ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ.

ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ՝ ՆՇԱՆԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

 

21.04.2016, Արմենպրես

http://armenpress.am/rus/news/844423/artashes-gegamyan-strelyayut-v-armeniyu-a-celyat-po-rossii.html

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում փխրուն հրադադարի հաստատման օրից երկու շաբաթ էլ դեռ չի անցել, իսկ Թուրքիայի կողմից նոր սադրիչ կոչեր են հնչում։

Ս.թ. ապրիլի 19-ին Ստրասբուրգում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդաժողովում և միջազգային հանրությանը կոչ է արել նախազգուշացնել Երևանին՝ հայտարարելով. «Զինված սադրանքները և հրադադարի ռեժիմի խախտումները հայկական կողմից հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Հավելյալ անհանգստություն է առաջացնում նաև այն, որ գնդակոծությունները Հայաստանի կողմից ընդգրկում են նաև Նախիջևանի տարածքը... Այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս ստատուս-քվոյի անընդունելիությունը ղարաբաղյան հակամարտությունում»։ Արդի նեոօսմանիզմի ջատագովի նման անպատկառ կեղծավորությունը որևէ կերպ չի շաղկապվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլիի հայտարարության հետ, որը դեռևս ս.թ. ապրիլի 2-ին, ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ, մասնավորապես, հայտարարում էր, թե Ադրբեջանի Զինված ուժերը հարձակում են իրականացրել առաջնագծում և թիկունքում՝ նախապես որոշված թիրախների կոորդինատներով։ Բախումների արդյունքում «շարքից հանվել են կենդանի ուժի, ռազմատեխնիկայի զգալի քանակություն և ենթակառուցվածքային միավորներ» (http://eadaily.com/ru/news/2016/04/02/voyna-v-karabahe-turciya-podstavila-ilhama-alieva)։ Ավելին, Թուրքիայի վարչապետը սա Ստրասբուրգում ասում է հենց այն ժամանակ, երբ ԵԽԽՎ-ում ընդունվում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր)։ Հռչակագրում, ի հեճուկս Ահմեթ Դավութօղլուի սադրիչ հայտարարությունների, մասնավորապես, ասվում է. «Համոզված լինելով, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ԵԽԽՎ-ն հաստատում է իր մշտական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի (այսուհետ՝ ԵԱՀԿ ՄԽ)՝ միջազգայնորեն համաձայնեցված միակ բանակցային ձևաչափի համանախագահների ջանքերին՝ գտնելու համար այս հակամարտության երկարաժամկետ և արդար լուծումը։ Ուստի, մենք կոչ ենք անում հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշտական կոչերը՝ չխոչընդոտել իրենց մանդատին և չբարդացնել բանակցային գործընթացը... Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների մի շարք այլ առաջարկություններ 1994թ. հրադադարի համաձայնագրի հանդեպ վստահության ստեղծման միջոցառումների վերաբերյալ՝ կօժանդակեն լարվածության թուլացմանը և խաղաղ բանակցությունների առաջընթացի համար նպաստավոր մթնոլորտի ստեղծմանը»։

Հռչակագրի առանձին դրույթների այսքան մանրամասն ներկայացումը բնավ պատահական չէ։ Ցանկացած անաչառ ընթերցող, եթե համեմատելու լինի Դավութօղլու-Դյարգահլիի մտավարժանքների և Հռչակագրի դրույթների բովանդակությունը, դրանցում հակասություններ և տրամաբանական անհամապատասխանություններ կհայտնաբերի։

Այսպես. եթե, ինչպես պնդում է Թուրքիայի վարչապետը, «զինված սադրանքները և հրադադարի ռեժիմի խախտումները» տեղի են ունեցել հայկական կողմից, այդ ժամանակ ինչո՞վ բացատրել այն, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգելի ու նրանց 80 գործընկերների առաջարկությունները՝ ուղղված լարվածության և ագրեսիայի թուլացմանը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, մերժվել են ադրբեջանական կողմից։ Հիշեցնենք, որ Ռոյս-Էնգելի առաջարկությունները դեռևս 2015թ. դեկտեմբերին են մտել ԱՄՆ Պետդեպարտամենտ։ Դրանցում ասվում է, որ անհրաժեշտ է՝ 1. հեռացնել հակամարտության կողմերի դիպուկահարներին շփման գծից, 2. շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տեղակայել վերահսկողության նորագույն համակարգեր, որոնք թույլ կտան ճիշտ որոշել, թե որ կողմից է իրականացվել հարձակումը, 3. շփման գծում տեղակայել ԵԱՀԿ ՄԽ մեծ թվով դիտորդներ, ինչը թույլ կտա հստակ ամրագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Նշենք, որ այս դիմումի հեղինակ կոնգրեսականներն ընդգծում էին, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը համաձայն են այս պայմաններին, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Եթե Ի.Ալիևը համաձայներ այս պայմաններին, որոնք ողջունել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, այդ ժամանակ Ա.Դավութօղլուն չէր կարողանա ԵԽԽՎ պատվիրակների ուղեղները լվանալ «զինված սադրանքներով»։ Ավելին, ԵԽԽՎ Հռչակագրում ասվում է. «Մենք կիսում ենք անհանգստությունը հակամարտության գոտում լարվածության աճի հետ կապված։ Ծանր սպառազինությունների՝ հաուբիցների և հրթիռային սարքերի օգտագործումն անընդունելի է և լուրջ սպառնալիք է ստեղծում խաղաղ բնակչության համար։ Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, այդ թվում և խաղաղ բնակիչների շարքում»։ ԵԽԽՎ այս վեհերոտ հայտարարությունն, այնուամենայնիվ, արժեքավոր է, քանի որ այն պայմաններում, երբ Թուրքիան ամեն կերպ շանտաժի է ենթարկում Եվրոպային՝ սպառնալով չեղարկել միգրացիոն համաձայնությունը Եվրամիության հետ, ԵԽԽՎ-ն, որի պատգամավորների ճնշող մեծամասնությունը հիանալի տեղեկացված է ադրբեջանցիների՝ Սմերչերից և ծանր սպառազինության այլ տեսակներից արձակած և չպայթած արկերի մասին, այնուամենայնիվ, արդեն համարձակվում է գրավոր ակնարկել այդ մասին։ Դա, անշուշտ, ճիշտ ուղղությամբ արվող քայլ է, մանավանդ եթե հիշենք Ադրբեջանի ձկնկիթային դիվանագիտության տխրահռչակ դեմքերից մեկի՝ բրիտանական խորհրդարանի նախկին անդամ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» ամոթալի հակահայկական, ավելի շուտ՝ հակաեվրոպական բանաձևի նախագծի մասին, որը ս.թ. հունվարի 26-ին մերժվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում։ Հիմա արդեն ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Ուոլթերի մոլեգին ջանքերը 2016թ. ապրիլի 2-5-ի ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմում ադրբեջանական ձախողված բլից-կրիգի քարոզչական ապահովման օղակներից մեկն էին։ Մեր «հերոսի» քաղաքական դիմանկարը լիովին պատկերացնելու համար ևս մեկ մեջբերում անենք նեոօսմանիզմի գաղափարախոս Ահմեթ Դավութօղլուից։ Ս.թ. փետրվարի 29-ին Բինգյոլ քաղաքում կազմակերպված ընդունելության ժամանակ Թուրքիայի վարչապետն այսօր երկրի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել է այն իրադարձությունների հետ, որոնք կատարվել են Արևմտյան Հայաստանում՝ Օսմանյան կայսրության հայաբնակ նահանգներում, Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում։ «Քուրդ զինյալներն այսօր նման են հայ ավազակներին, որոնք համագործակցում էին ռուսների հետ։ Նրանք (քրդերը) նույնիսկ Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչություն են բացել»,- կատաղի հայտարարել է Դավութօղլուն։ Զարմանքից ապշում ես այս նեոօսմանցու երկերեսանիությունից, որը մեկ շաբաթվա ընթացքում սկզբում կեղծավորաբար հայտարարում է, թե՝ «Ես վստահ եմ, որ ռուսաստանցիները հնարավորություն կգտնեն վերադառնալու Թուրքիա։ Եվ իհարկե, մենք ուզում ենք կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ» (http://expert.ru/2016/02/22/turtsiya/), իսկ չանցած 7 օր այդ նույն Ռուսաստանին կշտամբում է «ավազակներին» հովանավորելու մեջ։ Էլ չեմ ասում այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 29-ին  Սերբիա կատարած երկօրյա այցի ընթացքում, ինչպես տեղեկացրել է Սերբիայի նախագահի մամուլի ծառայությունը, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին կոչ է արել օգնել կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ (http://ria.ru/world/20151229/1351182325.html)։

Ինչ վերաբերում է Դավութօղլուի՝ իրենց անպատկառությամբ զզվելի, բացահայտ նացիստական արտահայտություններին «հայ ավազակների» մասին, ապա ներկայացնենք գնահատականներ ողբերգական այն տարիների մասին։ Օսմանյան կայսրությունում 1915-16թթ. Հայոց ցեղասպանության ընթացքում բարբարոսաբար ոչնչացվել է 1,5 միլիոն հայ իր պատմական հայրենիքում։ Հայերի ցեղասպանության պատասխանատվությունն ընկած է «Իթթիհաթ վե թերաքքը» («Միություն և առաջընթաց») կուսակցության ղեկավարների վրա։ Ահմեթ Դավութօղլուի հոգևոր հայրը՝  այն ժամանակվա ներքին գործերի նախարար Մեհմեթ Թալեաթը, իր հուշերում՝ հրապարակված 1946թ., նրա գնդակահարությունից 25 տարի հետո (Թալեաթն սպանվել է հայ հայրենասեր Սողոմոն Թեհլերյանի կողմից՝ «ի կատարումն» Արտակարգ դաշտային տրիբունալի դատավճռի, որը տեղի է ունեցել 1919թ. Կոստանդնուպոլսում, և որը հեռակա կարգով Թալեաթին դատապարտել էր մահապատժի ռազմական հանցագործությունների և «կայսրության հայ բնակչության ոչնչացման» համար), գրել է, թե «Հայկական հարց» գոյություն չունի, քանի որ այլևս հայեր չկան, և որ ինքը երեք ամսում «Հայկական հարցի» լուծման համար արել է ավելին, քան սուլթան Աբդուլ-Համիդն իր կառավարման 30 տարիներին։ Հայոց ցեղասպանության ընթացքում ոչնչացվել է ավելի քան 2 հազար հայկական գյուղ, այդքան էլ եկեղեցի և վանք, ավելի քան 60 քաղաքների հայկական թաղամասերը։ Երիտթուրքական կառավարությունը՝ թուրք և Թուրքիայի դաշնակից երկրներից եկած սպաների հրամանատարության ներքո ավազակաբարո արարքներ իրականացնող տարատեսակ բաշիբոզուկները, յուրացրին հայ բնակչության՝ ամենահամեստ հաշվարկներով ներկայիս գնահատմամբ ավելի քան 90 մլրդ դոլարը գերազանցող արժեքներն ու ներդրումները։ Արժե հիշեցնել ընթերցողներին, որ 1915թ. հունիսի 10-ին Օսմանյան կայսրությունում մտցվեց օրենք, որը պարունակում էր ցուցում «պատերազմի և արտակարգ քաղաքական պայմանների արդյունքում տեղահանված հայերի թողած շարժական և անշարժ գույքի հետ» վարվելու կարգի մասին։ Այդ օրենքի համաձայն՝ հայկական ամբողջ ունեցվածքը հայտարարվում էր «լքված», և դրա վրա կալանք էր դրվում։ Նախատեսվում էր ստեղծել հատուկ կոմիտեներ, որոնց վրա էին դրվում «լքված» սեփականության հաշվառումն ու նրա հուսալի պահպանությունը սեփականատերերի անունով։ Անասունները և պահպանման ենթակա չեղող գույքը պետք է վաճառվեին հրապարակային սակարկությամբ, իսկ ստացված միջոցները պահվեին սեփականատերերի հաշիվներում՝ իբր վերադարձից հետո նրանց հանձնելու համար։ Այս ամենից հետո, թե ով է իսկական ավազակը՝ դժվար չէ գլխի ընկնել, ճիշտ այդպես էլ դժվար չէ համոզվել, թե ով է զրպարտիչն ու, միևնույն ժամանակ, Օսմանյան կայսրության մայրամուտին Թուրքիայի ղեկավարությունում հայտնված մեծ ճանապարհների ավազակների փաստաբանը։ Այս ամենի մասին, մեր կարծիքով, կարող են կռահել նաև Թուրքիայի ներկայիս վարչապետի երկրպագուները։

Կարելի էր առհասարակ անպատասխան թողնել Ահմեթ Դավութօղլուի ելույթը, եթե այդ ելույթը մի քանի օր անց չհետևեր մեկ այլ՝ ոչ պակաս սադրիչ հայտարարության, այս անգամ արված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ 2016թ. ապրիլի 14-ին, հանդես գալով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) XIII գագաթաժողովի նստաշրջանում (Ստամբուլ), Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը, մասնավորապես, ասաց. «ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդունել է 4 բանաձև հակամարտության հետ կապված։ Այդ բանաձևերը պահանջում են անհապաղ և անվերապահորեն դուրս բերել հայկական զինված ուժերն ադրբեջանական հողերից։ Նման որոշումներ և բանաձևեր ընդունել են նաև ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը և այլ կազմակերպություններ։ Ուզում եմ մեկ անգամ ևս սրտանց շնորհակալություն հայտնել ԻՀԿ-ին արդարացի բանաձևերի համար, որոնք պաշտպանում են հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում։ Սակայն ագրեսիվ Հայաստանն անտեսում է այս որոշումները և պարբերաբար դիմում է զինված սադրանքների բանակցային գործընթացը խախտելու համար»։ Ինչի՞ վրա է հույսը դնում Ադրբեջանի նախագահը՝ նման բացահայտ ստի դիմելով։ Մի՞թե նա ծանոթ չէ Հելսինկյան հռչակագրին, որն ընդունվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից 2015թ. հուլիսի 5-9-ը Հելսինկիում անցկացված քսանչորսերորդ ամենամյա նստաշրջանում։ Գլուխ 1-ում («Քաղաքական հարցեր և անվտանգություն») ԵԱՀԿ ԽՎ աշխատանքային 6 լեզուներով սևով սպիտակի վրա գրված է. «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը. 45. Ընդգծում է սահմանների և տարածքային ամբողջականության անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, ժողովուրդների իրավունքների հավասարության և ինքնորոշման սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը, որոնք նախատեսված են Հելսինկյան եզրափակիչ ակտում, և կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը վերացնել Ուկրաինայում Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի անեքսիան»։

Ինչպես երևում է այս փաստաթղթից, Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների (սահմանների և տարածքային ամբողջականության անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, ժողովուրդների իրավունքների հավասարության և ինքնորոշման) անընդունելիության մասին ոչ մի վերապահում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Հելսինկյան (2015թ.) Հռչակագրում՝ ընդունված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից, չկա։ Այնպես որ՝ Ալիևի պնդումներն «արդարացի բանաձևերի» մասին, որոնք հաստատում են հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում, միտումնավոր կարճացված են և չեն համապատասխանում իրականությանը։ Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե 4 բանաձևերը (ՄԱԿ ԱԽ 1993թ. բանաձևերը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ- Ա.Գ.) պահանջել են հայկական «զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերում ադրբեջանական հողերից»։ Սա ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի բովանդակության խեղաթյուրված մեկնաբանությունն է։ Դրանց իսկական իմաստը բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացված է Վ.Ն. Կազիմիրովի «Ղարաբաղը և ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը» հոդվածում (http://Karabakhfactst/com/2004/12/)։ Նշենք, որ դեսպան Վլադիմիր Նիկոլայևիչ Կազիմիրովը 1992-96թթ. եղել է Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարը, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի գծով, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահը։ Ամփոփելով ՄԱԿ ԱԽ ղարաբաղյան բանաձևերի (№№ 822,853,874 և 884, որոնք ընդունվել են 1993թ. ապրիլի 30-ից մինչև նոյեմբերի 12-ը) կատարման խնդիրները՝ Վ.Կազիմիրովը գրում է. «Ադրբեջանն սկզբից ևեթ, դեռևս 1993-94թթ., մեկ տարվա ընթացքում, համառորեն չէր կատարում բոլոր 4 բանաձևերի ամենահիմնական պահանջը՝ դադարեցնել կրակը, մարտական գործողությունները և թշնամական ակտերը, չէր ցանկանում դադարեցնել մարտական գործողությունները, շարունակում էր հաշվարկը կատարել հակամարտության ուժային լուծման վրա։ Այս ամենը բացասաբար անդրադարձավ նաև այլ պահանջների կատարման վրա, այդ թվում մյուս կողմերից ևս։ Չի ուզում կատարել այդ բանաձևերը նաև այժմ (հոդվածը գրվել է 2004թ.- Ա.Գ.)՝ թշնամական ակտերի, տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի, Լեռնային Ղարաբաղի հետ ուղղակի շփումների, ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի գումարման մասով։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը փաստորեն չի հիշել և չի կատարում ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի և ոչ մի պահանջ կամ հորդոր։ Դրանց կատարման շրջանակում ոչ մի կերպ չեն տեղավորվում նաև Բաքվի՝ Անկարային ներկայացվող պահանջները Հայաստանի շրջափակումը պահպանելու վերաբերյալ և ներկայիս զենքի շաչյունն ու հակամարտությունը նորից զենքի ուժով լուծելու Ադրբեջանի պաշտոնական անձանց մշտական կոչերը»։ Այս ապատեղեկատվությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոլորության մեջ է գցել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին։ Սակայն նրա ապատեղեկատվությունը վերոնշյալ սուտ պնդումներով չի սահմանափակվել։ Թերևս, ամենաբախտախնդիր հայտարարությունը, որը լիովին բացահայտում է Ադրբեջանի նախագահի վտանգավոր մտահղացումը, հետևյալն է։ ԻՀԿ ստամբուլյան XIII գագաթաժողովի առաջին նստաշրջանում ունեցած իր այդ նույն ելույթում, մեր կողմից մերկացված ապատեղեկատվությունից բացի, Ի.Ալիևը նաև ասել է. «Այսօր աշխարհում լուրջ սպառնալիքներից մեկը իսլամատյացությունն է։ Մենք վճռականապես դատապարտում ենք այս միտումը։ Իրականում իսլամը խաղաղության, գթասրտության, հանդուրժողության, արդարության կրոն է։ Իսլամն ահաբեկչության հետ նույնականացնելը ճիշտ չէ և չարամիտ մոտեցում է։ Ահաբեկչությունից ամենից շատ տառապում են  մուսուլմանական երկրները»։ Ո՞ւմ նկատի ունի նա՝ խոսելով իսլամատյացության մասին։ Հանդուրժողական Եվրոպայի՞ն։ Եվրոպային, որն ընդունել է ավելի քան 1 միլիոն մուսուլման փախստականների։ Իսկ գուցե Ռուսաստանի՞ն։ Երկիր, որի ղեկավարությունը հատկապես նուրբ է վերաբերվում կրոնական բոլոր դավանանքների ներկայացուցիչներին։ Ալիևի հեռահար նպատակը պարզից էլ պարզ է՝ Ղարաբաղյան հակամարտությանը հաղորդել միջկրոնական դիմակայության բնույթ։

Ի պատասխան այս սրբապիղծ պնդման՝ մեջբերում կատարեմ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի 2015թ. ապրիլի 22-ի ելույթից. «Հայ ժողովուրդը չի մոռանում և շնորհակալ է այն քրդերին և թուրքերին, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ ծածուկ փրկում էին իրենց հարևան հայի կյանքը, արաբ ժողովրդին, որն ապաստան տվեց յաթաղանից մազապուրծ եղած հայերին, որբախնամ և այլ տեսակի մարդասիրական գործունեություն իրականացրած ռուս, ամերիկացի և եվրոպացի անհատներին»։

Ուրեմն, ո՞ւմ նկատի ուներ Իլհամ Ալիևը՝ նախազգուշացնելով աշխարհում լուրջ սպառնալիքներից մեկի՝ իսլամատյացության» մասին։ Գուցե Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի հերոսական օդաչուների՞ն, որոնք կոտրեցին մահացու այն սպառնալիքը, որը բխում էր ԻԼԻՊ-ից իսլամական աշխարհի համար։ Գուցե Ի.Ալիևը նկատի ունի Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա՞ն ԱՄՆ գլխավորությամբ, որի մեջ մտնում են նաև մուսուլմանական պետություններ, մասնավորապես՝ Բահրեյնը, Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Թուրքիան։ Ուրեմն, ո՞ւմ դեմ է գործում Ի.Ալիևը...

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ղրիմի թաթարների «առաջնորդներ» Մուսթաֆա Ջեմիլյովը և Ռեֆաթ Չուբարովը Ստամբուլում, Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Facebook-ի իր էջում հանդիպման լուսանկարն է զետեղել Ռեֆաթ Չուբարովը։ «Ավարտվեց ԻՀԿ գլխավոր քարտուղար Լիյադ Մադանիի ելույթը, որտեղ նա, թվարկելով այն երկրներն ու տարածաշրջանները, որոնց տարածքներում մուսուլմանների իրավունքների պաշտպանության հարցերին պետք է հատուկ ուշադրություն հատկացվի ԻՀԿ-ի կողմից, նշեց նաև Ղրիմը (առանց ՌԴ-ի հետ կապելու)... Ինձնից ոչ հեռու նստած ռուսական պատվիրակության անդամները (Ռուսաստանն ԻՀԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունի) նյարդայնորեն սկսեցին խոսել միմյանց հետ,- գրել է Չուբարովը։- Ավարտվեց նախագահող երկրի՝ Թուրքիայի նախագահի ելույթը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԻՀԿ-ի անդամներին կոչ արեց համերաշխ լինել Ուկրաինայի պետության հետ, օկուպացված Ղրիմում ապրող «եղբայր մուսուլմանների, Ղրիմի թաթարների հետ»։

Էրդողանի այս «հուզիչ» ուղերձը ակամա հիշեցրեց 1648-1687թթ. կառավարող օսմանյան սուլթանի և նրա «մեծ երկրպագուների»՝ զապորոժյան կազակների նամակագրությունը։ Մեհմեթ IV-ը զապորոժյան կազակներին գրում էր. «...հրամայում եմ ձեզ սեփական կամոք հանձնվել Ինձ, առանց դիմադրության, և այլևս չանհանգստացնել ձեր ասպատակություններով»։ Զապորոժցիների պատասխանը չի ուշանում. «Դու՝ սուլթան, թուրք շեյթան, անիծված սատանի եղբայր և ընկեր, Լյուցիֆերի քարտուղար։ Գրողը տանի, դու ի՞նչ ասպետ ես, երբ մերկ հետույքով ոզնի էլ չես սպանի։ Սատանան կեղտոտում է, իսկ քո զորքը՝ լափում։ Շան որդի, դու քո տակ քրիստոնյա որդիներին չես ունենա, քո զորքից մենք չենք վախենում, երկրով և ջրով կկռվենք քո դեմ...»։ Կարծում եմ՝ այսօր էլ այս նամակագրությունը չափն անցած նեոօսմանների և նրանց հանցակիցների համար կարող է բավական ակտուալ և ուսանելի լինել։

Առանձնապես հատկանշական է, որ այս տեղեկատվության հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, թե պետության ղեկավարի (Իլհամ Ալիևի- Ա.Գ.) հանդիպում «Ղրիմի թաթարների մեջլիս» միավորման առաջնորդների հետ, որպես այդպիսին, ԻՀԿ գագաթաժողովի շրջանակում տեղի չի ունեցել, նրանք պարզապես մոտեցել են նախագահին (Ի.Ալիևին- Ա.Գ.), երբ նա թեյ խմելիս է եղել։ Ճիշտ այնպես, ինչպես Գրիգորի Գորինի և Արկադի Արկանովի «Լրիվ պատահական» մանրապատման մեջ է։ Հիշո՞ւմ եք, երբ այդ հումորեսկի հերոսը՝ թոշակառու Սերյոգինը, «պատահաբար» պուրակում վերցնում է ջութակն ու նվագում Օգինսկու «Պոլոնեզը»։ Եվ թոշակառուի առօրյայի մասին ռեպորտաժը նկարահանող հաղորդավարը բացականչում է. «Հիանալի է, բրավո։ Դուք, պարզվում է, տաղանդ եք։ Սերյոգին. Այո՛... Ես նաև դաշնամուր եմ նվագում։ Այստեղ, թփերի հետևում, «պատահաբար» դաշնամուր էլ կա, ես կարող եմ նվագել...»։ Դատելով լուսանկարից՝ Ջեմիլյովը և Չուբարովը «պատահաբար» են հանդիպել մենակ նստած Ալիևին և Մամեդյարովին, որոնք «պատահաբար» հայտնվել էին լիակատար միայնության մեջ (լուսանկարից դատելով՝ հանդիպումը հանգամանալից նախապատրաստվել էր, որպեսզի մոտակայքում վկաներ չլինեն) և թեյ էին խմում... Համադրելով վերը ներկայացված՝ անգամ արտաքնապես երևացող «պատահական» համընկնումները՝ նորից համոզվում ես աշխարհի չափ հին ճշմարտության մեջ. մեծ քաղաքականությունում պատահականություններ չեն լինում, իսկ եթե իրադարձությունը պատահական է թվում, դա ընդամենը նշանակում է, որ չկա տեղեկություն դրա ակունքների մասին։ Մեր պարագայում կա հենց տեղեկություն թուրքական և ադրբեջանական ղեկավարության վերջին տարիների գործունեության ակունքների մասին։ Բայց դա առանձին վերլուծության թեմա է։

Վերջաբանի փոխարեն. 2016թ. ապրիլի 3-ին Politikus.ru (http://politikus.ru/articles/73550-nagornyy-karabah-celyat-po-armenii-strelyayut-v-rossiyu.html) կայքում բավական խորաթամիտ լրագրող՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի շրջանավարտ Գրիգորի Իգնատովի հեղինակությամբ  հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղ. նշանակետը Հայաստանն է, կրակում են Ռուսաստանի վրա» հոդվածը։ Դրանում հեղինակը նշում է. «Ի՞նչն է մեզ հիմք տալիս համաձայնել այս պնդման հետ (նկատի ունի այն պնդումը, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հետ շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա Ադրբեջանի ագրեսիայի թիկունքում կանգնած է Թուրքիան- Ա.Գ.)։ Կես տարվա վաղեմության՝ 2015թ. աշնան փաստերը, երբ սեպտեմբերի վերջին Ղարաբաղի սահմանին նույնպես սրացում նկատվեց, ինչպես հիմա՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (РСЗО) հրանոթավոր հրետանու և ականանետերի կիրառմամբ՝ առաջին անգամ 1994-ից ի վեր։ Այն ժամանակ ամեն բան սկսվեց խփված հայկական ուղղաթիռից, այսինքն՝ մեղավորը կրկին Ադրբեջանն էր։ Եկեք լարենք մեր հիշողությունը և մտաբերենք, թե ինչ հետաքրքիր բան տեղի ունեցավ 2015թ. սեպտեմբերի վերջին... Ամբողջ սեպտեմբերին համալրվեցին Ռազմատիեզերական ուժերը Սիրիայում, և ղարաբաղյան սրացումից մի քանի օր հետո ռուսական ինքնաթիռներն առաջին անգամ խփեցին ԻԼԻՊ-ին։ Պարզ հետևություն է առաջանում. Թուրքիան, քողարկելով իր բիզնես-գործընկերներին ԻԼԻՊ-ում, փորձում էր Ռուսաստանի ուշադրությունը շեղել այլ ուղղությամբ և դրանով իսկ, եթե ընդհանրապես չվերացնել էլ, ապա գոնե հետաձգել ռուսական հակաահաբեկչական գործողությունը Սիրիայում։ Չստացվեց։ Եվ ադրբեջանցիները ղարաբաղյան սահմանին անմիջապես, ասես կախարդանքով, նորից դարձան զգաստ ու խաղաղասեր։ Մինչև որոշ ժամանակ... Այժմ մենք նման մի բան ենք տեսնում. Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով սադրում է Ռուսաստանին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը մարտի կեսին եղել է Անկարայում, որտեղ հանդիպել է Էրդողանի հետ... Թե ինչ են կուլուարներում խորհրդակցել երկու նախագահները՝ հայտնի չէ, բայց, իմ կարծիքով, նրանց զրույցների թեման Ռուսաստանն է եղել, որին «երկու պետություն՝ մեկ ազգի» երկու ղեկավարները չեն սիրում սեփական պատճառներով. մեկը՝ Հայաստանին աջակցելու, երկրորդը՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար»։ Գրիգորի Իգնատովի այս հոդվածի հրապարակման հաջորդ օրը՝ ս.թ. ապրիլի 4-ին, «Первый канал» հեռուստաալիքի «Время покажет» («Ժամանակը ցույց կտա») ծրագրում բավական հատկանշական խոսակցություն տեղի ունեցավ (ինչի մասին առիթ ունեցել եմ գրելու) ծրագրի հաղորդավար Պյոտր Տոլստոյի և Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալի միջև։ Եվ այսպես, Հեյդար Ջեմալ. «Քանի որ բոլոր ռուսները, ճնշող մեծամասնությամբ, հավանաբար, պաշտպանում են հայկական կողմին, ինտրիգն ասես ինքնին՝ ինտրիգի շարժառիթը, ակներև է դառնում։ Որովհետև Հայաստանը ռուսական քաղաքականության գործոն է հանդիսանում»։ Պյոտր Տոլստոյ. «Ադրբեջանն էլ՝ թուրքական քաղաքականության գործոն»։ Հեյդար Ջեմալ. «Այ, Ադրբեջանը բարդ, մեծ խաղ է վարում՝ մանիպուլյացիաներ անելով, մանևրելով...»։ Պյոտր Տոլստոյ. «Ինչո՞ւ հենց հիմա սկսվեցին մարտական գործողությունները»։ Հ.Ջեմալ. «Բացատրեմ։ Որովհետև փակվեց սիրիական ճակատը»։

Ավելի պերճախոս չես ասի։ Միայն մի բանում կարելի է չհամաձայնել հարգարժան Գրիգորի Իգնատովի հետ. ադրբեջանական զինված ուժերը, որոնք առաջին տարին չէ, որ հրահանգավորվում են բարձրաստիճան թուրք զինվորականների կողմից, կրակում են Հայաստանի վրա, ավերում են մեր գյուղերը, սպանում մեր զինվորներին ու խաղաղ քաղաքացիներին, բայց նշանակետը հենց Ռուսաստանն է։ Ես, թերևս, կհամաձայնեմ հեղինակի հետ նրա այն պնդման վերաբերյալ, թե՝ «Ադրբեջանական հարձակումը Ղարաբաղում կարող է «փորձագնդակ» լինել, որը գլորել են Ռուսաստանի՝ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ գծով պարտականությունները կատարելու վճռականությունը տնտղելու համար»։    

 

Արտաշես Գեղամյան

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության և

«Հյուսիսային հեռանկար» հասարակական

կազմակերպության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր