Պետք չէ ժամանակից շուտ ոգեւորություն ցուցաբերել. Գեղամյանը՝ ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու մասին
11.02.2016, News.am
Հայաստանի դիրքորոշումը շատ արժանապատիվ դիրքորոշում է, ժամանակից շուտ պետք չէ խառնվածություն կամ ոգեւորություն ցուցաբերել»,- այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորների նախաձեռնությանը՝ 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը ու Սուրմալուի մարզը:
Գեղամյանի խոսքով, պետք է ողջունել եւ ուշադիր հետեւել, որ հետեւողականություն ցուցաբերվի, իսկ երբ վերջնական որոշումը կայացվի, Հայաստանն իր գնահատականն անպայման կտա:
Հարցին, թե իր կարծիքով, ՌԴ պետդումայում ինչ ճակատագրի կարժանանա այդ նախաձեռնությունը, Գեղամյանը խպատասխանել է. «Դա կախված է նրանից, թե ինչ զարգացում կունենան Ռուսաստան-Ամերիկա, Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունները»:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Սերգեյ Օբուխովը (երկուսն էլ ՌԴԿԿ-ից) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին առաջարկել են անվավեր ճանաչել Բարեկամության եւ եղբայրության մասին մոսկովյան պայմանագիրը (Մոսկվայի պայմանագիր), որը 1921 թվականի մարտի 16-ին ստորագրվել է ՌԽԴՍՀ-ի կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջեւ: Իրենց նամակում պատգամավորները մատնանշում են Թուրքիայի ագրեսիվ պահվածքի հետեւողական գիծը:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների առաջարկը` Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիրը խզելու վերաբերյալ: