Համոզված եմ՝ Վիկտոր Երվանդիչի գիտելիքները ի նպաստ կլինեն Հայաստանին. Գեղամյան
11.10.2016, Panorama.am
«Վիկտոր Դալլաքյանը հայրենասեր քաղաքական գործիչ է, և մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ նրա կարողություններն ուղղված լինեն կոնստրուկտիվ դաշտ, որովհետև նա մեր երկրի համար դեռ անելիքներ ունի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ծրագրերի մասին Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, ասաց ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Դիտարկմանը, թե Դալլաքյանը կարծես հակված չէր և ամենևին էլ կառուցողական տրամադրված չէր՝ քննադատելով նախագահին ու նաև նորաստեղծ կուսակցությանը, Գեղամյանը արձագանքեց.
«Նրբերանգներին ծանոթ չեմ, չեմ խորանում, ես պարզապես ասում եմ, որ պետք է այնպես անել, որ նրա հայրենասիրությունը կոնստրուկտիվ դաշտում լինի: Ի դեպ, ասեմ՝ հարգարժան Սերժ Ազատիչն այն լիդերն է, որին դա հաջողվում է և ներքուստ համոզմունք ունեմ, որ Վիկտոր Երվանդիչի գիտելիքները անպայմանորեն ի նպաստ կլինեն Հայաստանի Հանրապետությանը»:
Գեղամյանի խոսքով, ընդդիադիր դաշտում էլ կարելի է «շատ կոնստրուկտիվ» լինել՝ մատնանշելով բոլոր բացթողումները:
Պատգամավորի հիշողություններում Վիկտոր Դալլաքյանը մնացել է որպես «թունդ ընդդիմադիր», որը «օրենսդրական բավականին բուռն գործունեություն է ծավալել»:
Գեղամյանը նաև ասաց, թե չի կարծում, որ Վիկտոր Դալլաքյանն այն մարդն է, որ կարող է սևեռվել մեկ անձի կամ կուսակցության վրա. «Պետք չէ շուտափույթ հետևություններ անել, դասել թշնամիների շարքին: Այդ տեսակետի կողմնակիցը չեմ և ներքուստ համոզված կարող եմ ասել, որ լայնախոհության տեսակետից ես ընդհանրություններ եմ տեսնում իր և երկրի նախագահի միջև»: