ԵԱՀԿ ԽՎ. Շվեյցարիայի պատվիրակությունը Երեւանին, Թբիլիսիին եւ Բաքվին առաջարկել է քննարկել Հարավային Կովկասի խնդիրները

03.07.2016, News.am

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպո Լոմբարդիի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին Թբիլիսիում կայացել է Վեհաժողովում Շվեյցարիայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների անդամների հանդիպումը: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:

Շվեյցարական կողմն առաջարկել է նոյեմբերի կեսերին Շվեյցարայում սեմինար կազմակերպել նշված պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սեմինարի ընթացքում խորհրդարանական դիվանագիտության շրջանակում եւ ազատ մթնոլորտում կքննարկվեն Հարավային Կովկասի կարեւորագույն խնդիրները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, նպատակ ունենալով կողմերի համար ընդունելի դրույթներ գտնել:

 

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քննարկումների շարունակման կարեւորությունը՝ նշելով, որ հարկավոր է սատարել, լրացնել ցանկացած հանդիպում, օգնել համանախագահների աշխատանքին:

«Այսինքն՝ ցանկացած դիվանագիտական քայլ, այս դեպքում՝ խորհրդարանական դիվանագիտություն, չպետք է վերածվի բանակցային նոր ձեւաչափի, այլ նպաստի Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակում տարվող աշխատանքին»,- նշել է Արտաշես Գեղամյանը:

Պատգամավորի խոսքով, հետաքրքիր էր շվեյցարական եւ վրացական կողմի արձագանքը: «Նրանք չմերժեցին այդ գաղափարը, այլ ասացին, որ ճիշտ կլինի, եթե հանդիպումը կայանա նախ 4 պատվիրակությունների միջեւ՝ Շվեյցարիայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, եւ հետո միայն հնարավոր կլինի քննարկել հանդիպմանը ԼՂՀ պատվիրակության մասնակցության հարցը»,- հավելել է Գեղամյանը:

Հայաստանյան պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանի խոսքով, այսօրվա հանդիպմանը քննարկվել են միայն կազմակերպչական հարցեր եւ մոտեցումներ:

«Շվեյցարական պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը ես երկու հարց բարձրացրեցի. հանդիպմանը ԼՂՀ խորհրդարանի ներկայացուցչի մասնակցություն, եւ երկրորդ՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող մեխանիզմների սահմանման կարեւորություն: Դրանից հետո պատասխանատվության համապատասխան ինստիտուտ կներդրվի»,- ընդգծել է Միքայել Մելքումյանը:

  

 

 

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր