Գեղամյան. ԵԱՀԿ ԽՎ-ի Առաջին կոմիտեն բանաձեւի նախագիծ է պատրաստել Ղարաբաղի վերաբերյալ

24.05.2016, News.am

Թբիլիսիում ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 5-ը տեղի կունենա ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովի ամենամյա նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել ԵԱՀԿ-ի ԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, «Ազգային Միասնություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը: 

Նրա խոսքով, ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեն զեկույց  եւ բանաձեւի նախագիծ է պատրաստել, որը պետք է ներկայացվի հուլիսի 1-5-ը, Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ լիագումար նստաշրջանում: «Այնտեղ երեք կետ կա, որոնք անմիջապես վերաբերում են ԵԱՀԿ-ի տարածքում  «սառեցված» հակամարտություններին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հարցին», - նշել է Արտաշես Գեղամյանը, ընդգծելով, որ ինքը հանդես է եկել վերլուծական հոդվածով՝ բանաձեւի նախագծում Լեռնային Ղարաբաղին վերաբերող յուրաքանչյուր կետի մասին: Բանաձեւը, ըստ նրա ներառում է այն կետերը, որոնք բարձրացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ բանակցությունները սկսելու համար:

Նրա խոսքով, Ադրբեջանը, ինչպես նաեւ մյուս երկրները մինչեւ մայիսի 27-ը կարող են իրենց նախագիծը ներկայացնել, սակայն մինչ օրս դեռ չեն ներկայացրել, մինչդեռ Առաջին կոմիտեի նախագիծը մայր փաստաթուղթն է:

Նշենք, որ այդ բանաձեւի երեք կետերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության հետ կապված եւ ողջունում ԵԱՀԿ նախագահության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ տարածաշրջանում սառեցված հակամարտությունների քաղաքական լուծման որոնման հարցում՝ գոյություն ունեցող ձեւաչափերի ու մեխանիզմների հիման վրա:

Կոչ է անում խորհրդարանականներին նպաստել, որպեսզի տարածաշրջանում ներկայացված բոլոր կողմերը քաղաքական կամք դրսեւորեն մասնակցելու համաձայնագրի հասնելու համար լուրջ քայլերին, որոնց նպատակն է նվազեցնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսելու ռիսկը եւ համաձայնեցնել հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիրը՝ Մինսկի խմբի շրջանակներում:

Կոչ է անում քաղաքական կամք դրսեւորել փախստականների եւ ներքին տեղահանվածների խնդրի լուծման հարցում, ինչպես նաեւ իրենց վրա մեծ պարտավորություն վերցնել ստորագրված համաձայնագրերի կատարման ուղղությամբ»:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր