Սահմանին լարվածության սրացումը ԵՏՄ-ի հետ ոչ մի կապ չունի. Արտաշես Գեղամյան
08.08.2014, News.am
Սահմանին լարվածության սրացումը ոչ մի կապ չունի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
«Ուկրաինայում եւ նրա շուրջ լարված իրավիճակ է, տարբեր ուժեր պարզապես ցանկանում են Թուրքիայի միջոցով իրավիճակը շիկացնել Հարավային Կովկասում, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն տարածաշրջանից»,- ասաց նա:
Արտաշես Գեղամյանի խոսքով՝ երկու նախագահների հանդիպումից հետո ինչ-որ բան կփոխվի, եթե Ադրբեջանին ողջամտությունը չդավաճանի. «Եթե նա երաշխիքներ է ստացել իր վաղեմի բարեկամ Թուրքիայից, որ ճիշտ ժամանակն է սրել իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանը հիմա լուրջ խնդիրների առջեւ է կանգնած՝ կապված Ուկրաինայի հետ, ապա այստեղ կարող է արկածախնդրություն դրսեւորեն: Բայց մենք պիտի զինվենք համբերությամբ՝ համոզված լինելով, որ Ադրբեջանի հիստերիան ապացուցում է, որ արջը վախից է բղավում, բայց դա արջ էլ չէ, արնախում տարր է: Եթե Ադրբեջանը արկածախնդրություն չդրսեւորի, ապա լարվածությունը գնալով կմեղմվի եւ սեպտեմբեր-հոկտեմբերին կողմերը դուրս կգան ավելի լուրջ բանակցային գոտի»:
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսվում է օգոստոսի 9-ին Սոչիում:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: