Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համատեղ հայտարարությունը ռուսական դիվանագիտության հաղթանակն է. Արտաշես Գեղամյան
11.03.2016, Արմենպրեսս
http://armenpress.am/arm/news/839037/sovmestnoe-zayavlenie-o-prekrashchenii-boeviykh-deiystviiy-v-sirii.html
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը մարտի 11-ին ելույթ է ունցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպման (2016թ. մարտի 11, Երևան) արդյունքների և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային խորհրդաժողվի (2016թ. հուլիսի 1-5, Թբիլիսի) աշխատանքին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության մասնակցության մասին:
«Հարգարժան Սերգեյ Եվգենևիչ, հարգարժան Էդուարդ Հովսեփովիչ, հարգելի գործընկերներ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում մանրամասն տեղեկացվեց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովին ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների մասնակցության արդյունքների մասին։ Հատուկ ուշադրություն հատկացվեց խորհրդաժողովում հնչած ելույթների ընկալման անհրաժեշտությանը, ինչպես նաև ՀԱՊԿ ձևաչափում արտաքին քաղաքական համակարգման մշակման հարցերին, ինչի շուրջ ելույթ ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Նիկոլաևիչ Բորդյուժան։ Նախ կուզենայի նորից նշել ՀԱՊԿ ԽՎ անցած ձմեռային խորհրդաժողովի, ըստ իս, կարևոր առանձնահատկությունները և տարբերությունները նախորդներից։
Առաջինը, ինչի մասին կուզենայի նախևառաջ նշել, Պետական դումայի նախագահ Սերգեյ Եվգենևիչ Նարիշկինի աննախադեպ կոշտ ելույթն էր ԵԱՀԿ ԽՎ երեք կոմիտեների համատեղ (լիագումար) նիստում։ Ըստ էության, Պետդումայի նախագահը խիստ գնահատականներ տվեց Եվրամիության 28 անդամ պետությունների գործունեությանը, որոնք, ԵԱՀԿ անդամ լինելով, ՆԱՏՕ գործընկերներից վերածվել են «վասալների»։ Ընդամենը մի քանի մեջբերում անեմ այդ ելույթից։
«Հանդիպման վայրն ինքը՝ հիասքանչ Վիեննան... ստիպում է մեզ բոլորիս մտորել. ինչո՞ւ արդի Եվրոպան ինքն է խարխլում իր անվտանգությունը և մշակույթը, ներառյալ միջազգային հարաբերությունների մշակույթը և երկխոսության մշակույթը»։
«Սակայն ՆԱՏՕ դաշինքը... շարունակեց արևմտյան ծրագրի իրագործումը՝ ընդլայնվելով դեպի արևելք, գործընկերներին վերածելով վասալների, թելադրելով և պարտադրելով քաղաքական որոշումներ։ Ավաղ, այդ նույն տրամաբանությունը հիմնականում ընդունել է Եվրամիությունը, ընդհուպ մինչև ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում մի շարք պետությունների ներառման համաժամանակեցումը»։
«Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գտնվելու ընթացքում տեղի է ունեցել թմրանյութերի արտադրության պայթյունալի աճ։ Իսկ սիրիական սահմաններին դաշինքը (ՆԱՏՕ) ի վիճակի չէ ոչ կանգնեցնել ահաբեկչական տարանցումը, ոչ էլ զսպել իր իսկ անդամներին հանցավոր սադրանքներից։ Պարզապես բանն այն է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արտադրում է ոչ թե անվտանգություն, այլ առճակատում»:
«...մարդու իրավունքների, եվրոպական արժեքների մասին բառերը նրա համար ոչ այլ ինչ են, եթե ոչ մի ինչ-որ «ռազմական խորամանկություն», մի տեսակ ծխածածկույթ»։
Հատկանշական է, որ ԵԱՀԿ 28 անդամ պետությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Կանադայի հասցեին Սերգեյ Եվգենևիչի հնչեցրած քննադատությանն արձագանքել է միայն Լիտվայի ներկայացուցչուհին՝ Վիլիա Ալեկնայտե Աբրամիկենեն, նույն ինքը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը։
Երկրորդ. կարծում եմ, որ անհրաժեշտություն կա հակիրճ անդրադառնալ նաև ԵԱՀԿ ԽՎ ամառային խորհրդաժողովի արդյունքներին։ ԵԱՀԿ ԽՎ հոբելյանական այդ խորհրդաժողովից (2015թ. հուլիսի 5-8, Հելսինկի) հետո ձմեռային խորհրդաժողովում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունների ելույթների տոնայնությունը ենթարկվել էր զգալի փոփոխությունների Ռուսաստանի հասցեին քննադատության էական մեղմման իմաստով։ Ավելին, Եվրամիության անդամ երկրների մեր գործընկերների առանձին ելույթներում նկատվում էին Ռուսաստանի դիրքորոշման ընկալման տարրեր սիրիական հակամարտության և Ուկրաինայի Հարավ-արևելքում տեղի ունեցող հակամարտության կարգավորման հարցերում։ Հատկանշական է, որ իտալական պատվիրակության անդամ Սերջիո Դիվինան հանդես եկավ ԱՄՆ-ի հասցեին կոշտ քննադատությամբ՝ ասելով, որ Սիրիայի կառավարական զորքերի դեմ կռվող առանձին խմբավորումներ ֆինանսավորվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։
Երրորդ. կուզենայի գործընկերներիս ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ, ցավոք, մեզ չհաջողվեց ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունների գլխավոր ուշադրությունն ուղղել ԵԱՀԿ ԽՎ Վիեննայի խորհրդաժողովի նախօրեին Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ռուս-ամերիկյան Համատեղ հայտարարության ստորագրման բացառիկ հրատապության վրա։ Այնինչ, կարծում եմ, որ ռուսական դիվանագիտության այդ անվիճելի հաջողությունը կարելի էր շատ համոզիչ կերպով ներկայացնել որպես վճռորոշ բեկում Մեծ Մերձավոր Արևելքի ամբողջ տարածքում և, թերևս, ողջ աշխարհում աղետի կանխման ուղղությամբ։ Նկատի ունեմ այն, որ Սիրիայի քիմիական զինաթափումն սկսելուց հետո, երբ 2013թ. սեպտեմբերի 5-ին G20-ի սանկտպետերբուրգյան գագաթաժողովում ՌԴ նախագահ Վ.Պուտինն առաջարկեց ԱՄՆ նախագահ Բ.Օբամային սիրիական ռազմաքիմիական պոտենցիալը դնել միջազգային վերահսկողության տակ, Ռուսաստանը հետո արդեն փաստորեն այդ գործընթացի ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա և պատվով ավարտեց այն 2014թ. հոկտեմբերին։ Ավաղ, Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացավ ոչ թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ ՄԱԿ ստորաբաժանումներից մեկը, որը լոկ տեխնիկական գործառույթ էր կատարում այդ հարցում։ ԵԱՀԿ ԽՎ-ում իմ ելույթներից մեկում ես, իհարկե, այս մասին ասել եմ, որը հետագայում հրապարակվել է իմ վերջին գրքերից մեկում։
Անդրադառնալով ԵԱՀԿ ԽՎ Հելսինկիի խորհրդաժողովին՝ կուզենայի ուշադրություն հրավիրել այն փաստին, որ ԵԱՀԿ ԽՎ Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի ընդունման դեմ հանդես եկավ և դեմ քվեարկեց ընդամենը մեկ պատվիրակ՝ Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ ձեր խոնարհ ծառան։ Կուզենայի ճիշտ հասկացվել։ Հայկական պատվիրակության անունից «դեմ» չքվեարկելով մենք մեր քաղաքական ընդդիմախոսներին հնարավորություն կտայինք ամենուրեք հայտարարել, թե ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը միաձայն է դատապարտում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և Ղրիմում, ինչի մասին խոսվում էր Հելսինկյան հռչակագրի մի շարք հոդվածներում։ Ակնհայտ է, որ դրա հետ մեկտեղ մեր ընդդիմախոսներն անդադրում կարծարծեին այն փաստը, թե Հելսինկյան հռչակագիրը միահամուռ հավանության են արժանացրել հենց Ռուսաստանի դաշնակիցները՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ պետությունները։ Այդ փաստը, ցավոք, չդարձավ սկզբունքային վերլուծության առարկա, էլ չեմ ասում այն մասին, որ անգամ չիմաստավորվեց և իր արտացոլումը չգտավ Ռուսաստանի ԶԼՄ-ներում։
Կան նաև այլ դիտարկումներ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների գործունեության լուսաբանման վերաբերյալ։ Այսպես, 2016թ. փետրվարի 25-ին՝ ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի նիստի բացման օրը, բոլոր պատվիրակություններին էր հանձնվել ԵԱՀԿ 6 աշխատանքային լեզուներով հրապարակված իմ գիրքը, որում խստորեն դատապարտվում էին Թուրքիայի ուխտադրուժ գործողությունները՝ կապված Սիրիայի երկնքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծչի խոցման հետ։ Գրքում հիմնավորված է թուրքական ղեկավարության` Սիրիայում իրականացվող քաղաքականության վտանգավորությունը։ Ավելին, վավերագրական փաստերի հիման վրա եզրակացություն է արվել ԻԼԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման մասին մեղմ ասած՝ թուրքական ղեկավարության գիտությամբ։
Ուզում եմ նշել, որ գրքի հիմքում դրված հոդվածները հրապարակվել են Հայաստանի Հանրապետության «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալության կողմից։ Հատկանշական է այն փաստը, որ խորհրդաժողովի ընթացքում թուրքական իշխանությունների գործողությունների՝ գրքում պարունակվող կոշտ քննադատությանը փաստորեն արձագանքեց երկու պատվիրակ։ Նրանցից մեկը՝ Եվրամիության երկրներից մեկի ներկայացուցիչը, ասաց, որ մեղադրանքները Թուրքիայի հասցեին, որը ներկայում կանոնակարգում է փախստականների հոսքը դեպի ԵՄ երկրներ և միևնույն ժամանակ այնտեղ է ուղղորդում նաև ահաբեկիչներին (ինչպես այդ մասին պնդվում է գրքում), շատ լուրջ են և ուսումնասիրություն են պահանջում։ Եվ դա ասվեց ի լուր բոլորի, ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստի ժամանակ։ Այլ էր ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հակազդեցությունը։ Նրան խիստ զայրացրել էր իմ պնդումը Թուրքիայի կողմից ահաբեկիչների ֆինանսավորման վերաբերյալ, ինչի մասին հիշատակվում է գրքում։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, չկարողանալով թաքցնել հույզերը, տրտնջաց, թե Թուրքիան քննադատվում է սույն խորհրդաժողովում նրա պատվիրակության բացակայության պայմաններում։ Չգիտես ինչու ադրբեջանցի գործընկերները մեռելային լռություն պահպանեցին այն ժամանակ, երբ Ռուսաստանն էր ենթարկվում անխտիր քննադատության ԵԱՀԿ ԽՎ Հելսինկյան խորհրդաժողովում, որտեղ բացակայում էր այդ երկրի պատվիրակությունը։ Ուզում եմ տեղեկացնել ձեզ, հարգելի գործընկերներ, որ գրքի էլեկտրոնային տարբերակը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովի սկսվելուց մեկ շաբաթ առաջ առաքվել է ԵԱՀԿ 56 անդամ երկրների 560 պատվիրակներին, այդ թվում և թուրք խորհրդարանականներին։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովի բանակռիվներին իմ մասնակցությանը, կարող եմ ձեզ տեղեկացնել, որ 9 ելույթ եմ ունեցել Մշտական կոմիտեի (2), Քաղաքական հարցերով և անվտանգության ընդհանուր կոմիտեի (3), Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով ընդհանուր կոմիտեի (3) և ԵԱՀԿ ԽՎ լիագումար (1) նիստերին։ Իմ ելույթների տեսագրությունը ձեզ բաժանվել է, ինչպես նաև վերոնշյալ գիրքը։
Կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Թբիլիսիում կայանալիք ամառային խորհրդաժողովում ևս պետք է ուշադրությունը սևեռել այն հարցերին, որոնք բարձրացրել են մեր երկրների առաջնորդները ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 70-րդ հոբելյանական խորհրդաժողովում (2015թ. սեպտեմբեր), ինչը լավ նեցուկ կդառնա ԵԱՀԿ ԽՎ-ում մեր համատեղ աշխատանքի արդյունավետության զգալի բարձրացման համար։ Միևնույն ժամանակ, հույս ունեմ, որ արտահայտում եմ նաև ձեր կարծիքն այն դրույթների հետագա զարգացման շուրջ համատեղ, կշռադատված դիրքորոշում մշակելու անհրաժեշտության մասին, որոնք ներկայացվեցին ԵԱՀԿ ԽՎ Վիեննայի ձմեռային խորհրդաժողովում Սերգեյ Եվգենևիչ Նարիշկինի ունեցած ելույթում։
Շնորհակալություն ուշադրության համար»:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