Ա. Գեղամյանը ԵԱՀԿ ԽՎ-ում անդրադարձել է հայ-թուրքական և ղարաբաղյան հիմնախնդիրներին
22.02.2013, Panorama.am
«Անվտանգ հասարակության կառուցումը մերօրյա ամենահրատապ խնդիրն է, որում համոզվում ենք՝ հիշելով այն ամենը, ինչ կատարվում է Մեծ Մերձավոր Արևելքում: Անվտանգ հասարակության կառուցումը ենթադրում է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական անվտանգության ապահովում: Ցավոք, արդեն 20 տարի Հայաստանը շրջափակման է ենթարկվում, որով խարխլվում են Հայաստանի տնտեսական անվտանգության հիմքերը»,- այս մասին երեկ՝ փետրվարի 21-ին, Վիենայում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանան վեհաժողովի 12-րդ ձմեռային նստաշրջանում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Նա անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների ուշադրությունը հրավիրել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստի վրա և այդ համատեքստում Հայաստանի ու Թուրքիայի մեջև ստորագրված Ցյուրիխյան արձանագրություններին:
«Հայաստանը շրջափակման է ենթարկված Թուրքիայի կողմից: Այդ իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ է ձեռնարկել հայկական ղեկավարությունը: 2009թ.-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աննախադեպ քայլի դիմեց, նա հավանություն տվեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը, որով ծայրահող դժգոհություն առաջացրեց բազում հայրենակիցների մոտ, ովքեր ճակատագրի բերումով ցրված են ողջ աշխարհում, որն էլ հանդիսանում է Օսմանյան կայսրությունում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հետևանք:
Ցավոք, այդ արձանագրությունները հետագայում հանվեցին Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի օրակարգից: Ավելին՝ արձանագրությունների ստորագրումից ուղիղ քսան օր անց Արդարություն և զարգացում կուսակցության քաղխորհդրի նիստում Թուրքիայի վարչապետը ու այդ կուսակցության առաջնորդն ասաց, որ մենք երբեք արձանագրությունների ստորագրումը չենք կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Ուզում ենք հավատալ, որ այդ քննարկումները կլինեն յուրահատուկ խթան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գորընթացի համար»,- հայտարարել է Ա. Գեղամյանը:
Միաժամանակ պատգամավորը անդրադարձել է Թուրքիայում հայուհիների սպանության դեպքերին և նշել, որ այդ իրողությունները չեն կարող նպաստել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Ա. Գեղամյանի այդ հայտարարությանն ի պատասխան ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչն իր ելույթում նշել է, որ նման մասնավոր դեպքերից շոու պետք չէ սարքել, այլ հարկ է կենտրոնանալ անվտանգության լայն խնդիրների վրա: Թուրքիայի ներկայացուցչի այդ հայտարությանը Ա. Գեղամյանը հակադարձել է.
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ճանապարհին, ցավոք, լինում են քննարկումներ, որոնք տորպեդահարում են այդ գործընթացը, մասնավորապես, երբ տարեց հայուհիների սպանությունները հավասարեցնում են սովորական շոուի: Դա, իհարկե, չի կարող լավ ծառայություն մատուցել մեր հարաբերությունների կարգավորման գործին: Չէի ցանկանա մեր հարգարժան գործընկերների ուշադրությունը սրել այդ հարցերի վրա, սակայն կցանկանայի մեջբերել Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի պատգամավոր, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ և Աբդուլա Օջալանի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունների հիմնական միջնորդ Ահմեդ Թյուրքի խոսքերը: Նա ելույթ է ունեցել և ասել, որ թուրքերը նույնպես մեղսակից են Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես թուրքերի նախնիներ օսմանները, և նրանք միասին պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից, ասորիներից: Ես կցանկանայի անպայման կանխել գայթակղությունը՝ առանձին մարդկանց տանջանքերը, ցավն ու սպանությունները հավասարեցնել շոուի: Դա մեր չամոքված ցավն է»:
Հուլիսին Ստամբուլում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԽՎ հաջորդ՝ ամռային նստաշրջանում քննարկվելիք հարցերի վերաբերյալ զեկույցից հետո Ադրբեջանի պատվիրակը հանդես է եկել առաջարկությամբ՝ անվտանգության հարցերի մեջ ներառել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը, ինչի վերաբերյալ Ա. Գեղամյանը հայտարարել է, որ հրատապ հարցերի փոխարեն Ստեփանակերտի օդանավակայանի հարցի բարձրացումը անտեղի է:
«Բոլորին հայտնի է, թե որքան բարդ հարաբերություններ ունեն Հայաստանն ու Թուրքիան: Ցավոք, զեկույցում բացարձակապես չեն շոշափվում այն հարցերը, որոնք բացառապես հրատապ են Հայաստանի ու ողջ հայության համար: Չգիտես ինչու՝ դրա փոխարեն բարձրացվում ու առաջին պլան է մղվում Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության հարցը: Իմիջիայլոց սա ամբողջությամբ գտնվում է IKAO-ի իրավասությունների ներքո, որը ԵԱՀԿ-ի հետ ոչ մի դեպքում որևէ ընդհանրություն չունի, ինչի առթիվ տրվել են այդ ոլորտում իրավասու կազմակերպությունների պարզաբանումները:
Հարգելի զեկուցող, ինձ զարմացնում է, որ Դուք ձեր մտադրություններում շրջանցել եք բացառիկ կարևորության հարցեր. նոյեմբերից մինչև դեկտեմբերի վերջը և հունվարին Թուրքիայում կատարվել են տարեց հայուհիների սպանություններ: Մասնավորապես, մեկի աչքերն էին հանել, մյուսին սպանել էին` մարմնին խաչ պատկերելով: Այնտեղ շատ բացառիկ բարդ իրավիճակ է հասունանում: Այնտեղ բողոքի ակցիաներ կայացան, և ես ցանկանում եմ նշել, որ այդ ակցիաներին մասնակցեցին Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավորներ: Լռությամբ շրջանցել այդ հարցերը արդարացի չի լինի: Եթե խնդիր է դրված լռեցնել բոլոր խնդիրները և Խորհրդարանական վեհաժողովը վերածել ֆիկցիայի, ապա ես կլռեմ»,- հայտարարել է Արտաշես Գեղամյանը: