ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԲԱՔՈՒՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՐ ՁԱԽՈՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

13.11.2014, News.am

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ռազմա-ուսումնական ուղղաթիռի կործանումը վկայում է սկսվող կանխամտածված սադրանքի մասին: Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքով՝ այդ միջադեպից ընդամենը ժամեր անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ կատարվածը հղի է ծանր հետեւանքներով՝ տարածաշրջանի իրադրության ապակայունացման տեսակետից: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան՝ ընդգծելով միջադեպի վտանգավորությունը: Արձագանքեցին նաև ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն, ԵԱՀԿ գործող Նախագահ Դիդյե Բուրկխալտերը, իր մտահոգությունը հայտնեց Ռուսաստանի նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը՝ նշելով որ ադրբեջանական սադրանքը նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և զուգահեռաբար ուղղված է նաև Ռուսաստանի դեմ: Գեղամյանն ասաց՝ ՛՛Միջադեպի առնչությամբ ռուսաստանցի շատ գործիչների ելույթ - հայտարարություններում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ հիշյալ ոճրագործությամբ, որը կարող է ապակայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում, ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ արգելափակել Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), որը Անկարայի ու Բաքվի երազանքն է: «Նրանք քաջ գիտակցում են, որ Հայաստանի լիիրավ անդամակցությունը ԵԱՏՄ-ին ի չիք կդարձնի իրենց բոլոր ջանքերը զենքով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Հայաստանը՝ լինելով ՀԱՊԿ անդամ, նաև տնտեսական համաձայնագիր կնքելով ՌԴ-ի, Ղազախստանի ու Բելառուսի հետ, փաստորեն, արդեն այդ կերպ որոշակիորեն ապահովագրում է իր համակողմանի անվտանգությունը, և Թուրքիան ու Ադրբեջանն այլևս չեն հանդգնի պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ՝ դրանով դուրս գալով նաև ԵԱՏՄ անդամ երկրների դեմ», – վստահություն հայտնելով այս կապակցությամբ՝ Գեղամյանը հատուկ ընդգծեց՝ բացառիկ հանգամանք է այն, որ ԵԱՀԿ Նախագահական մշտական խորհուրդն առաջիկայում Վիեննայում գումարվելիք նիստում քննարկելու է ԼՂՀ օդային տարածքում տեղի ունեցած վերոհիշյալ միջադեպը: «Միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բուռն արձագանքը խոսում է այն մասին, որ ոչ ոք չի կասկածում, թե տեղի ունեցածը ամենևին էլ պատահական չէր և դա բնավ էլ ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման շարքից էր: Դրանով Բաքուն ազդարարեց, միանգամից մի քանի նպատակ հետապնդող գործողությունների մեկնարկի մասին», – ասաց նա:

Ըստ պատգամավորի, այս համատեքստում հարկավոր է միաժամանակ անպայման նշել հետևյալը. « «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրերս Ազգային ժողովում արած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը Հայաստանի կողմից ճանաչելու անհրաժեշտության մասին, հարկ է դիտարկել ճիշտ այս տեսանկյունից: Իր ելույթում նա, մասնավորապես, ասաց, որ վերջերս հանդիպել է ԼՂՀ խնդրով շահագրգիռ՝ Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանների հետ, և այդ հանդիպումների ընթացքում, ինչպես ինքն է ասում, կարմիր թելի նման անցել է այն գաղափարը, թե Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության գոտում անհրաժեշտ է տեղակայել խաղաղապահ ուժեր: Երբ ասվածը համադրում և անդրադառնում ես ԼՂՀ անկախության վերաբերյալ ԱԺ-ում կայացած քննարկմանը, նկատում ես, որ, թերևս, դեսպանների խոսքում իրոք եղել է այդ շեշտադրումը՝ խաղաղապահ ուժեր տեղակայել տարածաշրջանում: Եվ այդ կապակցությամբ ակամայից մտորում ես. այդ ո՞ւմ են ձեռնտու նման քայլերը, նման զարգացումը: Չէ որ բոլորն են ականատես, որ հակամարտության բաժանարար գծում ԼՂՀ պաշտպանության բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին», – նկատում է Գեղամյանը:

Ըստ նրա, այս տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներից հետո, թվում էր, կողմերը պետք է անեին իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի ընդառաջ գնան լայնածավալ հաշտության դաշնագրի ստորագրմանը: Մինչդեռ Ադրբեջանը հանկարծ դիմում է նման վտանգավոր սադրանքի: «Սա նշանակում է, որ վերջին ամիսներին համանախագահող երկրների նախաձեռնած հանդիպումները գոհացուցիչ են եղել Հայաստանի համար, իսկ ադրբեջանական կողմին չեն բավարարել: Եվ հիմա նա ամեն ինչ անում է, որ վիժեցնի այն հուսադրող տրենդը, որի ականատեսն էինք վերջին շրջանում: Այսօր, փաստորեն, հայտնվել ենք նույն իրավիճակում, որը հատուկ էր ընթացիկ տարվա հուլիսի վերջի ու օգոսոտոսի սկզբի իրադրությանը, երբ ադրբեջանցիները դիմեցին լայնամասշտաբ դիվերսիաների ու սադրանքների: Այս պայմաններում ամենքս ականատես եղանք որոշակի դրական հանգամանքի. ՀՀ քաղաքական ու հասարակական բոլոր ուժերն անխտիր՝ համախմբվեցին մեր երկրի Նախագահի շուրջը հանուն ԼՂՀ անկախության: Դա հիմք հանդիսացավ, որ հաջողություն արձանագրենք Պուտինի, Քերրիի և Օլանդի հետ հայտնի հանդիպումների արդյունքում: Այս համատեքստում էլ է պետք դիտարկել հայկական ուղղաթիռի պայքեցմամբ իրականացված հեռահար նպատակներ հետապնդող սադրանքը»:

Արտաշես Գեղամյանը հիշեցրեց, որ երկու օր առաջ Իրանի նախագահը Բաքվում հայտարարել էր, թե ԼՂ խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով: «Իրանը նույնիսկ պատրաստակամ է խնդրի խաղաղ լուծման գործում հաշտարար միջնորդի դեր ստանձել: Այս պարագայում ինքնին հասկանալի է, որ այլ երկրների խաղաղապահների առկայությունը հակամարտության գոտում կարող է շեշտակի վատացնել մեր հարաբերությունները բարեկամական Իրանի հետ, որը հղի է հայ-իրանական սահմանի փակման վտանգով, դրա հետեւանքով Հայաստանի կենսագոյության հարցերը կմնան միայն «վրացական պատուհանի» հույսին, ինչն էլ, իր հերթին, շատ ավելի խոցելի կդարձնի մեր երկրի անվտանգությունը», – ամփոփել է պատգամավորը:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր