ԵԱՀԿ ԽՎ-ում Արտաշես Գեղամյանը համեմատություններ է արել անցած և իր մասնակցությամբ ընտրությունների միջև

22.02.2013, Panorama.am

Փետրվարի 21-22-ը Վիենայում կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ անդամ տարբեր երկրներից նստաշրջանին ներկա են եղել ավելի քան 240 խորհրդարանականներ՝ այդ թվում հայկական պատվիրակության անդամներ: Նստաշրջանի առաջին օրվա քննարկման օրակարգում եղել են ԶԼՄ-ների ազատության, սահմանային համագործակցության և անվտանգության խնդիրները:

Նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով անդրադարձել է Հայաստանում ԶԼՄ-ների ազատությանը, մասնավորապես փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների համատեքստում:

«Հայաստանում փետրվարի 18-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնք ճանաչվել են ամենաժողովրդավարական ընտրությունները անկախ Հայաստանի 21 տարվա պատմության ընթացքում: Չնայած նաև առկա բացասական գնահատականներին՝ բոլորը համամիտ են, որ նախագահական ընտրարշավի ժամանակ դրականորեն առանձնացել են ԶԼՄ-ները, ավելին՝ մշտադիտարկումը վերհանեց շատ հետաքրքիր պատկեր, երբ նախագահի ընդդիմադիր թեկնածուները ունեցել են ավելի շատ եթերային ժամանակ, քան Հայաստանի գործող նախագահը»,- նշել է Ա. Գեղամյանը:

 

Համեմատականներ անցկացնելով ՀՀ նախորդ տարիների համապետական ընտրությունների միջև՝ Ա. Գեղամյանը ընդգծել է, որ դրանք անհամեմատելի են:

«Իմ կողքին նստած է հայկական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ստեփան Դեմիրճյանը, ով 2003թ.-ին ինձ հետ միասին եղել է նախագահական մրցապայքարի մասնակից: Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Ստեփան Դեմիրճյանը ստացել է 30% քվեներ, իսկ ձեր խոնարհ ծառան՝ 17.5% ձայներ: Մենք համեմատեցինք 2003 թվականը 2013թ-ի հետ: 2013թ-ին՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուների լիակատար մեկուսացում ԶԼՄ-ներից օգտվելուց, նախագահի ընդդիմադիր թեկնածուների վարկաբեկում պետության կողմից վերահսկվող ԶԼՄ-ների կողմից: 2012-2013թթ.-ին լրիվ հակառակ պատկերն է՝ ԶԼՄ-ներից օգտվելու բացարձակ ազատություն»,- ընդգծել է նա:

Պատգամավորը իր մտահոգությունն է արտահայտել Freedom House կազմակերպության զեկուցողի ներկայացրած տվյալների վերաբերյալ, որոնց համաձայն մամուլի ազատության առումով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում 149-րդ տեղը:

«Ծանոթացանք Freedom House-ի տվյալներին, որով Հայաստանը 149-րդ տեղում է, և տպավորություն ունեցանք, որ օգտվել են կամ հին տվյալներով, կամ ընդհանրապես չեն իրականացվել լուրջ հետազոտություններ, կամ էլ քաղաքական կանխակալություն է ցուցաբերվում»,- հայտարարել է Ա. Գեղամյանը:

Նստաշրջանում մամուլի ազատության վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր քննադատել են սեփական երկրներում ԶԼՄ-ների ազատության վիճակը: Այս համատեսքտում Ա. Գեղամյանը ակնարկել է. «Չգիտես ինչու՝ տարօրինակ հանգամանքների բերումով, ԶԼՄ-ների ազատության բացասական օրինակների վերաբերյալ այսօր ելույթ ունեցան Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները, այսինքն՝ այն պետությունների կողմից, որոնք բացառապես կամավոր հիմքերով որոշել են ստեղծել Մաքսային միություն, ավելին՝ որը արդյունքում կարող է վերածվել Եվրասիական միության: Արդյո՞ք քաղաքականապես կանխակալ չէ այսօրվա քննարկումը և այն չի՞ հանդիսանում յուրահատուկ քաղաքական մահակ»:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր