Հայաստանը գրեթե ամեն շաբաթ ենթարկվում է ահաբեկչական հարձակումների. Գեղամյանը` ԵԱՀԿ-ում

14.10.2013, Panorama.am

«Արդեն 21 տարի է Հայաստանը գրեթե ամեն շաբաթ ենթարկվում է ահաբեկչական հարձակումների: Վերջին հարձակումը իրականացվեց բառացիորեն երեկ, երբ ադրբեջանակասն դիպուկահարի կրակոցի հետևանքով ծանր վիրավորվեց Տավուշի մարզի բնակիչ Հայկ Քոսակյանը»,- հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդրին, նշել է ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը:

Արտաշես Գեղամյանի խոսքերով` միջազգային տեռորիզմին անհրաժեշտ է դիմակայել համատեղ ջանքերով:

«Ցավոք սրտի, այդ վտանգը Հայաստան իր վրա զգացել է դեռևս 1992 թ., երբ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի դեմ պատերազմում էին նաև հայտնի ահաբեկիչ Ամիր իբն ալ Հատաբի կողմից ղեկավարվող ահաբեկչական խմբավորումները: Վերջինս միարժամանակ հանդես էր գալիս որպես միջազգային իսլամական խաղաղարար բրիգադի ղեկավար: Ցավոք սրտի` ահաբեկչական հարձակումերի ենթարկվում են նաև Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եգիպտոսում բնակվող հայերը»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

«Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է միջազգային ջանքերի կոորդինացում»,- նշել է Ա. Գեղամայանը` հավելելով` որ նման համագործակցության բեղուն օրինակ է ԱՊՀ շրջանակներում գործող հակաահաբեկչական կոմիտեն, որը գլխավորում էր ՌԴ զինված ուժերի գեներալ Նիկոլայ Կովալյովը:

Արտաշես Գեղամյանը հավելել է, որ Կոմիտեի կազմում եղել է նաև ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, ով այն ժամանակ ղեկավարում էր Ազգային անվտանգության ծառայությունը:

«Համատեղ ջանքերի շնորհիվ կանխարգելվել են ավելի քան 1500 ահաբեկչական գործողություններ, ինչ արդյունքում փրկվել են հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր: Հայաստանում ևս համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է խուսափել բազմաթիվ ահաբեկչական գործողություններից»,- ասել է Ա.Գեղամյանը:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր