ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար: Բարձրացնելով Մոլդովայի օմբուդսմենի վերաբերյալ հարցը՝ Ադրբեջանը հայկական կողմին նվեր է մատուցում
28.08.2013, News.am
Եթե Ադրբեջանը բարձրացնի Մոլդովայում մարդու իրավունքների պաշտպան Աուրելիա Գրիգորիոյի նկատմամբ Հայաստանի կողմից ճնշում գործադրելու իրողության հարցը, ապա հնարավոր կլինի Ադրբեջանին եւ այդ «բազմաչարչար» կնոջը ԵԱՀԿ ԽՎ-ի մակարդակով ծաղրի ենթարկել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ հավելելով, որ ի սկզբանե հարցն անհեթեթ է եղել:
Նրա համոզմամբ, ԵԱՀԿ ԽՎ-ի նիստում բարձրացնելով այդ հարցը, Ադրբեջանը կվիրավորի Մոլդովայի ինքնիշխան հանրապետությանը՝ ցույց տալով, որ տվյալ երկիրն ի վիճակի չէ պաշտպանել սեփական օմբուդսմենի շահերը, եւ ահա «օգնության է հասնում սուլթանական Ադրբեջանը»: «Եթե ադրբեջանական կոմղը հանդես գա նմանատիպ հարցով, դա իրեն խոցելի կդարձնի եւ ուղղակի նվեր կլինի հայկական պատվիրակության համար»,- հայտարարել է Արտաշես Գեղամյան՝ ընդգծելով, որ այսօր Ադրբեջանը սեփական հերոսներ չունի, եւ այս երկիրը ստիպված է ոսկե մեդալներով պարգեւատրել օտարերկացիներին: Ինչպես նշել է պատգամավորը, սա վկայում է այդ պետության «դատարկության» մասին, որը կառչում է նմանատիպ կանաց արարքներից, ովքեր արկածներ են որոնում:
«Այդ քայլով Ադրբեջանը Հայաստանի պատվիրակությանը հնարավորություն կընձեռի հերթական անգամ այդ երկրին եվրոպական հասարակության առաջ ծաղրի ենթարկել »,- եւս մեկա անգամ ընդգծել է Արտաշես Գեղամյանը:
Նշենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի(ԽՎ) աշնանային նստաշրջանում Ադրբեջանը մտադիր է բարձրացնել Մոլդովայում մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ Հայաստանի կողմից ճնշում գործադրելու հարցը: Այդ մասին ադրբեջանական АПА կայքին հաղորդել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, փոխխոսնակ Միլլի Մեջլիսա Բահար Մուրադովան: