Ա. Գեղամյան. Հայաստանի ղեկավարությունն ի սկզբանե աջակցել է սիրիական հարցի քաղաքական լուծմանը
14.10.2013, Panorama.am
«Հայաստանը միայն ի լրո չէ, որ գիտի Սիրիայում ստեղծված իրական վիճակի մասին, քանի որ ավելի քան 10 հազար սիրիահայ փախստական ապաստան են գտել Հայաստանում: Թուրք գործընկերն ասաց, թե հարյուր հազարավոր մարդիկ Սիրիայում զոհվել են ոչ քիմիական զենքի կիրառումից: Ավելի ազնիվ կլիներ, որ նա շարունակեր, թե քանի մարդ է զոհվել զենքից, որը Թուրքիայի կողմից մատակարարվել է գրոհայիններին, այդ թվում Ալ-Ղաիդայի անդամներին: Այդ դեպքում պատկերն ավելի ամբողջական և օբյեկտիվ կլիներ»,-հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով սիրիական հակամարտությանը, նշել է ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը:
Նա խոսել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը խաղաղության նոբելյան մրցանակի շնորհման մասին, որը պայմանավորված է այդ կազմակերպության կողմից Սիրիայում քիմիական զինանոցի ոչնչացման հետ:
Ապա պատգամավորն ընդգծել է, որ անաչառ լինելու դեպքում խաղաղության նոբելյան մրցանակը պետք է շնորհվեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ վերջինս եղել է այդ ամենի նախաձեռնողն ու հետևողական կողմնակիցը: Ա. Գեղամյանը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հակամարտության լուծման հարցում բարի կամքի դրսևորումը:
«Հայաստանի ղեկավարությունն` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, ի սկզբանե աջակցել է սիրիական հարցի քաղաքական լուծմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն արդեն ասել է, որ սիրիական հարցի խաղաղ լուծմանն այլընտրանք գոյություն չունի»,- նշել է Ա. Գեղամյանը:
Անդրադառնալով Կիպրոսում եկեղեցիների անգործության վերաբերյալ թուրք պատվիրակի քննադատություններին` Ա. Գեղամյանը հիշեցրել է, որ 1913թ.-ի դրությամբ Արևմտյան Հայաստանի տարածքում գործել են 2200 հայկական եկեղեցիներ, որոնք արդեն հիմնականում ոչնչացվել են կամ գործում են` որպես մզկիթներ:
«Անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում չառաջնորդվեն երկակի ստանդարտներով»,- ընդգծել է Արտաշես Գեղամյանը: