ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

 

30.03.2016, Արմենպրես

01.04.2016, Իրավունք

Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։
Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։

Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք։

Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, և զինվորների հոգեբանական տրամադրվածությունը նույնպես տարբեր է։

Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծ մարդասեր Սոս Սարգսյանի՝ ադրբեջանական մտավորականությանը հղած բաց նամակից (2011թ. նոյեմբեր)

2016թ. հունվարի 1-ից, բավական բարդ մի ժամանակաշրջանում, երբ շարունակվում է ճգնաժամն Ուկրաինայի արևելքում, ահագնանում են խնդիրները դեպի Եվրամիության երկրներ, հատկապես Գերմանիա միգրանտների հոսքի հետ կապված, տեղի են ունենում արյունալի ահաբեկչություններ հենց Եվրոպայի սրտում, իսկ սիրիական ճգնաժամը խափանել է վստահությունն ու անվտանգությունը Եվրոպայում, ԳԴՀ-ն դարձավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահող երկիր։ Ինչպես հայտարարել էր ԳԴՀ արտգործնախարարը, 2016թ. ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության կարգախոսն է լինելու «երկխոսության թարմացումը, վստահության և անվտանգության վերականգնումը»։ ԵԱՀԿ-ում իր նախագահության նախօրեին՝ ս.թ. հունվարի 13-ին, ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացնելով ԵԱՀԿ-ում նախագահելու ռազմավարությունը, ասաց, որ ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է որպես պլատֆորմ երկխոսության և կազմակերպության հանդեպ վստահություն ստեղծելու համար։

Այնուհետև ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության օրոք հատուկ ուշադրություն կդարձվի կազմակերպության հնարավորությունների ամրապնդմանը հակամարտությունների ողջ շղթայի ընթացքում՝ կանխումից (հակամարտության դինամիկայի մշտադիտարկմամբ) մինչև հետկոնֆլիկտային դիտարկում։ Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նախարարը մտահոգություն հայտնեց «շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի» առիթով։ «Լիցքաթափումը շարունակում է մնալ առաջնահերթ խնդիր։ Մենք պաշտպանում ենք հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման նախաձեռնությունը»,- ասել է ԳԴՀ ԱԳ նախարարը։

Սևեռուն ուշադրություն է դարձվելու հակամարտությանն Ուկրաինայում։ Այս մասին, ս.թ. փետրվարի 25-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, խոսել է նաև 2016թ. ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հարցերով ԳԴՀ կառավարության հատուկ լիազոր Հերնոթ Էրլերը։ Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ-ն կվերադառնա Ղարաբաղյան, Մերձդնեստրյան և Հարավօսական հակամարտությունների լուծման փորձերին և կակտիվացնի այդ ուղղությամբ իր աշխատանքը։ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հայտարարված մտադրությունների լրջության համոզիչ հաստատումը կդառնա, անշուշտ, խորհրդարանական աշխատաժողովը, որը կազմակերպելու է Բունդեսթագը՝ Գերմանիայի արտգործնախարարության օժանդակությամբ։ Այն նախատեսվում է անցկացնել 2016թ. ապրիլի 16-17-ին Ռեյնլանդ-Պֆալց երկրի Լայնսվայլեր շրջանում։ Աշխատաժողովը տեղի կունենա «ԵԱՀԿ ԽՎ և նրա անդամների հնարավորությունները, մասնավորապես, ձգձգվող հակամարտությունների լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերում իրենց ավանդը ներդնելու ուղղությամբ»։

Աշխատաժողովին կմասնակցեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Կիպրոսից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Թուրքիայից և Ուկրաինայից, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահները, ինչպես նաև Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը և սահմանային հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգնասիո Սանչես Ամորը։

Իհարկե, աշխատաժողովը գլխավորապես հնարավոր է դարձել իրականացնել շնորհիվ եռանդուն քաղաքական գործիչ, ԵԱՀԿ ԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ գանձապահ Դորիս Բարնեթի անդուլ ջանքերի։

Գալիք համաժողովի յուրաքանչյուր մասնակից գիտակցում է այն մեծ անհատական պատասխանատվությունը, որն, առաջին հերթին, թելադրված է աշխարհում արդի միջազգային դրության ծայրահեղ բարդությամբ, հատկապես ԵԱՀԿ և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Գործընկերներիս Ղարաբաղյան հակամարտության էությանը ծանոթացնելու ցանկությունն էլ հենց դրդեց ինձ անվիճելի փաստաթղթերի հիման վրա լույս սփռել անցած գրեթե երեք տասնամյակների առավել նշանակալի իրադարձությունների վրա։ Ընդ որում՝ միանգամայն որոշակի նպատակ եմ դրել։ Հույս ունեմ ԵԱՀԿ ԽՎ գործընկերներիս հետ ընկալելել վիճելի հարցերի խաղաղ կարգավորման հարուստ փորձի օգտագործման հնարավոր ուղիները։ Խոսքը, մասնավորապես, ԳԴՀ-ի և Ֆրանսիայի միջև Էլզասի և Լոթարինգիայի պատկանելության շուրջ վեճի լուծման ուղիների մասին է։ Կամ էլ՝ այն հակամարտության կարգավորման մասին, որն առկա էր Հարավային Տիրոլ ինքնավար մարզի գերմանախոս համայնքի և Իտալիայի իշխանությունների միջև, որոնք բռնի իտալացման քաղաքականություն էին վարում, հատկապես Մուսոլինիի ֆաշիստական ռեժիմի ժամանակ. համայնքը փորձում էր խզել կապերն Իտալիայի հետ և շրջանը վերստին միավորել Ավստրիային։ Բնական է, որ Լայնսվայլերում կայանալիք աշխատաժողովի վերջնանպատակը Ղարաբաղյան հակամարտության մասով, ըստ իս, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական համանախագահների համար հանձնարարականների մշակումն է, որոնք արդեն 20 տարի գլխավորում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործընթացը։ Որպեսզի ԵԱՀԿ ԽՎ գործընկերներիս և, առհասարակ, ընթերցողների լայն շրջանակի համար հասկանալի լինի, նախ կուզենայի հիշեցնել առանձին պատմական փաստեր, որոնք նախորդել են Լեռնային Ղարաբաղի՝ 1980-ական թթ. վերջի-1990-ական թթ. սկզբի բուռն իրադարձություններին։ Եվ այսպես, 1977թ. նոյեմբերի 23-ին Մոսկվայում ընդունվեց փաստաթուղթ՝ «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահության եզրակացությունը աշխատավորների՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջներ պարունակող դիմումների քննարկման արդյունքներով», որում նշվում էր. «Պատմական մի շարք հանգամանքների հետևանքով մի քանի տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղն արհեստականորեն միացվեց Ադրբեջանին։ Ընդ որում՝ հաշվի չառնվեցին մարզի պատմական անցյալը, նրա ազգային կազմը, ժողովրդի ցանկությունն ու տնտեսական շահերը։ Տասնամյակներ անցան, և Ղարաբաղի հարցը շարունակում է հոլովվել, անհանգստություն է առաջացնում նաև անբարեհաճությունը դարավոր բարեկամությամբ կապված հարևան երկու ժողովուրդների միջև։ Հարկավոր է միացնել Լեռնային Ղարաբաղը (հայերեն՝ «Արցախ») Հայկական ԽՍՀ-ին։ Այդ ժամանակ ամեն բան իր օրինական տեղը կընկնի» (ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի Հայկական մասնաճյուղի կուսակցական արխիվ, ֆ.1, գ.25, փ.42։ Նամակներ Հայկ. ԽՍՀ-ից, Վրաստ., Աշխատավորներ։ Նիստի արձանագրություն, Մոսկվա, 1977թ. նոյեմբերի 23, № 61, 11-4133)։

Կարծում եմ, այս փաստաթուղթը, որն ընդունել է Խորհրդային Միության կառավարությունն իր մայրամուտից դեռ շատ առաջ, սպառիչ բացատրություն է տալիս հետագա իրադարձություններին, որոնք կդիտարկենք մի փոքր ավելի հանգամանալից։ Սկզբում կուզենայի ուշադրություն հրավիրել մի շատ էական գործոնի վրա, այն է. 1988-1991թթ. բոլոր որոշումները՝ ընդունված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի, Հայկական ԽՍՀ իշխանության բարձրագույն մարմինների կողմից, լիովին համապատասխանում էին այն տարիներին գործող ԽՍՀՄ Սահմանադրությանը։

Եվ այսպես, 1988թ. փետրվարի 20-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) 20-րդ գումարման Ժողովրդական դեպուտատների խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը՝ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցով Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին»։

Այդ որոշման մեջ, ԽՍՀՄ Սահմանադրության պահանջներին լիովին համապատասխանությամբ, մասնավորապես, գրված է. «...խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Խորհրդի առաջ (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պալատներից մեկը, որի իրավասության տիրույթում էր գտնվում, ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, նման հարցերի լուծումը- Ա.Գ.)՝ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին»: Հետագայում, 1988թ. հունիսի 15-ին, ընդունվեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցով Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին արտահերթ նստաշրջանի որոշման մասին» որոշումը, որում ասվում էր. «Հայկական ԽՍՀ Գերագուն խորհուրդը որոշում է.

1. Համակողմանիորեն ուսումնասիրելով Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների մարզային սովետի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաև ԼՂԻՄ-ի և Հայկական ԽՍՀ հայ բնակչության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ԽՍՀՄ Սահմանադրության 70-րդ հոդվածով, համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտնելուն:

2. Խնդրել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին քննարկել և դրականորեն լուծել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցը»:

Հատկանշական է, որ 1988թ. հունիսի 13-ին ընդունվեց «Մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշումը ԼՂԻՄ Ժողովրդական դեպուտատների խորհրդի միջնորդության մասին» որոշումը, որտեղ մի նախադասություն անգամ չկա այն մասին, թե ԼՂԻՄ Ժողովրդական դեպուտատների խորհրդի միջնորդությունն անօրինական է։ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության այդ որոշման տեքստն առատ է տխրահռչակ կարգախոսներով։ Ինքներդ դատեք. ինչպես նշվում է որոշման մեջ. «Համակողմանիորեն ուսումնասիրելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական դեպուտատների խորհրդի դեպուտատների խնդրանքը ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին՝ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունն այն անընդունելի է համարում, քանի որ դրա իրագործումը կհակասեր հանրապետության ադրբեջանցի և հայ բնակչության շահերին, չէր համապատասխանի մեր երկրի բոլոր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, վերակառուցման խնդիրներին։ Գերագույն խորհրդի նախագահությունը վստահություն է հայտնում, որ ադրբեջանցի և հայ ժողովուրդները, ի պատասխան ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընկ. Մ.Ս. Գորբաչովի դիմումի, կանեն ամեն բան, որպեսզի պահպանեն և ամրապնդեն բարեկամությունն ու եղբայրությունը, արժանի ավանդ ներդնեն սոցիալիստական հասարակության հեղափոխական վերափոխման գործում»։ Այն ժամանակ քչերն ուշադրություն դարձրին որոշման հետևյալ չարագուշակ տողերին. «...այն անընդունելի է համարում, քանի որ դրա իրագործումը կհակասեր հանրապետության ադրբեջանցի և հայ բնակչության շահերին»։ Ուշադրություն դարձրեք հանրապետություն բառին. հանրապետության, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի։ Այսինքն՝ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդը դրանով իսկ մեզ հասկացնում էր, որ Ադրբեջանից ԼՂԻՄ-ի անջատման դեպքում մոտ 450 հազար հայեր, որոնք այդ ժամանակ ապրում էին Ադրբեջանական ԽՍՀ տարբեր շրջաններում, պատանդ կդառնային ադրբեջանական իշխանությունների ձեռքում։

Ըստ էության, այդ երկրի ղեկավարությունն ուղղակիորեն ակնարկում էր հայ բնակչության ջարդերի և կոտորածի կրկնության հնարավորության մասին, ինչպես տեղի էր ունեցել 1988թ. փետրվարի 28-29-ին Սումգայիթում և Ադրբեջանական ԽՍՀ հայաբնակ այլ շրջաններում։

ԼՂԻՄ բնակչությունը չընկրկեց Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների այդ անթաքույց սպառնալիքների և շանտաժի առջև։ Ավելին, 1988թ. հուլիսի 22-ին ԼՂԻՄ 20-րդ գումարման ժողովրդական դեպուտատների խորհրդի ութերորդ նստաշրջանն ընդունեց որոշում «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դուրս գալու հռչակման մասին»։ Ի պատասխան այս որոշման, ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ (եթե չասենք ուղղակի դրդմամբ) արյունալի նոր դրամա սանձազերծվեց. 1988-1989թթ. իրականացվեցին Կիրովաբադի, Նախիջևանի, Շամխորի, Խանլարի, Ղազախի, Շեքիի, Մինգեչաուրի հայ բնակչության զանգվածային ջարդեր։ Զոհերի թվաքանակով, ջարդերի տևողությամբ և ծավալներով ու մանավանդ ունեցած հետևանքներով դրանք հավասարը չունեին խորհրդային իրականության մեջ։ Դրանք ծնունդ առնող իսլամիստական ծայրահեղականության սանձարձակության առաջին ծիլերն էին, որոնք ստացան ազգայնական, հակահայկական դիմակայության ծայրահեղ դրսևորումներ։ Մինչ այդ կատարված հանցագործությունների համար չպատժվելը (ինչպես Սումգայիթում, այնպես էլ վերոնշյալ քաղաքներում) նոր ջարդերի տեղիք տվեցին։ Այսպես. 1990թ. հունվարի 11-20-ը Բաքվում սկսվեցին անկարգություններ ազգային հողի վրա, որոնք ուղեկցվեցին հայերի հանդեպ զանգվածային բռնություններով, թալանով, սպանություններով, հրդեհումներով և գույքի ոչնչացմամբ։ Միայն հունվարի 19-ին, ըստ այդ հանրապետության ՆԳՆ ամփոփագրերի, որոնք հազիվ թե ճիշտ արտացոլեին իրականությունը, Բաքվում սպանվել է 60 հայ, մոտ 200-ը վիրավորվել է, քաղաքից վռնդվել է ազգությամբ հայ 13 հազար Ադրբեջանի քաղաքացի։ ԽՍՀՄ նախագահ Մ.Ս. Գորբաչովն այդ բոլոր օրերին սպասում էր, և միայն հունվարի 19-ին, այնուամենայնիվ, ստորագրեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը «Բաքու քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին»։

Արդեն այն ժամանակ ցանկացած լուրջ քաղաքական գործչի համար միանգամայն ակնհայտ էր, որ Ադրբեջանի հայ բնակչությունն ամեն վայրկյան ենթարկվում է մահացու վտանգի։ Արյունալի այդ իրադարձությունների ֆոնին բոլորովին այլ իմաստ է ձեռք բերում 1990թ. ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ օրենքը «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին»։ Այդ օրենքի 1-ին հոդվածում ասվում է. «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգը, ԽՍՀՄ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն, սահմանվում է սույն օրենքով»։ Այնուհետև, կուզենայի հատուկ ուշադրություն դարձնել օրենքի 3-րդ հոդվածին, որն ասում է. «Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվեն անցկացվում է յուրաքանչյուր ինքնավարությունում առանձին։ Ինքնավար հանրապետությունների ու ինքնավար միավորումների ժողովուրդներին է վերապահվում ԽՍՀ Միության կազմում կամ դուրս եկող միութենական հանրապետության կազմում մնալու հարցի ինքնուրույն որոշման, ինչպես նաև իր պետաիրավական կարգավիճակի հարցի առաջադրման իրավունքը»։ ԽՍՀՄ այս օրենքն ուժի մեջ մտավ հրապարակման պահից (1990թ. ապրիլի 6, «Известия»)։ Այս առնչությամբ հատուկ ուշադրության է արժանի նաև ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 26-ի օրենքը «ԽՍՀ Միության և Դաշնության սուբյեկտների միջև լիազորությունների սահմանազատման մասին»։ Այդ օրենքի 1-ին հոդվածում գրված է. «Ինքնավար հանրապետությունները, ինքնավար կազմավորումները մտնում են միութենական հանրապետությունների կազմի մեջ ժողովուրդների ազատ ինքնորոշման հիման վրա, լիովին տիրապետում են պետական իշխանությանն իրենց տարածքում՝ այն լիազորությունների սահմաններից դուրս, որոնք նրանց կողմից հանձնվել են ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների տնօրինմանը։ Ինքնավար հանրապետությունների, ինքնավար կազմավորումների հարաբերությունները միութենական հանրապետությունների հետ, որոնց կազմի մեջ են մտնում նրանք, որոշվում են ԽՍՀՄ Սահմանադրության, միութենական և ինքնավար հանրապետությունների և սույն օրենքի շրջանակներում կնքված համաձայնագրերով և պայմանագրերով»։ Իսկ 3-րդ հոդվածում հստակ ասվում է. «Տարածքային վեճերը միութենական հանրապետությունների միջև, միութենական և ինքնավար հանրապետությունների, ինքնավար կազմավորումների միջև, որոնց վերաբերյալ նրանք համաձայնության չեն եկել, փոխադարձ համաձայնությամբ լուծման համար կարող են փոխանցվել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդին»։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման հարցի՝ իրավական տեսակետից անթերի լինելը լիովին հասկանալու համար մեջբերենք նաև 6-րդ հոդվածը. «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության՝ հանձինս նրա պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների, բացառիկ տնօրինմանն են պատկանում. ...2) գոյություն ունեցող ինքնավար հանրապետությունների, ինքնավար մարզերի և ինքնավար շրջանների կարգավիճակի փոփոխությունը, 3) վեճերի լուծումը միութենական հանրապետությունների միջև, միութենական և ինքնավար հանրապետությունների, ինքնավար կազմավորումների միջև այն դեպքերում, եթե նրանք դիմեն ԽՍՀ Միության մարմիններին»։ Այսպիսով, ադրբեջանցի առանձին գործընկերների կողմից դեռևս հնչող փաստարկումներն այն մասին, թե Ադրբեջանական Հանրապետության 1991թ. նոյեմբերի 26-ի «Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին» օրենքով ԼՂԻՄ-ն իբրև այդպիսին գոյություն չունի, քանի որ լուծարվել է, սկզբից ևեթ զուրկ են որևէ օրինական հիմքից։ Ավելին, դրանք որևէ իրավաբանական ուժ չունեն, քանի որ լիովին հակասում են ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 26-ի «ԽՍՀ Միության և Դաշնության սուբյեկտների միջև լիազորությունների սահմանազատման մասին» օրենքին։ Մեջբերում կատարենք նաև ԽՍՀՄ այդ օրենքի 8-րդ հոդվածից. «ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների համատեղ տնօրինման ոլորտներում պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին է փոխանցվում. ...2) ինքնավար հանրապետությունների, ինքնավար կազմավորումների, ինչպես նաև ազգային վարչատարածքային միավորների իրավավիճակի ընդհանուր սկզբունքների սահմանումը; իրավասությունների սահմանազատումը միութենական և ինքնավար հանրապետությունների, ինքնավար կազմավորումների միջև»։

ԽՍՀՄ օրենքներից արված այս մեջբերումները, որոնք դարձան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման իրավական հիմքը, բնավ էլ պատահաբար չարվեցին, այս մասին՝ ստորև։ Սակայն նախ կուզենայի ուշադրություն հրավիրել արմատական այն փոփոխությունների վրա, որոնք տեղի ունեցան այդ շրջանում Ադրբեջանական ԽՍՀ պետական կարգում։ Այսպես. 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունվեց «Ադրբեջանական Հանրապետության Գերագույն խորհրդի հռչակագիրը Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» և կայացվեց «Ադրբեջանական Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման հռչակագրի մասին»։ Այս փաստաթղթերի ընդունմամբ Ադրբեջանը փաստորեն հայտարարում էր ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին։ Եվ այդ ժամանակ, օգտվելով իրենց իրավունքից, որը վերապահվում էր ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» օրենքով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդական դեպուտատների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդները 1991թ. սեպտեմբերի 2-ին անցկացրին համատեղ նիստ՝ բոլոր մակարդակների Խորհուրդների դեպուտատների մասնակցությամբ, որտեղ, փաստելով Ադրբեջանական Հանրապետության կողմից «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» հռչակումը; հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում իրականացվող ապարտեիդի և խտրականության քաղաքականությունը հանրապետությունում ստեղծել է ատելության և անհանդուրժողության մթնոլորտ հայ ժողովրդի հանդեպ, ինչը հանգեցրել է զինված բախումների, մարդկային զոհերի, հայկական գյուղերի խաղաղ բնակչության զանգվածային տեղահանության; հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումների ժողովուրդներին և հոծ բնակվող ազգային խմբերին իրավունք են տալիս ինքնուրույն լուծել իրենց պետաիրավական կարգավիճակի հարցը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում;

Հռչակեցին. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում։ Կրճատ՝ ԼՂՀ»։

Այստեղ խիստ կարևոր է ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի և Շահումյանի շրջանի ժողովրդական իշխանության մարմինների համատեղ որոշման՝ «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության մասին» Սահմանադրական փաստաթղթի (որն ընդունվեց մեկուկես ամիս հետո) դրույթներին  լիակատար համապատասխանության փաստին, փաստաթուղթ, որը հաստատվեց Ադրբեջանական Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1991թ. հոկտեմբերի 18-ին։ Այդ փաստաթղթի 16-րդ հոդվածում գրված է. «Ադրբեջանական Հանրապետությունը, միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին համապատասխան, հարաբերություններ է կառուցում այլ պետությունների հետ պետությունների ինքնիշխան հավասարության, ուժի կամ ուժ կիրառելու սպառնալիքի չկիրառման, վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու, ուրիշ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, ժողովուրդների հավասարության և նրանց ինքնորոշվելու իրավունքի հարգման, պետությունների համագործակցության, միջազգային իրավական պարտավորությունների կամովին կատարման սկզբունքների հիման վրա»։

 Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը նպատակահարմար գտավ 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացնել «Անկախության հռչակման մասին» հանրաքվե։ Քվեաթերթիկը պարունակում էր «Համաձա՞յն եք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, որն ինքնուրույն կորոշի այլ պետությունների հետ համագործակցության ձևերը» հարցը։ Այնուհետև նշված էին հնարավոր պատասխանները՝ «Այո» և «Ոչ», առաջարկվում էր ջնջել անցանկալի պատասխանը։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված էր ձայնի իրավունք ունեցող 132328 մարդ։ Հանրաքվեի քվեարկության արդյունքներն այսպիսին էին. «Այո»՝ 108615 մարդ, կամ քվեարկությանը մասնակցածների 99,89%-ը, «Ոչ»՝ 24 մարդ կամ 0,02%։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումից 25 տարի անց եվրոպացի մեր գործընկերների մեջ կարող են հարցեր առաջանալ։ Արդյո՞ք հնարավոր էր ելքի այլ ճանապարհ վտանգավոր այն իրավիճակից, որի մեջ հայտնվել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրան հարակից շրջանները։ Հնարավո՞ր էին արդյոք հակամարտության այլ լուծումներ, ինչպես, ասենք, դա եղավ Հարավային Տիրոլի պարագայում։ Այդ հարցերին պատասխանելու համար նորից դիմենք միայն փաստերին։ Նշենք, որ հայ բնակչության ջարդերից հետո, որոնք տեղի ունեցան 1988-1989թթ. Ադրբեջանի մի շարք քաղաքներում ու գյուղերում, և որոնք հարյուրավոր խաղաղ բնակիչների՝ Ադրբեջանի հայ քաղաքացիների կյանքեր խլեցին, իրավիճակը կտրուկ սրվեց նաև Լեռնային Ղարաբաղում։ Այս հանգամանքն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի 1989թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստում ընդունվի «ԼՂՒՄ-ում կառավարման հատուկ ձև մտցնելու մասին» որոշումը։ Այդ նույն օրը ստորագրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը «Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում կառավարման հատուկ ձև մտցնելու մասին։ Սակայն այդ որոշումների ընդունումը բնավ չմեղմեց լարվածությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և նրա շուրջ, ավելին՝ դրությունն ավելի վատթարացավ։ Ուստի, մեկ տարի անց՝ 1990թ. հունվարի 15-ին, ստորագրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և  որոշ այլ շրջաններում Արտակարգ դրություն հայտարարելու մասին»։ Որպեսզի չտեղեկացված ընթերցողին, հատկապես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գործընկերներիս հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, հղում կատարեմ այն տարիների վավերագրերին։

Այն տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և նրա շուրջ տիրող իսկական իրավիճակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար բավական է մեջբերումներ անել այն գաղտնագրից, որը ԽՍՀՄ ՆԳՆ է ուղարկվել ԼՂԻՄ ՆԳՎ պետ, գեներալ Վ.Կովալյովի և ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետ Վ.Կրիվոպուսկովի կողմից 1990թ. դեկտեմբերին։ Այնտեղ, մասնավորապես, գրված է եղել. «...ադրբեջանցիների կողմից կտրուկ ավելացել են հայկական գյուղերից անձնական և հանրային անասունների գողությունները։ 1988 և 1989թթ. հայերից գողացվել են 682 կով և 990 ոչխար, ավազակությունները եզակի են եղել։ 1990թ. 10 ամիսներին գողացվել են 1252 գլուխ խոշոր եղջյուրավոր անասուն և 2150 գլուխ ոչխար ու այծ։ Գրանցվել է հայկական բնակավայրերի վրա զինված հարձակման 23 դեպք, մեծ քանակությամբ հայկական տներ են գնդակոծվել։ Հարձակում գործող ադրբեջանցիների մեջ եղել են մարդիկ՝ ոստիկանական և օմօնական համազգեստով, ինքնաձիգներով։ Այս փաստերը նկատվել են 26.10.1990թ. հայկական Ջանյաթաղ գյուղի վրա հարձակման ժամանակ, 12.11.1990թ.՝ Ղազանչի գյուղի անտառային զանգվածում հարձակում է գործվել այնտեղ աշխատող հայերի վրա։

Միևնույն ժամանակ, միլիցիայի՝ ազգությամբ հայ անձնակազմը փաստորեն ուժ և միջոցներ չունի կանխելու հանցագործությունները, դիմակայելու զինված ավազակային հարձակումների և անասուններ գողանալու դեպքերին։ Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ ՆԳՆ ցուցումով, որը տրվել է Ադրբեջանի Հանրապետության առաջարկով, 1989թ. աշնանից ԼՂԻՄ-ում հայ միլիցիոներներից վերցվել են բոլոր ինքնաձիգները» (Վ.Կրիվոպուսկով, Խռովահույզ Ղարաբաղ. ԽՍՀՄ ՆԳՆ սպայի օրագրից, 2-րդ հրատ., Մոսկվա, 2007, էջ 124-125)։ Ռուս պատվո սպաների այս վկայությունները հետագայում հաստատվեցին և լրացվեցին հարյուրավոր վավերագիր նյութերով, այդ թվում և տեսանյութերով։ Ավելին, կան անհերքելի վկայություններ այն մասին, որ 1989թ. ընթացքում այսպես կոչված դեմոկրատական ընդդիմությունը, մասնավորապես՝ հուլիսին ձևավորված Ադրբեջանի ժողովրդական ճակատը, պանթյուրքիստական կազմակերպությունների հետ միասին, ինչպիսին էին «Մուսավաթ» ազգայնական կուսակցությունը, Թուրանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, ահաբեկչական և նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպությունը և այլն, Ադրբեջանի ամբողջ տարածքով մեկ բուռն գործունեություն էր ծավալել հանրապետությունում ծայրահեղականության և հակահայկական տրամադրություններ հրահրելու ուղղությամբ։ Այդ ամենը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ բնակչությանը հասցրեց այն ճշմարտության ընկալմանը, որ ֆիզիկական ոչնչացումից փրկության միակ ճիշտ ճանապարհը անկախության հռչակումն է։   Այսպիսին են այն ժամանակվա պատմական իրողությունները։

ԽՍՀՄ փլուզմամբ և 1991թ. դեկտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղից ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի դուրսբերմամբ, որն ավարտվեց դեկտեմբերի 27-ին, իրավիճակը հակամարտության գոտում վերաճեց լայնածավալ պատերազմի Ադրբեջանի և ԼՂՀ Ինքնապաշտպանության զինված ուժերի միջև՝ հանուն Լեռնային Ղարաբաղի։ 1994թ. մայիսի 12-ի լայնածավալ ռազմական գործողությունները, Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի միջնորդությամբ, ավարտվեցին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մի արձանագրության ստորագրմամբ, որը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ մտավ որպես Բիշքեկյան արձանագրություն։ Դրա հիման վրա Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ձեռք բերեցին հրադադարի համաձայնագիր, և երկարատև զինադադար հաստատվեց։ Այս առնչությամբ նշենք, որ Բիշքեկյան արձանագրությունը խիստ կարևոր միջազգային փաստաթուղթ է, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է գալիս որպես բանակցային գործընթացի իրավահավասար սուբյեկտ, ավելին՝ դրանով իսկ միջազգային հանրությունը ճանաչեց, որ ԼՂՀ-ն հակամարտության կողմ է։ Եվ ինչպես ցույց են տվել անցած 22 տարիները, ամենայն պատասխանատվությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները։

Վերջին տարիներին, ցավոք, ադրբեջանական կողմը լռության է տալիս այն, որ եթե չլիներ Բիշքեկյան արձանագրությունը, իր կորուստները շատ ավելի մեծ կլինեին։ Եվ միայն ԼՂՀ ու Հայաստանի Հանրապետության պատվիրակությունների բարի կամքի դրսևորման շնորհիվ կանգնեցվեց արյունահեղությունը։ Այս առումով միանգամայն հատկանշական է ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի պատասխանը (2013թ. հոկտեմբերի 2-ին, ԵԽԽՎ ամբիոնից) ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հարցին, որը «մեղադրում» էր Հայաստանին «Ադրբեջանի տարածքի 20%-ն «օկուպացնելու» մեջ։ Ահա թե ինչ ասաց ՀՀ նախագահը. «Եվ ես այստեղ հայտարարում եմ. եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա Հայաստանի Հանրապետությունը իր կարողությունների ամբողջությամբ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը։ Պետք չէր ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել օկուպացիայից։ Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է մեզ ռազմական գործողություններով, վստահ եմ՝ եթե այդպիսի գործողություններ լինեն, մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20 տոկոսի, այլ 25, 30 տոկոսի մասին։ Պետք չէ ռազմական գործողություններ սկսել»։

Միևնույն ժամանակ, կուզենայի ուշադրություն հրավիրել հետևյալ փաստի վրա։ Վերջին ժամանակներս ադրբեջանցի քաղաքական գործիչներն ամենատարբեր ամբիոններից հիշատակում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չորս բանաձևերի (822, 853, 874 և 884) կատարման անհրաժեշտության մասին։ Դրանք բոլորն էլ ընդունվել են Ղարաբաղում պատերազմի ամենաթեժ ժամանակ՝ 1993թ. ապրիլի 30-ից մինչև նոյեմբերի 12-ը։ Ընդ որում՝ ցանկացած լսարանի սա մատուցվում է ոչ օբյեկտիվորեն, կանխակալ ձևով՝ խեղաթյուրելով հենց ՄԱԿ ԱԽ բանաձևերի բովանդակությունը։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հետ կապված հարցերի ամբողջ համախումբը պրոֆեսիոնալ, բարձր մակարդակով վերլուծել է Վլադիմիր Կազիմիրովը (Կազիմիրով Վլադիմիր Նիկոլաևիչ, դեսպան, 1992-1996թթ.՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի գծով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից և համանախագահ- Ա.Գ.) «Ղարաբաղը և ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը» հոդվածում, որը տարածվել է 2004թ. նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության «REGNUM> լրատվական գործակալության կողմից։ Որպես հակամարտության կողմերի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ ղարաբաղյան բանաձևերի կատարման հիմնախնդրի դիտարկման արդյունք՝ հեղինակն ամփոփում է. «ԱԴՐԲԵՋԱՆՆ ամենասկզբից, դեռևս 1993-94թթ., մեկ տարվա ընթացքում համառորեն չէր կատարում բոլոր 4 բանաձևերի ամենահիմնական պահանջը՝ դադարեցնել կրակը, ռազմական գործողությունները և թշնամական ակտերը, չէր ցանկանում դադարեցնել մարտական գործողությունները, շարունակում էր հաշվարկը կատարել հակամարտության ուժային լուծման վրա։ Այդ ամենը բացասաբար անդրադարձավ նաև այլ պահանջների կատարման վրա, այդ թվում հակամարտության մյուս մասնակիցների կողմից։ Չի ուզում կատարել այդ բանաձևերը նաև հիմա՝ թշնամական գործողությունների դադարեցման, տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի վերականգնման, Լեռնային Ղարաբաղի հետ ուղղակի շփումների հաստատման, ԵԱՀԿ Մինսկի խմբի գումարման մասով։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը փաստորեն չի կատարել և չի կատարում ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի ոչ մի պահանջ կամ հորդոր։ Դրանց կատարման հետ կապ չունեն թե՛ Բաքվի՝ Անկարային ներկայացրած պահանջները՝ պահպանել Հայաստանի շրջափակումը, թե՛ ներկայիս զենքի ճոճումները, Ադրբեջանի պաշտոնական անձանց մշտական կոչերը՝ նորից հակամարտությունը ուժով լուծելու վերաբերյալ։ ՀԱՅԱՍՏԱՆԸ և ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ շարունակում են չկատարել Ադրբեջանի՝ ԼՂ սահմաններից դուրս գտնվող շրջաններից օկուպացիոն ուժերը դուրս բերելու պահանջները՝ «փաթեթային», համընդգրկուն կարգավորման անհրաժեշտության պատրվակով։ ՀԱՅԱՍՏԱՆԸ քիչ է կատարել ԼՂ-ի հանդեպ զսպման ազդեցություն ցուցաբերելու հորդորը, իսկ հիմա սխալ կերպով այն ձևափոխում է բանակցային գործընթացում, ինչը նորից, բայց այլ կերպ է աղավաղում հակամարտության իրական կոնֆիգուրացիան»։

Կրկին վերլուծելով Ղարաբաղյան հակամարտության ծագման և վերջին 28 տարիների զարգացման պատմությունը՝ չես կարող գոհունակություն չհայտնել այն կշռադատված գնահատականների առումով, որոնք տրվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հինգ համատեղ հայտարարություններում։ Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք մեծ տերությունները հակամարտության կարգավորման միասնական մոտեցումներ են մշակել։ Նախագահների բոլոր 5 հայտարարությունների (որոնք ընդունվել են 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայում, 2010թ. հունիսի 26-ին Մուսքոկում, 2011թ. մայիսի 26-ին Դովիլում, 2012թ. հունիսի 19-ին Լոս Կաբոսում և 2013թ. հունիսի 18-ին Լոհ-Էրնում) առանցքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն են դրված։ 2012թ. հունիսի 19-ին, ասես ամփոփելով մինչ այդ ընդունված համատեղ հայտարարությունները, նախագահներ Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը Լոս Կաբոսում հայտարարեցին. «Մենք կոչ ենք անում առաջնորդներին՝ ղեկավարվել ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքներով, որոնք արվել են Աքվիլայում 2009թ. հուլիսին և Մուսքոկում 2010թ. հունիսին»։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ 2013թ. հունիսի 18-ին Լոհ-էրնում նախագահների արած համատեղ հայտարարությունում հստակ պարզաբանում է տրվում մինչ այդ ընդունված հայտարարությունների իրագործման պարտադիր պայմանի մասին, այն է. «Մենք նախկինի պես հաստատ համոզված ենք, որ վերջին չորս տարիներին մեր երկրների արած հայտարարություններում պարունակվող դրույթները պետք է դառնան Ղարաբաղյան հակամարտության արդար և կայուն կարգավորման հիմքը։ Այդ դրույթները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ դրանցից մեկը մյուսներից գերադասելու ցանկացած փորձ բացառում է հավասարակշռված որոշում ընդունելու հնարավորությունը»։

