազերծենք դրանց տերերի, այն է՝ Վարդան Օսկանյան և Co-ի անարժան էությունը։ Օրինակ, ինչո՞ւ դեմոկրատիայի այդ նախանձախնդիրն այդպես էլ դատի չտվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմիններին իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու և անբասիր անունն արատավորելու համար, որոնք ուղղակի մեղադրում էին նրան փողեր լվանալու մեջ ՀՀ Քր.օր. 178 և 190 հոդվածներով (փողերի լվացում և յուրացում)։ Մի՞թե նա կասկածում է մեր դատական համակարգի օբյեկտիվությանը։ Չէ՞ որ արտաքին գործերի նախարար եղած ժամանակ նա ավելի քան 10 տարի որևէ հանդիմանանք չի ունեցել նրա հասցեին, էլ չենք ասում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասին։ Նա դա կարող է անել նաև հիմա՝ տրամադրության տակ այդքան նշանակալի տեղեկատվական ռեսուրս ունենալով։ Կարելի էր չարձագանքել սույն գործչի ի սկզբանե նեխած տեղեկատվական ռեսուրսների վիրավորական հրապարակումներին, մանավանդ որ ՀՀ յուրաքանչյուր խելամիտ քաղաքացի հիանալի գիտի, թե դեռևս չբացահայտված քրեական գործերի ինչ գործող անձինք են սնուցում վերոնշյալ տեղեկատվական որջը։ Իսկ վերջում խորհուրդ եմ տալիս Վարդան Մինասովիչին՝ ձգել իր մանկլավիկների սանձերը, թե չէ «վոյևէ բան» նրան չի օգնի, իսկ պատասխան ռեակցիան իրեն երկար սպասել չի տա ու քիչ էլ չի թվա։

                                                                                             

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր