Գեղամյան. ԵԱՀԿ ԽՎ Բաքվի նիստում ադրբեջանական պատվիրակությունը ձախողվեց

11.02.2015, News.am

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Բաքվի դեկլարացիայով հաստատել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերակայությունը, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորման հրամայականը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովայի վերջին հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցը բարձրացնելու են նաեւ ԵԱՀԿ ՊՎ առաջիկա ձմեռային նստաշրջանում, ապա, ըստ հայ խորհրդարանականի, ադրբեջանական կողմը, բնականաբար, ցանկանում է ռեւանշ վերցնել:

«Օգտվելով NEWS.am-ի ընձեռած հնարավորությունից, ես ջերմ ողջույններ եմ հղում Բահար Մուրադովային եւ ադրբեջանական պատվիրակության իմ գործընկերներին: Հասկանում եմ բարձրացված հարցերի կապակցությամբ նրանց ձգտումը, բայց դրանք, ցավոք, նրանց շատ ծանր իրավիճակի մեջ դրեցին»,- ասաց Գեղամյանը:

Ըստ նրա, Բաքվում կայացած նստաշրջանի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ն շատ օբյեկտիվ որոշում ընդունեց, որը խաչ քաշեց հարյուր հազարավոր դոլարների հասնող ադրբեջանական ծախսերի վրա, որոնք ծախսվել էին տարածքային ամբողջականության սկզբունքի լոբինգի համար: «Այնտեղ նրանք պարտվեցին, եւ դա, հավանաբար, շատ մեծ հարված էր: Ցանկանում եմ հիշեցնել Անվտանգության հարցերի Մյունխենի համաժողովի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրաշալի ելույթի մասին: Անդրադառնալով Ղրիմի ինքնորոշման եւ Ռուսաստանին միանալու որոշման մասին հարցին՝ նա ասաց, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի հիմնարար սկզբունքներից առանցքային է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- հիշեցրեց Արտաշես Գեղամյանը:

Նրա խոսքով, Լավրովը նաեւ հավելեց, որ այդ իրավունքը պարտավորեցնում է, որպեսզի մյուս սկզբունքները, ասենք՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, երբեք չպետք է հակասեն հիմնական սկզբունքին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին ցանկացած երկրի ներսում: «Ես հասկանում եմ Բահար Մուրադովային: Ցավում եմ, որ այդ հարցում բացարձակապես չեմ կարող օգնել նրանց: Նրանք փորձում են ԵԱՀԿ ԽՎ առաջիկա նստաշրջանի ընթացքում բարձրացնել ղարաբաղյան հարցը՝ զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի հարավում եւ հարավ-արեւելքում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Բայց այդ փորձերը դատապարտված են ձախողման»,- ընդգծեց ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան հայտարարել էր, որ ղարաբաղյան հարցը բարձրացնելու է նաեւ կառույցի ձմեռային նստաշրջանում: «ԵԱՀԿ-ում որեւէ միջոցառում չի եղել, որի ընթացքում մենք քննարկվող հարցերի շրջանակում չենք բարձրացրել նաեւ ղարաբաղյան հարցը: Այդպես կլինի նաեւ այս անգամ»,- մասնավորապես ասել էր Մուրադովան:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային 11-րդ նստաշրջանն անցկացվելու է փետրվարի 18-20-ին, Վիեննայում:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր