Ա. Գեղամյան. Ադրբեջանում վարվում են 30-ականների ֆաշիստների նման

23.02.2013, Panorama.am

«Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրիական ողբերգությունը չկրկնվի որևէ պետությունում՝ հատկապես Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում»,- այս մասին երեկ՝ փետրվարի 22-ին, Վիենայում ԵԱՀԿ Խորհրդարանան վեհաժողովի 12-րդ ձմեռային նստաշրջանում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ը Վիենայում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ անդամ տարբեր երկրներից նստաշրջանին ներկա են եղել ավելի քան 240 խորհրդարանականներ՝ այդ թվում հայկական պատվիրակության անդամներ: Նստաշրջանի առաջին օրվա քննարկման օրակարգում եղել են ԶԼՄ-ների ազատության, սահմանային համագործակցության և անվտանգության խնդիրները, իսկ նստաշրջանի վերջին օրը քննարկվել է Սիրիայում, Սահելի տարածաշրջանում և Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված ճգնաժամային իրադրությունը:

Նիստում, մինչ հայկական պատվիրակության հայտարարությունը, հանդես է եկել Ադրբեջանի ներկայացուցիչը, ով սիրիական ճգնաժամի հետ կապված խնդիրներին անդրադառնալիս՝ խոսել է Խոջալուի իրադարձությունների, սիրիահայ փախստականների՝ Արցախում բնակվելու մասին:

«Ցավոք, այսօր մենք վկա եղանք չափազանց վտանգավոր հայտարարության, որով հանդես եկավ Ադրբեջանից իմ գործընկերը: Նա ասաց, որ սիրիացի 27 փախստական ընտանիքներ, որոնք բնակվում են պատմական հայկական հողերում, հետագայում կօգտագործվեն՝ որպես կենդանի վահան: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և արդեն իսկ ապահովում է գաղափարական ֆոն, որպեսզի բոլորին իբր հասկանալի լինի Խոջալուի ողբերգությունը և այլն»,-հակադարձել է Ա. Գեղամյանը:

Նա ընդգծել է, որ հայերը ևս ցավում են 20 տարի առաջ Խոջալույում տեղի ունեցած իրադարձությունների համար, և հիշեցրել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ:

«Այդ սարսափելի իրադարձությունները այնքան ցնցող էին, որ Ադրբեջանի նախկին առաջնորդ Այազ Մութալիբովը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ «Ադրբեջանի Ժողովդարական ճակատը» դիտավորյալ հաշվեհարդար է տեսել Խոջալուի վեց հարյուր խաղաղ բնակիչների նկատմամբ, ովքեր, օգտվելով հայկական կողմի տրամադրած մարդասիրական միջանցքից, նպատակ են ունեցել՝ հեռացնելու և փոխելու ադրբեջանական ղեկավարությունը: Ի՞նչ է, դա պատահականությո՞ւն է: Իհարկե՝ ոչ»,- հայտարարել է Ա. Գեղամյանը:

Պատգամավորը պատվիրակներին հիշեցրել է նաև վերջերս Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսլիի դեմ ծավալված արշավը և ընդգծել, որ այդ իրադարձությունները ևս պատահականություն չեն:

«Պատահակա՞ն է, որ ճիշտ այնպես, ինչպես 1933թ-ին ֆաշիստական ավազակներն այրում էին Ռեմարկի, Ցվեյգի, Կաուտսկու, Մարքսի, Բյոլի և այլ հեղինակների գրքերը, այսօր այրվում են Ադրբեջանի ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիի գրքերը՝ միայն այն բանի համար, որ այդ մարդը խաղաղություն է ուզում, միայն նրա համար, որ նա խիզախություն ունեցավ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում տեղի ունեցած իրական իրադարձությունների մասին:

Ավելին՝ Ադրբեջանի պրոիշխանական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Հաֆիզ Հաջիևը, հայտարարել է, որ նա կտա 10 հազար մանաթ նրան, ով կկտրի Ադրբեջանի ժողովրդական գրողի ականջը, գրող, ով պարգևատրվել է այդ հանրապետության բարձրագույն պարգևով: Մենք տագնապով հետևում ենք այդ իրադարձություններին՝ հատկապես, երբ դրանք տեղի են ունենում Ադրբեջանի առաջնորդի այն հայտարարությունների ֆոնին, որ համաշխարհային հայությունը ադրբեջանական ժողովրդի թիվ մեկ թշնամին է»,- եզրափակել է Արտաշես Գեղամյանը:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր