Երբ պետության ճակատագիրն է որոշվում, պետք է տգետ լինես, որ առաջնորդվես անձնական նկրտումներով. Արտաշես Գեղամյանը` Փաշինյանին դեմ քվեարկելու մասին
12.05.2018, armlur.am, news.am, 1inam, zham.am...
Մինչեւ նոր կառավարությունն իր ծրագրերը չհնչեցնի, մինչեւ ծրագրերին մասնագիտորեն առանց քաղաքական որեւէ երանգի չծանոթանամ, որից հետո իրենց կարծիքն իմանամ, նոր կկարողանամ վերջնական եզրակացության գալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
«Հիմա բոլորիս մի բան է մնում, փառք տանք Տիրոջը, անփորձանք անցնենք այս ամենով: Խոսքը միայն ներքաղաքական իրավիճակի մասին չէ, խոսքը, մասնավորապես, Իրանի շուրջ խմորվող ծայրաստիճան վտանգավոր զարգացումների մասին է, որովհետեւ այդ սանկցիաները, որ կիրառվելու են ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ, կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի վրա: Մեր ապրանքաշրջանառության 30 տոկոսը ճանապաևրհների առումով Իրանով է իրականացվում»,-ասաց Գեղամյանը:
Նրա խոսքով, առկա մտահոգությունները ամենից քիչ Նիկոլ Փաշինյանի անձով են պայմանավորված. «Պայմանավորված են աշխարհաքաղաքական իրավիճակով, որում հայտնվել է մեր տարածաշրջանը: Փառք տիրոջը, որ կարողացանք անցնցում իշխանափոխություն կատարել: Դա շատ կարեւոր է, որովհետեւ մեր դարավոր թշնամիները ուշի-ուշով հետեւում էին, թե որտեղ Հայաստանը կսայթաքի, որտեղ անկառավարելի կդառնա իրավիճակը երկրի ներսում: Չմոռանանք մեր Սերժ Ազատովիչի այն հետաքրքիր միտքը, որ նա ասաց՝ 199294 թվականներին մեր ազատամարտիկների զինվորների հաջողությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ այդ ժամանակ Ադրբեջանում խժդժություններ էին, անկայությունուն կար՝ կապված Էլչիբեյի հետ: Դրա շնորհիվ ավելի քիչ կորուստներով մեզ հաջողվեց ազատագրել նախեւառաջ Շուշին, հետո հարթային Ղարաբաղի այն տարածքները, որոնք անվտանգության գոտի են հանդիսանում»:
Հարցին, թե անձնական նկատառումներից ելնելո՞վ է դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Երբ պետության բախտն ու ճակատագիրն է որոշվում, պետք է տգետ լինես, որ առաջնորդվես անձնական նկրտումներով, մոտեցումներով: Պարզապես իմ վերլուծությունները՝ կապված Հայաստանի ներքին զարգացումների հետ, առկա մարտահրավերները հաղթահարելու հետ, գալիս էին ինձ հուշելու, որ պետք են մեծ պրոֆեսիոնալներ, մեծ գիտակներ: Փոփոխությունները հիմա ընթանում են ոչ միայն աշխարհաքաղաքական ոլորտում, այլ բուն գեոէկոնոմիկայում: Վերջերս դավոսյան ֆորումը երկրների տնտեսական քաղաքականության գնահատման նոր չափանիշներ առաջ քաշեց, որոնք պետք է օր առաջ կիրառվեն նաեւ Հայաստանում: Ավաղ, ես այդ ամենի մասին ակնրակ իսկ չլսեցի բոլոր այն հրապարակային եույթներում, որով հանդես եկան մեր ընդդիմադիր գործընկերները, իսկ դա մտահոգիչ է:
Իսկ քաղաքական վայրիվերումները, իրենց դրական հիմքը ունեն այն պարզ պատճառով, որ պարզորոշ է դառնում, թե ովքեր կայուն գաղափարի տեր էին եւ մինչեւ վերջ հանուն գաղափարի պայքարեցին, ովքեր թուլակամ էին, ովքեր վճռական էին, ովքեր տապ էին եկել, նայում էին, թե որտեղ է ծանր, որ դարակը տանեն, գլխարկը փոխեն»: