Արտաշես Գեղամյանը տհաճ անակնկալներ է խոստանում «Ելք»-ին
09.01.2018, Panorama.am
Եթե ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև վիճաբանության հայտնի միջադեպը քննելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի, ապա Արտաշես Գեղամյանը խոստանում է՝ նախաձեռնող կողմը, այս դեպքում՝ «Ելք»-ը, տհաճ անակնկալների կհանդիպի: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը։
«Մարդիկ, ըստ որում՝ չկայացած մարդիկ, ամեն կերպ ուզում են ուշադրություն գրավել և ուշադրություն գրավելու ամենատգեղ միջոցն են գտել՝ շեղելով իմ ուշադրությունը այն խնդիրներից, որոնց վրա ես աշխատում եմ։ Ցավում եմ, բայց շատ տհաճ անակնկալներ են սպասվում այն մարդկանց, ովքեր նախաձեռնել են այդ ամենը։ Իրենց մի մասի համար հայտնություն կլինի այն ամենը, ինչին ես կանդրադառնամ։ Սպասենք, թող էթիկայի ժամանակավոր հանձնաժողվը ստեղծվի, անաչառ ուսումնասիրություններ սկսի, որի աշխատանքի արդյունքն ակնհայտորեն անակնկալներ կմատուցի։
Հպարտանալ դրանով ես չեմ կարող, որովհետև դա այն աշխարհ չէ, որում ես ապրում եմ, որի հետ կապված են իմ հեռանկարները, հույսերը, մտորումները և իմ վերլուծությունները։ Պարզապես դա իմ կողմից կլինի ժամանակի վատնում, իսկ ժամանակն ամենաթանկ կապիտալն է, որը շռայլելու իրավունք չունենք։
Էթիկայի հանձնաժողովի առաջ կդրվեն այն հարցերը, որոնք ես գրավոր ներկայացրել եմ հոդվածներիցս մեկում։ Այն հրապարակվել է «Իրավունք» թերթում։ Ընդամենը այդ ամենը։ Բացահայտումների խնդիր չկա։ Իրականությունը, որն իմ կողմից չի պրոպագանդվել կամ լայն հանրության սեփականությունը չի դարձել, վեր կհանվի՝ բնականաբար շատ ուշագրավ փաստերով»,- ամփոփեց Արտաշես Գեղամյանը։
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը կքննարկի պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև 2017թվականի հոկտեմբերի 5-ին գրանցված միջադեպը քննելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը:
Նախագծով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար։
Այդ օրը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Արտաշես Գեղամյանն իր հերթին հերքել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: