Արտաշես Գեղամյան. “Հաշվարկը պարզ է. սասանել իշխանությունն ԱԺ-ի ընտրություններում, բռնատիրել այն նախագահական ընտրությունների ժամանակ”
17.08.2015, Արմենպրեսս
Ահա արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում շարունակվում է Սահմանադրության նոր խմբագրության ակտիվ քննարկումը։ Քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, սահմանադրական իրավունքի մասնագետների բազմաթիվ հոդվածների, հարցազրույցների, ելույթների վերլուծությունը, չնայած դրանց բովանդակային բազմազանությանը, թույլ է տալիս կատարել նախնական որոշ եզրահանգումներ։
Նախ՝ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների այդքան բուռն քննարկումը, դրանց պահանջվածության գաղափարի պաշտպանությունը մի կողմից և, հակառակը, այս հարցի հրատապության մերժումը քաղաքական օրակարգում, միաժամանակ՝ գործող Սահմանադրության անշեղ իրագործման անհրաժեշտության դրույթի առաջմղմամբ, միանգամայն որոշակի մտորումների տեղիք են տալիս։ Այս հարցին մի փոքր ավելի ուշ կվերադառնանք։
Երկրորդ՝ աչքի են զարնում մերկապարանոց պնդումներն առ այն, թե սահմանադրական բարեփոխմամբ չարժե սպասել սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման Հայաստանում։ Չգիտես ինչու, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես կապում են նոր Սահմանադրության չպահանջվածության հետ, ասում են, թե այն չի դառնա խթան օլիգոպոլիան կոտրելու, օլիգարխներին վերացնելու համար։ Բարեփոխման հակառակորդներից շատերը, բնավ չվերլուծելով առաջարկվող սահմանադրական փոփոխությունների բովանդակային կողմը, եզրակացություն են անում այն մասին, թե սահմանադրական բարեփոխումը միայն մի նպատակ է հետապնդում՝ պահպանել Հանրապետական կուսակցության իշխանությունը ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի գլխավորությամբ:
Սահմանադրական իրավունքի ընդդիմախոսների փաստարկներում քիչ չեն անհեթեթ մեկնաբանությունները սահմանադրական վերափոխումների անհրատապության մասին։ Այսպես, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ս.թ. օգոստոսի 11-ին սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելու 10 պատճառ է նշել։ Օրինակ, պատճառներից երկրորդը հետևյալն է. «Այսօրվա հիբրիդային սահմանադրությունը, պատշաճ կիրառության և արդար ընտրությունների պարագայում, մեր պետության համար ճիշտ տարբերակն է։ Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրեր, կարող է նպաստել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորությունները, կարող է երաշխավորել համարժեք արձագանք արտաքին մարտահրավերներին»։
Հիմա չեմ հարցնի նախկին արտգործնախարարին՝ ի՞նչն էր 1998թ. և 2003թ. խանգարում իշխանություններին «պատշաճ կիրառել սահմանադրությունը» և ՀՀ նախագահի «արդար ընտրություններ» անցկացնել։ Ուրախալի է, որ նա ընդունում է ՀՀ գործող Սահմանադրությունը, որ «պառլամենտարիզմի տարրերի ներառմամբ այն կարող է նպաստել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը»։ Ուրեմն, իրավունք ունենք սպասել, որ կառավարման խորհրդարանական ձևին անցնելով, որն, անշուշտ, ավելի ժողովրդավարական է, քան կիսանախագահականը, Հայաստանի զարգացման մակարդակն էլ ավելի բարձր կլինի, ինչը, իր հերթին, անպայման լավ հենք կհանդիսանա տնտեսության զարգացման համար։ Ինչ վերաբերում է այն դրույթին, թե «ներառելով նախագահի լայն լիազորությունները՝ կարող են երաշխավորել համարժեք արձագանք արտաքին մարտահրավերներին», ապա այս եզրահանգումը խիստ խոցելի է։
Պատկերացնենք, թե գործող Սահմանադրության պայմաններում հանրապետության նախագահն Ազգային ժողովում չունի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, որն արտաքին քաղաքականության կարևոր հարցերում նախագահի կարծիքից տարբերվող կարծիք ունի։ Քաղաքական ուժերի նման՝ միանգամայն հնարավոր դասավորության պարագայում խոսել «արտաքին մարտահրավերներին համարժեք արձագանքի» հնարավորության մասին, այնքան էլ տեղին չի լինի։
Սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսների քննադատության ֆոնին (ինչին կանդրադառնանք այնուհետև)՝ նրա կողմնակիցները բավական համոզիչ փաստարկներ են բերում հօգուտ նրա պահանջվածության։ Մասնավորապես, նրանք հիմնավորված կերպով փաստարկում են, որ նոր Սահմանադրությունը թույլ կտա իրականացնել սահուն իշխանափոխություն Հայաստանում՝ առանց ցնցումների, որոնք տեղի ունեցան 1998, 2003 և 2008 թվականների նախագահական ընտրություններից հետո։ Արդարացիորեն նշվում է, որ կառավարման խորհրդարանական ձևին անցմամբ էապես կնվազի անձի գործոնի դերը, մինչդեռ կառավարման կիսանախագահական ձևն ավտորիտար կառավարման ձև է, և նախագահին իշխանական ուժեղ լիազորություններով օժտելու հետևանքով լղոզվում են քաղաքական գործընթացները, որոնք բնավ չեն նպաստում Վարդան Օսկանյանի այն «տագնապները» մեղմելուն, որոնք նշված են նրա 4-րդ փաստարկում` այն է. «Հայաստանում քաղաքական կուսակցությունները դեռևս բավարար չեն կայացել, որպեսզի դառնան կառավարման համակարգի գլխավոր և միակ խարիսխը»։
Հատկանշական է, որ ամենասուր քննադատության ենթարկվում է քվեարկության երկրորդ փուլի անցկացման միջոցով խորհրդարանական մեծամասնության ձևավորման մասին դրույթը։ Նախկին արտգործնախարարն անգամ այնտեղ է հասնում, որ ասում է. «Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր չարիքը՝ կայուն մեծամասնության երաշխավորումը, լինի դա ընտրության երկրորդ փուլով, թե բոնուսային տարբերակով, փաստացի սահմանադրական նորմ է դառնում»: Սա, իհարկե, նոր խոսք է սահմանադրական իրավունքի առանձին դրույթների մեկնաբանման մեջ։ Այս ուղերձը ոչ մի քննադատության չի դիմանում և լրիվ զուրկ է տրամաբանությունից։ Կրկնակի քվեարկությունը, նախ, բյուրեղացնում է քաղաքական դաշտը, ավելին՝ թույլ է տալիս վեր հանել ընտրողների գերակշռող կարծիքն այն հրատապ հարցերի և մարտահրավերների վերաբերյալ, որոնք կանգնած են Հաաստանի Հանրապետության առջև։ Կասկածից դուրս է նաև, որ քվեարկության երկրորդ փուլի անցկացումը զգալիորեն կբարձրացնի ընտրողների անձնական պատասխանատվությունն իրենց կայացրած որոշման համար քաղաքական այն երկու ուժերից մեկի հանդեպ վստահության քվեի մասին, որոնք հավաքել են ընտրողների ձայների առավելագույն քանակությունն առաջին փուլի արդյունքներով։ Միևնույն ժամանակ, խորհրդարանական մեծամասնությանը պարզելու նպատակով քվեարկության երկրորդ փուլի անցկացման նպատակահարմարության մասին ընդդիմախոսների ներկայացրած փաստարկներն ի սկզբանե զուրկ չեն տրամաբանությունից, և ահա թե ինչու։
Չէ՞ որ նրանցից ոչ ոք չի վիճարկում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը՝ համաձայն Հայաստանի գործող Սահմանադրության։ Այդ դեպքում բանն ի՞նչ է։ Չէ՞ որ նոր սահմանադրությունն ընդունելու դեպքում խորհրդարանական մեծամասնության վրա նույնպիսի պատասխանատվություն է դրվում, ինչպիսին որ այժմ դրված է գործող նախագահի վրա, և խորհրդարանականներից յուրաքանչյուրն անձնական պատասխանատվություն է կրում իր որոշման համար։ Ըստ էության, քվեարկության երկրորդ փուլը սոցիալ-տնտեսական քաղաքականության կարևոր հիմնախնդիրների՝ երկրի անվտանգության, պետության հասարակական կյանքի կազմակերպման, այդ գործընթացներին քաղաքացիների լայն ներգրավման ճանապարհով քաղաքացիական հասարակության կայացման հարցերի յուրատեսակ համաժողովրդական քննարկում է։ Այլ խոսքով, քվեարկության երկրորդ փուլի անցկացումը, մեր քաղաքացիների որքան հնարավոր է շատ թվաքանակի ներգրավմամբ, պետական և հասարակական գործերի կառավարմանն ընտրողների անմիջական մասնակցության հիանալի ձև է։ Այսինքն, դա հանրապետությունում անմիջական ժողովրդավարության արմատավորման լավ ձև է, ինչը թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու գործնականում իրականացնել պետության կառավարմանը մասնակցելու իր սահմանադրական իրավունքը։ Այսպիսով, տեղին կլինի կրկին ընդգծել, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը բարձրացնում է յուրաքանչյուր ընտրողի անձնական պատասխանատվությունը երկրի ապագա զարգացման համար, էլ ավելի է բարձրացնում խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների պատասխանատվության աստիճանը, զրկում է նրանց ներքին և արտաքին քաղաքականության մեջ հնարավոր անհաջողությունները երկրի նախագահին վերագրելու հնարավորությունից։
Լուրջ մտորումների տեղիք է տալիս հետևյալ հանգամանքը։ Սահմանադրական փոփոխությունների բոլոր ընդդիմախոսները, քննադատելով իշխանություններին, գրեթե համակարծիք են իրենց հիմնական եզրահանգումներում. բարեփոխումներ նախաձեռնելով՝ իշխանություններն իրենց առջև ինքնավերարտադրման նպատակ են դնում։ Այսինքն, նրանք հիմա արդեն հաստատում են այն, որ ՀՀ Ազգային ժողովի գալիք ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսացությունը, «Ազգային միաբանություն», «Սահմանադրական իրավունք», Քրիստոնեա-դեմոկրատական և, հնարավոր է այլ կուսակցությունների հետ դաշինքով, մեծ հավանականությամբ, առնվազն պարզ մեծամասնություն կունենա VII գումարման խորհրդարանում։ Այս պայմաններում, սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսների կարծիքով, Հանրապետական կուսակցությանը և նրա գործընկերներին իշխանության «մենաշնորհից» զրկելը հնարավոր կլինի միայն գործող Սահմանադրության պարագայում, և դա էլ այն դեպքում, եթե խորհրդարանական ընտրություններից մեկ տարի հետո հանրապետության նախագահ ընտրվի ընդդիմության թեկնածուն։
Այս առնչությամբ կուզենայի դիմել իմ հոդվածին՝ «Սահմանադրական բարեփոխումների պահանջվածությունը Հայաստանում» վերնագրով, որը հրապարակվել է 2015թ. հունիսի 20-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կողմից։ Հատկանշական է, որ այդ նույն հոդվածը հրապարակեց օրեցօր թափ և ընթերցողների հսկայական լսարան հավաքող (ամեն օր՝ ավելի քան 150 հազար ընթերցող) EurAsia Daily (eadaily.com) պարբերականը՝ «Արտաշես Գեղամյան. Սահմանադրական բարեփոխումները թելադրված են Հայաստանի անվտանգության սուր մարտահրավերներով» վերնագրով։ Այսպիսով, պարբերականի գլխավոր խմբագիր Վիգեն Կորյունի Հակոբյանը, վերլուծելով հոդվածի բովանդակությունը, միանգամայն իրավացիորեն ընտրել է նաև վերնագիրը՝ դրանով իսկ նշելով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իմ մտքերի բովանդակությունը։
Սույն հոդվածում վերլուծված է, թե ինչ ցնցումներ կսպասվեին Հայաստանում գործող Սահմանադրության պայմաններում, եթե հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը միաժամանակ չլիներ նաև ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցության առաջնորդը։ Եվ ահա, Հայաստանի ղեկավարությունը, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով, առաջին հերթին նպատակ է հետապնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց պարագայում սկզբից ևեթ կբացառվի ցնցումների հնարավորությունն իշխանության տարբեր ճյուղերի միջև։ Մեր դեպքում՝ մի կողմից գործադիր իշխանությունը կազմող խորհրդարանական մեծամասնության և մյուս կողմից՝ հանրապետության նախագահի միջև։ Արդի պայմաններում, երբ վտանգավոր կերպով սրվել է իրավիճակը Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ անմիջապես մեր սահմանների հարևանությամբ, երբ լուրջ դիմակայություն կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև, երբ Ադրբեջանը չի դադարեցնում սպառազինությունների մրցավազքը, որն ուղեկցվում է նպատակաուղղված տեղեկատվական պատերազմով, սահմանադրական բարեփոխումը Հայաստանում ավելի քան պահանջված է։ Եվ անշուշտ, իրավացի է Վիգեն Կորյունի Հակոբյանը, որը հստակ նշել է դրա պահանջվածության աստիճանը, այն է. սահմանադրական բարեփոխումները թելադրված են Հայաստանի անվտանգության սուր պահանջով։ Բնավ պատահական չէր, որ հիշատակեցի Հայասանի դեմ Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական պատերազմի մասին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները լրջորեն պատրաստվում են ռևանշի... հարյուրավոր էթնիկ ադրբեջանցիների ներգրավմամբ, որոնք այժմ կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ավազակախմբերում։
Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, մեջբերում կատարեմ ադրբեջանական 1news.az էլեկտրոնային պարբերականի 2015թ. հուլիսի 14-ի ««Անվերջ միջանցք» վավերագրական կինոնկարը 2015թ. հուլիսի 10-ին արժանացել է Մադրիդյան փառատոնի մրցանակին» հրապարակումից. «2015թ. հուլիսի 10-ին «Tanerife» կինոփառատոնը և Մադրիդյան փառատոնը «Անվերջ միջանցք» վավերագրական կինոնկարը հաղթող են ճանաչել «Լավագույն կինոնկար» անվանակարգում, իսկ ռեժիսոր և պրոդյուսեր Անդրյուս Բրոկասը հաղթող է ճանաչվել վավերագրական ֆիլմերի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում»։ Ֆիլմը ստեղծվել է Խոջալուի իրադարձություններից հետո վերապրածների հիշողությունների և այն անձանց հետ հարցազրույցների հիման վրա, որոնք եղել են հայկական կողմից կազմակերպված հաշվեհարդարի անմիջական մասնակիցները. այդ վկայությունները նրանց հետ հանդիպումների ժամանակ ձայնագրվել են լիտվացի լրագրող Ռիչարդ Լապաիտիսի՝ Խոջալուի սարսափների ականատեսի կողմից, որն Ադրբեջան էր վերադարձել ողբերգությունից 20 տարի անց... «Անվերջ միջանցք» ֆիլմի շնորհանդեսն «Արդարություն Խոջալուի հանդեպ» ագիտացիոն քարոզարշավի շրջանակում, որն անցկացվում էր Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևայի ղեկավարությամբ, տեղի է ունեցել այս տարվա փետրվարին Ստամբուլում, Անկարայում, Հռոմում, Վիլնյուսում, Լոնդոնում, Փարիզում, Դուբլինում, Բեռլինում, Լյուքսեմբուրգում։ Ֆիլմը ցուցադրվել է թուրքական «24 ալիք» և Ալբանիայի ազգային հեռուստատեսության եթերում։ Այն պատրաստվում են ցուցադրել աշխարհի առաջատար հեռուստաալիքները։
Եվ ահա, երբ այս համատեքստում վերլուծում ես դառը, ապաշնորհ, մաղձով ու սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների հասցեին անթաքույց անձնական վիրավորանքներով լի, բովանդակազուրկ հոդվածները, հարցազրույցները, ընդդիմախոսների տեսաելույթները, ակամա հարց է առաջանում. գուցե նրանք ևս, իրենք էլ չիմանալով այդ մասին, նույնպես ֆինանսավորվում են Հեյդար Ալիևի հիմնադրամից։ Չէ՞ որ սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսներից շատերի համար օտարերկրյա հիմնադրամներից ֆինանսավորվելը սովորական բան է։ Ի՜նչ ասես արժեն այն գործիչների մտքի գոհարները, որոնք պնդում են, որ «իշխող քաղաքական ուժը, որը համակարգի փոփոխության գլխավոր նախաձեռնողն է, օրինակարգության շատ լուրջ դեֆիցիտ ունի, որը մեծ ստվեր է գցում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի վրա։ Բացարձակ վստահություն չկա քվեարկության համակարգի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով հանրաքվեի արդյունքները, անկախ դրա ելքից, կասկածի տակ են դրվելու»։
Հեղինակի տրամաբանությամբ՝ գործող Սահմանադրության դեպքում ՀՀ Ազգային ժողովի և նախագահի ընտրություններն անցկացնելիս իբր առկա «օրինակարգության դեֆիցիտը», «քվեարկության համակարգի նկատմամբ բացարձակ վստահության» բացակայությունը ոչ մի դեր չեն խաղա, իսկ սահմանադրական բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի անցկացման դեպքում՝ այ, դա լրիվ ուրիշ բան է։ Այս հակասականության հեղինակին դժվար է կշտամբել միամտության համար։ Հաշվարկը պարզ է. գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում անել հնարավոր ամեն բան՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար։ Նման պայմաններում այս ռազմավարության հեղինակները հնարավորություն կստանան ընտրությունների ժողովրդավարական անցկացման տարրական նորմերի կոպիտ ոտնահարման, վախեցնելու, կաշառքի միջոցով բռնատիրել այդ ընթացքում իրենց իսկ սասանած իշխանությունն արդեն խորհրդարանական ընտրություններին հաջորդող նախագահական ընտրությունների ժամանակ, հասնել ռևանշի։ Բայց որ նման սցենարի իրականացման դեպքում մենք կարող ենք կորցնել հայոց պետականությունը՝ դա նրանց ամենևին չի հուզում. հարազատ քեռին հարուստ ոսկերիչ է Կալիֆորնիայում, կընդունի «հերոս զարմիկին»։
Կուզենայի մի փոքր ավելի մանրամասն կանգ առնել սահմանադրական բարեփոխման, թերևս, ամենահետաքրքիր «հակա»փաստարկի վրա, որը ներկայացնում է նախկին արտգործնախարարը. «Այսօր քաղաքական մթնոլորտը բացարձակապես բարենպաստ չէ Սահմանադրության արմատական փոփոխությունների համար։ Չկա բավարար համախմբում այդ գաղափարի շուրջ։ Կառավարման համակարգի արմատական փոփոխության համար շատ ավելի մեծ քաղաքական, քաղաքացիական և հասարակական համախմբում է անհրաժեշտ։ Այսօր այդ գաղափարի շուրջ իրական որևէ համախմբում չկա»։
Այն, որ Հայաստանում և Սփյուռքում ստեղծվել են (գուցե առաջին անգամ ղարաբաղյան պատերազմից հետո) բոլոր պայմանները քաղաքական, քաղաքացիական և հասարակական իրական համախմբման համար, ամենայն համոզչությամբ ի ցույց դրեցին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունները։ Ի պատիվ այդ միջոցառումների կազմակերպիչների ասենք, որ նրանք հասան գլխավոր նպատակին՝ յուրաքանչյուր հայ՝ Հայաստանում, թե Սփյուռքում, առնչակցվեց անցկացված միջոցառումներին, համակվեց անձնական պատասխանատվության զգացողությամբ կազմակերպվող միջոցառման որակի և մակարդակի համար։ Ամեն ոք մի ինչ-որ կարևոր բան ստեղծող զգաց իրեն։
...Կարծում եմ, որ պատասխանատու բոլոր քաղաքական գործիչների (ինչպես սահմանադրական բարեփոխումների կողմնակցիների, այնպես էլ հակառակորդների) համար պակաս կարևոր չէ հասնել այն բանին, որպեսզի մեր քաղաքացիները որքան հնարավոր է շատ և ավելի գիտակցված ձևով մասնակցեն գործող Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների քննարկմանը։ Հարկ է վճռականորեն ձերբազատվել այդ գործընթացի ավելորդ քաղաքականացումից։ Այսինքն՝ գլխավորն այն է, որպեսզի համախմբվածություն լինի սահմանադրական բարեփոխման քննարկման մոտեցումներում։ Ընդ որում՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի որևէ մեկն իրեն իրավունք վերապահի վարդապետական խրատներ կարդալ, առավել ևս՝ իր գործողություններով արհամարհել այդ գործընթացի, թերևս, ամենակարևոր մասնակցին՝ շարքային ընտրողին։ Միայն այսպիսի մոտեցման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ հանրաքվեի արդյունքներով կշահեն անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։