Ակնհայտ է, որ առողջ բանականությունը թույլ չի տալիս «կպչել» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ սկզբունքի՝ դրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությունների հիմքում։ Այդ պայմաններում միանգամայն օրինաչափ հարց է ծագում. այդ դեպքում ի՞նչ սպասելիքներ կարող են լինել Լայնսվայլերում կայանալիք հանդիպումից։ Կարծում եմ, որ աշխատաժողովի կազմակերպիչները մտածված կերպով ցանկանում են այն երկրների պատվիրակներին, որոնք հայտնվել են ձգձգվող հակամարտությունների էպիկենտրոնում, ծանոթացնել Էլզասի և Լոթարինգիայի պատկանելության շուրջ հակամարտության պատմությանը, որն իմաստուն կերպով կարգավորվեց ԳԴՀ-ի և Ֆրանսիայի կողմից, Հարավային Տիրոլի պատմությանը, որտեղ ներկայումս խաղաղություն է և բարգավաճում է տիրում։ Այս մոտեցմանը, Գերմանիայի մեր գործընկերների այս նախաձեռնությանը, որը պաշտպանել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվան, մենք հավանություն ենք տալիս լիովին։ Կասկածից դուրս է, որ ԳԴՀ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ավստրիայի օրինակով մենք կկարողանանք սկսել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դժվարին ճանապարհը։ Կարծում եմ, որ սա ազնիվ խնդիր է, որ առաջադրել են մեծարգո Դորիս Բարնեթը և նրա գործընկերները, և դրա իմաստավորումն օրինակ կծառայի պատմական առաքելության իրականացման ուղիների որոնման ճանապարհին, որն առաջադրել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները 2011թ. մայիսի 26-ի դովիլյան համատեղ հայտարարությունում, որտեղ ասվում է. «Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման՝ հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման համար... Մենք համառորեն կոչ ենք անում կողմերի առաջնորդներին բնակչությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»։

 

Վերջաբանի փոխարեն. 2016թ. մարտի 17-ին զինծառայող Արտյոմ Արսենի Վարդերեսյանը սովորականի պես ծառայություն էր իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկի՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական տեղամասում։ Հեռադիտակով նայելով՝ ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի այն կողմում Արտյոմը գուցե տեսել է ադրբեջանցի երիտասարդ զինվորի դեմքը, որը, ինչպես և ինքը, իր ծառայությունն էր իրականացնում։ Գուցե նրա գլխում այդ ժամանակ այն միտքն է առկայծել, թե էս տղան էլ, երևի, սիրած աղջիկ ունի, հարազատներ ու մտերիմներ, քույրեր ու եղբայրներ, ծնողներ... Հակառակորդի դիպուկահարի կրակոցից ժամը 14։55-ին 1996թ. ծնված Արտյոմ Վարդերեսյանը մահացու հրազենային վերք է ստանում։ Այդ երեկո արդեն ամբողջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Արտյոմի ընտանիքի հետ կիսում էր ծանր կորստի վիշտը։ Բայց և այնպես, անգամ լիակատար համոզվածությունը, որ հատուցումն անխուսափելի է լինելու, բնավ չի մեղմում, այլ ավելի է խորացնում մեր ցավը, չէ՞ որ զինվորի հոր և մոր համար ուրիշի երեխաներ չեն լինում։ Չէ՞ որ հայ ժողովրդի համար, որն Աստծո կամոք 101 տարի առաջ հրաշքով փրկվեց Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունից, ուրիշի կորուստ, ուրիշի դժբախտություն չի լինում։ Հայաստանում, ինչպես և աշխարհով մեկ սփռված հայերի համար, չկան ուրիշի դժբախտություն, ուրիշի կորուստ։ Մենք երբեք չենք հարցնում, թե ում համար է ղողանջում զանգը, որովհետև մեր ժողովրդի ողբերգական պատմությունը մեզ սովորեցրել է, որ Երկրագնդի որ ծայրում էլ հնչի զանգը, այն ղողանջում է մեզ համար։

Իսկ մինչ այդ, 2016թ. մարտի 18-ին դիտորդների հաշվետվություններում կգրառվի. Ղարաբաղյան ճակատում փոփոխություններ չկան։                      

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր