Արտաշես Գեղամյան. Վարչապետը ու երկրորդ նախագահը մեկ թիմի անդամ են

13.01.2014, News.am

Հայաստանի երկրորդ նախագահի ու ներկայիս վարչապետի վիճաբանությունը երկու թիմակիցների բանավեճ է, որտեղ Տիգրան Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրարից տարբերվող տեսակետեր են արտահայտում, որոնք վերաբերում են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահի հարցազրույցը:
«Այդ բանավեճում ես դրական երեւույթ եմ տեսնում, քանի որ դրա արդյունքում բացահայտվում է ճշմարտությունը: Իմ կողմից կարող եմ հավելել, որ, ցավոք, հարգարժան վարչապետի ու երկրորդ նախագահի տեսակետերը մակրոէկոնոմիկայի համատեքստում խոցելի են: Իհարկե, երկու կողմերի հայտարարություններում էլ ճիշտ բաներ կան, սակայն խորը վերլուծությունը բացակայում է: Հնարավոր է, որ բանավեճը շարունակվելու արդյունքում խորը վերլուծություն կարվի ու դրանից դասեր կքաղենք, որպեսզի 2014-ը բեկումնային դառնա երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին»,-ասել է Գեղամյանը: Ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է նա գնահատում այն հանգամանքը, որ բանավեճը զարմացնում է հասարակությանը, ինչպես նաեւ առիթ է հանդիսանում տարբեր քաղաքական գնահատականների համար, պատգամավորը ընդգծել է, որ հասարակությունը երկու հակասական կարծիքների ու գնահատականների ականատես է դառնում. «Այս իրավիճակում ճիշտ կլիներ երրորդ կարծիքի առկայությունը: Եթե իշխանությունները արտոնեն, ապա կկարողանամ հրապարակավ հավասարակշռված գնահատական տալ տեղի ունեցողին»:

Ինչ վերաբերում է նրան, որ Սարգսյանն ու Քոչարյանը ժամանակին միեւնույն իշխող թիմի անդամ էին, իսկ հիմա նրանց կարծիքները հիմնովին տարբերվում են, ապա Գեղամյանը նշել է. «Վստահ եղեք, որ նրանք հիմա էլ մի թիմի անդամ են, քանի որ երկուսն էլ Հայաստանի համար լավագույնն են ցանկանում: Սակայն իրավիճակի նրանց վերլուծությունն ամբողջական չէ, քանի որ վիճակագրության մեկնաբանությունը, որը մակերեսին է, ու մակրոէկոնոմիկայի խորը վերլուծությունը տարբեր բաներ են»:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր