Արտաշես Գեղամյանը զղջում է, որ ժամանակին վիրավորել է Սերժ Սարգսյանին
31.05.2012, Հետք online
ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ՀՀԿ-ի ցուցակով մուտք գործեց խորհրդարան, երբ նախկինում վատ է արտահայտվել իշխանությունների եւ հատկապես` Սերժ Սարգսյանի հասցեին:
«2007թ.-ին, երբ հասկանալի էր, թե հիմնականում երկու որ թեկնածուների միջեւ պետք է պայքարը ծավալվի, «Ազգային միաբանություն» կուսակցությունը եւ ձեր խոնարհ ծառան արեցին իրենց քաղաքական ընտրությունը, այն է` ստեղծված իրավիճակում շատ ավելի ճիշտ կլինի, պետության շահերից ելնելով, սատարել Սերժ Սարգսյանին` Արցախի հերոսին, որը կարող է այս կամ այն որդեգրած քաղաքականության հարցում ընդունելի լինի կամ չլինի: Բայց Արցախի հարցում մենք համոզված էինք, որ կլիներ ամենապահանջված եւ ընդունված մոտեցումը»,-ասաց Ա. Գեղամյանը:
Արտաշես Գեղամյանն ասաց, վիրավորանք, որպես այդպիսին, չի հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին, պարզապես եղել է սուր գնահատականներ, որոնց մեջ ոչ թե նենգություն է թաքնված եղել, այլ ավելի շատ ցանկություն եւ ձգտում` ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնք, ըստ Արտաշես Գեղամյանի, պատշաճ լուծում չէին ստանում:
«Իսկ ինչը կարող է ընկալված լինել վիրավորանք, ինչ խոսք, զղջում եմ, որովհետեւ արդեն գալիս է մի պահ, որ իմաստավորում ես քո ասածները, իսկ այսօրվա դրությամբ նույնիսկ անցանկալի քաղաքական գործչի հետ բանավիճելիս ես ավելի զգուշավոր արտահայտություններ կանեմ, դրանով չբթացնելով քննադատության սրությունը: Ինչ խոսք, հռետորաբանությունը տարիքի հետ էլ է փոխվում»,-ավելացրեց Արտաշես Գեղամյանը և խոստովանեց, որ վիրավորել է Ս. Սարգսյանին և զղջում է:
Ըստ նրա` առաջիկայում ինքը գործելու է խղճի մտոք եւ գիտելիքները ծառայեցնելու է ի շահ երկրի եւ ժողովրդի: